Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունը «Պրոգրես ագրո» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել է մինչև 2017թ. նոյեմբերի 3-ը: Ընկերությունը Կոտայքի մարզում կառուցում է 16 հա ջերմոցային տնտեսություն՝ այդ նպատակով ներդնելով շուրջ 7.8 մլրդ դրամ: Եվրոպական սարքավորումներով նախատեսվում է տարեկան թողարկել մոտ 1.6 մլրդ դրամի արտադրանք, որի գերակշիռ մասը կարտահանվի Ռուսաստանի Դաշնություն: Ծրագրի իրագործմամբ կստեղծվի 170 աշխատատեղ՝ 135-145 հազար դրամ միջին աշխատավարձով:
Կառավարության որոշմամբ մինչև 2016թ. սեպտեմբերի 27-ը երկարաձգվել է ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի 2004թ. ներմուծած «Հիդրոլոգ» նավի մաքսային ռեժիմի ժամկետը: Նավը Ռուսաստանի Դաշնության սեփականությունն է, ՌԴ և ՀՀ գիտությունների ակադեմիաների համագործակցության պայմանագրով իրականացնում է Սևանա լճի ժամանակակից էկոլոգիական վիճակի համատեղ հետազոտության ծրագիրը:
Գործադիրն իր նիստում երեք տարով երկարաձգել է «Հորմիգոնես» ի մորտերոս սերանո Ս.Լ.» ընկերության Հայաստանի մասնաճյուղի ներմուծած ապրանքի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը: Մասնաճյուղը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի վերակառուցումն իրականացնող «Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն» ընկերության ենթակապալառու կազմակերպություն է և աշխատանքի բարձր որակն ապահովելու նպատակով ներմուծել է համապատասխան սարքավորումներ:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացումներ, որոնց կիրառմամբ կստեղծվի բարենպաստ գործարար միջավայր, կկրճատվի ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների կողմից գործընթացի իրականացման ժամանակը:
Միասնականացվում են տեխնիկական կանոնակարգերը
Իր երեք որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) ներառման, միասնական ռեեստրի ձևավորման և վարման կարգը, տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրի ձևավորման ու վարման կարգը, ԵՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատի և հայտարարագրի ձևակերպման կանոնները, ԵՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատի միասնական ձևը (ռուսերեն և հայերեն), հայտարարագրերի գրանցման կարգը:
Որոշումների ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության՝ ԵՏՄ-ին միանալու գործընթացով և Մաքսային միությանն անդամակցելու միջոցառումների ծրագրի ճանապարհային քարտեզի 55-րդ կետի պահանջներով: ԵՏՄ-ին միանալուց հետո Հայաստանում պետք է գրանցվեն ԵՏՄ կանոնակարգերի պահանջներին համապատասխանության հայտարարագրերը: Գործընթացը պետք է իրականացվի միասնական ձևերին համապատասխան և միասնական ձևակերպման կանոններով, ինչը կնպաստի ապրանքի ազատ տեղաշարժին ԵՏՄ անդամ պետություններում: Որոշումներն ուժի մեջ են մտնում «ԵՏՄ մասին 2014թ. մայիսի 29-ի Պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից:
Կառավարությունն իր նիստում հավանություն է տվել Մաքսային միությանը և Բելառուսի, Ղազախստանի Հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակում ՀՀ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման կամ նորերի ներդրման տեխնիկական առաջադրանքին: Նշված աշխատանքների ձեռքբերման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացվել է մեկ միլիարդ դրամ:
Գործադիրը համաձայնություն է տվել «Տրանսպորտային միջոցի անձնագրի (ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի և այլ տիպի տեխնիկայի անձնագրի միասնական ձևերի ներդրման էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014թ. օգոստոսի 15-ի համաձայնագրին միանալու արձանագրության կնքման առաջարկությանը: Արձանագրության ստորագրմամբ Հայաստանը կմիանա համաձայնագրին, ինչը հնարավորություն կտա տրանսպորտային միջոցների ոլորտում առավել արդյունավետ համագործակցել Մաքսային միության անդամ երկրների հետ:
Բարեփոխվում է զբաղվածության պետական կարգավորման բնագավառը
ՀՀ կառավարությունն հաստատել է քվոտայի պահանջի չկատարման դեպքում կազմակերպության կողմից մասհանում կատարելու և այն օգտագործելու կարգը: Փաստաթղթով կարգավորվում են հաշմանդամություն ունեցող և տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած անձանց աշխատանքի տեղավորման համար քվոտայի պահանջի չկատարման դեպքում կազմակերպության կողմից մասհանում կատարելու և այն որպես նպատակային միջոց օգտագործելու հետ կապված հարաբերությունները: Որոշումն ընդունվել է զբաղվածության ակտիվ քաղաքականության նոր մոդելի գործնական կիրառության իրավական հիմքերը, ինչպես նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով:
Գործադիրը նոր խմբագրությամբ է հաստատել «Զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման մասին» իր ավելի վաղ ընդունած որոշումը:
Ակնկալվում է, որ դրա շնորհիվ կբարելավվեն շահառուներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակն ու մատչելիությունը, կմեծանա այդ նպատակով պետբյուջեից հատկացվող միջոցների ծախսման արդյունավետությունը:
Գործադիրը փոփոխություն է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում՝ կարգավորելով օրենքով սահմանված կենսաթոշակ նշանակելու կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող անձանց կենսաթոշակը 2014թ. հուլիսի 1-ից նշանակելու համար անհրաժեշտ դիմում ներկայացնելու ժամկետին առնչվող հարաբերությունները:
ՀՀ կառավարությունը սահմանել է հանրային ծանուցման և քննարկման իրականացման կարգը, որի կիրառումը կնպաստի հիմնադրույթային փաստաթղթերի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման և փորձաքննական գործընթացներում հանրության դերի բարձրացմանը, կապահովի որոշումների ընդունման թափանցիկությունն ու հրապարակայնությունը:
Նիստում հաստատվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրի» արտաբյուջետային միջոցների ծախսման 2014թ. նախահաշիվը:
Կառավարության որոշմամբ Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին հատկացվել է մոտ 143 մլն դրամ՝ Չինաստանի կառավարության կողմից որպես նվիրաբերություն Հայաստանին տրամադրված դիզելային վառելանյութով աշխատող ավտոբուսների շարժիչները սեղմված բնական գազով աշխատող շարժիչներով փոխարինելու և ավտոբուսների մաքսազերծման ծախսը վճարելու նպատակով:
Միջազգային համագործակցություն
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու և հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցելու համաձայնագրերի կնքման առաջարկություններին:
Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) անվտանգության նոր ստանդարտներին համապատասխան պահանջներ է սահմանել նաև Հայաստանի համար:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության կառավարությունների միջև մշակույթի բնագավառում համագործակցելու համաձայնագրի կնքման առաջարկությանը: Բազմազան միջոցառումներից զատ կողմերը ծրագրում են իրենց մայրաքաղաքներում հիմնել մշակութային կենտրոններ:
Գործադիրը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և Ռելատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի (ԻԿՐԱՆԵՏ) միջև Հայաստանում ԻԿՐԱՆԵՏ-ի կենտրոն հիմնադրելու համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Սիրիահայերին աջակցելու ծրագրի համաձայն կառավարությունը 2014թ. երրորդ եռամսյակում Սիրիայի քաղաքացիներին տրված 398 անձնագրի դիմաց վճարվելիք մոտ 23 մլն դրամ պետտուրքի գումարը հատկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը:
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2014թ. սեպտեմբերի 5-ին ստորագրված «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցման ծրագիր» վարկային համաձայնագրին, որի իրականացման համար տրամադրվելու է շուրջ 37 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոց՝ 25 տարի մարման ժամկետով, ներառյալ 5 տարի արտոնյալ ժամկետ, տոկոսադրույքը՝ տարեկան 2 տոկոս: Նախատեսվում է ընդլայնել վերահսկման և տվյալների ձեռքբերման SCADA և էներգիայի կառավարման համակարգերը, վերակառուցել «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանները: Ակնկալվում է ծրագիրն ավարտել 2019 թվականին:
Այլ որոշումներ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքն ապահովելու նպատակով կառավարությունը 350 մլն դրամ է հատկացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Կառավարությունը քննարկել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ:Մասնավորապես, առաջարկվում է ԱԺ-ում կազմավորել փորձագետների աշխատանքային խումբ՝ բյուջետային գրասենյակ:
Կառավարությունն իր հերթին արել է մի շարք առաջարկներ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրինագծերի փաթեթը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի տեղեկացմամբ ԱԺ նախագահը և փաթեթի մյուս հեղինակներն ընդունելի են համարում կառավարության առաջարկները:
ՀՀ կառավարությունը քննարկել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նպատակը տնտեսական խախտումների ապաքրեականացումն է:
Կառավարության եզրակացության համաձայն փաթեթի անհրաժեշտությունը բավարար հիմնավորված չէ, ուստի գործադիրը դեմ է դրա ընդունմանը: Օրինագծերի փաթեթները և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունը որոշել է ստեղծել երկրում շրջանառվող փաստաթղթերի նմուշօրինակների միասնական հավաքածու: Հաջորդ որոշման կիրառմամբ առավել կանոնակարգված ու արդյունավետ կիրականացվի հափշտակված, կորած և (կամ) հայտնաբերված զենքի և ռազմամթերքի հաշվառման և տեղեկության տրամադրման գործընթացը:
Կառավարության որոշմամբ պետբյուջեից գումար է հատկացվել տեղական ինքնակառավարման մարմիններում ս.թ. դեկտեմբերի 14-ին տեղի ունենալիք ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար:
Նիստում Երևանի «Ռիխտեր-Լամբրոն» ՀՁՍՊԸ-ին տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր:
Նիստի օրակարգում ընդգրկված «Պետական գույքն օտարելու մասին» որոշման նախագիծը, ըստ որի Երևանի Կիևյան 2-րդ նրբանցքի N 18 հասցեում գտնվող ավելի քան 450 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 0,04095 հա հողամասն օտարվելու էր դասական աճուրդով, վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով օրակարգից հանվել է լրացուցիչ քննարկման նպատակով և նշված վայրում բնակվողների շահերը հաշվի առնելու պատճառաբանությամբ:
Գործադիրն հաստատել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Գագիկ Գալստյանի ընտրության արդյունքը:
Կառավարության որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Արմեն Գալստյանը, ում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քարտուղարությունը նախապատվություն է տվել կառավարության ներկայացրած երեք թեկնածուներից, 2014թ. դեկտեմբերի 1-ից մեկ տարի ժամկետով գործուղվել է ՄԻԵԴ:
Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը կառավարության անդամներին հրավիրել է Եռաբլուր՝ մասնակցելու հայ ազգային ազատագրական պայքարի նվիրյալ Սեպուհի՝ Արշակ Ներսիսյանի, աճյունասափորը հողին հանձնելու արարողությանը, որը տեղի է ունենալու ս.թ. նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.