Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն անցյալ շաբաթ խստորեն դատապարտեց Կալիֆորնիայի օրենսդիր մարմնին՝ նահանգի Սենատի կողմից AJR 32 բանաձևի ընդունումից հետո, որը «խրախուսում և աջակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շարունակական ջանքերը՝ զարգանալու որպես ազատ և անկախ պետություն» և «կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին ու Կոնգրեսին՝ սատարելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանը և ժողովրդավարական անկախությանը»: Բանաձևը նաև ճանաչեց, որ Արցախը «պատմականորեն եղել է հայկական տարածք…. սակայն 1921 թվականին Խորհրդային Միության օրոք ապօրինաբար անջատվել է Հայաստանից և հանձնվել նոր կազմավորված Խորհրդային Ադրբեջանի կառավարմանը»:
Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի երկու պալատները ճնշող մեծամասնությամբ կողմ են քվեարկել Արցախի բանաձևին՝ օգոստոսի 27-ին նահանգի Սենատը՝ 24-0, իսկ մայիսի 8-ին նահանգի ժողովը՝ 72-1 ձայների հարաբերակցությամբ: Այսպիսով, Կալիֆորնիան, Արցախին սատարող նման բանաձև ընդունելով, միանում է Լուիզիանա, Մեյն, Մասաչուսեթս և Ռոդ Այլենդ նահանգներին:
Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի որոշումները զայրացրել էին Ադրբեջանի կառավարությանը և նրա դիվանագետներին Միացյալ Նահանգներում: Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Էլման Աբդուլլաևը արհամարհեց Արցախի բանաձևը՝ այն անվանելով «ընդամենը մի թղթի կտոր»: Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը խիստ քննադատեց տեղի հայ համայնքը, Կալիֆորնայի նահանգը և AJR 32-ը: Բանաձևը խափանելու իր ձախողումն արդարացնելու համար նա պնդեց, թե Կալիֆորնիայի սենատորները «իրենց ընտրական քարոզարշավների համար հսկայական ֆինանսական նվիրատվություններ» են ստացել «հայկական լոբբիից»: Մոռանալով, որ նա ներկայացնում է աշխարհի ամենաբռնապետական վարչակարգերից մեկը, Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը հանդգնել է դաս տալ Միացյալ Նահանգների պաշտոնյաներին՝ «Ամերիկայի քաղաքական համակարգում առկա լուրջ բացթողման համար, որը հրատապ շտկման կարիք ունի»:
Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը, նախքան նման անհիմն մեղադրանքներ անելը, պետք է համացանցում փնտրեր, որպեսզի տեսներ, թե ինչքան գումար են ստացել Արցախի բանաձևի համար քվեարկած 24 սենատորներն ամերիկահայերից, եթե այդպիսիք եղել էին: Միացյալ Նահանգներում քարոզարշավների նվիրատվությունները թափանցիկ են, ի տարբերություն Ադրբեջանի, ուր այցելած քաղաքական գործիչներին ճոխ ընդունելության են արժանացնում և ճանապարհում փողի տրցակներով, խավիարի տուփերով և ոսկու ձուլակտորներով…
Գլխավոր հյուպատոսը բանաձևի ընդունումը նաև վերագրել է «հայկական լոբբիի չափազանց մեծ ջանքերին Կալիֆորնիայում, որտեղ շուրջ մեկ միլիոն հայ է բնակվում»: Մեկ միլիոնը ադրբեջանցի դիվանագետի կողմից ևս մեկ չափազանցություն է, որը շարունակելով կեղծ մեղադրանք է ներկայացնում հայկական «էթնիկ լոբբիին», որն իբր դիմել է «սպառնալիքների, շանտաժի և այլ միջոցների» Կալիֆորնիայի սենատորների դեմ:
Այնուհետև Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը պարծենում է իր գործադրած ջանքերով ընդդեմ AJR 32-ի, պնդելով, թե նա և իր հյուպատոսությունը մի շարք «լուրջ քայլեր» են ձեռնարկել, ներառյալ «բողոքի նամակների հղում բոլոր սենատորներին [և] բազմաթիվ հանդիպումներ նրանց հետ….»: Չնայած նրա խելահեղ գործունեությանը՝ ոչ մի սենատոր դեմ չքվեարկեց Արցախի օրինագծին… Աներևակայելի է, սակայն հյուպատոսը պնդում է, թե նա մեծ հաղթանակ է տարել, որովհետև վերջնական քվերակությունը ի նպաստ Արցախի եղել է 24-0, այլ ոչ թե 40-0, քանի որ որոշ սենատորներ կամ բացակայել են, կամ ձեռնպահ մնացել…
Հասկանալիորեն, գլխավոր հյուպատոսը մոռացել է նշել Արցախի օրինագծի դեմ պայքարում իր ամենամեծ կողմնակիցներին՝ հզոր լոբբիստական ընկերություններին, որոնք Ադրբեջանը վարձել է Վաշինգտոնում և Լոս Անջելեսում հսկայական գումարներով: Այդ ընկերություններից մեկը՝ JCI Worldwide-ը, Սեթ Յակոբսոնի գլխավորությյամբ, նամակ էր հղել Կալիֆորնիայի 40 սենատորներին ՝ ռաբբի Դով Նյումանի, Բեվերլիվուդի խաբադի, ռաբբի Մենդի Քոհենի, Սակրամենտոյի խաբադի, ռաբբի Յոնահ Բուկշտեյնի և Փիկո Շուլի ստորագրությամբ: Երեք ռաբբիները սենատորներին գրել էին, որ նրանք «կտրականապես դեմ են AJR 32-ին… Ադրբեջանը կարևոր դաշնակից է Իսրայելի և հրեա ժողովրդի համար: Հրեաները ազատ և պաշտպանված ապրում են Ադրբեջանում հազարավոր տարիներ… Որպես Կալիֆորնիայի հրեական համայնքի ռաբբիներ և առաջնորդներ, մենք զորակցում ենք մեր եղբայրներին ու քույրերին Ադրբեջանում և պահանջում ենք ԴԵՄ քվեարկել AJR 32-ին»: Այս ռաբբիներն ակնհայտորեն անհարմար վիճակի մեջ դրեցին իրենց նման անհեթեթ նամակ ուղարկելով, քանի որ չկարողացան նույնիսկ մի սենատորի համոզել դեմ քվեարկելու Արցախի բանաձևին: Ավելին, իրենց շրջանառվող նամակը Ադրբեջանի նավթադոլարների անիմաստ վատնում էր, քանզի JCI-ի մեծածախս լոբբինգն անարժեք դուրս եկավ:
Հետաքրքիր է, արդյոք նախագահ Ալիևին հայտնի՞ է, որ Ադրբեջանի հյուպատոսությունը Լոս Անջելեսում և դեսպանատունը Վաշինգտոնում միլիոնավոր դոլարներ են վատնում անարդյունավետ լոբբիստական ընկերությունների վրա: Արդյոք Ադրբեջանի քաղաքացիները, որոնք ապրում են ծայրահեղ աղքատության մեջ, տեղյա՞կ են, որ իրենց ղեկավարներն քամուն են տալիս երկրի հարստությունը արտասահմանում քաղաքական գործունեության վրա՝ ընդամենը մի «թղթի կտորին» հակազդելու համար: Իսկապես, եթե Կալիֆորնիայի Սենատի բանաձևը մի անիմաստ «թղթի կտոր» էր, ինչպես պնդում է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնյան, ապա ինչո՞ւ էր Ադրբեջանն այդքան ժամանակ, ջանք ու դրամ ծախսում՝ փորձելով խափանել դրա ընդունումը:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.