«Կրթությունը հատուկ դպրոցում» լրագրողական հետաքննության շրջանակներում այս անգամ այցելեցինք Հանրակրթական N1 հատուկ կրթահամալիր, որը նախատեսված է կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված՝ հակասոցիալական վարք դրսևորած երեխաների համար:
Դպրոցի տնօրեն Լարիսա Սարգսյանը «հակասոցիալան վարք» -ը բացատրեց այսպես. « Այդ երեխաները իրականության մեջ բնականոն ձևով չեն ապրում. ընտանիք, դպրոց, խմբակներ և այլն: Թափառող, մուրացիկ, անկառավարելի, դպրոցից չարամտորեն խուսափող երեխաներ են: Երեխաներ, որոնք օրենքի հետ որոշակի խնդիրներ են ունենում, բայց իրավախախտ չեն, օրինակ՝ մանր-մունր գողություններ կարող են անել»:
Ըստ տիկին Լարիսայի՝ երկու տեսակի հակասոցիալական վարքի դրսևորման ձև կա. մեկ, որ երեխան միտումնավոր է վատ վարք ցուցաբերում, հսկողությունից դուրս է մնացել և վատ սովորույթներ են ձևավորվել իր մոտ՝մուրալ, չենթարկվել: Իսկ մյուս մասը՝ հուզական խնդիրներով երեխաներ են՝անկառավարելի, ագրեսիվ վարքով:
Մեր դպրոցի երեխաներն էլ, ինչպես բոլորը ընտանիք ունեն, սակայն ընտանիքը այնպիսի ընտանիք չէ, որը կարողանա հետևել նրանց վարքին, կրթությանը, այսինքն՝ ծնողի հսկողությունից դուրս մնացած երեխաներ են:
«Մենք գոհ ենք լինում, երբ ծնողը կարողանում է գոնե գալ, տեսնել, կամ տուն տանել երեխային»:
Տնօրենը շեշտում է, որ դպրոցը բավականին թանկ արժե պետության համար, բայց քանի որ յուրաքանչյուր երեխա իրենից մեծ խնդիր է ներկայացնում, այն չգործել չի կարող:
Երեխաների հետ անհատական զարգացման ծրագրերով պարապում են մանկավարժները, դաստիարակները, հոգեբանները, սոցմանկավարժները. «Հենց երեխան մտնում է դպրոց, նա գնահատվում է իր խնդիրներով և առաջին իսկ օրվանից սկսում ենք աշխատել այդ խնդիրների հետ՝ անհատական զարգացման ծրագրերով և այստեղ շատ է կարևորվում ընտանիքի հետ կապը: Պետք է ընտանիքի հետ աշխատենք, պատճառները վերհանենք, ընտանիքին աջակցենք, որ երեխան որքան հնարավոր է քիչ մնա դպրոցում: Այսինքն այստեղ սովորելը ժամանակավոր է յուրաքանչյուր երեխայի համար: Սա այն դպրոցը չէ, որ ընդունվեց պետք է ավարտի»:
Ըստ տնօրենի՝ թեպետ դպրոցը շուրջօրյա է գործում, եթե ծնողը ցանկություն ունի, շաբաթ- կիրակի օրերին, արձակուրդներին կարող է երեխային տանել.« Երեխաներ ունենք, որ նույնիսկ ընթրիքից հետո, եթե ցանկություն ու հնարավորություն կա, գնում են տուն: Մենք արդեն գիտենք երեխայի ընտանիքը ինչ հնարավորություններ ունի և սոցիալական ծառայության միջոցով կազմակերպվում է նրանց տուն գնալը»:
Երեխաները մեծամասամբ Երևանից են, սակայն կան նաև Վանաձորից, Արարատից, Կոտայքի մարզից, Արմավիրից, որոնք տուն են գնում միայն արձակուրդներին:
Մեր հարցին, թե վախ կա՞, որ անկառավարելի երեխաները կարող են իրենց վնասել, Լարիսա Սարգսանըպատմեց. « Բնականաբար այդ վախը կա. Եթե էնպիսի երեխաներ են, որոնք ագրեսիվ վարք ունեն, իհարկե հնարավոր է: Այդ խնդիրը հաշվի առնելով՝ դասերից հետո իրականացվում են նաև հոգեբանական վերականգնողական աշխատանքներ: Դպրոցում կան նաև երեխաներ, որոնց վարքն արդեն կարգավորված է, պարզապես ընտանիքը պատրաստ չէ տանել հանրակրթական դպրոց, բայց այդ երեխաներն արդեն այնպիսին են դարձել, որ ծնողը դիմում է գրում, և իրենք մենակ գնում են տուն ու հետ գալիս: Միջադեպեր լինում են նաև դասի ժամանակ, այդ պահին երեխային դուրս ենք հրավիրում, կան հերթապահ դաստիարակներ, որ հսկում են դասապատրաստման պրոցեսի ժամանակ: Երեխային անմիջապես տանում ենք հոգեբանի մոտ, տարվում է աշխատանք հոգեբանի հետ: Լինում է, որ երեխաների միջև է խնդիրներ առաջանում, կանչում ենք, հարցնում, թե ինչ խնդիր է և փորձում լուծում գտնել, շատ կարևոր է, որ երեխաները հաշտ լինեն»:
Տնօրենը պատմեց նաև, որ այս տարի տասներկու նոր ընդունված երեխաներ կան, որոնք բարդագույն երեխաներ են և որոնց հետ շատ տևական աշխատանք է կպահանջվի, մինչև վարքը կարգավորվի: Մեկի մոտ դա կարող է մեկ տարի տևել, մյուսի մոտ վեց ամիս: Կարող է պատահել, որ նրանցից մեկ երկուսի մոտ էլ չստացվի»:
Դպրոցն, իհարկե, բարդ աշխատանք է տանում և բնական է, որ ուսուցիչներին էլ հոգեբանի կարիք ունենան: Այստեղ ըստ տնօրենի, հոգեբաններն աշխատում են ոչ միայն երեխաների, այլև ուսուցչական անձնակազմի հետ:
Իսկ հարցին, թե միջադեպեր շա՞տ են լինում երեխաների, երեխաների և ուսուցիչների միջև, տվյալ դեպքում բռնության մասին է խոսքը, տիկ Լարիսան նկատեց. «Մեր մանկավարժները շատ հավասարակշռված են: Այստեղ խստությունը պետք է: Այստեղ մենք ենք, մեր խնդիրները, դրա համար հաճախ հոգեբանն ու դասղեկն են հանդես գաիս երեխայի ծնողի դերում: Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այս երեխաներին նախ և առաջ զբաղվածութուն է հարկավոր, դրա համար ունենք շուրջ տասնհինգ խմբակ՝ կարուձևի, կոշկակարի, վարսահարդարի, երգի, պարի, կերպարվեստի, խեցեգործությունի, կրկեսի խմբակ և այլն: Մեզ մոտ անընդհատ շարժ կա՝ երեխաները դուրս են գալիս: Հասարակութան հետ շփումը կա: Մեր տարածքում ազատ գնում են խանութ, շփվում մարդկանց հետ, բայց ադ ամենը համաձայնեցնում ենք ծնողի հետ: Եվ եթե ունենք մի քիչ հասկացող ընտանիք, թեկուզ անկարող, բայց հասկացող ծնող, մենք իրենց հետ շատ լավ կարողանում ենք համագործակցել: Մենք սրանով նաև երեխայի մոտ ծնողի դերն ենք մեծացնում, որովհետև վերջիվերջո այդ երեխան պետք է իր ընտանիքում ապրի: Մենք ուզում ենք երեխային դաստիարակենք՝ թե իր ծնողն է որոշողը շատ դեպքերում, որովհետև ինքը անչափահաս է:
Իսկ շաբաթ օրերին, հատկապես նորեկ երեխաներին, որոնց ծնողները վախենում են, որ դուրս գան կփախչեն, տանում ենք քաղաքում որևէ տեղ, ժամանակ անցկացնելու»
Տնօրենի խոսքով՝ դպրոցում առանձնապես մեծ խնդիրներ չկան.
«Խնդիրներ կան վերանորոգման հետ, սակայն բարերարները, կազմակերպությունները աջակցում են և կամաց-կամաց վերանորոգում ենք: Անցած տարի համակարգիչներ ստացանք, վերանորոգվել և կահավորվել է բուժկետը, ամռանը բոլորս միասին ներկել ենք պատերը: ինչպե՞ս ասենք՝ վատ է»: Սնունդի հետ կապված նույնպես խնդիր չունեն, չորսանգամյա սնունդ են ապահովում»:
Հաստատության հոգեբան Վարդուհի Ավետիսյանը պատմում է, որ իրենք չեն թերագնահատում ոչ մեկին՝ անկախ նրանից, թե ինչ խնդիրներ ունեն երեխաները, որովհետև երեխան մեղավոր չէ, որ խնդիր ունի: Եթե չես փնտրում մեղքը երեխայի մոտ, այլ փորձում ես բացահայտել խնդիրը և աշխատել դրա վրա, ամեն ինչ շատ հեշտանում է:
Գրադարանավարուհին էլ պատմում է՝ երեխաները զարմանալի է, բայց սիրում են կարդալ: Ավելի շատ Թումանյան, Նար-դոս, Շիրազ են ընթերցում: Նաև Աստվածաշնչյան պատմություններ: Անգամ հանրագիտարանից օգտվողներ ունեն:
Տնօրենն ուրախությամբ նշում է, որ իրենց աշակերտներից շատերը կան, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում են սովորել և հիմա էլ տարբեր մանագիտություններ ունեն:
Զրուցեցինք երեխաների հետ. Սիլվին այս դպրոցում քույրիկի հետ է սովորում: Երգում ու նվագում է միջոցառումներին: Նա գոհ է միջավայրից, միայն ցանկանում է, որ մայրիկը շուտ լավանա: Նարեկը, մեր հարցին,թե ինչ կուզենա ունենալ, պատասխանեց որ ամեն ինչ ունի, տուն չունեն, բաց դա էլ կունենան: Բայց երկար մտածելուց հետո հիշեց, որ հեծանիվի «երկու բանտաժ» կուզենար: Նարեկը ընկերներ էլ ունի, ասում է, որ կռիվ չեն անում:
(Մինչ զրուցում էինք պատմության ուսուցչի հետ՝ ներս եկավ երեխաներից մեկը՝ ձեռքին բույս: Պարզվեց, որ այդ դասարանում բոլորն ունեն իրենց անվանական բույսերը, Աննան էլ պատմեց, որ ինքը չէր սիրում բույսեր, հիմա սիրում է, դրա համար իր համար էլ է բերել):
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լիզա Գինոսյանը պատմեց, որ նրանք շատ են սիրում Տերյան և Դուրյան: Հիմնականում դասերը սիրով են լսում. «Երբեմն լինում է, որ խանգարում են դասերը, հաջորդ վայրկյանին, երբ տեսնում են, որ բոլորը լսում են, թեման էլ հետաքրքիր է, անկախ իրենցից լսում են: Մի անգամ պետք է բացատրեի, թե ինչպես են դիմում գրում: Երեխաները չէին ուզում, ես ել ասացի.«Դե լավ, չեք ուզում մի արեք դաս, բայց դիմում գրեք ու եթե չկարողանաք ճիշտ գրել, դաս եմ անելու»: Միանգամից հարցրեցին, թե ինչպես գրել, ես էլ գրատախտակին գրեցի ու իրենք սկսեցին գրելը:
Տնօրենի խոսքով՝ բժիշկերը զբաղվում են նաև երեխաների սեռական դաստիարակմամբ:
Դպրոցը ամուսնացած զույգեր ունի, որոնք դպրոցից դուրս են եկել և ամուսնացել:
Հետաքրքիր է, որ նույնիսկ հանրակրթական դպրոցներում ոստիկաններ կան, բայց այս դպրոցում չկան. «Ինչ ոստիկան պետք է լինի, որ մեզ նման մտածի: Այդ մտքից ես վախենում եմ»,- ասաց տնօրենը:
Մեր հարցին, թե հնարավոր չէ՞, որ այդ երեխաները սովորեն հանրակրթական դպրոցներում՝ ներառական կրթությամբ, տիկին Սարգսյանը պատասխանեց, որ ոչ բոլորը, բայց շատերը կարող են սովորել.
« Այստեղ խնդիրն ավելի շատ ընտանիքներում է. ծնողն է որոշում, թե երեխային ուր տանի: Կան երեխաներ, որ երկարատև վերականգնողական աշխատանք են պահանջում:
Հիմնականում երեխաներին բերում են դպրոցներից, որտեղ չեն կարողացել աշխատել նրանց հետ. Կան լքված, անտեսված երեխաներ: Ծնողներից շատերն իրենց պարտականություններն անել չեն կարողանում՝ կախված նյութական վիճակից և այլ հանգամանքներից: Կան ծնողներ, որ չեն կարողանում դպրոցից տուն տանել, զբաղվել երեխայով: Երեխաներ էլ կան, որ չեն գնում դպրոց, փախչում են: Նույնիսկ մեզ Կապանից են զանգահարել, որ երեխային տարել են գիշերօթիկ դպրոց, բայց չեն կարողանում զսպել: Այդ երեխաները հակասոցիալական վարք ունեն, եթե այդպես մնան կդառնան հանցագործ: Դա է պատճառը, որ նախընտրում են բերել մեզ մոտ»:
Մեր մյուս հարցին, թե որքա՞ն գումար է պետությունը հատկացնում մեկ երեխայի համար,տնօրենը կարծես խոսափողական պատասխան տվեց, ասելով, որ մի շարք վճարներ են անում և հստակորեն չի կարող ասել, թե որքան է:
Հռիփսիմե Գալստյան
- 15:10Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստանին, ինչ Ադրբեջանինն է՝ անցել է Ադրբեջանին
- 13:10Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ
- 14:10Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է
- 13:10Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
- 12:10Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան
- 11:10Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առաջնորդների կալանքը
- 11:10Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահմանային անցակետը կփակվի. Բորտնիկով
- 14:10Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը
- 12:10Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին
- 11:10Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիելյան
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
10.05.2024 | 12:09
10.05.2024 | 11:23
09.05.2024 | 15:10
09.05.2024 | 14:10
09.05.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.