Մի՛ յիշիր իմ մանկութեան մեղքերը, եւ իմ հանցանքները, այլ քո ողորմութեամբ ինձ յիշիր… ո՛վ Տեր:
Սրտիս նեղութիւնները շատ են. փարատի՛ր իմ վշտերը:
Տե՛ս իմ խեղճութիւնն ու ցաւը. եւ ներիր բոլոր մեղքերս:
Տե՛ս իմ թշնամիներին, որոնք շատացան, եւ անիրաւ ատելութեամբ ատում են ինձ:
Սաղմոս ԻԵ
Ինձ համար ամէնից դժուարը մի անկիւն գտնելն է այս ցուրտ, անհրապոյր, Աստծուց մոռացուած աշխարհի մէջ՝ որպիսին մեր Քարանձաւն է՝ իր ծխապատ, անկանոն գմբեթներով, ճնշող կիսախաւարով, առաստաղից ընկնող կաթիլների ճլմփոցներով, դատապարտուածների տառապանքով եւ… քարանձաւային լռութեամբ:
Եւ քարանձաւային այդ լռութիւնը երբեմն ընդհատւում է կա՛մ ծերակոյտի լակոտների անզուսպ ծղրտոցներով, կա՛մ քարանձաւաբնակներին հաւասար թշուառութեան կոչեր անողների բորբոսնած կիսաշշուկով, կամ էլ քարանձաւի տիրակալին ուղղուած ձօներգութիւնների պատառիկներով, որ արդէն սկսել էին յօրինել հովանաւորութիւն աղերսող բանասացները։
Եւ երբ յաջողւում էր գտնել համեմատաբար մեկուսի մի անկիւն, մնում էր միայն փետուրը սրել զմելիով, յետոյ թեթեւ մի հարուածով ճեղքել սրած ծայրը, իսկ արջասպով եփած մելանի կաւէ սրուակն էլ այնպէս հարմարացնել որ անզգոյշ մի շարժումից չշրջուի: Այնուհետեւ, հնարաւորին չափ մօտիկ նստել մարխի լոյսին ու գրել…
Թւում է թէ չկայ աւելի դիւրին, նաեւ շնորհակալ մի գործ, քան երբ թղթի պատառիկներին ի պահ ես տալիս այն ամէնը, ինչ անցել‐դարձել է քո եւ ցեղակիցներիդ կեանքի ընթացքին: Ես, ի հարկէ, հաստատապէս գիտեմ, որ գրի առնես, թէ ոչ՝ միեւնույն է, շուտով մոռացուելու է այս ամէնը:
Եւ մոռացութեան այս շուտափոյթ տեսակը միայն իմ ցեղի մենաշնորհ յատկանիշն է:
Մօտիկ անցեալը մոռացութեան մատնելով, նա սիրում է ապրել հարիւրամեակների ու հազարամեակների խորքերի մէջ յիշողութիւնները պեղելով, եւ բնաւ չի նկատում, որ ընդամէնը սառը մոխիրն է քչփորում: Եւ այդ մոխիրի մէջ անթեղուած կրակ չկայ ճիշտ այնպէս, ինչպէս հոգեզուրկ քչփորողների մէջ չկայ հեռու կամ մօտիկ անցեալից դաս առնելու ցանկութիւն. դաս՝ որ օգտակար լինէր նրան ա՛յս օրուայ համար:
Բայց ի՞նչ կայ որ… Գուցէ չափազանցում եմ, կամ թերեւս անգէտ եմ ու անմիտ, կարծելով, թէ գոնէ ցանկութիւնը չկայ: Եւ գուցէ ճշմարտութիւնն էլ այն է որ ընդհանրապէս յիշողութիւններ պեղելը եւս դարձել է աւելորդ ու վտանգաւոր, ուստի ապրում ենք հէնց այնպէս, յաւուր պատշաճի, ապրում ենք պատմութեանն առանձնապէս նախատինք չդառնալու համար:
Վաղ թէ ուշ կը գան նորերը: Նրանք, ո՛վ գիտէ, թերեւս համարձակուեն դուրս գալ այս Քարանձաւից: Բայց ի՛նչ են յիշելու… Ոչի՛նչ… Միայն շաղակրատելու են նախնիների՜, կենսափորձի՜, յիշողութիւնների՜ մասին…
Եւ չե՛ն յիշելու:
Ոչինչ չե՛ն յիշելու:
Ոչինչ չե՛ն վերապրելու:
Եւ կրկնուելու է արդէն բիւրապատիկ կրկնուածը:
Ի վերջոյ, մենք այսօր այդ «նորերն» ենք կարծես: Հերթական մի ոճրագործութեան վկաներ, որ յանցապարտ չլինելով, սակայն յանցագործներից յետոյ եկածներն ենք ու չենք կարողանում պոկուել նրանցից, ձերբազատուել…
Որովհետեւ ոճրագործի փոխարէն դեռեւս ուզում ենք տեսնել ցեղակիցի:
Որովհետեւ մենք այն խաբկանքի մէջ ենք, թէ ոճրագործութեան հեղինակները օտարներն են, եւ երբէ՛ք մեր ցեղակիցները: Ինչպե՞ս կարող էին մարդիկ, որոնց երակների մէջ հոսում է մեր ցեղի արիւնը, յանցապարտ լինել թէկուզ այնքանով որ մոռացել են արեան ձայնը…
Մենք չենք պատկերացնում… Մենք չենք պատկերացնում թէ մեր ցեղի մէջ յայտնուած խելացի, բացառիկ շնորհեալ մէկը կարող է լինել խելացի ու բացառիկ շնորհեալ ապիկար, որ իր խելացիութեամբ ու բացառիկ հմայքով մարդկանց կ’առաջնորդի դէպի մարմնական ու հոգեւոր սպանդանոց…
Բայց եղել են, չէ՞… Մեր ցեղի մէջ եղել են դիւային ծնունդներ, որոնք սկզբում խրոխտ երգելով, այնուհետեւ լինգն ու հրացանը գործի դնելով` իրականացրել են «այս աշխարհ քանդելու եւ մի նոր աշխարհ ստեղծելու» խոստումը, որտեղ իբրեւ «ո՛չ ստրուկ կայ, ո՛չ դժգոհ»: Լինգն ու հրացանը իրենց գործն արեցին, ստեղծելով համատարած ու հաւասար աղքատութիւն:
Բայց ողբերգութիւնը դեռեւս այդ չէր:
Ողբերգութիւնն այն էր որ համատարած ու հաւասար աղքատութիւն տիրեց նաեւ մարդկանց հոգիներին:
Անշուշտ, սրանք մտքեր են, որոնք չեն կարող բեղմնաւորուել այն մարդկանց մէջ, որոնց հոգիները դատարկուած են:
Բայց ի՛նչ էլ լինի, մթնոլորտի մէջ ինչ որ յագեցուածութիւն կայ, որ ստիպում է տառապանքներով քաւել բոլոր նրանց մեղքերը որոնք գործել են որը՝ լռութեամբ, որը՝ հաւանութիւն տալով, որը՝ կամակատարութեամբ, որը՝ կոյր նուիրուածութեամբ, որը՝ աչքաբաց ձեռնքաշութեամբ, որը՝ ձօներգելով ու փառաբանելով, որը գիտակցուած հաւատարմութեամբ, որը՝ անիծելով, որն էլ՝ մատնութիւններով ու ամբաստանութիւններով:
Բոլոր նրանց ովքեր գեթ փոքր-ինչ արդէն հասկացել էին որ ձմեռը, տառապանքը, ցեղային համապարփակ ողբերգութիւնը, կարմիր վարչապետից յետոյ մանուկ հաշուետարի յայտնութիւնը, եւ շատ ու շատ ուրիշ չարիքներ, որոնք ասպարէզ էին իջել քաղաքական ու ազգային գործիչների պարեգօտներով, ցեղի համար իւրօրինակ մի փորձութիւն էր, քաւարան, նաեւ ապաշխարելու հնարաւորութիւն:
Մենք կարծես թէ «նորերն» ենք, քանի որ համարձակուեցինք…
Եւ մեր համարձակութիւնն այնքան էր, որ կարողացանք ընդամէնը Քարանձաւի մէջ ապաստանել: Եւ եթէ որոշենք դուրս գալ ու սփռուել աշխարհով մէկ, միեւնոյն է, դա նոյնպես կը լինի եղածի ու հիմնովին մոռացուածի կրկնութիւնը, եւ ոչի՛նչ չի փոխի քարանձաւային մեր կեանքի մէջ:
Որովհետեւ չենք փոխուել ինքներս, որ նոյնպես ոչինչ կամ ոչինչ չենք յիշում մեզնից առաջ եկած-անցածների փորձից: Չենք ուզում յիշել գոնէ որպէս ուսանելի կամ հետաքրքիր մի պատմութիւն, որպիսին ապրել են նրա՛նք, ովքեր եղել են մեծատուն եւ ունեցել են հոգու հարստութիւն, եւ նրանք, ովքեր վաղուց հեռացել են մեզնից, եւ որոնց հոգիները սաւառնում են անեզրականութեան մէջ՝ մի աստղից դէպի միւսը, եւ որոնց աճիւնները դարձել են փոշի՝ մեր ոտքերի տակ:
Ես չեմ հաւակնում յայտնագործութեան… Որովհետեւ նախնիների երբեմնի փորձը արագօրեն արժէքազրկուած տեսնելու եւ շուտափոյթ մոռացութեան մատնելու իրողութիւնը բնաւ էլ նորութիւն չէ:
Իսկ հետեւա՞նքը…
Հետեւանքը ամէն անգամ նորից սկսելու հերթական ճիգն է: Եւ ամէն անգամ նորից սկսելու անհեթեթ տրամաբանութեան խորքերի մէջ էլ թերեւս թաքնուած է մարդկային մեր տեսակի գոյութեան ամբողջ խորհուրդը:
…Քարանձաւի կենտրոնին մլմլացող խանձողներից ծուխը տարածուելով, հասնում է ինձ ու կսկծացնում աչքերս:
Ես վաղո՜ւց մոռացել եմ գրելու արուեստը: Կամ յետ եմ վարժուել: Հնարաւոր է նաեւ, որ այդ արուեստին բնաւ էլ չեմ տիրապետել: Քանի որ՝ մենք ո՜ւր, եւ արուեստը՝ ո՛ւր…
Արուեստը սկսւում է ճշմարիտ ոգեղենութիւնից: Հոգու դատարկութեան երկար ու ձիգ տասնամեակներին ինչպե՛ս կարող էր ընդհանրապէս ոգեղենութիւն, եւ այն էլ ճշմարի՛տ ոգեղենութիւն լինել: Եւ եթէ ինչ որ մի բան էլ նշմարուել է, որ փորձել է ներկայանալ որպէս ոգեղենութիւն, ապա պեղե՛նք ու կը համոզուենք, թէ տաղանդը ինչպե՛ս է բռնադատուել պատրանքներ ստեղծելու համար: Իսկ ոգեղենութեան պատրանքը հոգու գիջութիւն է` մտքի սերմնահոսութեամբ:
Համաձայն չե՛ք, անշուշտ:
Իրաւացի՛ էք: Քանի որ դո՛ւք՝ ո՜ւր, արուեստի ոգեղենութիւնը՝ ո՛ւր…
…Իսկ ես մարխի թարթող լոյսի տակ այս մի քանի տողերը գրելիս, արդէն հասցրեցի ոչ միայն թշնամիներիս թիւն աւելացնել, այլեւ ժամանակի ծալքերով տեղափոխուել դէպի այն հեռաւոր օրերը, երբ մեզ բաժին հասած այս Քարանձաւից դուրս, ընդարձակ հարթավայրի վրայ ապրում էինք ուրախ ու երջանիկ, որովհետեւ ուրախութիւն ու երջանկութիւն էր պատճառում որ լուսադէմին տարել են ոչ թէ մեզ, այլ դիմացի դրացուն: Ապրում էինք առանց դողալու մեր անցեալի վրայ, որովհետեւ մեր անցեալը խլել էին մեզնից: Ապրում էինք առանց մտահոգուելու ապագայի մասին, որովհետեւ մինչեւ կոկորդ խրուել էինք ներկայի գարշահոտ ճահճուտը: Եւ քանի որ մեզնից զատ նոյն ճահճուտի մէջ խրուած էին նաեւ մեր հաւատարիմ ու սիրելի թշնամիները եւ անվստահելի ու ոխերիմ բարեկամները, ապա չէինք էլ անդրադառնում, թէ ինչպէս ենք խորասուզւում կատարեալ ապահովութեան խաբկանքի ու Ամենազօր Ձեռքի հովանաւորութեան ներքոյ:
Յիրաւի՛, մեր անհոգութիւնը միայն ներկայի մէջ էր: Բայց այդ ո՞վ էր հասկանում, որ «ներկայ» կոչուածը ընդհանրապէս գոյութիւն չունի: Ո՞վ էր կռահում, որ մենք, երջանիկներս, ներկայի իւրաքանչիւր պահը դարձնում էինք մոռացումի տրուող անցեալ, եւ յաջորդ պահն էլ, որ ապագան էր, շտապում էինք իմաստազրկել ու նետել անցեալի աղբանոց:
Մենք համոզուած էինք, թէ ապրում ենք: Եւ ոչ թէ սոսկ քարշ ենք տալիս մեր գոյութիւնը շարունակական, հետեւաբար անիրական ներկայի մէջ:
…Հէնց այս պահին էր, որ Քարանձաւի գմբեթից պոկուած կաթիլը փշրուեց թղթիս պատառիկի վրայ: Եւ երկա՜ր նայելով, թէ ինչպէս են տառերը լուծւում կաթիլի ցայտերի մէջ, մտածում էի, թէ ի՜նչ դժուար փորձութիւն է ընդհանրապէս ապրելը, եւ մենք էլ ինչքա՜ն դիւրութեամբ ենք կատարում այդ դժուար պարտականութիւնը:
Աստուա՜ծ իմ, ինչքա՜ն դիւրին ենք ապրում, չուզենալով նկատել մութ ճեղքերից ու խոռոչներից դուրս ելնող առնէտներին ու խաւարասէր բլոճներին, որոնք Քարանձաւի տիրակալին շրջապատած՝ ստանում են հովանաւորութիւն, առնէտային ու խաւարասէրային կեանքի ապահովութեան երաշխիք, եւ փոխարէնը հնազանդութիւն են խոստանում:
Աստուա՜ծ իմ, եւ ո՜նց ենք հպարտանում մեր դիւրին ապրելով:
Եւ ո՞վ է նա, որը կը համարձակուի ասել, թէ դատապարտուա՛ծ ենք:
Որովհետեւ Քարանձաւի տարբեր անկիւններ քաշուած` այս կամ այն խումբը մտահոգուած է միայն ի՛ր գոյութեամբ եւ փորձում է միւսներին թելադրել միայն ապրելու ի՛ր ձեւը:
Որովհետեւ Քարանձաւի տարբեր անկիւններ քաշուած այդ մարդիկ են իրենց ընտրեալներ կարծում, իսկական ընտրեալներին չարախօսելով ու հալածելով:
Որովհետեւ ոչ ոք չի տեսնում Քարանձաւի ողբերգութիւնը իր ամբողջութեան մէջ, եւ ոչ ոք չի ուզում ընդունել, թէ Քարանձաւով մէկ` բոլորս դատապարտուա՛ծ ենք:
Եւ ո՞վ կը լինի արդեօք, ո՞վ կը լինի Նա, այդ Մէկը, որին նաեւ հաւատանք, թէ մենք` դատապարտուա՜ծ ենք…
Քարանձաւի անկիւններին ծուարած խմբերով, Քարանձաւի խոռոչներից ելած առնէտներով, Քարանձաւի ճեղքերից դուրս սողացող խաւարասեր ու բարեպաշտ շագանակագոյն բլոճներո՛վ ենք դա՜-
տա՜-
պա՜րտ-
ուա՛ծ…
© ԿարէնԱ.ՍԻՄՈՆԵԱՆ, Երեւան, Դեկտեմբեր, 1992
Լոյսէ տեսել «Յառաջ», 1996։ «Նոր Կեանք», 2001։ «Քարանձաւային պատմութիւններ կամ1993», Երեւան, 1996, 2008, 2012
Կարեն Ա. Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.