Շատ եմ առաջարկել իմ օգնությունը՝ Հայաստանում բռնցքամարտը, մասնավորապես, պրոֆեսիոնալը զարգացնելու համար, հայրենիքում պրոֆեսիոնալ բռնցքամարտի ակումբ հիմնել, ԱՄՆ-ից մարզահագուստ, կաշվե ձեռնոցներ, մարզագույք եմ փորձել ուղարկել, բայց ոչ ոք ինձ ձեռք չի մեկնել:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը:
2000 թվականի Սիդնեյի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրած, 2004 թվականից Ավստրալիայի քաղաքացիություն ստացած բռնցքամարտիկը եղել է WBA, WBC եւ IBF վարկածներով աշխարհի չեմպիոն, նվաճել է նաեւ IBF վարկածով թեթեւագույն քաշային կարգի չեմպիոնի գոտին, նաեւ նվաճել է IBO չորս տիտղոս։ Վիկ Դարչինյանը կնոջ եւ երկու որդիների հետ ապրում է Ավստրալիայում:
Վիկ, դու նվաճել ես պրոֆեսիոնալ բռնցքամարտի բոլոր տիտղոսները: Ինչպե՞ս է սկսվել ամենը:
Կիրովականցի տղա եմ, այնտեղ սկսել եմ մարզվել բռնցքամարտով 8 տարեկանում՝ մարզիչ Վազգեն Բադալյանի մոտ: 1999 թվականին սիրողական բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմում մասնակցեցի օլիմպիական վարկանիշային մրցաշարերի եւ նվաճեցի 2000թ. Սիդնեյի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Սիդնեյ-2000-ում 12 քաշային կարգերում Հայաստանից մասնակցեցինք երեք բռնցքամարտիկով: Դա իմ կյանքի առաջին եւ վերջին Օլիմպիական խաղերն էին: Այսօրվա պես հիշում եմ իմ մասնակցությունը Սիդնեյ-2000-ում: Առաջին օրը մրցակիցս աշխարհի չեմպիոն ռուս բռնցքամարտիկ էր, ում պարտության մատնեցի: Հաղթական մենամարտիս ավարտից հետո ինձ մոտեցան եւ առաջարկեցին Հայաստանի պատվիրակության հետ չվերադառնալ հայրենիք, մնալ Ավստրալիայում՝ այստեղ շարունակել բռնցքամարտիկի կարիերան եւ սիրողականից փոխել պրոֆեսիոնալ: Ես համաձայնեցի, քանի որ արդեն ցանկություն ունեի լքել սիրողական բռնցքամարտն ու տեղափոխվել պրոֆեսիոնալ: Իսկ այդ ժամանակաշրջանում Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտ չկար, խոսք անգամ լինել չէր կարող: Հիմա էլ չկա, որքան էլ մարզվում են, բայց իրենից ոչինչ չի ներկայացնում պրոֆեսիոնալ բռնցքամարտը Հայաստանում:
Օլիմպիական խաղերում 5-րդ տեղը զբաղեցրի: Խաղերից հետո մեկ ամիս մնացի Ավստրալիայում, փորձամրցումներ անցկացրեցի եւ պաշտոնական հրավեր ստացա հաստատվելու այստեղ:
Երբ որոշեցիր հաստատվել Ավստրալիայում՝ լքելով հայկական բռնցքամարտը, Հայաստանում ինչպե՞ս ընդունվեց քո որոշումը:
Բռնցքամարտի տեսակետից Հայաստանում հայացքներն ու որոշումներն ուրիշ են, ավելի հետ են: Եթե տեսնում են՝ Հայաստանում սիրողական բռնցքամարտը չի զարգանում, պետք է պրոֆեսիոնալը հիմնեն: Սիրողականներին սպարինգ անելով պրոֆեսիոնալների հետ ավելի լավ աճ, զարգացում եւ արդյունք կունենան: Իսկ Հայաստանում դեմ են այս ամենին: Ես նկատում եմ, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտը զարգացնելու ցանկություն ու միտում էլ չկա:
Երբ 2004 թվականին ես դարձա աշխարհի չեմպիոն, 4 տարի պայքարել եմ պրոֆեսիոնալ բռցնքամարտը Հայաստանում զարգացնելու ուղղությամբ, ցանկանում էի ակումբ հիմնել այդտեղ, բայց ոչ մեկ ինձ ձեռք չմեկնեց, ցանկություն չհայտնեց ինձ օգնել, ուղղություն ցույց տալ, ոչ ոք հետաքրքրված չէր: Այդ անուշադրությունից եւ անպատասխան վերաբերմունքից հիասթափվեցի: Ես մեկ անգամ մենամարտ ունեցա Մարզահամերգային համալիրում, բայց ոչ Հայաստանի դրոշի ներքո: Այդ ժամանակ զգացի, որ մարդիկ շատ հետաքրքրված են, ավելի քան 10 հազար հանդիսական կար, իսկապես բոլորը մեծ հետաքրքրությամբ հետեւեցին եւ երկրպագեցին ինձ:
Ըստ քեզ՝ ի՞նչն է պատճառը, որ Հայաստանում չի զարգանում պրոֆեսիոնալ բռնցքամարտը:
Չեն ցանկանում: Դեմ են պրոֆեսիոնալին: 15 տարի առաջ նույնիսկ չէին ցանկանում Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի անունը լսել: Կարծես՝ չեն ցանկանում, որ բռնցքամարտիկներն իրենց համար նաեւ կռվեն, գումարներ վաստակեն:
Պրոֆեսիոնալ ռինգում 50 մենամարտ ես ունեցել, 41 հաղթանակ՝ 30-ը նոկաուտով: Դժվարությա՞մբ են տրվել քեզ այդ հաղթանակները եւ ի՞նչ արժեք ունեն դրանք քեզ համար:
Դժվար ոչինչ չկա: Եթե լավ ես մարզվում, լավ ես պատրաստվում, եթե քեզ համար կարեւոր է հաղթանակը, այն միանշանակ քոնը կլինի: Հաղթանակներից որեւէ մեկը հավասար չէ մյուսին, ինձ համար բոլորն էլ առանձնահատուկ են, կարեւոր, արժեքավոր, ասես ամեն անգամ մի մեծ ձեռքբերում ունենամ:
Իսկ պարտություններն ինչպե՞ս ես տանում: Ո՞րն է եղել ամենացավալի պարտությունդ:
Պարտություններիցս չորսն ինձ անարդար են դատել: Այդ մասին ամբողջ աշխարհը գիտի: Ամենավատ հիշողությունս 2009 թվականին մեքսիկացու հետ մենամարտս է, որտեղ ինձ անարդար դատեցին: Ես նրան լավ ծեծեցի, իսկ նա ինձ անընդհատ գոտկատեղից ներքեւ էր հարվածում: Մրցավարները տեսնում էին եւ ոչինչ չէին ասում, ձայն չէին հանում: Իսկ նման պարագայում մրցավարներն իրավունք չունեն շարունակել մրցավարությունը, պետք է կանգնեցնեին մենամարտը, մեքսիկացուն պարտություն տային եւ մեկ տարի որակազրկեին: Քանի որ ես մենամարտում էի իրենց շոուի մեջ, նրանք ուղղակի չնկատելու տվեցին եւ հաղթանակը մեքսիկացուն հանձնեցին:
Պարտություններից սակայն չեմ հիասթափվում, դրանք ինձ ավելի մեծ ուժ են տալիս: Ընդունում եմ յուրաքանչյուր պարտությունս, եթե արդար պարտություն է: Աշխարհի չեմպիոն եմ դարձել 3 քաշային կարգերում, որոնցից մեկում՝ բացարձակ, չորս գոտի եմ ունեցել:
Ինչպե՞ս կորցրիր աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը:
Տարբեր քաշային կարգեր փոխեցի, ինքս թողեցի իմ գոտիները եւ այդպես կորցրեցի աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը: Իսկ քաշային կարգս այդ շրջանում փոխեցի ուրիշ գոտիներ նվաճելու նպատակով: Իմ մարզական կարիերայում ամենալավ տարին 2008 թվականն էր, երբ նվաճեցի բոլոր գոտիները՝ դառնալով աշխարհի բացարձակ չեմպիոն: Իմ տեղեկություններով, 2008 թվականից հետո մինչեւ օրս պրոֆեսիոնալ բռնցքամարտում աշխարհի բացարձակ չեմպիոն չի եղել: Այդ տիտղոսը ես կարողացա պահպանել շուրջ 1.5 տարի:
Ինձ քիչ ժամանակ է մնացել մեծ սպորտում: Արդեն 39 տարեկան եմ: Ամենաուշը մեկուկես տարուց կլքեմ մեծ սպորտը՝ որպես մարզիկ: Տարիքս արդեն թույլ չի տալիս: Նպատակ ունեմ հետ բերել աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումս: Ցանկանում եմ իմ՝ 53,5 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի գոտին նվաճել եւ մյուս չեմպիոններին ձեռնոց նետել, որպեսզի բացարձակ չեմպիոնի գոտու համար մենամարտեմ: Այստեղ արդեն հարց է՝ կընդունեն ձեռնոցս, թե՝ ոչ: Եթե չընդունեն, այլեւս չեմ սպասի, արդեն իմ ապագայի ծրագրերը կիրականացնեմ ռինգից դուրս:
Դեկտեմբերի 12-ին Ավստրալիայում կկայանա իմ հերթական մենամարտը ֆիլիպինցի բռնցքամարտիկի հետ: Դա լինելու է աշխարհի փոքր գոտու մենամարտ՝ International IBF տիտղոս, իսկ հետո արդեն 2016 թվականի մարտին կամ ապրիլին եւս մեկ մենամարտ կունենամ արդեն աշխարհի չեմպիոնի գոտու համար: Բայց այդ մենամարտով չեմ ավարտի, մի քանի անգամ կպաշտպանեմ գոտիս՝ համար 1 կամ 2 բռնցքամարտիկների հետ, ովքեր ցանկություն կունենան ինձնից խլել գոտին: Այդ ամենը կտեւի 1-1,5 տարի: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում տարիք չկա, բայց ես արդեն ցանկանում եմ ավարտել կարիերաս:
Ես վերջին աշխարհի չեմպիոնն եմ եղել 2008 թվականին, անցել է 7 տարի եւ մինչ օրս բացարձակ չեմպիոն չի եղել ամբողջ պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Չեմպիոնը չի ցանկանում չեմպիոնի հետ մենամարտել, եւ դա բռնցքամարտի ամենամեծ խնդիրն է:
Իսկ մարզական կարիերադ ավարտելուց հետո կշարունակե՞ս մնալ մեծ սպորտում որպես մարզիչ:
Աշխարհի չեմպիոնական գոտին նվաճելուց բացի, նպատակ ունեմ նաեւ ԱՄՆ-ում բռնցքամարտի մեծ ակումբ բացել եւ աշխարհի հայերին համախմբեմ այդ ակումբում: Ես ինքս կընտրեմ բռնցքամարտիկներին, բայց ես չեմ մարզի նրանց: Ակումբը կունենա իր մարզիչները, ես միայն ուղղություն ցույց կտամ մարզիչներին, բայց ինքս մարզել չեմ ցանկանում: Մարզիչները կլինեն Հայաստանից, քանի որ այդտեղ լավ մարզիչներ շատ կան: Ես ապրում եմ Ավստրիալիայում, ԱՄՆ-ում չեմ բնակվելու: Ֆիզիկապես ժամանակ չեմ ունենա:
Հայկական բռնցքամարտի մասին ի՞նչ կասես, զարգացման ի՞նչ հեռանկարներ ես տեսնում:
Ես մի փոքր հեռու եմ հայկական բռնցքամարտից այժմ, չեմ կարող ոչինչ ասել, չգիտեմ Հայաստանում ինչ է կատարվում. մի փոքր հիասթափված եմ… Ես այդտեղ ունեմ զարմիկ՝ Արման Դարչինյանը, ով Հայաստանի առաջին համարն էր իր քաշային կարգում: Արմանը պատրաստվում էր մեկնել աշխարհի առաջնությանը, բայց նրան չտարան, չընդգրկեցին թիմի կազմում: Ես ավելի հիասթափվեցի եւ չեմ էլ ցանկանում իմանալ, թե այդտեղ ինչ է կատարվում: Արմանի տեղը աշխարհի առաջնությանը հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանն ուրիշին տարավ, ով առաջին իսկ օրը նոկաուտով պարտվեց: Ես գիտեմ, որ Դավիթ Թորոսյանն է որոշում, թե ովքեր մեկնեն աշխարհի կամ Եվրոպայի առաջնությանը: Արման Դարչինյանը շատ լավ արդյունք կարող էր ցույց տալ. նա լիարժեք պատրաստ էր պայքարի: Ես ինքս էի նրան մարզել՝ ֆիզիկական պատրաստվածության վրա, երբ Հայաստանում էի. մենք Ծաղկաձորում մարզումներ անցկացրեցինք, եւ նա կարող էր պայքարել: Դա անարդար ընտրություն էր, չի կարելի առաջ տանելով մարզաձեւ զարգացնել, այդպես երբեք Հայաստանում բռնցքամարտը չի զարգանա: Շատ եմ առաջարկել իմ օգնությունը՝ Հայաստանում բռնցքամարտը զարգացնելու համար, առաջարկել եմ գալ հայրենիք, պրոֆեսիոնալ բռնցքամարտը զարգացնել, նույնիսկ ցանկացել եմ ԱՄՆ-ից մարզահագուստ, կաշվե ձեռնոցներ, մարզագույք, ամեն ինչ ուղարկել, բայց ոչ ոք ինձ ձեռք չբռնեց, չաջակցեց: Իմ ցանկությունն էլ կորեց Հայաստանի համար ինչ-որ բան անել: Արդեն հիասթափվել եմ, այլեւս ոչինչ չեմ անելու: Ես կարծում եմ՝ Արման Դարչինյանին աշխարհի առաջնությանը չտարան, քանի որ նա Վիկ Դարչինյանի բարեկամն է: Ես չեմ ցանկանում՝ նրան առաջ գցեն ինչ է որ իմ զարմիկն է, ես արդար եմ գնահատում նրա բարձր հնարավորությունները, բացի այդ էլ համար մեկն էր:
Բռնցքամարտի ֆեդերացիայի, Հայաստանի հավաքականի մարզիչների հետ խնդիրներ ունե՞ս:
Որեւէ մեկի հետ խնդիր չունեմ, ավելին՝ ունեմ լավ ընկերներ: Ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի հետ մենք լավ ընկերներ ենք, նա հրաշալի մարդ է, բռնցքամարտի մեծ մասնագետ: Ես որեւէ մեկի հետ խնդիր չունեմ Հայաստանում:
Քո մարզիչը՝ Վազգեն Բադալյանը, բարձր արդյունքներ չգրանցելու պատճառով հեռացվեց Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիչի պաշտոնից, նրան փոխարինեց Կարեն Աղամալյանը: Դու ինչպե՞ս կբնութագրես Վազգեն Բադալյանին, որպես քո անձնական մարզիչ: Արդարացի ես համարո՞ւմ ֆեդերացիայի որոշումը:
Վազդեն Բադալյանը շատ լավ մարզիչ է: Նա ինձ 8 տարեկանից մարզել է եւ շատ հաղթանակներում նրա ներդրումը մեծ է: Երբ 2008-ին դարձա աշխարհի բացարձակ չեմպիոն, նա իմ կողքին էր՝ ռինգում: Եվ մենք այդ հաղթանակին հասանք ոչ միայն լավ մարզումների շնորհիվ, այլեւ ռինգում նրա լավ խորհուրդներով: Նա շատ լավ մասնագետ է: Ես երբեւէ նրան չեմ ասել, բայց եթե Հայաստանը նրա նման մի քանի մարզիչներ ունենա, հայկական բռնցքամարտը շատ առաջ կգնա:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.