Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Երուսաղեմի Հայոց պատրիարքության միջև մեծ լարվածությունը շարունակվում է: Առայժմ հարցն առկախ է, մինչև պատրիարք Նուրհան արքեպիսկոպոսը վերադառնա ԱՄՆ-ից, որտեղ մեկ շաբաթ առաջ է մեկնել՝ մեկ ամսով հանգստանալու նպատակով:
Առանց նրա ներկայության ոչինչ չեն կարող անել: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Երուսաղեմի Հայոց պատրիարքության էկումենիկ և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն, պատրիարքության պաշտոնական մամուլի խոսնակ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը:
Մոտ երկու տարվա նախապատմություն ունեցող այս լարվածությունը հերթական անգամ սրվեց նոյեմբերի վերջին այն բանից հետո, երբ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը մերժեց եպիսկոպոս ձեռնադրել Երուսաղեմի պատրիարքության կողմից ներկայացված Պարետ Ծ վարդապետ Երիցյանին՝ հստակ չձեւակերպելով պատճառը։ Սակայն, մինչեւ այդ էլ ամեն ինչ հարթ չէր հոգեւոր երկու առաջնորդների համար: Դեռ 2013թ. օգոստոսին Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղղված իր նամակում տարակուսանք էր հայտնել Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոսի հրաժարականի առնչությամբ եւ նշել, թե տարիների հետ համոզվել է, որ Վեհափառին ավելի շատ հետաքրքրում են արտաքինն ու նյութականը։ Նուրհան արքեպիսկոպոսը նախազգուշացրել էր, որ նա ոչ միայն չի ժամանի սեպտեմբերին Մայր Աթոռում գումարվելիք Եպիսկոպոսաց ժողովին, այլեւ Մայր Աթոռ ժամանող Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը չի ներկայացնի Երուսաղեմի պատրիարքությունը: Նուրհան արքեպիսկոպոսը չմասնակցեց նաեւ այս տարի Էջմիածնում գումարված Եպիսկոպոսաց ժողովին:
Փոխարենը՝ նոյեմբերի 28-ին Նուրհան արքեպիսկոպոսը բաց նամակով հանդես եկավ՝ հայտարարելով, որ Մայր Աթոռը նպատակ ունի Երուսաղեմի պատրիարքությունը ինչ-որ թեմի վերածելու, եւ որ այս գաղափարն առաջ է տարվել նաեւ Գարեգին Բ-ի գահակալության առաջին տարիներին: «Վեհափա՛ռ, ժամանակին փորձեցիք Երուսաղէմի եւ Պոլսոյ Նուիրապետական Աթոռները չէզոքացնել բայց չյաջողեցաք, եկէ՛ք մէյ մըն ալ մի՛ փորձէք»,- Գարեգին Բ-ին էր դիմել Նուրհան պատրիարքը՝ խորհուրդ տալով կաթողիկոսին՝ զբաղվել աղանդներով, որոնք Հայաստանում ծաղկում են նրա «բարի եւ հանդուրժող» նայվածքի ներքո: Նա կաթողիկոսին գրել էր, որ վերջինս փորձում է արմատախիլ անել Հայաստանյայց եկեղեցու դարավոր կաղնին: Ըստ պատրիարքի, Հայ եկեղեցին իր դարավոր գոյության ընթացքում արտաքին հարվածներից այնքան չի տուժել, որքան այն քանդիչ փորձերից, որը Վեհափառն է արել: Ինչ վերաբերում է հայր Պարետի եպիսկոպոսական ձեռնադրությանը, ապա Նուրհան սրբազանը գտնում է, որ այս առթիվ կաթողիկոսը ցուցաբերել է տհաս եւ խակ կեցվածք՝ ելնելով ասեկոսեների վրա: «Դո՛ւք անտեղի պարսաւող մըն էք եւ առաջնակարգը երկրորդականէն տարորոշել չգիտցող անձ մը, մէկը, որ իր աչքին կարողութեամբ եւ կամ ալ ակնոցին գոյնին համեմատ կը տեսնէ իրողութիւնները, ուրիշ խօսքով Վեհափառ, դուք ձիերը կառքին ետեւէն լծողներէն էք: Այլեւս ժամանակը հասած է, որ դադրիք դրախտաբնակի մը նման փորձելէ ձեր բարոյական մերկութիւնն ու սնանկութիւնը թուզի տերեւներով ծածկելէ»:
Նախ Մայր Աթոռի գերագույն հոգեւոր խորհրդը անընդունելի համարեց տեր Նուրհանի բառապաշարն ու ոճը՝ գտնելով, որ դա հարված է հասցնում եկեղեցու վարկին եւ կաթողիկոսին անվանարկելու փորձ է: Մայր Աթոռի կողմից Երուսաղեմի պատրիարքությունը թեմի վերածելու՝ պատրիարքի ձեւակերպումը անվանվեց հորինված մեղադրանքներ: Երուսաղեմի հայոց պատրիարքի բաց նամակից հետո նա մի քանի հարված եւս ստացավ հոգեւոր եւ աշխարհիկ դասի կողմից: Դեկտեմբերի 2-ին Շիրակի թեմի առաջնորդ Միքայելեպիսկոպոս Աջապահյանը բաց նամակով պատասխանեց նրան՝ իր խոսքով, նախընտրելով «Գարեգին Բ-ի «մանկլավիկ» որակվել», որը «շատ ավելի մեղմ վիրավորանք կարող է լինել իր համար», քան լռելով՝ համաձայնել պատրիարքի մեղադրանքների հետ: Աջապահյանը նրան մեղադրել էր փոթորիկներ ցանելու մեջ եւ խորհուրդ տվել սրանից հետո որեւէ նամակ գրելուց առաջ մի լավ մտածել, քանի որ հոգեւորականի գլուխը նախ եւ առաջ մտածելու համար է, ոչ թե պարզապես թանկարժեք խույրով զարդարելու: Նուրհան պատրիարքի նամակին արձագանքեցին նաեւ ԵՊՀ որոշ դասախոսներ: «Մտահոգվելով», թե պատրիարքի վարքագծի պատճառով կխախտվի ուխտավորների հավատը, Երուսաղեմից հայերի արտագաղթը կշատանա:
Երեկ մեզ հետ հեռախոսազրույցում Արիս սրբազանը, պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ հանգուցալուծում կունենա այս լարվածությունը, ասաց, որ պետք է անպայման հանդիպում լինի կաթողիկոսի եւ պատրիարքի միջեւ: «Ամեն գնով պետք է մեղմվի լարվածությունը, բայց՝ երկուստեք համաձայնությամբ: Եթե երկուսից մեկը վարանի եւ պատրաստ չլինի հանդիպելու, հարցը կմնա առկախ: Մինչ պատրիարքը ԱՄՆ-ում է, մենք Մայր Աթոռի հետ առայժմ որեւէ հարց չենք քննարկել: Ցավում եմ, որ գրավոր հարձակումները շարունակվում են մամուլում երկուստեք, ավելի՝ Մայր Աթոռի կողմից: Բայց հարցերը կարող են լուծվել փոխադարձ հասկացողությամբ, քրիստոնեական սիրով եւ ներողամտությամբ»: Մեր հարցին, թե դուք պատրա՞ստ եք առաջինը ձեռք մեկնել, սրբազանը պատասխանեց. «Մենք Մայր Աթոռի հետ հարգալից ենք, նույնը՝ Վեհափառի նկատմամբ: Բայց քանի որ այստեղ անհատականության հարց կա, կդժվարանամ որեւէ բան ասել, մինչեւ պատրիարքը չվերադառնա Երուսաղեմ»: Արիս արքեպիսկոպոսը նաեւ տեղեկացրեց, որ տեր Պարետի ձեռնադրման հարցում առաջընթաց չկա, եւ իրենք սպասում են, որ Գարեգին Բ-ն պարզաբանի, թե ի՞նչ նկատի ուներ՝ ասելով, որ վերապահումներ ունի վարդապետի նկատմամբ եւ ինչո՞ւ է մերժել նրա ձեռնադրության հարցը:
Մայր Աթոռից նույն հարցի վերաբերյալ պաշտոնական պատասխան ստանալ չհաջողվեց: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:
Կոստանդնուպոլսի 2-րդ Տիեզերական ժողովի (381թ.) որոշմամբ Երուսաղեմի եպիսկոպոսությունը դարձել է պատրիարքություն: Պատրիարք կոչումը վարչական է, որը քաղաքական իշխանությունները տվել են Երուսաղեմի հայոց արքեպիսկոպոսներին՝ նրանց ինքնավարությունը եւ այլ եկեղեցական աթոռներից անկախ լինելու հանգամանքը հաստատելու եւ Երուսաղեմի հայկական վանքերի ու եկեղեցիների գործերը տնօրինելու համար: Ներկայումս Երուսաղեմի իշխանության տակ են Իսրայելի եւ Հորդանանի հայկական եկեղեցիները: Պատրիարքը Ս. Հակոբյանց վանքի հոգեւոր եւ վարչական պետն է, Երուսաղեմի քաղաքական իշխանությունների առջեւ հայ համայնքի ներկայացուցիչը եւ շատ ազատ ելումուտ կարող է ունենալ Իսրայելի վարչապետի նստավայր: Չնայած պատրիարք հանդիսացող անձը իր ժամանակին եպիսկոպոս է ձեռնադրվում կաթողիկոսի կողմից, նրան ընտրում է Երուսաղեմի Ս. Հակոբյանց միաբանության ընդհանուր ժողովը, որի մեջ նաեւ Երուսաղեմի հայ համայնքի աշխարհիկ ներկայացուցիչներ են եւ որոնց հաշվետու է Պատրիարքը, մյուս կողմից՝ ճանաչելով Ամենայն Հայոց կաթողիկոսի գերիշխանությունը: Պատրիարքի ընտրությունը հաստատում են կաթողիկոսն ու Երուսաղեմի իշխող պետության ղեկավարը:
Պատրիարքը ավտոֆեկալ՝ ինքնավար կարգավիճակ ունի: Նուրհան արքեպիսկոպոսի ավելի ազատ լինելու պատճառը հենց սա է:
Գագիկ Աղբալյան
Հայկական Ժամանակ
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.