Հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կատարված զարհուրելի սպանության մասին խոսում են ամենուրեք: Հանրային հետաքրքրությունն այնքան մեծ է, որ դժվար է սուտն ու ճիշտը տարբերել: Պատմում են, որ տղային կտտանքների են ենթարկել և նույնիսկ փորձել պատուհանից ցած նետել, բայց նա կենդանի է մնացել: Տեսնելով, որ կենդանի է, կտրել են երակները: Մեր տեղեկություններով, Հայկազ Բարսեղյանը դեպքից առաջ մահվան կանխազգացում է ունեցել: Երեկոյան, երբ շորերը հանելիս է եղել, իր հետ նույն սենյակում գիշերող ծառայակիցներին ասել է, որ այլևս դրանք չի հագնելու, որ գիշերն այնպիսի բան է կատարվելու, որ ինքն այլևս այստեղ կարող է չլինել: Առավոտյան վերկացից հետո նրա ննջարանում արյուն են տեսել: Սկսել են փնտրել տղային: Նրա մարմինը մարզահրապարակի պտտաձողից կախված վիճակում հայտնաբերել են կուրսանտները: Նա կախված է եղել բաճկոնի և կոշիկների քուղերից պատրաստված պարանով:
Սպանության ենթադրյալ կատարողները՝ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Գնել Թևոսյանը և Նորիկ Սահակյանը, կալանավորված են և մեղադրվում են խմբի կողմից խուլիգանական դրդումներով սպանության մեջ: Փաստաբան Հովիկ Արսենյանն ասում է, որ նրանց թույլ չեն տվել ցուցմունքներ տալ նախաքննության մարմնին, որ նրանց նկատմամբ բռնություն է կիրառվել: Այս մասին հայտնել է կալանավորվածներից մեկը՝ Նորիկ Սահակյանը: «Ես ոստիկանությունում ասեցի, որ ալիբի ունեմ և ցուցմունք եմ ուզում տալ, բայց ինձ հարվածում էին ու չէին թողնում, որ խոսեմ: Դրա փոխարեն գրեցին, թե իբր հրաժարվել եմ ցուցմունքներից»,- գրել է նա իր փաստաբանի պահանջով:
Նորիկ Սահակյանի ալիբին՝ այլուրեքությունը, ըստ նրա, այն է, որ նա սպանության գիշերը միջանցքում, որտեղ տեղադրված են սեղան և մի քանի աթոռներ, մի քանի այլ ծառայակիցների և սպայի՝ կապիտան Կարապետյանի հետ պարապելիս է եղել «Հրետանային հրաձգություն» առարկան, որպեսզի հաջորդ օրը թեստ հանձնի, ինչը կարող էին հաստատել իր հետ պարապող ուսանողներն ու սպան: «Իմ պաշտպանյալը բանավոր ներկայացրել է իր այլուրեքությունը, և այլուրեքությունը հերքող գործողություններ են կատարվել,- ահազանգում է Նորիկ Սահակյանի պաշտպան Հովիկ Արսենյանը: — Նա ինձ հայտնեց, որ հենց իր ներկայությամբ ծեծի են ենթարկել իր հետ գիշերը պարապած անձանց, և չի բացառվում, որ նրանք, վախից և սպառնալիքներից դրդված, ցուցմունք տված լինեն: Մինչ օրս դեռևս իմ պաշտպանյալից ցուցմունք չեն վերցրել: Սարսափելի հանցագործություն է կատարվել, բայց չի նշանակում, որ սարսափելի եղանակներով էլ պետք է մարդկանց կտտանքների ենթարկելով՝ ցուցմունքներ կորզել, այն դեպքում, երբ խոսքը զինվորների մասին է՝ ենթարկյալ վիճակում գտնվող կուրսանտների: Զինվորներ են, հրահանգ են կատարում, ոնց վախեցրին, այդպես էլ կատարում են, հավանոց են սարքել: Կամ այն նույն սպան, որ թողել է գիշերով պարապեն, անուշադիր է եղել, անփույթ է եղել, այսինքն, դամոկլյան սուրը նրա գլխին արդեն կա, որ քրեական պատասխանատվության կենթարկվի: Այս սպառնալիքի ազդեցության տակ այդ նույն սպային ինչ ցուցմունք էլ թելադրեն, նա էլ կգրի»:
Արսենյանը պատմում է, որ ուրբաթ երեկոյան հեռուստատեսությամբ տեսել է, որ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, թե «այդ մարդասպանները նույն սենյակում են քնելիս եղել տուժողի հետ», նկատի ունենալով կալանավորված անձանց: «Սա սուտ տեղեկություն է: Ո՞նց կարելի է նման բաներ հայտարարել, մյուս կողմից էլ փաստաբաններից պահանջել, որ նախաքննության նյութեր չհրապարակեն, այն դեպքում, երբ մյուս կողմը սուտ տեղեկություններ է տարածում և փորձում է հասարակական կարծիք ստեղծել»,- ասաց Արսենյանը, ավելացնելով, որ ինքը ոչ թե նախաքննության, այլ իր ձեռք բերած նյութերն է հրապարակում: Ի դեպ, հետաքրքիր տվյալներ ստացանք իրավիճակից տեղյակ մեկ այլ աղբյուրից: Պարզվում է, գործով կալանավորված 4 անձանց Ռազմական ոստիկանությունից մեկուսարան են տեղափոխել փետրվարի 4-ին, այն դեպքում, երբ կալանավորման սանկցիան ստացվել է փետրվարի 1-ին: Սա կարող է նշանակել, որ նրանք ունեցել են մարմնական վնասվածքների հետքեր, և նրանց ապաքինվելու ժամանակ է տրվել։
Ի դեպ, տեղեկություն ունենք, որ գործով անցնող ուսանողներից երկուսը «բացատրություններ» տալուց հետո տեղափոխվել են բուժմաս։ Այս տեղեկությունները պաշտոնապես ճշտել երեկ չհաջողվեց: Քննչական կոմիտեի խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնեց, որ կալանավորված անձանցից երեքն ունեն փաստաբաններ, սակայն նրանցից որևէ գրավոր բողոք կոմիտեն չի ստացել: Երեկ զրուցեցինք նաև Գնել Թևոսյանի փաստաբան Արա Զաքարյանի հետ: Նա ասաց, որ իր պաշտպանյալի հանդեպ նույնպես եղել է նման վերաբերմունք, սակայն վնասվածքներ գեներալի որդին չունի:
Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության գործը վարում է քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժինը:
Սյուզան Սիմոնյան
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.