– Պարոն նախագահ, Մինսկի խմբի փաստացի անգործությունը, եվրասիական Միության շրջանակներում Ղարաբաղի խնդրի անսպասելի արծարծումը և մանավանդ Ադրբեջանի կողմից զինադադարի հաճախացած խախտումները չափազանց մտահոգիչ վիճակ են ստեղծել Արցախի անվտանգության և ընդհանրապես Ղարաբաղյան կարգավորման հեռանկարի առումով։ Հայաստանի իշխանությունները, ջայլամի քաղաքականություն որդեգրելով, առայժմ որևէ բանական մեկնաբանությամբ հանդես չեն եկել այս ամենի վերաբերյալ։ Բայց շատերը նաև մեղադրում են ընդդիմությանն ու ոչ իշխանական քաղաքական ուժերին, որ վերջիններս նույնպես հավուր պատշաճի չեն արձագանքում նշված խնդիրներին։
– Զարգացումներն իսկապես մտահոգիչ են, բայց ընդդիմությունը կամ իշխանական համակարգից դուրս գտնվող որևէ ուժ, չտիրապետելով խնդրո առարկային առնչվող ողջ տեղեկատվությանը, չի կարող որևէ հիմնավոր կամ քիչ թե շատ համոզիչ կարծիք արտահայտել։ Կարելի է, իհարկե, լուրջ դեմք ընդունելով, ինչ-ինչ դատողություններ անել, բայց Ձեզ հայտնի պիտի լինի, որ քաղաքագիտական սպեկուլյացիաներն իմ ժանրը չեն, հետևաբար ես զերծ կմնամ դրանից։ Տեղեկատվությանը և Ղարաբաղյան խնդրի ներքին խութերին տիրապետում է բացառապես իշխանությունը, և առաջին հերթին հենց նրա պարտքն է հանդես գալ անհրաժեշտ մեկնաբանություններով։ Մինչդեռ, ինչպես Դուք նշեցիք, իշխանության պատկան մարմիններն առայժմ որևէ հոդաբաշխ բացատրություն չեն տվել հասարակությանը, ինչը ավելի մտահոգիչ է դարձնում իրավիճակը։
– Անհրաժեշտ մեկնաբանություններով հանդես չգալու թերացումից բացի, ինչո՞վ եք բացատրում հայկական կողմի ակնհայտ պասիվությունը շփման գծում Ադրբեջանի ձեռնարկած ինտենսիվ պրովոկացիաների հանդեպ, որոնք բացի տագնապ սերմանելուց, ուղեկցվում են ցավալի մարդկային կորուստներով, ինչպես զինվորականության, այնպես էլ քաղաքացիական անձանց շարքերում։
– Այո, ակնհայտ է, որ հայկական կողմի հակազդեցությունը բավականին զուսպ ու անհամարժեք է սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի ծավալած ռազմական ոտնձգությունների հանդեպ, ինչը, իմ կարծիքով, բացատրվում է հետևյալ հանգամանքով։ Հայկական կողմը զգուշանում է համարժեք պատասխան գործողություններից, նկատի ունենալով, որ դրանց հետևանքով իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, և սահմանային փոխգնդակոծությունների ծավալումը կարող է հանգեցնել եթե ոչ անգամ պատերազմի, ապա առնվազն իրադրության առավել վտանգավոր սրման։ Մյուս կողմից, հայկական կողմի զսպվածությունը ավելի է լկտիացնում Ադրբեջանին, որը կարծես-թե ձգտում է առավելագույնս թեժացնել իրավիճակը սահմանային գոտում։ Հայաստանի իշխանություններն, ըստ այդմ, կանգնած են դժվարագույն դիլեմայի առջև, որի լուծումը ահռելի ջանքեր և բացառիկ քաղաքական հնարամտություն է պահանջում։
– Եթե գաղտնիք չէ, այդ առումով ի՞նչ խորհուրդ կտայիք իշխանություններին։
– Խորհուրդ տալը տվյալ պարագայում իմ կողմից անլրջություն կլիներ, որովհետև, ինչպես արդեն նշեցի, ես չեմ տիրապետում խնդրո առարկային առնչվող ողջ տեղեկատվությանը։ Կցանկանայի ավելացնել միայն, որ, իմ կարծիքով, Ադրբեջանի ներկայիս ագրեսիվ գործողությունները որոշ չափով կապված են մի կողմից` եվրոասոցացման գործընթացի վիժեցումից հետո Հայաստանի նկատմամբ Արևմուտքի ցուցաբերած անվստահության, իսկ մյուս կողմից` եվրասիական միության շրջանակում Հայաստանի դեռևս անհստակ կարգավիճակի հանգամանքի հետ։
– Իսկ Ձեր կարծիքով` ինչո՞ւ է ուշանում այդ կարգավիճակի հստակեցումը։ Չէ՞ որ Հայաստանի իշխանությունները ձգտում էին եվրասիական միությանը միանալու համաձայնագիրը ստորագրել դեռևս հուլիսի 3-ին։ Հետո հայտարարվեց, որ դա տեղի կունենա հուլիսի 30-ին։ Իսկ այժմ արդեն խոսքը գնում է հոկտեմբերի կամ նույնիսկ տարեվերջի մասին։
– Կարծում եմ, այդ հարցի ձգձգման պատճառը ո՛չ տեխնիկական խնդիրներն են, որոնք հայկական կողմի հավաստմամբ վաղուց լուծված են, ո՛չ էլ տնտեսական նկատառումները, քանի որ Հայաստանի և Ղարաբաղի առևտրա-տնտեսական հարաբերությունների չնչին ծավալը (շուրջ 20-30 մլն դոլար) ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական առումով որևէ ազդեցություն չի կարող ունենալ եվրասիական միության հսկայական շուկայի վրա։ Հարցի պատասխանն, ուստի, պետք է որոնել քաղաքական ոլորտում։ Հստակ է, որ եվրասիական միության հիմնադիր անդամների կողմից Հայաստանի առջև կտրուկ պայման է դրվել մաքսակետեր տեղադրել հայ-ղարաբաղյան սահմանի ողջ երկայնքով։ Հայաստանի իշխանություններն, ըստ այդմ, կանգնած են այդ պայմանը կատարելու կամ չկատարելու երկընտրանքի առջև` հարկադրված լինելով ծանրութեթև անել իրենց այս կամ այն որոշման լրջագույն հետևանքները, որոնք կանխատեսելը մեծ երևակայություն չի պահանջում։ Պայմանը չկատարելու պարագայում` արդեն իսկ իր հարաբերություններն Արևմուտքի հետ փչացրած Հայաստանը կհայտնվի լիակատար քաղաքական և տնտեսական վակուումում, իսկ կատարելու պարագայում` լքվածության խուճապային հոգեբանական վիճակ կստեղծվի Ղարաբաղում` հղի Հայաստանի և Ղարաբաղի հարաբերություններում լուրջ լարվածություն առաջացնելու վտանգով։ Մի խոսքով` եվրասիական միությանն անդամակցության հետաձգման պատճառն այս պահին ոչ թե Ռուսաստանը, Ղազախստանը կամ Բելոռուսիան է, այլ Հայաստանը, որն առայժմ չի գտել հայ-ղարաբաղյան սահմանում մաքսակետեր տեղադրելու հարցի լուծման բանալին։
– Շատերը, Ղարաբաղյան կարգավորման գործընթացում դրական տեղաշարժ ապահովելու ակնկալիքով, որոշ հույսեր են կապում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև Փարիզում հանդիպում անցկացնելու նախաձեռնության հետ։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ նախաձեռնությանը, և արդյոք արդարացվա՞ծ եք համարում նման ակնկալիքը։
– Սկսենք նրանից, որ հակամարտող երկրների ղեկավարների միջև կայացած ցանկացած հանդիպում ինքնըստինքյան դրական պետք է գնահատել։ Սակայն ինչ վերաբերում է Օլանդի նախաձեռնած հանդիպմանը, ապա դժվարանում եմ ասել, թե այն, բացի փոխըմբռնման որոշ մթնոլորտ ստեղծելուց, ի՞նչ կոնկրետ արդյունք կտա։ Այս առիթով, զուտ փաստի արձանագրման կամ հետաքրքրության համար, ուզում եմ մի դրվագ պատմել իմ անձնական փորձից։ 1996 թվականին նման մի նախաձեռնությամբ հանդես եկավ նաև Ժակ Շիրակը` առաջարկելով Փարիզում եռակողմ հանդիպում կազմակերպել իր, Հեյդար Ալիևի և իմ միջև։ Ես պարոն Շիրակին ասացի, որ այդ հանդիպումն անիմաստ է ու դժվար-թե որևէ արդյունք տա, եթե դրան չմասնակցի նաև ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նկատի ունենալով, որ ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի որոշմամբ Ղարաբաղը ճանաչված է որպես հակամարտության երրորդ իրավահավասար կողմ։ Շիրակն ընդունեց տվյալ փաստարկի հիմնավորվածությունը և խոստացավ համոզել Ալիևին` համաձայնելու հանդիպման իմ առաջարկած ձևաչափին։ Սակայն վերջինս չհամաձայնեց, և այդ հանդիպումն այդպես էլ չկայացավ։ Ինչևիցե, եթե Օլանդ-Ալիև-Սարգսյան հանդիպումը, Ղարաբաղյան կարգավորման գործընթացում լուրջ տեղաշարժ չապահովելով հանդերձ, թեկուզ միայն նպաստի հայ-ադրբեջանական սահմանային գոտում լարվածության թուլացմանը, ապա այդ արդյունքն անգամ լիովին գոհացուցիչ կարելի է համարել։
– Կարծեսթե, մենք մի փոքր շեղվեցինք հարցազրույցի հիմնական ուղղվածությունից, ուստի վերադառնանք մեր բուն նյութին։ Երկրի առջև ծառացած ներքին թե արտաքին անթիվ մարտահրավերների առկայության պայմաններում, Ձեր կարծիքով, Հայաստանի իշխանությունն ի՞նչ պիտի աներ, որ չի արել։
– Ես հարցը կձևակերպեի այլ կերպ. Հայաստանի իշխանությունն ի՞նչ պիտի չաներ, որ անում է։ Տվյալ ձևակերպումն, առաջին հայացքից, կարող է պարադոքսալ թվալ, սակայն, հավատացեք, որ այն լավագույնս է բնութագրում Հայաստանի իշխանության կատարյալ անմեղսունակությունը կամ, ավելի ճիշտ, հանցավոր անպատասխանատվությունը։ Փոխանակ լծվելու Ձեր նշած մարտահրավերների շուտափույթ դիմագրավման գործին, սարգսյանական ռեժիմն այսօր սևեռված է բացառապես մեկ խնդրի` Հայաստանի գործող Սահմանադրության փոփոխության ժամանակավրեպ ծրագրի վրա, այն էլ անգամ Սահմանադրական դատարանի նախագահի վերջնական փչացման գնով (վերջինիս խայտառակ դերակատարությունն այս ծրագրի իրականացման գործում առանձին թեմա է, որին թերևս կանդրադառնամ մի այլ առիթով)։ Ավելի պատկերավոր ասած, Հայաստանում և Ղարաբաղում բռնկված հրդեհը հանգցնելու փոխարեն, ռեժիմն զբաղված է Հայոց պետականության հիմքերը քայքայելու ազգակործան գործով` թշնամական մի ակտ, որն անգամ Ադրբեջանի մտքով չէր կարող անցնել։ Հայաստանի և Ղարաբաղի հետ կապված հրատապ լուծում պահանջող բոլոր խնդիրներն, ըստ այդմ, ստորադասված են Սահմանադրական փոփոխությունների միջոցով Սերժ Սարգսյանի բռնապետության հավերժացման միակ նպատակին։ և դա արվում է այնքան ցինիկ ու կոպիտ ձևով, որ այլևս ոչ ոքի մոտ կասկած չի թողնում Սարգսյանի բուն շարժառիթի վերաբերյալ։ Թեև քաղաքական բոլոր լուրջ ուժերը կտրականապես դեմ են արտահայտվել Սահմանադրական փոփոխությունների չարաբաստիկ նախաձեռնությանը, սակայն Սերժ Սարգսյանն իր նպատակին հասնելու գլխավոր խոչընդոտը համարում է Բարգավաճ Հայաստան կուսակցության դիրքորոշումը։ Եվ եթե մինչև հիմա նա փորձում էր այդ խոչընդոտը հաղթահարել բլիթի, այսինքն վերջինիս ինչ-ինչ խոստումներով սիրաշահելու քաղաքականությամբ, ապա այժմ, մեզ հասու տեղեկատվության համաձայն, գործի դնելով ողջ իրավապահ մեքենան, նա պատրաստվում է ԲՀԿ-ի նկատմամբ կիրառել մտրակի, այն է` սպառնալիքների և շանտաժի լեզուն, ինչը որևէ պարագայում չի կարող հանդուրժվել քաղաքական մյուս ընդդիմադիր ուժերի և ողջ հասարակության կողմից։ Վստահ եմ, նրանք այլևս թույլ չեն տա տասը զոհերի արյան գնով իշխանության եկած բռնապետին` իր քաղաքական հակառակորդների հետ կրկին խոսել բիրտ ուժի դիրքերից։ Սահմանադրական փոփոխությունների խնդիրն, ըստ այդմ, յուրատեսակ ջրբաժան է բռնապետական ռեժիմի և հասարակության առողջ ուժերի միջև` կնճիռ, որի հանգուցալուծումից է կախված Հայաստանի և Ղարաբաղի ապագան։ Եթե Սերժ Սարգսյանը շարունակի համառել սահմանադրական փոփոխությունների միջոցով իր իշխանությունը հավերժացնելու փորձում, ապա աշնանը ծավալվելիք լուրջ քաղաքական գործընթացների ճնշման տակ, նա, անտարակույս, կդառնա սեփական ավազակապետական համակարգի գերեզմանափորը։ Քաղաքական ուժերը որոշ առումով նույնիսկ պետք է շնորհակալ լինեն Սերժ Սարգսյանին` իրենց մի այնպիսի կոնսոլիդացնող զենք տրամադրելու համար, ինչպիսին սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի միավորիչ գաղափարն է։ Ցանկացած բռնապետ, որքան էլ հզոր, ժամանակի ընթացքում կորցնելով իրականության զգացողությունը, վերջիվերջո մի ճակատագրական սխալ թույլ է տալիս։ Սերժի պարագայում այդ ճակատագրական սխալը միանշանակ սահմանադրական փոփոխությունների ձախորդ նախաձեռնությունն է հանդիսանալու։
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.