Արդեն մի քանի տարի է՝ քրեական դատավարության և քրեակատարողական օրենսգրքերը բարեփոխումների ընթացքի մեջ են: Ի վերջո ի՞նչ «տեսք» են ունենալու դրանք, ի՞նչ հիմնական դրույթներ են փոխվելու և այլ մանրամասների վերաբերյալ «Հայկական Վարկած»-ի ընթերցողների հարցերն ուղղեցինք ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, ՄԻԵԴ — ում ՀՀ կառավարության ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանին:
— Կպատմե՞ք խնդիրների, դժվարությունների և այս պահին ձեռք բերված արդյունքի մասին:
-2010 թվականից սկսել ենք մշակումը, բայց այսքան ձգձգվելու պատճառն այն է, որ նախ մենք մշակել էինք քրեական դատավարության հայեցակարգ, որը հաստատվեց կառավարության որոշմամբ: Կար հատուկ հանձնաժողով, որը բաղկացած էր այս ոլորտին առնչվող մարմինների ղեկավարներից, այսինքն՝ նախկին գլխավոր դատախազն էր, Վճռաբեկ դատարանի նախագահը և այլն: Հանձնաժողովի հետ սկզբունքային հարցերը մենք քննարկում էինք, այնուհետև՝ շարադրում: Աշխատանքային խումբը չորս հոգուց էր բաղկացած. աշխատանքային խմբի ղեկավարը նախկին փաստաբան, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտեի դոցենտ, ներկայումս նախագահի ռեցերենտ իգթ. Հրայր Ղուկասյանն է: Աշխատանքային խմբի անդամ ենք ես,Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր իգթ. դոցենտ Ռուբեն Մելիքյանը, այդ ժամանակ ԱԺ նախագահի խորհրդական, իգթ. դոցենտ Դավիթ Մելքոնյանը, որը ներկայումս դատախազությունում վարչության պետ է:
— Նշված նախագծերի հետ կապված աշխատանքը կատարվում է սկսած 2010 թվականից, ինչո՞ւ է ուշանում ամփոփումը:
— Մշակեցինք նախագիծը, այն քննարկվեց, ես սա ուշացում չէի համարի, որովհետև բնական պրոցես է, քանի որ սա այն ոլորտն է, որտեղ շատ գերատեսչական շահեր են բախվում: Այստեղ անձի իրավունքները հնարավորինս պետք է ապահովված լինեն, որովհետև շատ զգայուն միջավայր է, այստեղ են կարգավորվում ազատությունից զրկելու հարաբերությունները, հատկապես սկզբնական փուլերում բերման ենթարկել, ձերբակալել, կալանավորել և այլն: Իրոք, չափազանց զգայուն է ոլորտը և դրա համար շատ քննարկումներ գնացին և,՛ փաստաբանների, և՛ մասնագետների, և՛ միջազգային տարբեր կազմակերպությունների հետ, ի վերջո, մշակեցինք և այն հիմա գտնվում է ԱԺ-ում: ԱԺ-ում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այս տարի քննարկել — ավարտել ենք ամբողջությամբ, հիմա արդեն ամփոփման փուլն է:
-Իսկ ի՞նչ փուլում են գտնվում քրեական օրենսգիրքի բարեփոխումները:
— Քրեական օրենսգրքի հետ կապված այլ է վիճակը. այն հանրապետության նախագահի իրավական և դատական բարեփոխումների 2012-16 թթ ծրագրով է նախատեսված: Անցյալ տարի արդարադատության նախարարի հրամանով ստեղծվեց աշխատանքային խումբ, որն արդեն մշակել է քրեական նոր օրենսգրքի ընդհանուր մասը, հիմա հատուկ մասն է մշակվում, խնդիր է դրված մինչև հուլիս նախագիծը ներկայացնել նախարարություն: Նախարարությունը պետք է շրջանառի, քննարկի և կարծում ենք, որ գալիք տարվա սեպտեմբերին, ինչպես որ նախատեսված է, կառավարությունն այն կուղարկի ԱԺ:
-Իսկ պրակտիկ աշխատողներ ընդգրկա՞ծ են խմբում. օրինակ՝ դատախազ, դատավոր, փաստաբան, մարդիկ, որոնք ամեն օր առնչվում են օրենքի հակասություններին:
— Մեր աշխատանքային խմբի բոլոր անդամները դասավանդում են Արդարադատության ակադեմիայում, դասավանդում են դատախազներին, քննիչներին, դատավորներին օրենսգրքի նախագծի դրույթները և իրենց հետ էլ մանրամասն քննարկում են նախագծի դրույթները՝ բաժին առ բաժին: Եվ եթե առաջ են գալիս խնդիրներ, իհարկե, մենք պարտադիր շտկում ենք, ավելին ասեմ, երբ աշխատանքային խումբ էինք կազմում, քննարկումներ ենք անցկացրել դատավորների հետ, դատախազների հետ և եթե մեզ ռեալ առաջարկներ են ներկայացնում, և եթե կարիք է լինում, ուղղում ենք:
— Ոլորտում խնդիրները շատ են, չկարգավորված հարցերը բերում են նոր հարցեր, իսկ դրանց լուծման օրենսդրական բացը մարդկանց ճակատագրեր է խեղում: Մենք վերցնում ենք այլ երկրների փորձը, որտեղ վաղուց կարգավորված են խնդրահարույց հարցերը, բայց էլի դանդաղում ենք, ինչո՞վ է քաղաքացին մեղավոր, որ ապրում է հենց այս երկրում:
-Ոլորտի խնդիրները շատ են, ինչ խոսք, հենց նախագիծն էլ ուղղված է նրան, որ ամբողջը կարգավորի և մենք անպայման փորձում ենք հաշվի առնել դատավորների, դատախազների կարծիքը:
— Իսկ շարքային քաղաքացիների կարծի՞քը, որոնք ամեն օր բախվում են համակարգի խնդիրներին, ունենում են բողոքներ առաջարկներ, որոնք կարող են օգնել գործին: Կա՞ որևէ միջոց, որով նրանք կարողանան օգնել — մասնակցել բարեփոխումների ընթացքին. թեժ գիծ, կամ որևէ այլ միջոց:
-Այդպիսի թեժ գիծ չկա, բայց բոլորն էլ կարող են կապվել ու ներկայացնել իրենց առաջարկները, կարող են նամակով ներկայացնել, դիմել արդարադատության նախարարին, կարող են նաև դատախազությանը, դատական համակարգին դիմել:
Նախարարությունը թեժ գիծ ունի, և յուրաքանչյուր քաղաքացի ցանկացած հարցով կարող է դիմել, սակայն հատուկ օրենսգրքի նախագծով թեժ գիծ չկա, դրա իմաստը չկա: Մենք կապի մեջ ենք նաև փաստաբանների հետ, քննարկում ենք բոլոր հարցերը: ինչ վերաբերում է օրենսդրական նախագծերին՝ դա դանդաղ պրոցես է, որը ենթադրում է անցնել օրենսդրական ընթացակարգ, նախագիծ մշակել, շրջանառել և այլն, բայց մենք պրակտիկա ունենք՝ մեր նախագծերը ուղարկում ենք փաստաբանների պալատ, բացի այդ քննարկումներ ենք անցկացնում հասարակական կազմակերպությունների հետ, օրինակ՝ Արդարադատության նախարարությանը կից կա հանրային խորհուրդ, որտեղ ներգրավված են հասարակական կազմակերպություններ, կարևորագույն օրենսդրական նախագծերը նրանց հետ քննարկում ենք:
-Բայց ձեր հանրային խորհուրդի ու հանրության կապը այնքան էլ տեսանելի չէ:
-Դե այստեղ ՀԿ-ների աշխատանքն է: Ինչ վերաբերում է մեր քաղաքացիներին, ապա ցանկացած քաղաքացի կարող է ինձ դիմել, նախարարին դիմել, թեժ գծին դիմել, էլ. փոստով մեզ հետ կապվել: Իսկ մեր քաղաքացիները առաջարկություն ներկայացնելիս պետք է իմանան, որ մենք ո′չ նախաքննության մարմին ենք, ո′չ հետաքննության մարմին ենք, ո′չ դատական քննության և ոչ էլ իրավասու ենք միջամտել: Մենք պատասխանատու ենք օրենսդրական փոփոխությունների առումով, պարզապես պետք է ի նկատի ունենալ, որ դա երկար պրոցես է:
Մենք հիմա ունենք նաև մեր ՀԿ-ներից եկող առաջարկներ, որոնք քննարկում ենք, նույնիսկ մեր քրեական օրենսգրքում հիմա դրույթներ կան որոնք տեղ են գտել անհատական դիմումների հիման վրա, քաղաքացիները գրել են, պրակտիկ խնդիրներ են ունեցել, և գրել են, որ այսինչ օրենսդրական բացը կա, խնդրում եմ քննարկել:
— Ներկայիս փոփոխվող դրույթներից որո՞նք են հասարակությանն առավել հետաքրքիր:
— Մենք փոփոխում ենք ձերբակալմանը վերաբերող հարցերը, բերման ենթարկելուն, կալանքին վերաբերող հարցերը, հստակեցվում են հիմքերը, ձերբակալման և կալանքի հարաբերակցությունը, առավել խստացվում է կալանքի ժամկետը. ձերբակալված անձի համար օրենքը նախատեսել է ձերբակալման առաջին վեց ժամերի ընթացքում մինիմալ իրավունքների շրջանակ, այսինքն՝ մինչև մեղադրյալի կարգավիճակի հասնելը, ասել է թե՝ մինչև անձին ազատությունից զրկելու պահը, նախագիծը նախատեսում է վեց ժամվա ընթացքում անձին ձերբակալելու որոշում հանձնվի: Եթե անգամ այդ ընթացքում որոշում չի հանձնվում, անձը ձեռք է բերում մեղադրյալի վերաբերելի իրավունքները, բայց մինչև մեղադրյալի իրավունքներ ձեռք բերելն անձն ունի նվազագույն իրավունքների շրջանակ, որոնք պարտադիր պետք է ապահովվեն. դրանք են՝ լռելու, զանգի իրավունքը, կամ իր ընտրած անձին իր գտնվելու մասին հայտնելու իրավունքը, ազատությունից զրկելու պատճառները իմանալու իրավունքը:
— Այդ դրույթները հիմա էլ են կիրառվում:
— Դրանք մենք օրենսդրական մակարդակով դեռ չունենք, բացի այդ մենք նախատեսել ենք, որ երբ անձին տանում են կալանքի և պետք է քննարկվի կալանքի հարցը, դատարանը անպայման անդրադառնում է ձերբակալման իրավաչափությանը, այսինքն՝ եթե անձը ձերբակալվել է և հիմա տանում ենք կալանքի, կալանքը ստուգելու ժամանակ դատարանը անպայման հետադարձ հայացք է նետում դեպի ձերբակալումը . ձերբակալման ընթացքում օրենքը պահպանվել է, թե՝ ոչ,անձի իրավունքները պահպանվել է, թե՝ ոչ, որովհետև կան կոպիտ խախտումներ, որոնց դեպքում կարող է մերժվել կալանքը:
— Բայց այդ ամենը հիմա էլ են անում հայավարի: Ունենք դրույթ, որ նախկին դատվածությունը չի կարող դրվել կալանքի որոշման հիմքում, քանի որ անձն արդեն կրել է իր պատիժը տվյալ հանցանքի համար, սակայն այսօր դատարանը անձին կալանավորելիս դա հաշվի է առնում: Ինչքանով տեղյակ ենք, նոր նախագծում կալանք կարող է կիրառվել բացառիկ դեպքերում.
-Այո, կա նման բան. Նախագծում հստակ նշված է, որ կալանքը կիրառվելու է միայն այն դեպքերում, երբ մյուս խափանման միջոցները չեն կարող ապահովել անձի պատշաճ վարքագիծը: Բացի այդ կալանքի երկարացման հետ կապված պարտադիր պետք է դատարանի առաջ հիմնավորվի, որ քննիչը դրսևորել է պատշաճ ջանասիրություն և առկա է տվյալ անձի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակելու անհրաժեշտություն, հակառակ դեպքում՝ կալանքը չի երկարացվում, գործող օրենսգիրքը նման դրույթ չունի, սակայն վճռաբեկ դատարանը նախադեպերով լուծել է այս հարցը:
— Ոչ միայն նախնական կալանքը, այլև կան խոսակցություններ, որ ազատազրկման ձևով պատիժը լինելու է միայն ծանր հանցագործության դեպքում:
-Տեսեք. հիմա կալանքը մինչև դատավճիռն է և կիրառում է մինչդատական և դատական վարույթներում մինչև դատավճռի փուլ հասնելը, դրա հետ կապված փոփոխություններ նախատեսվում են, դրանից հետո դատարանը, այո, կարող է նշանակել ազատազրկում, քրեական նոր օրենսգրքում սկզբունք է դրվելու, որպեսզի ազատազրկումը դառնա բացառիկ միջոց: Ազատազրկումը կիրառվելու է այն դեպքում, երբ մյուս խափանման միջոցները չեն կարող ապահովել պատժի նպատակների իրականացումը, և այդ ուղղությամբ համալիր և համակարգային աշխատանքներ պետք է տանել:
Այդ առումով մեզ կօգնի պրոբացիայի ինստիտուտը, այսինքն՝ հատուկ սոցիալական, հոգեբանական, իրավական մեթոդներով մենք կարողանում ենք անձին ուղղել և ապահովել նրա ինտեգրումը հասարակության մեջ: Մենք հիմա փորձում ենք նախաձեռնել Քրեակատարողական նոր օրենսգրքի մշակումը և դա արդեն կլինի լիարժեք:
Քրեակատարողական օրենսգրքում մենք նոր պատիժներ ենք ունենալու, այն պետք է համապատասխանեցվի եվրոպական չափանիշներին:
-ԱՆ նախարարը ասել է, որ պրոբացիոն ծառայությունը մինչև հունվար պետք է ներդրվի և, ըստ լուրերի, մինչև ութ տարի ազատազրկման դատապարտված անձանց դեպքում կիրառելի է լինելու մեթոդը:
— Գիտեք, հիմա որևէ հստակ գնահատական տալ չեմ կարող, պարզապես կարող եմ ասել, որ պրոբացիոն ծառայությունը շատ դրական դեր կունենա քրեական դատավարության և քրեական օրենսգրքի կիրառելիության տեսանկյունից, որովհետև մենք ունենալու ենք խափանման միջոցներ, որոնք արվելու են պրոբացիոն ծառայության միջոցով. Օրինակ՝ անձի վարքագծի վերահսկումը, տնային կալանքը, վարչական հսկողությունը, նաև որոշակի էլեկտրոնային միջոցներով իրականացվող վերահսկողություն, ինչն իհարկե, մեծ ֆինանսական միջոցներ է պահանջում, բայց ավելի ձեռնտու է, քան քրեակատարողական հիմնարկներում պահելը:
— Քրեական օրենսգրքում կա երեք հոդված, որոնք շատ վիճելի են՝ խարդախությունը, խուլիգանությունը, վիրավորանքը, նաև թմրանյութի հետ կապված հոդվածը
-Այո, հանցակազմի կիրառելիության հետ կապված կան խնդիրներ, խուլիգանության հետ կապված հարցերը վճռաբեկ դատարանը որոշակիորեն հստակեցրեց, իսկ ինչ վերաբերում է թմրամիջոց օգտագործելուն, ապա դա արդեն վաղուց մեզ մոտ հանցագործություն չ ի համարվում, վարչական իրավախախտում է համարվում:
-Այո, հենց դա է խնդիրը, օգտագործող, թե՝ տարածող, որը նաև կորուպցիոն ռիսկ է պարունակում:
-Մենք քրեական օրենսգրքում ունենք իրարից առանձին երկու հոդված. ունենք իրացնելու նպատակով թմրամիջոց պահել, ձեռք բերել, փոխադրել և այլն, դա 266 հոդածն է, և ունենք 268-ը, որն առանց իրացնելու նպատակի թմրամիջոց պահելն է: Նախկինում ունեինք նաև գործածելը, վերջինը հիմա համարվում է վարչական իրավախախտում: Այդ հոդվածը ապաքրեականացվեց, որովհետև որոշվեց, որ թմրամոլությունը հիվանդություն է և սրա դեմ պետք է այլ կերպ պայքարել: Հիմա ասենք՝ մենք ձերբակալել ենք անձի, որն օգտագործում է թմրամիջոց, և նրա մոտ նախաքննական մարմինը խոշոր չափերի թմրամիջոց է հայտնաբերում: Քննությամբ պարզելու հարց կա, թե ի՞նչ նպատակով է անձը այն պահել, օգտագործման, թե՝ իրացման: Այստեղ դատական պրակտիկան պետք է լավ աշխատի և պետք է ասեմ, որ վերջին ժամանակներս, հատկապես վճռաբեկ դատարանն այդ ուղղությամբ աշխատանք տարել է, և այս հարցը շատ նուրբ է արարքի որակման առումով. այստեղ կոմպոնենտները պետք է հստակ հաշվի առնել:
Հիմա մենք հատուկ մասն ենք մշակում, երբ որ հասնենք հանցակազմերին, այն ժամանակ կարող եմ ավելի հստակ պատասխաններ տալ:
— Կան մի շարք հոդվածներ, որոնց կարգավորումը կամ ներառված չէ նախագծերում, կամ դրանցում եղած բացն այնքան ակնառու է, որ անհրաժեշտ է սահմանադրական դատարանի որոշումը:
— Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտների վերաբերյալ հստակ կարգավորումներ կան. եթե սահմանադրական դատարան է դիմում ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ապա նա պետք է բոլոր դատական պաշտպանության հնարավորությունները սպառած լինի, որպեսզի խնդիրը բարձրացվի և ռեալ լուծվի: Մեզ պետք է մարդիկ էլ օգնեն, որովհետև մեզ շատ օգտակար է լինում նաև դատական պրակտիկայում եղած գործերը:
Ռուզան Ավոյան
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.