Երևանի Ավան թաղամասում մի շենք կա, որը, կարծես, մութ ու ցուրտ տարիների հուշարձան լինի: Այն հայտնի է որպես «համար 3» հատուկ պրոֆտեխուսումնարանի հանրակացարան: 1988-92թթ. Ադրբեջանից բռնագաղթած փախստականներին այստեղ պետությունը ժամանակավոր կացարան էր տվել՝ հույսով, որ տարիների ընթացքում մարդկանց բնակարաններով կապահովի: Մի մասը երկու տասնամյակի ընթացքում տներ ստացան և գնացին: Բայց 18 ընտանիք դեռ այստեղ է՝ 9-15 քմ կացարաններում, կոմունալ «անհարմարություններով», անջրդի: «Սենյակներում կարելի է ջուր քաշել,- բացատրեց բնակիչներից մեկը,- բայց, որպեսզի ջուր քաշենք, պետք է բնակարանները սեփականացնենք, իսկ այդ դեպքում մենք դուրս կմնանք պետական ծրագրերից»: Իրականում այս 18 ընտանիքներն անգամ չգիտեն՝ իրենք կա՞ն պետական ծրագրերում, թե՞ ոչ: 2014 թվականի վերջին 3-րդ պրոֆտեխուսումնարանի բնակիչ Յուրի Բալայանցը, որը 9 հոգանոց ընտանիքի հայր է, ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանի միջոցով փորձել է պարզաբանում ստանալ, թե երբ իրենք վերջապես բնակարան կստանան, բայց ընդամենը անպտուղ և վերացական խոստում է ստացել տարածքային կառավարման նախարարի այն ժամանակ ԺՊ, ներկայում ՀՀ ՏԿԱԻ փոխնախարար Վաչե Տերտերյանից. «Այո՛, այդ հանրակացարանում ապրում են նշված թվով փախստականներ, և վստահ եմ, որ հետագա տարիներին, հնարավորության պարագայում, ծրագրերն իրականացնելու պայմաններում նաև այդ հանրակացարանը և նաև մյուս հանրակացարանները կընդգրկվեն ծրագրերում»:
Կառավարությունը պարբերաբար խոստանում է լուծել փախստականների բնակարանային խնդիրը: 2004թ. մայիսին կազմվեց փախստական ընտանիքների բնակապահովության առաջնահերթ ծրագիր, որի շրջանակներում բնակարաններով ապահովվեց 779 փախստական ընտանիք: Մինչ օրս, սակայն, Երևանում և մարզերում բնակվող 900-ից ավելի ընտանիքներ անտուն են, իսկ պաշտոնական անդրադարձ այս հարցին չի եղել, եթե չհաշվենք վարչապետ Հովիկ Աբրահամյանի 2014 թվականի հանձնարարականը՝ հարցը լուծել մինչև 2017 թվականը, «փուլ առ փուլ»: Մեջբերում 2014թ. կառավարության ծրագրից. «1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած՝ առավել կարիքավոր փախստականների բնակարանային ապահովման հիմնախնդրի լուծման նպատակով կիրականացվի քարտեզագրում՝ նրանց թիվը և բնակության վայրերը ճշգրտելու համար, ինչպես նաև համապատասխան միջոցներ կձեռնարկվեն փախստականների խնդիրները փուլ առ փուլ լուծելու համար»: Բյուջեում չնչին հատկացում է արվել՝ 2 մլրդ, որով Երևանում 10 բազմաբնակարան շենքի կառուցմանը պետք է օժանդակեին:
Բացի այն, որ գումարը չնչին էր, կառավարությունը կատարեց տարօրինակ քայլ. փախստականների բնակարանային հարցը միացրեց Երևանի 4-րդ կարգի վթարային շենքերի վերաբնակեցման ծրագրին: Այսինքն՝ մեկ հոդվածով նախատեսված գումարով փորձեց երկու տարբեր հարց «լուծել»: Նոր բնակարանների մի մասը պետք է հատկացվեր 6 ամենավթարային շենքերի բնակիչներին, մյուսը՝ Սիսակյան 3, Նոր Արեշի 35-րդ փողոցում, Արցախի 4-րդ նրբանցքում գտնվող երկու հանրակացարաններում բնակվող փախստական ընտանիքներին (նկատենք, որ մեր նշած 18 ընտանիքների հասցեն՝ Ավանի 3-րդ պրոֆտեխուսումնարանը, կառավարության քարտեզում չկա՝ Ս. Ս.): Բայց նույնիսկ այս չնչին փողը չեղավ: Այս մասին 2014 թվականի վերջում տարածքային կառավարման նախարարի այն ժամանակ ԺՊ, ներկայում ՀՀ ՏԿԱԻ փոխնախարար Վաչե Տերտերյանը զեկուցեց ԱԺ-ում. «Ցավոք, միջոցների սղության պատճառով այս ծրագրի ուղղությամբ ներդրումներ կամ հատկացումներ չեն կատարվել»: Ապա խոստացավ ճշտել և հայտնել շինարարության ավարտի ժամկետների մասին: «Ամենաուշը 1-1,5 տարվա ընթացքում այդ շենքերը շահագործման կհանձնվեն, և մեր փախստական ընտանիքների խնդիրը կլուծվի»,- հայտարարել էր ԱԺ-ում Վաչե Տերտերյանը:
Այն ժամանակվանից միակ փոփոխությունը Վաչե Տերտերյանի նոր պաշտոնի նշանակումն էր: Թեև Ավանի պրոֆտեխուսումնարանի հանրակացարանը պետական առաջնահերթության ծրագրում չի նշվում, մարդիկ դեռ սպասում են: Արդեն 27 տարի: Այս ընթացքում 3 նախագահ, 13 վարչապետ է փոխվել, տասնյակ չինովնիկներ, որոնք կարող էին հարցը լուծել: Հիշեցնենք, որ 2015թ. բյուջեի քննարկման ժամանակ պարզվեց, որ Ադրբեջանից բռնագաղթածներին բնակարանով ապահովելու համար բյուջեի նախագծում հատկացվել էր ընդամենը 22 մլն դրամ: ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանի հարցին, թե քանի ընտանիք կարող է այդ ծիծաղելի գումարով բնակարանի հարց լուծել, պատասխանեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, նշելով, որ կվերանայեն այդ հոդվածով նախատեսված ծախսերը:
Որքա՞ն են դրանք, կա՞ արդյոք ստույգ պետական ծրագիր, որով մինչև 2017 թվականը պետք է փախստականների բնակարանների հարցը լուծվի, ի՞նչ եղավ վարչապետի «փուլ առ փուլ» խոստումը, քանի՞ ընտանիքի կապահովեն բնակարանով, կա՞ ինչ-որ հաստատված ցուցակ, թե՞ ոչ, հաջորդը ո՞ր հանրակացարանների բնակիչներն են ապահովվելու բնակարանով և ի՞նչ հերթականությամբ:
Սյուզան Սիմոնյան
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.