Հայկական եկեղեցին սխալ է ուսուցանում Քրիստոսին։
Հայ-լուսաւորչական (Գրիգորեան) եկեղեցին ուղղափառ չէ…
Աւագ քահանայ Դմիտրի ՍՄԻՌՆՈՎ
Ճշմարտութիւնը այն հայելին է, որի արտացոլքը անհանդուրժելի է կեղծաւորութեան եւ երկերեսանութեան համար։
Ֆրիդրիխ ՇԻԼԼԵՐ
Ակադեմիական եօթնեակը իր հախուռն դատողութիւններով կատարում է բաւականին համարձակ մի յայտարարութիւն. «…Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեր ժողովրդի, մեր ազգի Խորհրդանիշներից է, և նրա մասին խոսելիս անհրաժեշտ է չկորցնել պատկառանքը, հարգանքն ու չափավորությունն այդ խորհրդանիշի նկատմամբ: Հիշենք երջանկահիշատակ Վազգեն Վեհափառին, որին ոչ հեռու անցյալում Ազատության հրապարակում անվանում էին «КГБ»-ի գործակալ»։
Անհատը, անձը չի կարող խորհրդանիշ լինել։ Իսկ երբ բանն այնտեղ է հասնում,երբ որեւէ ոք ներկայանում է իբրեւ խորհրդանիշ, ապա մենք գործ ենք ունենում կուռքի հետ եւ հոգեւորի պաշտամունքը դառնում է կռապաշտութիւնը։ Ինչպէս արդէն ասացի՝ կաթողիկոսական գահը կալնողներից շատերն են եղել հոգեւոր արժէքների ու ազգային շահի դէմ գիտակցաբար կամ միամտօրէն գործող մարդիկ։ Նոյնիսկ ս.Գրիգոր Լուսաւորիչը, նոյնիսկ ս. Մեսրոպ վարդապետ Մաշտոցը, նոյնիսկ ս. Գրիգոր վարդապետ Նարեկացին ազգային խորհրդանիշեր չեն կարող լինել եւ չեն, քանի որ նրանք կուռքեր չեն…
Կաթողիկոսական գահը զաւթած ու կալնած Գարեգին Ներսիսեանի եւ Վազգէն Վեհափառ կաթողիկոսի միջեւ այս տարօրինակ մտածողութեամբ մարդիկ նոյնիսկ զուգահեռ են անցկացնում, գրելով. «Վազգեն Վեհափառին…ոչ հեռու անցյալում Ազատության հրապարակում անվանում էին КГБ-ի գործակալ»։
Ոչ ոքի համար նորութիւն չէ, որ իւրաքանչիւր ոք Քաղաքական ոստիկանութեան՝ КГБ-ի թասակի տակ է եղել։ Առաւել եւս՝ քիչ թէ շատ յայտնի քաղաքացիներ ու գործիչներ առանց բացառութեան։ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու Վեհափառ Հայրապետ Վազգէն կաթողիկոսը՝ նոյնպէս։ Գերագոյն Հոգեւոր խորհրդի անդամը կամ հոգեւոր դասից շատերը, որոնց հաշուարկելը անհնար բան չէ, կարող էին լինել ոչ թէ սոսկ թասակի տակ, այլեւ գործակալ։ Եւ այս ամէնին քաջատեղեակ ակադեմիական եօթնեակը եղծում է Վազգէն վեհափառի գործունէութիւնը, «ուրիշի բերանով» յիշեցնելով, թէ նա եղել է գործակալ։
Իսկ Գարեգին Ներսիսեանի եւ КГБ‐ի հետ նրա համագործակցութիւնը բացայայտ է։ Մի՞թէ նախկին չէկստներ են լինում… Այս հռետորական հարցին կայսրութեան գլխաւոր չեկիստ Պուտինը պատասխանեց, որ՝ «Ոչ»… Իսկ ովքե՞ր են Հայաստանի նախագահները, որոնց շահագրգիռ կամքով ու յայտնի զեղծարարութեամբ Գարեգին Ներսիսեանը ապազգային իշխանութիւնների կողմից նշանակուեց պետական հնազանդ պաշտօնեայ։ Այս ամէնին քաջատեղեակ լինելով, երբեմն զարմանում ես, երբ հայ հասարակութեան մէջ յայտնւում են մարդիկ, ովքեր հարցումներ են անում, օրինակ՝ «Որտե՞ղ էր կաթողիկոսը Մարտ 1-ին եւ ինչպիսին եղաւ նրա վերաբերմունքը իշխանութեան ոճրագործութեան նկատմամբ»։ Կամ «Որտե՞ղ է կաթողիկոսը, երբ Հայաստանը գտնւում է իր ֆիզիքական կործանումի եզրին եւ ո՞րն է նրա կեցուածքը երկրի լիակատար վերագաղութացումի նկատմամբ»։
Եւ հէնց այս հարցից ծայր է առնում պատասխանը այն գաղտնապահութեան եւ «տակից գործելու» կաթողիկոսական «հնարամտութեան», որ բացի երկրից, այլեւ Եկեղեցին եւ Հայի Հաւատքն է ուղղորդւում դէպի «Մայր Ռուսիա»։ Դէպի Ռուս Ուղղափառ Եկեղեցու ձուլարան…
Այս գաղափարը տարիներ առաջ ոչ միայն մշակուել, այլեւ գործողութեան մէջ դնելու փորձ են կատարել քաղաքական ոստիկանութեան նախաձեռնութեամբ։ Յայտնի է, որ մոսկուացի մի խումբ հայեր համախօսականով դիմել են ուր հարկ է՝ «Ռուսաստանի Հայ ուղղափառ եկեղեցի» գրանցուելու խնդրանքով եւ միայն ժամանակի Թեմական Առաջնորդի գործնական միջամտութեամբ է, որ այս վայրենի ծրագիրը առայժմ իրականութիւն չի դարձել… Բայց Ներսիսեան եղբայրները ջանասիրաբար աշխատում են այդ ուղղութեամբ։
Աւագ քահանայ (протоиерей) Դմիտրի Սմիռնովը հետեւողականօրէն շարունակ պնդում է, թէ «Մեր այն հայ եղբայրները, ովքեր քրիստոնէութիւնը դաւանում են Հայկական Գրիգորեան Եկեղեցու մէջ, նրանք որոշակի ընդհանուր‐եկեղեցական ըմբռնումներով խորապէս մոլորութեան մէջ են։ Մեզ յայտնի է եւ մենք համարում ենք, որ հայերը քրիստոնէաներ են։ Բայց հայկական եկեղեցին Քրիստոսի մասին ճիշտ չի ուսուցանում։ Իսկ մենք դաւանում ենք ուղղափառութիւն։ Հայ‐լուսաւորչական (Գրիգորեան) եկեղեցին ուղղափառ չէ։ Այս կարելի է ապացուցել ինչպէս երկու անգամ երկու… Այն հարցին, թէ արդեօք մե՞ղք է, եթէ ռուս‐ուղղփառ եկեղեցու ծխականը օրհնութիւն է ստանում հայկական եկեղեցու պատրիարքից, ապա այս դէպքում գոյութիւն ունի եկեղեցական կարգի խախտում։ Ինչը կարող է ժողովրդի մէջ չմտածուած գործողութիւնների տեղիք տալ։ Մենք նման արարմունքներ չենք ընդունում։ Մենք շատ ենք սիրում մեր հայ եղբայրներին, մեր միջեւ լաւ, բարեկամական հարաբերութիւններ են… Բայց դրանով չենք ընդգծում մեր միասնականութիւնը, որպիսին իրականին գոյութիւն էլ չունի»։
Յիրաւի, Ռուսական ուղղափառ եկեղեցու հետ մեր եկեղեցին միասնականութիւն չունի։ Բայց մեր Եկեղեցին հիմնել են Յիսուսի Առաքեալները՝ այն պարագային, որ Ռուսական Ուղղափառ Եկեղեցին Բիւզանդական Եկեղեցու ածանցեալն է։ Եւ իր արմատը ունենալու համար է, որ ռուսական կայսրութիւնը շարունակ պատերազմելով՝ ձգտել է գրաւել Ցարգրադը՝ Կոստանդնուպոլիսը։
Ռուս բանաստեղծ Սերգէյ Գորոդեցկին վկայում է. «Ռուս-թուրքական պատերազմը ռուսների համար կենաց ու պատուի պատերազմ էր: Առաջին Աշխարհամարտի «բարեբաստիկ» առիթից օգտուելով, Ռուսաստանը Հայաստանի վրայով մտնում էր Թուրքիա եւ այս անգամ ոչ թէ արեւմուքից, ինչպէս մի քանի տասնեակ տարի առաջ Բալկանեան պատերազմի օրերին, այլ հիմա արեւելքից էր որոշել «ազատագրել Ցարգրադը»։
Սերգէյ Գորոդեցկիին յայտի էր այն գաղտնի հրամանը, եւ այդ մասին է նա վկայում, որ տրուել էր 1916 թուականին` ռուսական բանակը Վանից նահանջելու մասին: Այսպիսիով, նրա ներխուժումը հայերին «փրկելու» նպատակ չէր հետապնդում, ինչպէս անցեալի պղտոր հորիզոնի վրայ փորձել են ներշնչել հետագային, երբ իր այդ հարձակման դիմաց՝ պարտութեան արդիւնքին ստիպուած եղաւ թուրքերին զիջել Կարսի նահանգը։
…Ներսիսեան եղբայրները Էջմիածնից կամ հէնց Մոսկուայից Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու նկատմամբ այս կոպիտ ոտնձգութիւնը հակազդելու փոխարէն, հակառակը, ոչ միայն լռում, այլեւ հաստատում են։
Ի դէպ մեր Եկեղեցու բնութիւնը «ճշգրտուել» է 1837 թուականին Պասկեւիչի «Կանոնադրութեամբ» («Положение»)։ Ռուսները առաջարկեցին մի նոր անուն, որտեղ պէտք չէ յիշատակուէր Հայաստանեայց Եկեղեցու առաքելական հիմնարկեքի մասին։ Եւ նրանք ճանաչեցին իբրեւ թէեւ քրիստոնեայ, բայց իրենց համոզմունքով հերձուած, աղանդաւոր մեր Եկեղեցին՝ ս.Գրիգոր Լուսաւորիչի անունով։ Ռուսերէն ընտրուեց Գրիգորեան եզրաբառը, եւ քանի որ հայերէն այն հնչում էր իբրեւ սովորական ազգանուն, մերոնք իրենց անուանեցին «լուսաւորչական»։
Եւ ահաւասիկ, արդէն մէկուկէս տասնամեակ է, ինչ «կաթողիկոսական» քմահաճոյքով «ճշգրտուել» է մեր Եկեղեցու անունը՝ իբրեւ «Հայաստանեայց Առաքելական Ուղղափառ Եկեղեցի»։
Ինձ մնում է միայն աւելացնել, որ Ներսիսեան արկածախնդիր այս եղբայրները զեղծել են Հայաստանի Հանրապետութեան օրէնքը (17, Յուլիս, 1991 թ.) «Խղճի ազատութեան եւ կրօնական կազմակերպութիւնների մասին», որի նախաբանը հռչակում է. «Ճանաչելով Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին որպէս Հայ ժողովրդի ազգային եկեղեցի…»
Հիմա, չնայած իմ այս գրութեան շարժառիթը եղաւ «մտաւորական» ակադեմիականների օրապակաս ու սադրող «Բաց նամակը», սակայն մեր Եկեղեցու կեանքի մէջ մի այնպիսի խճճուած իրականութիւն կայ, որ եթէ սկսում ես քաշել թելի մի ծայրից, ապա նորանոր հոգսեր են ծնւում։ Այս է պատճառը, որ ես արդէն համոզւում եմ, թէ իմ խոհերն ու պարզաբանումները բաւականին երկարելու են։ Բանն այն է, որ իմ համոզմամբ չի կարելի խօսքն ասել ու անցնել, այն ենթադրութեամբ, թէ մեր ընթերցողը քաջածանօթ է Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու նաեւ պատմական անցուդարձին՝ գոնէ թռուցիկ կերպով։
Մեր եկեղեցին հիմնարկուել է ոչ թէ 301 թուականին, այլ դեռեւս առաջին դարում եւ Թադէոս ու Բարդուղմիէոս առաքեալներն են եղել Հայաստանի մէջ առաջին քարոզիչները եւ Քրիստոնէական համայնքներ ստեղծողները։
Այնուհետեւ ամէնից էականը… Քաղկեդոնի Տիեզերական ժողովը հնարաւորութիւն տուեց Բիւզանդիային սաստկացնելու իր քաղաքական ազդեցութիւնը Արեւելեան քրիստոնեայ ժողովուրդների վրայ։ Հայ Եկեղեցին մերժեց Քաղկեդոնի ժողովի դաւանաբանական բանաձեւը, որ ընդունում էր «Մէկ Քրիստոս եւ երկու բնութեամբ»։ Այսպիսի բանաձեւը ուղղակիօրէն հարուածում էր մեր ժողովրդի ինքնութեանը, քանի որ այն ընդունելով, դաւանական ընդհանրութիւն էր հաստատուելու մնացեալի հետ։ Հետեւաբար, մեր Եկեղեցին ընդունեց «Մէկ բնութիւն մարմնաւորուած Բանովն Աստուծոյ» բանաձեւը եւ պահպանում է մինչեւ այսօր…
Մեր օրերին, երբ բաւականին առատ են ազգային պատմութիւնը պրպտողները, որոնցից ոմանք նաեւ փորձում են յետին թւով բացայայտել նախնիների «սխալները», ինձ թւում է, թէ մնալու ենք այն պատմութեանը, ինչը առայժմ չարչրկւում է, բայց դեռւես համազգային եւ գիտական արժէքը չի կորցրել։ Յամենայն դէպս աւելի քան մէկուկէս հազարամեակ ունենալով ազգային ինքնութիւնը ապահովող մի դաւանութիւն, բոլորովին անիմաստ եւ ուրիշ նպատակներ հետապնդող ջանքեր են վերադառնալու 451-ի Քաղկեդոնի ընդունած դաւանանքին, եթէ նոյնիսկ մեր հայրերը չարէչար սխալուել են։
Իմ համոզմամբ ազգային ինքնութիւնը պահպանում է ոչ միայն Լեզուն, այլեւ լեզուական մտածողութիւնը եւ անպայման աւանդութիւնները, որոնք մեզ ընդերքի խորքերի հետ կապող հզօր արմատներն են։
…Այսպէս, ուրեմն։
Ներսիսեան եղբայրները Հայաստանի չեկիստական իշխանութիւնների հետ ձեռք-ձեռքի տուած, մեզ մեր Հաւատքով են նաեւ տանում ձուլելու Ռուսական իմպերիայի մէջ։
Միտրոպոլիտ Իլարիոնը վերջերս յայտարարեց, որ ինքը մասնաւորապէս հետաքրքրուել է, թէ ինչո՞ւ է Ռուսաստանի մէջ շնջանառւում «Գրիգորեան Եկեղեցի, երբ պաշտօնական անունն է Հայկական Առաքելական Ուղղափառ Եկեղեցի»։
Մի կողմից աւագ քահանայ Դմիտրի Սմիռնովը յայտարարում է, թէ՝ հայ եղբայրները մոլորութեան մէջ են, երբ դաւանում են Գրիգորեան Եկեղեցուն, որ ուղղափառ չէ եւ, ուրեմն, Հայաստանեայց Եկեղեցին Քրիստոսի մասին սխալ է ուսուցանում. Միւս կողմից Գարեգին եւ Եզրաս Ներսիսեանները կամայականօրէն փոխել են մեր Եկեղեցու պաշտօնական անունը՝ թոյլ տալով որ միտրոպոլիտը յայտնագործութիւն կատարի։
Եւ եթէ չմոռանանք, որ վաղուց ի վեր թթխմոր են ուռեցնում մեր Եկեղեցին աղանդ յայտարարելով, ապա ս. Էջմիածնական հոգեւորականների ստրկամտութեամբ եւ քաղաքական ոստիկանութեան թելադրանով ուղղափառ վերանուանուած եկեղեցի են յայտնագործում, միեւնոյն ժամանակ կաթողիկոսի գահը զաւթած Գարեգին Ներսիսեանը բոլորովին կրաւորական կեցուածք է ընդունել Հայաստանի Հանրապետութեան ու նաեւ արտերկրի մէջ դժգոհութեան խմորումների եւ բացայայտ ընդվզումների նկատմամբ, ապա նաեւ հնարաւոր է դառնում պատասխանել այն հարցին, թէ ինչո՞ւ է նա աջ ու ահեակ կարգալոյծ անում, հրաժարական ընդունում կամ պաշտօնազուրկ անում եպիսկոպոսների, վարդապետների ու քահանաների եւ այն էլ բացառիկ մի աշխուժութեամբ, որպիսին բնաւ չի երեւում նրա հոգեւոր ծառայութեան ասպարէզի մէջ։
Գարեգին Ներսիսեանը զբաղուած է աշխարհիկ քաղաքական գործունէութեամբ եւ գլխատում է բոլոր նրանց, ովքեր իրենց իսկ գոյութեամբ խանգարում են իրեն հոգեւոր‐քրիստոնէական աշխատանքի նուիրումով…
© Կարէն Ա.ՍԻՄՈՆԵԱՆ, Փարիզ, 2014 (շարունակութիւն երկրորդ եւ յաջորդիւ)
Մաս առաջին՝ այստեղ
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.