Ամանորի նախաշեմին ՀՀ նախագահը ներում շնորհեց ՔԿՀ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանին, որին Արաբկիր-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 12 տարվա ազատազրկման էր դատապարտել երկու հոդվածով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախության և դատապարտյալի սպանության նախապատրաստություն կազմակերպելու համար: Երկու տարի տևեցին նախաքննությունն ու դատաքննությունը, որոնք բազմաթիվ մութ դրվագներ ունեն:
Օրինակ, որ վկան, որի ցուցմունքով կալանավորել էին Հովհաննիսյանին, մոտ 400-ից ավելի հեռախոսազրույց է ունեցել ՔԿՎ պետի տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանի հետ, կամ, որ սպանության նախապատրաստության համար իբր տրված գումարն իրականում չի եղել: Դատարանն այս ամենը կարծես չէր նկատում և, ինչպես հաճախ է լինում, կարդաց դատավարության ընթացքի հետ որևէ աղերս չունեցող դատավճիռ: Մութ կետերից էր նաև այն, որ, ունենալով բոլոր հիմքերը վերաքննիչ դիմելու համար, Սամվել Հովհաննիսյանը վերաքննիչ բողոք ներկայացրեց, ապա հետ վերցրեց բողոքը: Սրանից էլ սկսեցինք բացառիկ հարցազրույցը ՔԿՎ նախկին պետի հետ, ով, անշուշտ, այս երկրի «ամենատեղեկացված» մարդկանցից է:
— Դուք երկու տարի պայքարեցիք և մինչև վերջ չընդունեցիք Ձեր մեղքը: Ինչո՞ւ հրաժարվեցիք վերաքննիչ բողոքից:
— Երկու տարուց ավելի տևեցին նախաքննությունը, դատաքննությունը և կարող է շատ ավելի երկար տևեին, եթե ես իմ փաստաբանի ներկայացրած վերաքննիչ բողոքից չհրաժարվեի: Ես դա արեցի, որովհետև արդեն հոգնել էի քննություններից, տեսնում էի, որ դրանց վերջը չի երևում:
— Ձեզ, գուցե, խոստացել են, որ եթե հրաժարվեք բողոքից, ներո՞ւմ կստանաք:
— Ոչ, նման խնդիր կամ պայմանավորվածություն չի եղել: Ես շնորհակալ եմ հանրապետության նախագահից, որ հարգեց դիմումս և ինձ ներում շնորհեց: Ես շատ հակիրճ ներկայացրել էի գործը, գրել էի, որ ես այդ հանցագործությունը չեմ կատարել, այնուամենայնիվ, խնդրում եմ ինձ ներում շնորհել: Եվ համապատասխան հանձնաժողովն ուսումնասիրեց, ու ներում շնորհեցին:
— Այսօր քրեակատարողական հիմնարկները բարեփոխման եզրին են, հասարակությունն սպասում է այդ բարեփոխմանը: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ պետք է անել, որ այդ համակարգը վերջապես սկսի համապատասխանել մեր ժամանակի ոգուն:
— ՔԿ համակարգում աշխատել եմ 1994 թվականից: Մինչև 2001 թվականը եղել եմ վարչության պետի առաջին տեղակալ, օպերատիվ աշխատանքներն եմ սպասարկել և 2001-2006-ը եղել եմ այդ ծառայության ղեկավարը: Բարեփոխումներ, իհարկե, եղել են: Նախկինի հետ համեմատության եզրեր չկան, բայց այս մակարդակը դեռ գոհացուցիչ չէ:
— Ինչպիսի՞ վիճակ էր կալանավայրում, երբ Դուք այնտեղ էիք:
— Նորմալ: Որևէ խնդիր չի եղել:
— Ի՞նչ պետք է արվի, Ձեր կարծիքով, որ գոհացուցիչ մակարդակի լինեն կալանավայրերը:
— Պայմանները բարելավելու համար առաջնահերթ պետք է, որ այդ համակարգը լուրջ ֆինանսավորվի: Տեսեք, հասարակ բան. «Արմավիր» ՔԿՀ-ն 400 ազատազրկվածի համար է նախատեսված: Այն իմ օրոք էր դեռ սկսել կառուցվել՝ 2006 թվականին, և միայն այս տարի է ավարտվել շինարարությունը: Արդեն այնտեղ տանում են առաջին դատապարտյալներին: 9 տարի տևեց 400 տեղանոց կալանավայրի շինարարությունը, և սա զուտ ֆինանսական միջոցների սղության հետևանք է: Սա գալիս է երկրի ֆինանսական վիճակից: Մենք բոլորս հասկանում ենք, որ երկրի ֆինանսական վիճակը ծանր է, և ավելի կարևոր նպատակներ կան գումարներն ուղղելու համար, սոցիալական ոլորտներ: Բայց մի բանում վստահ եմ, որ Օսիկյանի նշանակվելուց հետո դրական փոփոխություն կլինի: Ես նրան ճանաչում եմ: Նա շատ գրագետ, բանիմաց՝ ոչ թե ՔԿ ծառայության, այլ կյանքի առումով բանիմաց պաշտոնյա է և կփորձի ավելի դրական տեղաշարժ ապահովել:
— Նախկին ոստիկանները շարունակում են ղեկավարել քրեակատարողական ծառայությունը: Օսիկյանը գրագետ, ինտելեկտուալ մարդու իմիջ ունի, բայց ճի՞շտ է, արդյոք, որ համակարգը կրկին ոստիկանի դեմք ունի:
— Ես Օսիկյանին, կներեք, ոստիկան չեմ համարում: Նա կարճ է աշխատել ոստիկանական համակարգում, բայց մի բան էլ ասեմ. այդ համակարգում ևս կան պարկեշտ, գրագետ մարդիկ:
— Մոտեցումը չպե՞տք է փոխել, մի քիչ ավելի սոցիալական դարձնել կալանավայրերը, ոչ թե միայն օպերատիվ ծառայությանը զարկ տալ:
— Մոտեցումը նորմալ է: Սա արդեն 10 տարի առաջվա համակարգը չէ: Աշխատակիցների մոտ հարգանքի աստիճանը, վերաբերմունքը դատապարտյալների նկատմամբ փոխվել է: Կալանավորներն այսօր իրենց ավելի ազատ են երբեմն զգում, քան աշխատողները:
— Անդրադառնանք Ձեր քրեական գործին: Ձեզ նաև խարդախության հոդվածով դատեցին, և այն վերաբերում էր այժմ արդեն սնանկ ճանաչված «Սամոշ» ՍՊԸ—ի կառուցած էլիտար շենքի բնակարանների վաճառքին: Ի՞նչ եղավ շենքի հետ:
— Սնանկացումից հետո, հատկապես այն շրջանում, երբ ինձ ձերբակալել էին, «Սամոշ» ՍՊԸ-ի հետ կապված չարաշահումներ տեղի ունեցան: Այս կապակցությամբ մենք դիմել ենք իրավապահ մարմիններին, հայտնել ենք, որ սնանկության գործով կառավարիչը չարաշահումներ է թույլ տվել: Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել կառավարչի գործողությունների հետ կապված, և այսօր էլ նախաքննությունն ընթանում է: Փորձաքննություն է նշանակվել: Հուսով եմ, որ մոտ ապագայում եզրակացությունը կլինի, և նախաքննական մարմինն իր ձեռքի տակ խոսուն թվեր կունենա:
— Բնակիչները, որոնք բնակարաններ էին գնել, ստացա՞ն իրենց բնակարանները կամ փողերը:
— Սնանկության գործընթացը դեռ ընթանում է: Գրեթե բոլոր այդ անձինք, ովքեր որ պայմանագիր էին կնքել ՍՊԸ-ի հետ, 99 տոկոսով իրենց բնակարաններն ստացել են: Մի քանի հոգի են մնում, որոնց կապակցությամբ ինձ նաև խարդախության հոդվածով դատեցին, ինչն անհիմն էր: Կրկնում եմ, որ ես՝ Սամվել Հովհաննիսյանս, այդ ժամանակահատվածում որևէ իրավական առնչություն չեմ ունեցել «Սամոշ» ՍՊԸ-ի հետ: Ես «Սամոշ» ՍՊԸ-ի տնօրեն եմ դարձել այն ժամանակ, երբ ՍՊԸ-ն սնանկ էր, և ես առքուվաճառքի, գումարների, նյութականի հետ կապված ոչ մի գործարք չեմ կատարել: Պայմանագրերը կնքվել են տնօրենի հետ, ես չեմ ստորագրել պայմանագրերը, չնայած դատավճռում գրված է, որ իբր ես եմ կնքել: Բայց պայմանագրերը կան, փաստ են:
— Դատարանում ես հիշում եմ, որ այդ անձինք՝ բնակարանատերերը, գալիս ցուցմունք էին տալիս, որ Ձեզ չեն ճանաչում և Ձեզ հետ առնչություն չեն ունեցել: Այնուամենայնիվ, վերջում այդ հոդվածով դատարանը պատիժ նշանակեց: Ի՞նչն էր պատճառը, որ դատարանն այդպես էր վարվում:
— Չեմ կարող ասել: Չգիտեմ: Կարող եմ ենթադրություններ անել, բայց չեմ ցանկանում:
— Դուք դատաքննության ընթացքում շատ ակտիվ էիք, կարելի է ասել, ինքներդ էիք Ձեզ պաշտպանում, թեև բազում պաշտպաններ ունեցաք: Հատկապես ի՞նչն է հիշվել այդ դատաքննությունից:
— Ինձ մեղադրում էին նաև սպանության նախապատրաստության համար: Օրենսգիրքը տալիս է, որ հանցագործության նախապատրաստություն է համարվում ինչ-որ միջոցներ կամ գործիքներ ձեռք բերելը, պայմաններ ստեղծելը և այլն: Այսինքն, պետք է ապացուցվեր, որ ես ինչ-որ գործողություն եմ կատարել, ինչ-որ բանով նպաստում եմ սպանության նախապատրաստմանը: Քրեական գործում կար ընդամենը ցուցմունք, որ իբր ես մեկի միջոցով 400 դոլար գումար էի ուղարկել, որպեսզի նրանք նախապատրաստեին սպանություն: Դա աբսուրդ էր: 400 դոլարով այսօր մեկը մյուսին բարև էլ չի տա: Իհարկե, վերջում այդ մարդը, ում որ տվել էին այդ 400 դոլարը, եկավ դատարան և ասաց, որ իրեն որևէ մեկը նման գումար չի տվել:
Գիտե՞ք ամենամեծ զավեշտը որն էր: Ես, ի վերջո, 21 տարեկանից աշխատել եմ իրավապահ մարմիններում, ունեցել եմ պարգևներ, խրախուսանքներ, իհարկե, տույժ էլ եմ ունեցել: Ընդամենը երկու տույժ՝ 27 տարվա ընթացքում: Սպանության նախապատրաստության համար ամենաբարձր պատժաչափը 10 տարի է, և ինձ դատարանն իր դատավճռով այդ ամենախիստ պատժաչափը տվեց: Ինչո՞ւ: Նախկինում դատված չեմ եղել, արատավորված չեմ եղել, և այս ամենը նշված է դատավճռում, իմ վերաբերյալ հիվանդություններ կային նշված իմ բժշկական քարտերում, բայց վերջում, չգիտես ինչու, այս ամենը հաշվի չառնվեց և ամենաբարձր պատժաչափը տրվեց:
— Անընդհատ տպավորություն կար, որ ինչ—որ մարդիկ կանգնած էին դատավարության հետևում, ովքե՞ր էին: Ինչո՞վ և ո՞ւմ համար էիք Դուք վտանգավոր՝ նախկին պաշտոնյա, որը վաղուց պետական համակարգում չէ:
— Ես չեմ կարող ասել դա. քանի որ չեմ ապացուցել, չեմ կարող ասել: Ես էլ իրենց չնմանվեմ, որ առանց ապացույցի ինչ-որ բաներ ասեմ: Ժամանակը կգտնի դրանց:
— Գաղտնալսումների և վերծանումների մասով հետաքրքիր բան կատարվեց: Դատարանը բավարարեց հեռախոսային վերծանումները հրապարակելու Ձեր միջնորդությունը, և պարզվեց, որ այն անձը, որի միջոցով, իբր պատվիրվել էր մյուսի սպանությունը, հարյուրավոր անգամներ խոսել է ՔԿՎ պետի տեղակալի հետ: Ինչպե՞ս սա գնահատեց դատարանը:
— Այո, այս հատվածում մի խայտառակ պատմություն պարզվեց: Ձեր նշած անձի և ԿՔՎ ղեկավարության կապը վերծանումներով երևում էր, բայց դատարանն ուղղակի չանդրադարձավ դրան:
— Ինչո՞վ եք մտադիր զբաղվել: Որոշե՞լ եք:
— Ես իրավաբան եմ, ունեմ մասնագիտություն: Դա օպերատիվ աշխատանքն է: Ես կրթությամբ նաև տնտեսագետ եմ: Մեծ փորձ ունեմ: Կզբաղվեմ, կաշխատեմ: Պետական համակարգում, բնականաբար, չեմ կարող աշխատել, բայց, հավանաբար, կաշխատեմ մասնավոր կառույցներում, իմ փորձը կներդնեմ:
Սյուզան Սիմոնյան
- 15:10Տանջել է 9-ամյա դստերը, պահել է խորդանոցում՝ ցրտի և մթության պայմաններում. հարուցվել է քրեական հետապնդում
- 14:10Քաղաքապետարանի աշխատակիցները տոնածառ են գողացել, ոստիկանները որոնում են տոնածառը
- 11:10Մանվել Գրիգորյանն ու նրա կինը մեղավոր են ճանաչվել. պետբյուջե կբռնագանձվի շուրջ 2 մլրդ դրամ, 8 ավտոմեքենա
- 15:10Ինչպես է բերման ենթարկվում «օրենքով գող» Վիտալի Թբիլիսսկին. Ոստիկանության տեսանյութը
- 15:1028-ամյա երիտասարդը մորից գումար է պահանջել, իսկ մերժում ստանալուց հետո հարձակվել մոր վրա, խլել պայուսակն ու հափշտակել զգալի չափերի գումար
- 11:10Ընտանեկան բռնության ենթարկված և Ինգուշեթիայից ՀՀ փախած Ֆաթիմա Զուրաբովայի ազդեցիկ հորեղբայրն արդյո՞ք հայ իրավապահների հետ կապեր ունի. քննչականը մանրամասներ է հայտնել
- 12:10Ալեն Սիմոնյանն Անժելա Թովմասյանից պահանջում է 3,5 միլիոն դրամ Tert.am-ում գրած մեկնաբանության համար
- 11:10Դատախազությունը պահանջում է Սերժ Սարգսյանից բռնագանձել մոտ կես միլիարդ դրամ
- 15:10ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիների մեջ հայտնաբերվել են թմրամիջոցներ. ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնում
- 15:10«Ցուցակագրեք էն բ․․․ թուլեքի ցանկը, որոնց սատկացնելու ենք սիկ․․․ հետո». Ո՞րն է Արագած Ախոյանի կալանավորման հիմքը
05.12.2023 | 15:10
05.12.2023 | 14:10
05.12.2023 | 13:10
05.12.2023 | 12:10
05.12.2023 | 11:10
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
29.11.2023 | 15:13
29.11.2023 | 15:11
28.11.2023 | 15:10
28.11.2023 | 13:10
28.11.2023 | 12:10
28.11.2023 | 11:10
27.11.2023 | 15:10
27.11.2023 | 14:10
27.11.2023 | 13:10
27.11.2023 | 12:10
27.11.2023 | 11:10
25.11.2023 | 15:10
25.11.2023 | 14:10
25.11.2023 | 13:10
25.11.2023 | 12:10
25.11.2023 | 11:10
24.11.2023 | 15:10
24.11.2023 | 14:10
24.11.2023 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.