Այսօր Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է. նա ծնվել է 1935 թվականի մարտի 15-ին Մոսկվայում: Ավարտելով միջնակարգ դպրոցը 1952 թվականին` նա ձկնաբուծական տնտեսության ֆակուլտետ է ընդունվում, որտեղ կես տարի ուսանելուց հետո տեղափոխվում է ֆիզկուլտուրայի ինստիտուտ: Այդ ողջ ընթացքում լրջորեն զբաղվում է բռնցքամարտով:
1955 թվականին Կրկեսային արվեստի պետական ուսումնարանում բացվում է ծաղրածուական բաժին, և Լեոնիդը որոշում է ընդունվել այդ ֆակուլտետ: 1959 թվականին ավարտելով ուսումնարանը` նա գալիս է Հայաստան և ընդունվում Երևանի պետական կրկես:
1964 թվականին Պրահայի ծաղրածուների միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի ու Բասսեի գավաթի։ 1971 թվականին հիմնել է էստրադային թատրոնը։ Նույն տարում նրան շնոհվել է Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում։
Ենգիբարյանն առաջինն էր, որ ստեղծեց պոետիկ ծաղրածուի կերպարը: Նրա ներկայացումները նպատակ ունեին ոչ թե հանդիսատեսից ծիծաղ քամելու, այլ ստիպելու նրան` մտածել: Նա հանդիսատեսի հիշողության մեջ մնաց` Ծաղրածուն` աշունը հոգում:
Ենգիբարյանը մահացել է 1972 թ-ին, հուլիսի 25-ին:
Ձեզ ենք ներկայացնում Լեոնիդ Ենգիբարյանի արձակ բանաստեղծություններից.
Աղջկան, որը կարողանում է թռչել
Դու մի՛ վախեցիր։ Քեզ հետ երբեք ոչինչ չի պատահի, որովհետև դու երկու սիրտ ունես։ Եթե մի պահ նրանցից մեկը կանգ առնի, ապա կողքին կբաբախի երկրորդը։ Նրանցից մեկը տվել է քեզ քո մայրը։ Նա ի վիճակի է եղել այդ անել, որովհետև տասնինը տարի առաջ կարողացել է սիրել, սիրե՜լ… Մի՛ ծիծաղիր, շատ դժվար է սիրելը։ Իսկ երկրորդ սիրտը ես եմ քեզ տվել։ Պահի՛ր քո կրծքում իմ խենթ սիրտը։ Եվ ոչ մի բանից մի՛ վախեցիր։ Նրանք կողք-կողքի են, եթե կանգ առնի մի պահ մեկը, ապա կբաբախի երկրորդը։ Միայն թե ինձ համար մի՛ անհանգստացիր, ես թեթև ու հիանալի քայլում եմ երկրի վրայով, դա յուրաքանչյուրին է հասկանալի։ Իմ սիրտը քո կրծքում է։
«Ես կրկին մենակ եմ…»
Ես կրկին մենակ եմ։ Տանջալի է։ Սարսափելի է, ապագան բոլորովին հույս չի ներշնչում։ Շատ դժվար է, բայց այնքան էլ նոր չէ մենակ լինելը։ Չկա մտերիմ մեկը՝ կին, որ հավատար, տաքացներ քեզ, և արդեն, երևի, այլևս չի լինի։ Սա դառը ճշմարտություն է։ Իսկ վաղը չափազանց դժվար, տաժանակիր աշխատանք է սպասվում, որի իսկական գինը միայն դու գիտես։ Եվ ի՜նչ աննշան կլինի հաջողությունը, եթե այն, իհարկե, լինի. փոխարենը ի՜նչ սարսափելի կլինի պարտությունը։ Իմ հանդիսատե՛ս, ես հավատում եմ, որ դու բարի կգտնվես։ Ինչի՞ մասին ես դու այսօր՝ այժմ, այս երեկո, մտածում, դու, որ վաղը գալու ես ինձ դիտելու, հավանաբար, ոչ իմ մասին։ Իսկ եթե նույնիսկ իմ մասին, քո մտքով անգամ չի անցնի, թե ի՜նչ տխուր է, թե ինչպե՜ս չի ուզում ապրել այս ծաղրածուն, թե ինչքա՜ն միայնակ է նա ու նաև քաղցած։ Այդ ինչպե՞ս է, որ սերը ու նրա նկատմամբ հսկայական պահանջկոտությունը բերում են գժտության։ Արդյոք քո մտքով կանցնի՞, որ ես բոլորովին, հասկանու՞մ ես, բացարձակապես միայնակ եմ։ Ես ինչպե՞ս բացատրեմ, որ չեմ կարող ներել սիրելի կնոջը իր սովորական մարդկային կանացի անցյալի համար, որովհետև ինձ համար սիրելի կնոջ անցյալը, ներկան և ապագան միասնական ամբողջություն են կազմում, որովհետև ես սիրել եմ նրան իր ծննդյան օրվանից սկսած և կսիրեմ մինչև նրա մահվան օրը, և այն ամենը, ինչ տեղի կունենա նրա հետ այդ ժամանակահատվածում, ինձ է վերաբերում, ամեն ինչ ես ընդունում եմ այնպես, կարծես թե այսօր առավոտյան է տեղի ունեցել։ Չե՛մ հասկանում, ոչինչ չե՛մ հասկանում, չե՛մ հասկանում ձեր օրենքները, ձեր բարոյականությունը, ձեր սերը, մեծահասակնե՛ր։ Չգիտեմ, ինչպես եմ ես ապրելու։ Ձեր աշխարհում ես չկարողացա ապրել, իսկ իմ աշխարհում ես միանգամայն մենակ եմ։
Պատուհանը
Պատուհաններ… Նրանցից յուրաքանչյուրի ետևում մարդիկ են։ Եվ պատուհանները պատմում են մեզ նրանց մասին։ Այդ պատերն ու դռներն են անթափանց, իսկ պատուհանները միշտ էլ մի քիչ դավաճաններ են։ Լսե՛ք ահա պատմություն, որն ինձ պատմել է մի պատուհան։ Լույսն այդ պատուհանի ետևում երբեմն վառվում էր մինչ ուշ գիշեր, իսկ երբեմն էլ երկու-երեք օր շարունակ ընդհանրապես չէր վառվում։ Պատուհանի գոգին միշտ թափված էին գծագրերի փաթեթներ, դրված էին կեֆիրի, հազվադեպ էլ գինու, շշեր։ Բայց մի անգամ պատուհանին ճերմակին տվեց վարագույրը, ճիշտ է, չափից ավելի գեղեցիկ-տխուր, իսկ պատուհանի գոգին հայտնվեց խորդենին՝ թունավոր-կանաչ տերևներով և կապտուկի նման հիվանդագին– վարդագույն ծաղիկներով։ Մեկ ամիս էլ, սակայն, չէր անցել, վարագույրն ու խորդենին անհետացան, և փոշոտված ապակու ետևում երևացին կեֆիրի շշերն ու գծագրերի փաթեթները։ Դրանից, չգիտես ինչու, ես շատ տխրեցի։ Հետո եկավ գարունը, չէ՞ որ նա անպայման երբևէ գալիս է։ Եվ հանկարծ պատուհանը բացվեց ու երևաց մի շիկահեր անծանոթ աղջիկ։ Նա ուրախ ու բարձրաձայն ծիծաղեց և պատուհանի գոգին դաշտային ծաղիկներ դրեց։ Ես ի պատասխան բերկրանքով ժպտացի և հանգիստ սրտով գնացի իմ գործերով։ Հետո ես մեկնեցի և երկար ժամանակ ճանապարհորդում էի։ Չորս տարի անց տուն վերադառնալով, ես, իհարկե, նայեցի ծանոթ պատուհանին… Փոքրիկ մի նկարիչ, լեզուն դուրս հանած, պատուհանի մաքուր֊ ապակու վրա հրաշալի նկար էր ավարտում, կապույտ-կապույտ ծով և ճերմակ-ճերմակ շոգենավ, որի ծխնելույզից թանձր քուլաներով սև ծուխ էր բարձրանում, ու նրանց վերևում կարմիր արևը իր շողերը բոլոր ուղղություններով տարածած։ Այդ նկարն ինձ դուր եկավ։
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.