Էլի մեկ զոհ սահմանին: Այս տարի՝ արդեն տասներորդը: Արման Ռաշիդի Ուդումյան, պայմանագրային զինծառայող, 34 տարեկան, զոհված ադրբեջանական գնդակից: Սերժանտ Ուդումյանը Տավուշի մարզի Չորաթան գյուղից էր, Բերդից ոչ հեռու: Նա ուներ երեք երեխա՝ երկու աղջիկ և մեկ տղա: Երկուսը դպրոցական են՝ 3-րդ և 6-րդ դասարանցիներ, մեկը 5 տարեկան է: «Սահմանամերձ գյուղ ենք, բոլորն էլ հասկանում են, որ պատերազմի մեջ ենք, ամեն վայրկյան էլ կարող ենք զոհ տալ»,- ասում է Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը: Ո՞վ է վերցնելու իր վրա երեխաների խնամքը:
Գյուղապետը դժվարանում է պատասխանել: «Դեռ նոր է եղել դեպքը, դեռ չենք մտածել: Պետությունը կպահի, էլի»,- անվստահ ձայնով ասում է նա: Երեկ ողջ գյուղը հավաքվել էր զոհվածի տանը: Այստեղ էին Բերդի քաղաքապետը, զինկոմը, ՊՆ-ից մարդիկ, Տավուշի պատգամավորներ Գագիկ Մելիքյանն ու Հակոբ Հակոբյանը (Կիլիկիայի Հակոբը): «Դուք կօգնե՞ք այդ ընտանիքին, որն առանց հայր է մնացել»,- հարցրինք Հակոբ Հակոբյանին, ով տեսել էր ընտանիքի վիշտը և մեզ հետ խոսելու պահին Չորաթանից վերադարձի ճանապարհին էր: Նա տարօրինակ պատասխան տվեց. «Եթե դիմեն՝ կօգնեմ»: Հետո ուղղեց ինքն իրեն. «Եթե գյուղապետը դիմի՝ կօգնեմ»: Նա խնդրեց չհրապարակել իր պատասխանը: «Մեր խոսակցությունը չի եղել»,- հրահանգեց նա:
Օրվա երկրորդ կեսին զոհվածի տանը հավաքված մարդիկ իմացան, որ նախագահը հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար Արման Ուդումյանին հետմահու Մարտական ծառայության մեդալով է պարգևատրել: Հերթական մեդալով, բայց մեդալները, անօգուտ ցավակցության նման, չեն ամոքում կորստյան վիշտը կամ կարճաժամկետ էֆեկտ ունեն: Հոգեհանգստի կամ թաղման օրը միայն հարազատների հոգուն սա մի փոքր հանգստություն է բերում:
10 զոհ տարեսկզբից մինչև այսօր: Ըստ սահմանից ստացվող որոշ լուրերի, զոհերն ավելի շատ են: Այսպես, հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, երբ կորցրինք ՊԲ զինծառայող Սուրեն Փիլոսյանին, ԼՂՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդեց, որ այդ օրը շփման գծում ադրբեջանական զինուժը 8 «հետախուզադիվերսիոն գործողություններ» է ձեռնարկել: Շատ հնարավոր է, որ զոհերն ավելի շատ եղած լինեն: Հիշենք, որ վերջերս ԼՂՀ պաշտպանական բանակը ՀՀ և ԼՂՀ բնակչության հետ առնչվելիս լռության տակտիկա է որդեգրել և նույնիսկ զոհվածների անունները չի հրապարակում: Օրինակ, հունվարի 6-ին ոչ պաշտոնական աղբյուրը տարածեց, որ ԼՂՀ-ում երկու պայմանագրային զինծառայող են զոհվել: ՊԲ-ն չհերքեց այս տեղեկությունը, բայց հրաժարվեց հրապարակել զոհվածների անունները:
Անցել է երկու շաբաթ, բայց ՊԲ-ն դեռ մուկն ու կատու է խաղում, թաքցնելով զինծառայողների ինքնությունը: Անանուն այս հերոսների մասին, որոնք ԼՂՀ ՊԲ-ի կողմից չարժանացան նույնիսկ հետմահու պարգևների, հայտնի է միայն, որ երկուսն էլ ԼՂՀ բնակիչներ էին: Երեկ ԼՂՀ պաշտպանության նախարար Մոսի Հակոբյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցին, խորհուրդ տալով հասնել Ստեփանակերտ՝ «մոտենալ հայրենիքի սահմաններին»: Հայրենիքի սահմաններից հեռու մնալու համար լրագրողներին մեղադրելը խորամանկ տրյուկ է միշտ պարտաճանաչ կերպով մամուլի հետ շփվող Մոսի Հակոբյանի համար:
Ի դեպ, այս բացախոսությունն ու պարզությունը շահեկանորեն տարբերակում է դնում ԼՂՀ և ՀՀ պաշտոնական վերնախավի միջև: Բայց արի ու տես, որ Մոսին էլ խիստ ուրբաթախոս դարձավ և սկսեց երկյուղել լրագրողներից: Ի դեպ, մեր տեղեկություններով, և ԼՂՀ ՊԲ-ին, և ՀՀ ՊՆ պաշտոնյաներին, ինչպես նաև սահմանամերձ գյուղերի գյուղապետերին ուղղակի հրահանգված է թաքցնել տեղեկատվությունը հանրությունից, զինուժի վերաբերյալ ոչ մի հարցի չպատասխանել, թաքնվել ոչինչ չասող պաշտոնական հաղորդագրությունների բառակույտի տակ: «Կարո՞ղ եք բնութագրել Ձեր համագյուղացուն, հունվարի 17-ին Ոսկևանի սահմանագոտում զոհված Արման Հարությունյանին»,- անմեղ այս հարցն ուղղեցինք Ոսկևանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանին: Բայց նա հրաժարվեց խոսել զոհվածի մասին, կարծես ստալինյան ժամանակների «ժողովրդի թշնամու» մասին էինք հարցնում: «Մեր մարզպետարանն ունի լրատվության բաժին, անվտանգության նկատառումից ելնելով, մենք չենք հրապարակում այդպիսի տվյալներ»,- ասաց գյուղապետը:
Իսկ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանին հարցրինք, թե ինչու են նա և մյուս պաշտոնյաները ժողովրդի համար դժվար պահերին, ծանր իրավիճակներում հրաժարվում խոսել մարդկանց հետ, ինչու են թաքնվում լրատվականների լղոզված տեքստերի հետևում, չէ՞ որ դա ավելի է լարում իրավիճակը: «Չեմ կարծում, որ պաշտպանության նախարարը և մամուլի խոսնակը լղոզված տեքստեր են փոխանցում լրագրողներին: Չեմ խոսում, որովհետև եթե ամենքն ասում են իրենց կարծիքը, սա ազդում է մարդկանց տրամադրությունների վրա»,- ասաց փոխնախարարը: ՊՆ-ում, փաստորեն, կարծում են, որ մարդկանց տրամադրությունը պետք է բարձր պահել: Հավանաբար, այս ազնիվ մղումով երեկ Տոնոյանի վերադասը՝ նախարար Սեյրան Օհանյանը, կառավարության նիստից հետո նախարարներին հրավիրել է Օպերա՝ համերգի: «Դե, մենք Նոր տարի չենք նշում, այլ նշում ենք բանակի կազմավորման տարեդարձը, և վերջում, այո, համերգ է լինում»,- պարզաբանեց ՊՆ խոսնակը: Իսկ «բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներն» սկսվելու են հունվարի 28-ին Եռաբլուր այցելությամբ և վերջանալու են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: «Համերգ» բառից խուսափում են՝ երևի հասկանում են, որ ամոթ է. 10 զինծառայողների ընտանիքներում սուգ է:
Սյուզան Սիմոնյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.