Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի շարունակությունը՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի շուրջ, ներկայացնում է 2rd.am-ը:
Պարոն նախագահ, Հայաստանի քաղաքական կյանքի վերջին ամիսների արդիական թեմաներից մեկը նախագահի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներն են: Ինչպիսի՞ն են Ձեր գնահատականները երկրի ղեկավարի այդ նախաձեռնությանը և հիմնական օրենքում առաջարկվող փոփոխություններին:
Իշխանությունների մտադրությունների վերաբերյալ լիարժեք տեղեկատվության բացակայության պատճառով ես ձեռնպահ էի մնում մեկնաբանություններից: Այժմ, երբ առաջարկվող փոփոխությունների ուրվագիծն արդեն հրապարակվել է, հնարավոր համարեցի ներկայացնել իմ տեսակետը:
Առաջին հարցը, որ ծագում է իմ մեջ. արդյո՞ք հասունացել է այդպիսի բարեփոխումն ընդհանրապես: Ինչքանո՞վ է Սահմանադրությունը խանգարում իշխանություններին` համարժեք արձագանքել առաջ եկող մարտահրավերներին: Կարող եմ վստահորեն ասել, որ չկա երկրի առջև ծառացած ոչ մի կենսական խնդիր, որի լուծմանը խոչընդոտի գործող Սահմանադրությունը: Չկա նաև արտաքին ճնշում` պայմանավորված համընդհանուր ժողովրդավարական կանոններին Սահմանադրության ինչ-ինչ անհամապատասխանությամբ:
Սահմանադրական փոփոխությունների հասունացած սպասում էլ հասարակական տրամադրությունների մեջ հաստատ չկա: Բարեփոխման նախաձեռնությունը բխում է բացառապես իշխանություններից, հնչած բացատրությունները համոզիչ չեն, ծայրահեղ հեղհեղուկ են, ինչը և առաջարկվող փոփոխությունների իրական նպատակների վերաբերյալ լուրջ կասկածներ է առաջացրել հասարակության մեջ: Իրադրությունը ուղիղ հակառակն է այն իրավիճակի, որը նախորդեց 2005 թվականի բարեփոխումներին: Այն ժամանակ Սահմանադրությունը լիազորությունների ակնհայտ գերակշռություն ուներ` հօգուտ նախագահի ինստիտուտի` ի հաշիվ խորհրդարանի և կառավարության: Նա էր ձևավորում նաև ամբողջ դատական իշխանությունը: Կառավարության բոլոր որոշումները հաստատում էր նախագահը: Ավելին, վարչապետը կառավարության նիստերն անց էր կացնում նախագահի հանձարարությամբ: Նախագահը փաստացիորեն ուներ խորհրդարանը լուծարելու միանձնյա իրավունք և այլն: Ըստ էության, ձևախեղված էին իշխանությունների տարանջատման և նրա ճյուղերի միջև հավասարակշռության մասին հիմնարար ժողովրդավարական պատկերացումները: Սահմանադրական բարեփոխումն այն ժամանակ դարձել էր երկրի քաղաքական օրակարգի հասունացած հարցերից և ԵԽ անդամակցության պարտավորություններից մեկը: Այսպիսով, այն ժամանակ համընկնում էին սահմանադրական բարեփոխումներ կատարելու երեք կարևորագույն հանգամանք`ժողովրդավարական նորմերին նրա անհամապատասխանության վերաբերյալ կոնսենսուսային գիտակցությունը, փոփոխությունների անհրաժեշտության հասարակական սպասումները և ԵԽ առջև ստանձնած պարտավորությունները: Այս գործոններից ոչ մեկն այսօր գոյություն չունի: Բայցևայնպես, նույնիսկ այդպիսի գործոնների առկայության պայմաններում, ընդդիմությունն այն ժամանակ կասկածում էր իմ մտադրություններին: Իբրև թե այդ ամենն անում եմ, որպեսզի պահպանեմ իշխանությունը՝ երրորդ անգամ ընտրվելով նախագահի պաշտոնում կամ տեղափոխվելով վարչապետի աթոռին: Չնայած իմ բազմաթիվ ու միանշանակ հայտարարություններին, որ այդպիսի բան չի լինի, ընդդիմախոսներին հակառակը համոզել ինձ չհաջողվեց (իմիջիայլոց, ես իմ խոսքի տերը եղա և հեռացա իշխանությունից՝ չկառչելով որևէ պաշտոնից): Ներկայում առաջարկվում է երկրի պետական կառավարման մոդելի արմատական փոփոխություն և անհրաժեշտ են միանշանակ երաշխիքներ առ այն, որ բարեփոխումն ուղղված չէ կառավարող էլիտայի շահերի սպասարկմանը և չի դառնա դրա վերարտադրման գործիք: Սահմանադրության ցանկացած վերաձևում հանուն քաղաքական գործիչների ընթացիկ շահերի` երկրի քաղաքական դեգրադացման նշանն է: Սահմանադրության և առհասարակ սահմանադրական իրավունքի ամբողջ իմաստն այն է, որ սահմանափակի քաղաքական գործիչների այդպիսի մղումները` երկրի կառավարման բնագավառի, ինչպես նաև քաղաքացիների իրավունքների և ազատությունների երկարաժամկետ, դժվար փոփոխելի հիմնարար կանոնների հաստատումով: Սահմանադրությունները չեն ստեղծվել կառավարողների իշխանությունը հավերժացնելու համար, ճիշտ հակառակը: Միապետություններին սահմանադրություն պետք չէ: Իսկ բրոնզապատ իշխանությունը, որպես կանոն, լճացման երաշխիք է: Սահմանադրության հաճախակի փոփոխություններն ընդհանրապես կասկածելի են: Խոսքը գործող Սահմանադրության այս կամ այն հոդվածները հղկելու մասին չէ. դա կատարելագործման բնական գործընթաց է՝ լրամշակման միջոցով: Խոսքը պետական կառավարման բնագավառում հաճախակի փոփոխությունների խնդրայնության մասին է: Այդպիսի փոփոխությունների իրականացումը իշխանությունների կազմակերպչական ռեսուրսների էական ծախսեր է պահանջում: Ի դեպ, հասարակությունն իներցիոն բնույթ ունի և երկար է հարմարվում այդպիսի փոփոխություններին: Այդ պարագայում իրենք` իշխանության ինստիտուտներն էլ ադապտացվելու երկար ժամանակի կարիք են զգում: Կարծում եմ, որ երկրում առանց այդ էլ խնդիրների մի ստվար զանգված է կուտակվել: Իշխանությունը կարող է ուշադրությունը կենտրոնացնել դրանց լուծման վրա: Մի խոսքով, Սահմանադրությունը հարկավոր է փոխել այն ժամանակ, երբ չի կարելի դա չանել:
Իր ելույթներից մեկում նախագահ Սարգսյանը կարծիք հայտնեց, թե որևէ մեկը չպետք է իրավունք ունենա նախագահ ընտրվել երկու ժամկետից ավելի: Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ առաջարկվող սահմանադրական բարեփոխումների նպատակներից մեկը հենց այդ սահմանափակման ամրագրումն է:
Դրա համար Սահմանադրությունը վերաձևելու կարիք չկա, առավել ևս, երբ պարզվեց, որ նախագահն ինքը դեմ է հանձնաժողովի առաջարկած փոփոխություններին: Պետք է ընդամենը հանել “անընդմեջ” բառը գործող Սահմանադրության 50-րդ հոդվածից: Ընդամենը մեկ բառ: Սակայն այդ լրացումը հետադարձ ուժ ունենալ չի կարող և այդպիսով ներկա քաղաքական լանդշաֆտի վրա ոչ մի կերպ չի ազդի:
Պարոն նախագահ, փոքր-ինչ շեղվելով հիմնական թեմայից, անդրադառնանք ևս երկու-երեք արդիական հարցերի: Վարչապետ Սարգսյանի հրաժարականից հետո նախագահը բավականին բարձր գնահատական տվեց նրա գործունեությանը: Ըստ Ձեզ, ինչո՞վ է դա պայմանավորված:
Ես չգիտեմ, թե ինչպես և ինչն էր նա գնահատում նախկին վարչապետի գործունեության մեջ, սակայն, դատելով ամենից, աշխատանքի արդյունքներն այստեղ կապ չունեն: Տնտեսության ծավալը թե համադրելի թվերով, թե դոլարային արտահայտությամբ դեռևս ցածր է նախաճգնաժամային մակարդակից՝ պարտքի եռապատկման և աղքատության էական աճի պայմաններում: Այդպիսի արդյունքներով կարծես թե ընդունված չէ հպարտանալ:
Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը նոր վարչապետի մասին:
Իմ նախագահության շրջանում Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման լավ նախարար և փոխվարչապետ է եղել: Ինչպիսի վարչապետ կլինի՝ ցույց կտա ժամանակը: Ծանր ժառանգություն է ստացել: Նրան անկեղծորեն հաջողություն եմ մաղթում:
Եվ վերջին հարցը: Ելույթ ունենալով ՀՀԿ խորհրդի վերջին նիստում՝ նախագահը բավական թափանցիկ ակնարկ արեց Ձեր հասցեին, ասելով, որ որոշ նախկին բարձրաստիճան դեմքեր փնտրում են իրենց հաջողությունը գործող իշխանության ձախողումներում: Ինչպիսի՞ն կլինի Ձեր պատասխանը:
Բանավիճել նրա հետ չեմ պատրաստվում, քանի որ խոսքը գնում է իր սուբյեկտիվ զգացումների մասին: Առավել ևս, որ ՀՀ և ԼՂՀ բարձրագույն պետական պաշտոններում իմ գործունեության գնահատականը ոչ մի կերպ կախված չէ ներկայիս իշխանությունների արդյունավետությունից: Ափսոսում եմ, որ նախագահը երկրի ճակատագրով անկեղծ մտահոգությունը չտարբերեց իշխանությունների գործունեության ողբալի արդյունքների վրա չարախնդալուց:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.