Նիցայի «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտում կայացավ Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը հյուրընկալող Ֆրանսիայի հավաքականի ընկերական հանդիպումը Հայաստանի հետ: Ինչպես սպասվում էր, Դիդյե Դեշամի սաները զգալի առավելություն ունեին, որը կարողացան վերածել գոլերի:
35-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի սխալի արդյունքում Դեշամի սաները արագ գրոհ կազմակերպեցին և Կարիմ Բենզեմայի փոխանցումից հետո Անտուան Գրիզմանը բացեց հանդիպման հաշիվը:
Թիմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում, իսկ երկրորդ կեսում ֆրանսիացիները 3 գոլ խփեցին. 55-րդ րոպեին աչքի ընկավ Յոհան Կաբայը, իսկ 78-րդ և 79-րդ րոպեներին Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասը գրավեց Կարիմ Բենզեման:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի և Հայաստանի հավաքականներն ընդգրկված են Եվրո-2016-ի ընտրական փուլի I խմբում: Որպես առաջնությունը հյուրընկալող երկիր` Ֆրանսիան ի սկզբանե ուղեգիր է ստացել, և I խմբի մյուս հավաքականների հետ ընկերական բնույթի հանդիպումներ է անցկացնում:
Ընկերական հանդիպում
Ֆրանսիա – Հայաստան՝ 4:0
Գոլերը` Գրիզման 35′, Կաբայ 55′, Բենզեմա 78′, 79′