…Ուստա Հարութ, վաղուց հող ու աճյուն դարձած իմ արտասովոր ընկեր, այո, արտասովոր, որովհետեւ ես ընդամենը 15-16 տարեկան էի, իսկ դու երեւի 65, բայց մենք ընկերներ էինք, իսկական ընկերներ:
Եվ ներիր ինձ, ուստա Հարութ, որ վաղուց չէի հիշել քեզ եւ հանկարծ հիշեցի այս հեռավոր ափերում, հիշեցի, որովհետեւ այնպես հանկարծ ու անակնկալ հանդիպեցի եղբորդ որդուն …
Ուստա Հարութը ատաղձագործ էր, ապրում էր Նորքում:
Մենք 1936 թվականին Նոր Արաբկիրում տուն էինք կառուցում, ուստա Հարութը այդ տան դուռն էր սարքում:
Էրզրումցի էր, հորս գյուղից, ձիթողցի:
Կարճահասակ, փոքր մարդ էր, փառահեղ, սպիտակ բեղերով:
Ամեն առավոտ նույն ժամին Նորքից ոտքով կհասներ Արաբկիր, կբանար ճամպրուկը, կհաներ գործիքները ու կսկսեր աշխատել …
Մի օր պատի տակ նստած գիրք էի կարդում, մոտեցավ, ձեռքիցս առավ գիրքը, տնտղեց, բացեց կողը, կարդաց.
Զուդերման. <<Հոգսը>>:
-Հայերու մասի՞ն է ..
-Չէ:
Լռեց, հեռացավ:
Հաջորդ անգամ մոտեցավ, գիրքը նորից ձեռքիցս առավ.
Սենկեևիչ. <<Յո երթաս>>:
-Հայերու մասի՞ն է:
-Չէ:
Լռեց, հեռացավ:
Երրորդ անգամ մոտեցավ ու գիրքն առավ ձեռքիցս.
Ռոմեն Ռոլան. <<Ժան Քրիստոֆ>>:
-Հայերու մասի՞ն է:
-Չէ:
Մյուս առավոտ գործիքների ճամպրուկը բացելիս, մի գիրք հանեց, ինձ կանչեց մոտն ու ասաց.
-Այն քու կարդացած գիրքերդ երեւի լավ, շատ լավ գիրքեր են, բայց նախ այս գիրքերը կարդա, հետո անոնք ժամանակ կունենաս կարդալու:
Հին, քրքրված գիրք էր, մաշված, հազար ձեռքով անցած: Բաց եմ անում կողը` Րաֆֆի. <<Կայծեր>> …
Զգուշացրեց.
-Մենակդ կկարդաս, մարդու ցույց չտաս …
Եվ այսպես օրեր շարունակ Րաֆֆին ուստա Հարութի ատաղձագործական ճամպրուկով սկսեց ճամփորդել Նորքից Արաբկիր ու Արաբկիրից Նորք … Օրերով Ֆահրատի հետ էի ու Կարոյի, Խենթի հետ էի ու Սամվելի …
Նստում ժամերով նստում էի կողքին ու նայում, թե ինչպես է աշխատում ուստա Հարութը: Աշխատում էր դանդաղ, անշտապ ու հետն էլ պատմում Անդրանիկից, Գեւորգ Չավուշից, Սերոբ Աղբյուրից … Առաջին անգամ նրանից եմ լսել այդ անունները …
Օրական մեկ շիշ գինի էր խմում, ոչ ավելի:
Ու մեկ օր, երբ կեսը խմել էր ու զվարթացել, աչքերի մեջ ինչ-որ խորամանկ կրակներ խաղացին` ինչ-որ բան էր հիշել: Մի քանի անգամ չափեց հասակս` պատմի՞, թե չէ … Եվ ի վերջո որոշեց պատմել.
-Մե տարիմ, — ասաց, — Բինգյոլա սարերն էի: Իդի Բինգյոլ ըսվածը մեր Հայոց Բյուրակնյա սարերն են: Ի՜նչ սարեր, ի՜նչ սարեր … Կերթաս ու կթաղվիս ծաղիկներու մեջ, կանաչի մեջ… Ամեն քարի տկեն ախպուր մը կբխե … Իստակ, ինչխ կռունկի աչք, ու պաղ, ինչխ սարի ձուն … Կըսեն թե Բելի դեմ կռիվ երթալեն առաջ մեր նահապետ Հայկը կանգներ է էդ սարի գլխուն, իր նետերը խրեր է արեւուն մեջ, լավ մը շիկացուցեր է, հետո վար է բերեր, էդ ախպուրներուն մեջ ջրդեղեր է… Է՜, էդ նետերուն էլ Բելի զրահ կդիմանա՞ր …
Ա՜խ, Բինգյոլ, վա՜խ Բինգյոլ …
Ոտեն գլուխ կարմիր, կանաչ, կապույտ …
Ջրերն էլ, որ չեն հոսե իդի կարմիրի, կանաչի միջով, կըսես թե խաս ու ղումաշ հագած հարսըմ գլխեն մինչեւ ոտաց տակը փունջ-փունջ սրմաթել է կախեր …
Կվազեն ջրերն էդպես առատ, ամեն ախպուր մե լավ տղամարդու մեջքի հաստության: Կվազեն ու տեղ-տեղ մեծ ու պզտիկ գոլեր կկապեն, ու էդ գոլերուն մեջ պզտիկ կարմիր ձկներ կլողան … Օրըմ նստեր եմ գոլի մը գլուխ ու էդ պզտիկ կարմիր ձկներուն կաշեմ … Կաշեմ, կաշեմ ու չեմ կշտանա, էնպես սիրուն, էնպես անուշ կխաղան: Հանկարծ ծաղիկներուն մեջեն պզտի աղջիկ մը ելավ, թե աղա, խանումս քեզի կկանչե …
Սարի տակը քրդի չադրներ էին, տղամարդիկ ոչխարները սար էին քշե, ու չադրներուն մեջ մինակ կնկտիք էին մնացե …
Խանումը ինձի ինչո՞ւ պիտի կանչե:
Ատրճանակս գոտիս խրեցի ու գնացի: Գնացի ու ի՞նչ …
Խանումս մինչեւ պորտը բաց, նստեր է բարձերուն մեջ ու կծիծաղե …
Մտածեցի թուրքերու սարքած թալաք չէ՞, ղաչաղ Հարութին մեջը գցելու … Կնայիմ խանումի աչքերուն` թալաք է, համա ուրիշ տեսակ թալաք … Մարդ կուզե ընկնի էդ թալաքն ու դուրս չգա …
-Արի, արի ղաչախ էրմենի, մի վախենա, ես քեզի չեմ ուտե …
Ես ալ ըսի.
-Գործը որ ուտելուն հասավ, ես քեզի կուտեմ …
-Իմ ուզածս ալ ադ է, — ըսավ անզգամը, ու երբ մոտեցա, ընկավ վզովս ու էլ բաց չթողուց … Դե մեծ տղա ես, մնացածը կհասկնաս, — ասաց ու ավելացրեց, — ախ Բինգյոլ, վախ, Բինգյոլ…
Շնորհակալ եմ ուստա Հարութ, որ սրտիդ երեւի ամենանվիրական գաղտնիքներից մեկը վստահեցիր պատանուս:
Շնորհակալ եմ, բայց երբեք չեմ ներում քեզ, որ չպատմեցիր, թե Բինգյոլա սարերի ամենաքաջ ֆիդային ես եղել, որ հարյուր կռիվ ես տվել, որ մի անգամ մատնությամբ բռնվել ես, բանտարկվել, որ թուրքական կառավարությունը քեզ 101 տարվա բանտարկության է դատապարտել, փախել ես բանտից. Ս.Թադեի վանքի վրայով տասն անգամ զենք ես անցկացրել սահմանից, որ մարմնիդ վրա գնդակի հարյուր հետք կա, որ …
Ոչինչ չասացիր:
Միայն հառաչեցիր.
-Ախ, Բինգյոլ, վախ, Բինգյոլ …
Այդ ամենի մասին հետո հայրս պատմեց ինձ ու ավելացրեց.
-Ուստա Հարութը Էրզրումի ամենեն քաջ մարդն էր …
Եվ ահա Չիկագոյում էր, թե Ֆրեզնոյում, ես պատահաբար հանդիպեցի քո եղբոր որդուն:
Ընկերոջս ակնոց էր պետք, մտանք մի հայի խանութ:
Երբ խոսեց, ինձ թվաց գյումրեցի է:
-Գյումրեցի՞ ես, — հարցրի
-Չէ’, էրզրումցի … այսինքն ծնողներս, ես չէ …
-Ո՞ր գյուղից:
-Ձիթող:
-Ձեր ազգանունն ի՞նչ է:
-Դագեցյան:
-Դու ուստա Հարութի ի՞նչն ես:
-Կարծեմ ուստա Հարութը հորս եղբայրը եղած է, համոզեր են, որ Ամերիկա գա, չի եկեր, գնացել է Հայաստան, հոն, կարծեմ, մեռեր է …
-Ուստա Հարութը իմ լավ բարեկամն էր …
-Իրա՞վ, — ու շուռ եկավ իր առեւտրին:
Երբ դուրս էինք գալիս, ասաց.
-Հայրենակից, քանի որ դուն ուստա Հարութին բարեկամը կամ ծանոթը եղեր ես, եկուր քեզի ակնոց մը նվիրեմ …
-Ես ակնոց չեմ գործածում, — ասացի ու դուրս եկա:
Ներիր, ուստա Հարութ, որ այս առիթով հիշեցի քեզ:
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ. հատված ,, ԱՆԽՈՐԱԳԻՐ ,, էսսե-վիպակից
Սիլվա Յուզբաշյանի ֆեյսբուքյան էջից
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.