«Լիսկան կարող է գիտնական դառնալ, իսկ Ճոյտը չի՞ կարող կինո նկարել»,- այսպես է արտահայտվել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, իր կալանավորման վերաբերյալ: Եթե, իհարկե, հավատանք նրա մտերիմներին: Փետրվարի 10-ին նրա աղմկահարույց «Հիշողություն» ֆիլմի պրեմիերան, ինչպես և սպասվում էր, չկայացավ, քանի որ ցուցադրության կազմակերպիչն ապօրինի ձեռնարկատիրության և հարկերից խուսափելու մեղադրանքով գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
«Մոսկվա» կինոթատրոնի ղեկավարությունը հայտնեց, որ պրեմիերան հետաձգվում է, իսկ անանուն աղբյուրները տարածում են, որ ֆիլմի բոլոր օրինակներն առգրավված են քննիչների կողմից, մեկ այլ վարկածով էլ՝ ոչնչացված: Անգամ նրա համակարգչում ոչ մի օրինակ չի պահպանվել: Ամենայն հավանականությամբ, ոչնչացումը «Հիշողության» սցենարիստի համաձայնությամբ է եղել, որից հետո նրա առողջությունը կտրուկ վատացել է, ինչպես պնդում են նրա ընկերները: Սկանդալային ֆիլմի շուրջ ստեղծված իրավիճակի մասին զրուցեցինք գրող, սցենարիստ, Հեռուստատեսության և ռադիոյի անկախ հանձնաժողովի անդամ Հարություն Հարությունյանի հետ:
— Ոչ մեկին չի կարելի արգելել, որ սեփական միջոցներով ֆիլմ նկարի: Բայց պարզ է, որ Ճոյտի ֆիլմ մեծ լսարան էր հավաքելու, գուցե ավելի մեծ, քան Ցեղասպանության տարելիցին նվիրված բոլոր մյուս միջոցառումները միասին վերցրած: Ի՞նչ անել նման դեպքերում՝ խայտառակությունից փրկվելու համար:
— Ես «Ճոյտ» մականունով Հակոբ Հակոբյանին չեմ կարող մեղադրել, որ նա «հակահիգիենիկ» ֆիլմ է նկարել: Ճոյտը որոշել է իր ունակություններն ու հնարավորությունները փորձել կինոասպարեզում: Ցանկությունն անկեղծ է, և չի կարելի այդ ցանկությունը քարկոծել միայն նրա համար, որ դա Ճոյտի ցանկությունն է: Մարդն իր ուղեղի կարողությունների չափով գործել է: Ինչու չէ՝ նաև դրանից օգուտ ստանալու ակնկալիքով: Սովետի ժամանակ էր, չէ՞, որ մայիսի 1-ին մանղալները դնում, քյաբաբ էին վաճառում կամ փուչիկ, կամ շխկշխկացող գնդակներ:
Մայիսի 1-ն ու 9-ը լավագույն օրերն էին բիզնեսի համար: Հիմա ես այս մարդուն չեմ մեղադրում: Նա ցանկացել է, մի կողմից, իր ազգի համար լավ բան արած լինի, քանի որ պետական մակարդակով դա չեն անում՝ կամ միջոցներ չունեն, կամ զլացել են ֆիլմ նկարել, չնայած եղել են նախագծեր: Նա էլ իր ուղեղի կարողության սահմաններում գրել է սցենար, այն մտքով, որ ազգին մի հանճարեղ գործ կնվիրի՝ «պատմական» իմաստով, նաև դրանից կշահի: Անկեղծ է և առանց հետին մտքի: Այլ հարց, որ վատ ֆիլմ է ստացվել, բայց ո՞վ պետք է նրան հուշեր այդ մասին: Ֆիլմը մեկ օրում չի նկարվել, ոչ էլ մեկ շաբաթում, դա ամիսներ է տևել:
Դրա մասին գրել է մամուլը, ֆիլմում նկարվել են հայտնի, վաստակավորի կոչում ստացած դերասաններ, ոմանք վերջերս են ստացել այդ կոչումները: Ովքե՞ր պետք է հետաքրքրվեին ֆիլմի ճակատագրով, ովքե՞ր պետք է ծանոթ լինեին սցենարին: Վերջապես, այս երկրում կա՞ մարմին, որ զբաղվում է կինոարտադրության խնդիրներով, թե՞ այդտեղ էլ է բարձիթողի վիճակ: Ի վերջո, Ճոյտը կինոսցենար է հեղինակել: Միայն այս փաստը, որ նա նման քայլ է արել, արդեն գովելի է, նաև զարմանալի: Ճոյտից ոչ պակաս պատգամավորներ կան այսօր, որ ոչ միայն չեն փորձի նման բան անել, այլ նույնիսկ, կարծում եմ, տառաճանաչ էլ չեն:
— Ի՞նչ կարող էր անել, ասենք, մշակույթի նախարարությունը:
— Ասեմ, օրինակ, ամենապարզ բանը՝ կարելի էր փորձել համոզել նրան՝ գումարները ներդնել հաջողված սցենարների վրա, որ նա դառնար այդ ֆիլմերից մեկի պրոդյուսերներից մեկը և, բնականաբար, իր ներդրած գումարի տոկոսային չափով նաև շահույթ ստանար: Բայց այս մարդով ոչ ոք չի հետաքրքրվել: Վերջապես, չի նկարվում սցենար Յոնջալախի և Արեշի կռվի մասին, այլ Ցեղասպանության տարելիցի վերաբերյալ ֆիլմ է: Հիմա, եթե Ճոյտի նման մեկ-երկու հոգի կա, որ կուզենան ներդրում անել ֆիլմարտադրության ոլորտում, նրանք էլ կզգուշանան և կհրաժարվեն: Սա աննորմալ վիճակ է, թափթփվածության արդյունք, ինչն էլ հանգեցնում է նրան, որ մեր երկրում կինոն անտերության է մատնվել: Եթե կինոարտադրությունը տեր ունենար, օրենք կունենայինք, և նման հարցերը կկարգավորվեին օրենքի սահմաններում:
— Ի՞նչ կտար մեզ կինոյի մասին օրենքը:
— Եթե երկիրն ունենար կինոյի մասին օրենք, ինչն ի դեպ արդեն երկար ժամանակ «քնած» է ԱԺ-ի գզրոցներում, Ճոյտն այլ կերպ կներգրավվեր կինոաշխատանքների մեջ, բայց քանի որ այդ օրենքը չկա, ով ուզի, ինչ ուզի՝ կարող է արտադրել: Նույն հաջողությամբ Ճոյտը կարող էր որոշել, որ ինքը լավ սրտաբան է, և իր «Զվարթնոց» մոթելի սենյակներից մեկում սրտի ստենդավորում իրականացներ, բայց քանի որ «Առողջապահության մասին» օրենքում նման գործունեությունը հստակեցված է, նա պետք է դրա համար համապատասխան լիցենզիա ունենա: Կինոյի ոլորտում այս բացը մի օր մի տեղից «ճաք» էր տալու և տվեց:
Սյուզան Սիմոնյան
- 15:10Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն
- 14:10Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը
- 13:10Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 11:10ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.