«Համահայկական բնապահպանական ճակատը» մեկ ամիս առաջ տարածեց տեսանյութ, որի վերլուծությունից պարզ երևում է, որ Արփա-Սևան ջրատարն ինչ-որ մի տեղից բացվածք ունի, և ջուրը թափվում է Եղեգիս գետ: Եղեգիս գետն Արփայի վտակն է, իսկ Արփան հատում է Նախիջևանի սահմանը և լցվում Արաքս գետ: Tert.am-ի հետ զրույցում ագրո-էկոլոգ Գալուստ Նանյանը, վերլուծելով նշված տեղեկությունը, հիմնավորեց, թե ինչպես է Սևանի ջուրը դուրս գալիս երկրի սահմաններից այն պարագայում, երբ երկրում ոռոգման խնդիր լուծելու համար Սևանից ջուր է բաց թողնվում:
«Google Earth ծրագրով ուսումնասիրեցի մեր և հարևան երկրներում տիրող իրավիճակը: Այնտեղ շատ պարզ երևում է, թե հողահանդակներն ինչպես են մշակված: Եվ ես կարծում եմ, որ այնտեղ ավելի զարգացած ենթակառուցվածքներ կան, քան մեր տարածքում: Շատ պարզ երևում են նաև երկու ջրամբարները, որոնք լցված են այստեղից հոսող ջրերով»,- ներկայացրեց բնապահպանը, և իր մտահոգությունը հայտնեց այն մասով, որ Հայաստանը ջուր արտադրող երկիր է, սակայն ջուրը պահել չի կարողանում։
«Չեմ ասում, որ դա պահելն այնքան էլ հեշտ գործ է, որովհետև համապատասխան ենթակառուցվածքներ պետք է լինեն, ջրամբարների տարածքներ ունենանք և ջրով լցնենք, բայց կան այլ լուծումներ ևս»,- ասաց նա։
Գալուստ Նանյանը պետական դավաճանություն համարեց այն, որ երկրի 79 ջրամբարներն արդեն 2-3 տարի է չեն լցվում, բոլոր ջրամբարները գրեթե 50 տոկոսով լցված չեն ջրով: Իսկ օրենսդիր և գործադիր իշխանություններում հարց է բարձրացվում, որ Սևանից պետք է հավելյալ ջուր վերցնել՝ գյուղացիների համար, ինչը գյուղացուն վաճառվում է թանկ գնով։
«Տարածքային կառավարման նախարարությունը ցանկ է ներկայացնում, որ Սևանից վերցված ջուրը պետք է հասնի Արմավիրի մարզի համապատասխան գյուղեր, մենք մասնագետների խմբով գնացել են այդ գյուղեր՝ հասկանալու, թե արդյո՞ք Սևանից ջուրը կհասնի իրենց: Եվ եթե Կառավարությունում չկան խելացի մարդիկ, գյուղերում այնքան խելացի մարդիկ կան, որ գիտեն, թե իրենց ջուրը որտեղից է գալիս: Զարմանում էին մարդիկ, ասում էին՝ Սևանի հետ ի՞նչ գործ ունեն, թող մի քանի հատ ձկնաբուծարան փակեն, և մեր ջուրը կհասնի մեզ»,- ասաց Գալուստ Նանյանը՝ հավելելով, որ նույն Արմավիրի մարզի ատոմակայանին մոտ գյուղերում ևս հասկանում են, որ արդեն ատոմակայանին էլ չեն հասցնում ջուր տալ հովացման աշտարակների համար:
Ագրո-էկոլոգը նաև վստահեցրեց, որ այս տարին սակավաջուր չէ, իսկ ստեղծված խնդիրները սխալ քաղաքականության արդյունք են. «Հուսով եմ, որ նոր նախարարը քայլեր կձեռնարկի արտեզյան հորերի փակման աշխատանքների մասով: Կառավարությունը 40 մլն դրամից ավելի գումար հատկացրեց այդ աշխատանքներն իրականացնելու համար: Թող բոլորին չթվա, թե դա էժան գործ է, ջուր ծակել և բացելն ավելի էժան է, քան ջուր փակելը»:
Արարատյան ջրահավաք ավազանն ունի իր սահմանային գոտին, և սահմանից ներքև դեռևս սովետական ժամանակաշրջանում թույլ չեն տվել արտեզյան աղբյուրներ բացել, սակայն, ինչպես մեր զրուցակիցը նշեց, վերջին 7-8 տարիների ընթացքում նախորդ նախարարը ամենուր լիցենզիա է տվել:
«Երբ ես սկսեցի ուսումնասիրել 1960-70-ական թվականներին գիտնականների համապատասխան նյութերը, պարզվեց, որ դեռ այն ժամանակ հիդրոլոգներն արդեն առաջ էին քաշել տեսակետ, որ պետք է Արարատյան ջրահավաք ավազանին շատ լուրջ մոտենալ և շատ նորմալ օգտագործել այդ պաշարները, այլապես խնդիր կլինի ավազանի հետ: Բայց քաղաքականությունն այնպիսի բան է, որ փորձում է ամեն ինչից փող քամել»,- ասաց նա և առաջարկեց ընդամենը ոլորտը ճիշտ կառավարել, վերահսկողությունը խստացնել, որպեսզի գյուղացուն ջուրն այդքան թանկ չվաճառվի։
«Ոչ մի կառավարություն այդպես էլ չհասկացավ, որ մեր երկրի միակ հիմքը գյուղատնտեսությունն է: Խորհրդային Միությունը և Մոսկվան այնքան էլ հիմար չէին, որ մեր երկիրը համարում էին ագրարային երկիր»,- ասաց նա։
Գալուստ Նանյանի խոսքով՝ կարծես ինչ-որ մի տեղից մտածված նման քայլ են անում, որ ասեն՝ վայ, գյուղացին ջուր չունի, Սևանից վերցնենք. «Ավելի լավ է չլցնեն այդ ջուրը Սևան, քան լցնեն ու հետո բաց թողնեն: Սևանը լեզու ունենար, 180 հարկանի հայհոյանքներ կտար բոլորին»:
Բնապահպանության նախարարության մոնիթորինգի վարչության նախկին պետի տեղակալ, այժմ Հայաստանի ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Սեյրան Մինասյանը ևս բարձրացված խնդիրը տեխնիկապես հնարավոր համարեց:
«Բոլոր դեպքերում Սևանից բաց թողնվող ջրերն Արաքս են գնում: Այդ բացվածքից վերցվե՞լ է ջուր, թե՞ ոչ, չեմ կարող ասել, բայց տեխնիկապես դա հնարավոր է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ գետերի ջրերը հիմնականում վերականգնվում են, բայց անվերականգնելի են Արարատյան դաշտի ստորերկրյա ավազանները:
Ըստ նրա՝ խնդիրն այն է, թե որքան է կարողանում ամեն երկիր օպտիմալ կառավարել ռեսուրսները. «Մեր ղեկավարությունը շատ վատ է ղեկավարում, իսկ այն, որ ջուրն ուղարկում են Արաքս, դա միշտ է եղել: Սակայն եթե այդ թունելից այդ ճանապարհով ջուր են վերցնում, դա հանցագործություն է ժողովրդի նկատմամբ»:
Ներկայացնելով իր առաջարկները՝ Սեյրան Մինասյանը նշեց, որ պետք է նախ նվազեցվեն կորուստները, ջրատնտեսական կառավարման տեխնոլոգիական մասը պետք է կատարելագործել և բերել ժամանակակից մակարդակի: «Համեմատության համար ասեմ, որ նույնիսկ խմելու ջրի դեպքում, որ թվում էր, թե քիչ պետք է լինի կորուստը, մոտ 70-80% տարեկան կորուստ ենք տալիս: Օրինակ՝ Դանիայում 6% է այդ կորուստը, Իտալիայում մի քիչ ավելի շատ է, ոռոգման ջուրը ևս այդքանով կորում է»,- ասաց նա և ավելացրեց, որ պետք է այդ կորուստը կառավարել և զարգացնել ջրամբարաշինությունը։
«Այդ երկու ճանապարհներն են լուծումները: Մինչդեռ մեզ մոտ այդ ոլորտում մենեջմենթը 1960-ականների մակարդակի վրա է»,- հավելեց նա։
Մասնագետը նաև արձանագրեց, որ Հայաստանի տարածքի ջրային պաշարներով 6-8 մլն մարդ կարող է ապրել: Բայց այսօր մոտ 100-200 հազար հեկտար հող չի ոռոգվում, որովհետև ջրի կորուստ կա. «Եվ փոխանակ կորուստը կանխեն, Սևանից են վերցնում, այդպես միշտ վերցնում ու կորցնում են: Ավելի հեշտ է ձրի ջուր վերցնել, քան նորմալ ջրատար սարքել: Եթե չեն ուզում այս տարածքները դատարկվեն, պետք է գան դրան»:
Ինչ վերաբերում է ջրային ռեսուրսների ճիշտ կառավարմանը, ապա Մինասյանը նշեց, որ իշխանությունները վատ մենեջմենթը թաքցնելու համար մեղքը գցում են կլիմայի վրա: Ըստ նրա՝ առկա 70 ջրամբարների մի մասը վերանորոգման կարիք ունի, իսկ նորմալ կառավարման համար Հայաստանը պետք է ունենան կրկնակի քանակով ջրամբարներ:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.