Սուրեն Խաչատրյանի` «Լիցկայի», բացառիկ հարցազրույցը այն մասին, թե ինչից է առաջացել մականունը մանկության տարիներին, որ դեպքում էին տղաները հարգանքը շրջապատում կորցնում, ինչպես է հարստացել, ինչպես է արձագանքում այն խոսակցություններին, թե պատերազմի տարիներին թրքուհու է բռնաբարել, ում զանգն է իրեն հետ բերել Հայաստան, ինչպես է Հայաստանում ճանաչում և հեղինակություն ձեռք բերել, ովքեր են եղել իր աղջիկների ձեռքը խնդրած համարձակները, ինչ է կնոջը արգելում, որ դեպքում է տղաներին սպառնում «հերներն անիծել» ու «վիզները պոկել», որ երգով են ռեստորաններում իրեն ճանաչում, ումից է վախենում, ինչպես է ծանոթացել նախագահ Սերժ Սարգսյանի հետ և ավելին: SHAMSHYAN.com-ի հարցազրույցը Սյունիքի նախկին մարզպետ, ԵԿՄ վարչության անդամ Սուրեն Խաչատրյանի հետ ներկայացնում ենք ստորև.
—Պարոն Խաչատրյան, ծնողներից ստացած ո՞ր խորհուրդն է, որ միշտ ուղեկցում է ձեզ: Ինչպիսի՞ ընտանիքում եք մեծացել և ի՞նչ պայմաններում:
-Ծնվել եմ ազնվագույն, աշխատող, ռանչպար մարդկանց ընտանիքում: Նրանք իրենց բարությամբ և աշխատանքով միշտ էլ փառքի ու հարգանքի են արժանացել: Մեզ էլ աշխատասեր և հայրենասեր են դաստիարակել: Օրինակ, 1988 թվականին, երբ ես Ուկրաինայում էի, հաճախ էի զանգում տուն: Մի օր էլ զանգեցի այն ժամանակ, երբ Գորիսի Խոզանավար գյուղի սահմանում ադրբեջանցիները երկու չոբանի սպանել էին: Հայրս էլ, մայրս էլ այդ օրը շատ վրդովված էին: Մայրս ասաց. «Ա՛յ տղա, կարողա՞ լավ չես, մարդիկ էստեղ կրակում, հայերին սպանում են, դու ըտեղ նստել ես: Ես հաջորդ օրը թողեցի, եկա:
—Իսկ դուք «զրոյի՞ց սկսած» մեծահարուստներից եք, թե՞ զրկանքներով եք մեծացել և հասել այն ունեցվածքին, որը հիմա ունեք:
-Խնդրում եմ, լսեք: Ես ուզում եմ փաստերով խոսենք: Հիմա իմ ծնողները մահացած են, բայց 1900-1991 թվականներին իմ ծնողները բանկում ունեին 250 հազար ռուբլի: Եթե այդքան գումար ունեցող ընտանիքի պայմանները դժվար են, ես էլ ասելու բան չունեմ: Ծնողներս, ռանչպար լինելով, գյուղատնտեսության մեջ աշխատելով, կարողացել են շատ լավ վաստակել: Մենք աղքատություն չենք տեսել: Դեռ այն տարիներին, երբ մեքենաս դրսում կանգնացնում էի, գալիս տեսնում էի՝ ահագին մարդիկ հավաքված նայում են: Ես փաստերով եմ խոսում: Չորս երեխա ենք եղել` երեք եղբայր և մեկ քույր:
—Ինչպիսի՞ն էր Սուրեն Խաչատրյանը բակում, մանկապարտեզում, դպրոցում: Մեկ անգամ, երբ զրուցում էինք, ասացիք, որ ձեր մականունը ոչ թե Լիսկա է, այլ Լիցկա, ինչը ստացել եք դեռ մանուկ հասակում ձեր ակտիվության համար: Եթե կարելի է, մեր ընթերցողների համար էլ «չակերտները բացեք»: Ինչպես նաև, թե ինչի շուրջ էին ձեր վեճերը: Մանկության տարիներից ավելի շատ սպիներ ժառանգե՞լ եք, թե՞ պատճառել: Ինչպես նաև ունե՞ք կյանքի ուսուցիչ, թե՞ ոչ:
-Մանկապարտեզում ակտիվ եմ եղել, դպրոցում՝ գերազանցիկ, տեխնիկումում՝ նույնպես: Ինչ վերաբերում է սպիներին, հենա, դեմքիս երևում ա: Բայց սարից եմ գլորվել, ձիուց եմ ընկել հարյուրավոր անգամ: Դպրոցում էլ, բակում էլ վեճեր լինում էին, ինչքան էլ երեխան համեստ կամ ակտիվ լինի: Դրանք բակային վեճեր են, և ոչ ոք չի կարող հրաժարվել, որ նման բան եղել է: Ես ինքս էլ չեմ հրաժարվում, որ բազմաթիվ վեճերի և կռիվների եմ մասնակցել: Գորիսում ավանդույթ կար, որ դեռ 1970-ական թվականներին թաղ-թաղ իրար հետ կռվում էին: Հավաքվում էինք, էլ փայտով, էլ երկաթով, ինչ ձեռքի տակ հայտնվեր, կռվում էինք: Ինչ վերաբերում է «Լիցկա» մականվանը, մեր թաղում մի մեծ մարդ կար, ով տեսնելով իմ ակտիվությունը՝ ասում էր. «Այս տղան լիցքավորված է»: Այդպես էլ առաջացել է «Լիցկա» մականունը: Գորիսը միշտ էլ երիտասարդությամբ ակտիվ է եղել, մեծերից էլ ենք շատ բան տեսել և սովորել, բայց որ ասեմ՝ կա մեկը, ով կյանքում ինձ համար ճանապարհ է հարթել կամ իրենց շատ բան եմ սովորել, չէ:
—Տարիների ընթացքում արժեհամակարգը փոխվում է: Օրինակ, այն տարիներին ո՞ր արարքի համար էին երիտասարդներին պիտակավորում, ինչպես այսօրվա խոսակցականով են ասում՝ «կոտրում», ինչի՞ արդյունքում էին նրանք դառնում վատ տղաներ:
-Շատ բաներ կային առաջնային տեղում, որի համար կարող էիր վատ մարդկանց շարքերը դասվել: Հիմա ի՞նչ ասեմ, որ բռնաբարության համար դատվողները, նման արարք անողները վատ մարդիկ էին: Նրանք հենց վատ օրինակ էին և այն ժամանակվանից դա վատ արարք է:
—Ուսանողական տարիներին ինչո՞վ աչքի ընկաք: Երբ հանդիպում եք ձեր ուսանողական ընկերներին, հատկապես ինչո՞վ են հիշում ձեզ:
-Ուսանողական տարիներս էլ են մեր թաղում անցել: Մեր դպրոցից մի քանի մետր վերև մեր տեխնիկումն էր: Նույն թաղն էր, նույն երեխեքը: Բայց այդ ժամանակ ձեռք բերեցինք տարբեր ընկերներ Արցախից, Եղեգնաձորից, Երևանից, Ախալքալաքից, Սյունիքի տարբեր քաղաքներից: Ես աչքի ընկա նրանով, որ դրսից եկած որևիցե մեկին տեղացիները իրավունք չունեին նեղացնեին:
—Ոչ բոլորին է հաջողվում նման դեր ստանձնել: Բնականաբար դրան հասնելու համար պետք է ճանապարհ անցած լինես: Ձեր ո՞ր հատկանիշի արդյունքում էիք դրան հասել:
-Չէ, աչքիս դու պարապ ես: Ես կարծում եմ, որ ուրիշ հարցեր էլ ունես: -Չպատասխանելը ձեր իրավունքն է, բայց, բնականաբար, ուրիշ հարցեր էլ կան: Հաճա՞խ եք հիշում ձեր բանակի տարիները, պահու՞մ եք կապը բանակի ընկերների հետ:
-Իհարկե: Ես ծառայել եմ Բայկոնուրում, ու շատ լավ, որի համար ինձ արձակուրդ են տվել, խրախուսել, բանակից ժամկետից շուտ ազատել, այսինքն` մեկ ամիս շուտ են զորացրել: Այնտեղ մի քիչ դժվար, ծանր տեղ էր: Մեր զորամասը իր դժվարությամբ հայտնի էր: Ամբողջ «սայուզն» էր խոսում այդ մասին: Բանակում՝ մեր «չաստում», կոնկրետ 10 հոգի էինք հայ, բայց մինչև այսօր կապը պահում ենք: Բանակի ընկերությունը նրանով է տարբերվում, որ մարդու հիմնական կայացման տարիներն են: Ավելին` սկսում ես կայանալ դժվարության մեջ, դրա համար էլ բանակի ընկերը հարազատ է և թանկ: Բայց ոնց հասկանում եմ, քեզ նաև կռիվներն են հետաքրքրում: Ասեմ, որ տարբեր ազգերի հետ կռվել ենք, բայց ամենից շատ մեր կռիվներից ադրբեջանցիներն են տուժել: Եթե դա քեզ հետաքրքրում է, ես կարող եմ ընկերներիս ասել, գան, պատմեն, թե ադրբեջանցիներին ինչ օրի ենք գցել, կռվել և ծեծել: Շատ մեծ թվով ադրբեջանցիներ կային:
—Զրուցակիցներիցս մեկը պատմում էր, որ ադրբեջանցիներին ստիպողաբար խոզի միս էին ուտացնում, որը նրանք չեն ուտում: Ձեզ մոտ նրանց ճնշելը ի՞նչ ձևով էր դրսևորվում:
-Դե, ես ճաշարանի վարիչ չէի, որ նման բան անեի, բայց լավ ծեծում էինք: «Գառնիզոնում» հայերի ու ադրբեջանցիների կռիվը ավանդական էր դարձել: Մեզանից առաջ հայերի «պրիզիվը» քիչ է եղել, ինչի արդյունքում ադրբեջանցիները մերոնց ճնշել են: Մենք որ գնացինք, դա լսելով՝ փորձեցինք նրանց պատասխան տալ և 2 տարի անընդհատ այդ պատասխանը տվեցինք ծեծի միջոցով:
—Ի՞նչ աշխատանքով վաստակեցիք ձեր առաջին գումարը և ինչի՞ վրա ծախսեցիք:
-Ավտոնորոգման գործարանում բանակից հետո մեխանիկ էի աշխատում` շարժիչագործ: Մինչև այդ չեմ աշխատել: Այնտեղ աշխատանքը շատ էր և հնարավորություն կար, բացի պետական վճարներից, նաև հավելյալ գումար վաստակել: Ես միշտ էլ այդ հավելյալ վճարները ունեցել եմ:
—Իսկ ինչպե՞ս միլիոնատեր դարձաք:
-Ուկրաինայում ես ատամնատեխնիկ էի: Հայաստանից գնալով այնտեղ՝ ատամնաբուժարան բացեցի: Աշխատեցինք 10 տարի:
—Բնականաբար, այնտեղ ատամնաբուժարաններ կլինեին: Ձեր ատամնաբուժարանը ինչո՞վ էր տարբերվում, ի՞նչ քայլերի դիմեցիք, որ ատամնաբուժարան բացելով՝ միլիոնատեր դարձաք:
-Մեր ատամնաբուժարանը մնացածից տարբերվում էր նրանով, որ մնացած պետական ատամնաբուժարաններում մարդիկ պետք է հերթագրվեին, գյուղից շաբաթվա մեջ երեք-չորս անգամ գային, իրենք իրենց աշխատանքից կտրվեին, հերթ կանգնեին, չափումներ անեին: Իսկ մենք այնպես արեցինք, որ այդ մարդը իր գործից չկտրվի: Իբրև գործից հետո գնում էինք, չափսերը վերցնում, ատամները բուժում և երկու-երեք օր հետո իրենց տանը ատամները տեղադրում: Այսինքն` ավելորդ հերթերի չէին սպասում, գործից չէին կտրվում:
-Բա մյուս ատամնաբուժարանները չէի՞ն նեղվում:
-Այդ նույն «ռայոնի» առաջին քարտուղարի հետ ենք մենք խոսակցություն ունեցել: Ես իրան ներկայացրեցի, որ մեր արած աշխատանքը ավելի օգտավետ է, քան մյուսներինը: Իրեն բացատրելուց հետո ինքը իսկապես հասկացավ, որ իր «ռայոնի» գյուղացին մի քանի օրով գործը հետ չի գցում:
—Արդեն ասացիք, որ ձեր մոր զանգը պատերազմի տարիներին ձեզ հետ բերեց հայրենիք: Հայաստանում ինչպե՞ս ճանաչում ստացաք, ո՞ր արարքի կամ քայլի արդյունքում:
-Ամեն ինչ սկսվեց պատերազմից: 1989 թվականի նոյեմբերի 4-ին, երբ ամբողջ Սյունիքում պարետային ժամ էր, Որոտանում թուրքեր էին ապրում: Մի թուրք գորիսեցիներից մեկին խփում, սպանում է: Դա ահավոր մեծ վիշտ էր բոլոր սյունեցիների համար: Ինչքան էլ պարեկային ժամ էր և ռուսական զորքերով շրջապատված, գնացինք և մի 5 գյուղ վառեցինք: Դրա կազմակերպիչը ես էի՝ իմ ընկերների հետ: Իսկ նոյեմբերի 5-ը երկու օր իրար վրա Մոսկվայի «Վրեմիա»-ով հայտարարեցին՝ «Գորիսիսկիյիե ագրեսորի»: Դա ինձ համար մեծ հպարտություն էր, ասեմ՝ իմանաս: Մենք մեր գործը արեցինք, ինչը շարունակություն ունեցավ և ամբողջ Սյունիքի սահմանները այդպիսին էին, պետք է այդպես անեինք, որ նրանք իմանային:
—Նախապես ներողություն եմ խնդրում, բայց կուզեք այս հարցին պատասխանեք, կուզեք՝ ոչ: Անգամ ասում են, որ այդ տարիներին հայրենասիրական դրդումներով թրքուհու եք բռնաբարել:
-Դա ապուշություն է: Նման բան չի եղել: Հավատացեք, նման բան չի եղել:
—Ինչպե՞ս ընտանիք կազմեցինք, ինչպիսի՞ հայր եք ընտանիքում: Խի՞ստ եք, թե՞ ոչ: Կա՞ն բաներ, որ արգելում եք ձեր երեխաներին կամ հնարավորություն ունենալով հանդերձ՝ չեք գնում, խնդրանքը չեք կատարում՝ մտածելով հանդերձ, որ պետք չէ:
-Դե, հանդիպել ենք և ամուսնացել: Այդ թեմայով՝ վե՛րջ: Ինչ վերաբերում է երեխաներիս դաստիարակությանը, ապա իրենց ասված է, որ եթե գնաս մեկի համար մյուսին ապտակես, հերներդ կանիծեմ, վիզներդ կպոկեմ: Լավագույն դեպքում, գնա երկուսին բարիշացրու: Դրա համար քեզ ավելի կհարգեն: Իհարկե, արգելքներ էլ եմ դնում: Ընտանիքս դաստիարակված ա իմ ոճով, իմ ձևով: Բոլորն էլ մարտունակ են և պատրաստակամ: Իրենց մեջ նվիրում կա: Եթե վաղը պատերազմ լինի, տղաներս իմ հետ գնալու են: Պատերազամի տարիներին, երբ Գորիսը, Սյունիքը, Կապանը ռմբակոծում և հրետանակոծում էին, այդ ժամանակ մենք ապրում էինք բարձրահարակ հինգ հարկանի շենքում: Բոլորն իջնում էին «պադվալային» հարկ: Բայց իմ ընտանիքում այդպիսի դաստիարակություն չկար: Կինս այդ իրավունք չուներ, որովհետև ամոթ էր: Եթե ես առաջին գծում եմ, ինքն էլ իր կյանքը փրկելու համար իջնի «պադվալային» հարկ, ինչի՞ նման կլիներ: Բոլոր բնակիչները ասում էին՝ «իջի-իջի», բայց ինքը չէր կարող իրեն թույլ տար իջնել: Իսկ երեխաների առաջ շատ արգելքներ եմ դրել, շատ: Շատ է եղել, որ ինչ-որ բան են խնդրել, չեմ գնել: Կամ գտել եմ, որ տարիքն է, ի վիճակի է այդ մեքենան վարելու, գնել եմ: Հազարավոր դեպքեր են եղել, որ իրենք առաջարկել են, ես մերժել եմ՝ կապված մեքենաների, արտերկիր մեկնելու հետ:
—Ձեր երկու աղջիկներն էլ ամուսնացած են: Շատ հետաքրքիր է, ովքե՞ր են այն համարձակները, ովքել մոտեցել են ձեզ՝ ձեր աղջկա ձեռքը խնդրելու:
-Աղջիկներս արդեն իրենց ընտանիքը ունեն: Իրենք այնքան նորմալ մարդիկ են եղել, որ իրենց ամուսնություն առաջարկողին ասել են, որ ծնողիս հետ պետք է անպայման խոսեք: Եթե ծնողս հավանություն չտվեց, մենք չենք կարող շարունակել: Արդյունքում դա եղել է ի նպաստ իրենց: Այսօր շատ լավ ընտանիքներ ունեն: Բայց շատերի հետ համաձայնության չեմ եկել ու չեմ էլ թողել, որ խոսակցությունը շարունակեն: Փեսաներիցս մեկը բժիշկ է, մյուսը՝ տնտեսագետ: Մյուսի ծնողները գյուղում ուսուցիչներ են, իսկ մյուս փեսայի մայրը բժշկուհի է, իսկ հորը մինչև հիմա չեմ էլ տեսել, քանի որ դեռ մինչև ամուսնանալը բաժանված են եղել: Ես հո ծնողի՞ն չեմ աղջիկ տալիս, որ գնայի տեսնեի, թե ինչ ունեն, ինչ հարստություն, այլ տալիս եմ մարդու, որի հետ պետք է համատեղ ընտանիք կազմեն:
—Իսկ Սուրեն Խաչատրյան անունով թոռնիկ ունե՞ք:
-Դեռ տղա թոռնիկ չունեմ, բայց հույս ունեմ, որ կունենամ:
—Իսկ ռեստորաններում ձեզ ինչպե՞ս են ճանաչում: Ի՞նչ երգեր եք պատվիրում, որքա՞ն թեյափող եք թողնում:
-Իհարկե, «Սյունյաց սարեր»-ն եմ պատվիրում: Իսկ թե որքան թեյափող եմ տալիս, թույլ տվեք չպատասխանեմ:
—Ի՞նչ հավաքածուներ ունեք:
-Զենքերի հավաքածու ունեմ: Հիմնականում նվերներ են, բայց երբ լավ զենք է լինում, ես գնում եմ: Նվերներ էլ ունեմ, բայց պատերազամից մնացած զենքեր ել ունեմ, որ այդ ժամանակվանից ինձ հետ են: Եզակի զենքեր են:
—Դուք ասացիք, թե ինչպես եք ադրբեջանցիներին պատժել, իսկ եղե՞լ է, որ փրկեք թշնամու կյանքը:
-Շատ է եղել: Նորմալ մարդիկ եղել են: Մի անգամ ռեստորանում երկու եղբոր շատ «փիս» ծեծել էին: Ես եկա, դրանց տեսա, խղճացի ու էլ չթողեցի, որ ծեծեն: Օգնեցի. փրկեցի, ճանապարհեցի, որ էլ ավելորդություններ չլինեն: Լաչինի շրջանում դա մի լեգենդ էր դարձել, որ այսպիսի մարդ կար, որ թուրքի կյանք փրկեց:
—Շատերը ձեզնից են վախենում: Դու՞ք ինչից եք վախենում: Ինքներդ ձեզ հարցրե՞լ եք, թե ինչու են ձեզնից վախենում:
-Ես ոչ մի բանից չեմ վախենում, միայն լրագրողներից: Շատ վատ բան է, երբ մարդուց վախենում են: Բայց սյունեցին վախկոտ չի, որ ինձնից վախենա: Հայոց պատմության ընթացքում ունենք մի հպարտանալու անկյուն. դա Սյունիքն է և սյունեցին: Սյունեցին պահեց ազգային ինքնությունը, բոլոր ազատագրական շարժումները Սյունիքից սկսվեցին, բոլոր հաղթանակները Սյունիքով էր պայմանավորված: Ես ընտրություններում ամենաշատ ձայներն եմ ապահովում: Իսկ մարդուց վախենալով՝ չեն կարող նրան այդքան ձայն տալ: Դեռ 88 թվականին մնացած ունեցվածքս մի կողմ դնեմ, ես 1,5 ռուբլի եմ տվել, զենք-զինամթերք առել, բերել: Մարդիկ տեսնում, գնահատում են, թե ոնց կարելի է սեփական փողը դնել, զենք առնել, բերել: Ժամանակ ա եղել, որ Նոր տարվա նախորյակին ձեռքս փող չի եղել, բայց գիտեի, որ մարդիկ Նոր տարի պետք է անեն, բանկից վարկով փող եմ վերցրել ու բաժանել մարդկանց, որ Նոր տարի անեն, իրենց սեղանը տոնական դարձնեն: Սյունեցիները գնահատող ժողովուրդ են: Չի կարելի մի տարածքում մարդ 25 տարի ապրի ու իրենից վախենալով՝ իրեն ընտրեն կամ ինքը հաջողություններ ունենա: Դա հնարավոր չի:
—Ձեզ արդեն այլ կերպ կճանաչեն: Ձեզ յուրովի բացահայտեցիք:
-Բա սխալը դա է, որ մարդուն առանց ճանաչելու ներկայացնում ու կարծիք են կազմում:
—Բայց ինչու՞ եք ընդհանրացնում:
-Դե, որովհետև դա ձեր «ֆիրման» ա է, ձեր «բրենդն» ա է:
—Շատերը կարծում են, որ հարուստ մարդիկ խնդիրներ չունեն: Դուք ի՞նչ խնդիրներ ունեք: Եղե՞լ են դեպքեր, երբ ձեզ հարցնեն, թե ինչով կարող են օգնել: Բացի այդ, ասում են, որ երբ մարդը հայտնվում է մթության մեջ, անգամ նրա ստվերն է նրան լքում: Վերջին միջադեպից հետո եղա՞ն մարդիկ, որ ձեզ լքեցին:
-Ոչ: Վերջին միջադեպից հետո բոլոր սյունեցիներն էլ ամեն օր էլ ասում են. «Մենք ի՞նչ անենք, մենք ինչո՞վ կողքիդ կանգնենք: Մեղրեցին էլ, կապանցին էլ, ագարակցին էլ, քաջարացին էլ, գորիսեցին էլ, սիսիանցին էլ տեսել են: Հանրապետության նախագահն էլ է տեսել: Երբ դեռ մեկ տարի առաջ Սյունիքից քարոզարշավը սկսեց Մեղրիի մշակույթի տնից, որ դուրս եկանք բակերը, շատ լավ ասֆալտապատված էր, նախագահը հարցրեց. «Բյուջեո՞վ եք արել»: Ասացի՝ չէ, որտեղի՞ց այդքան բյուջե, ես եմ արել: Ասեց. «Ո՞նց: Չհասկացա»: Ասացի. «Պարոն նախագահ, միայն այս չի», ու սկսեցի թվարկել: Էլի ասաց. «Չհասկացա, էլ ի՞նչ ես արել»: Էլի թվարկեցի: Բա, թե. «Չհասկացա, էլի՞ քո սեփական փողերով: Պատմի, տեսնեմ, թե ոնց»: Ասացի. «Պարոն նախագահ, ես մարզպետ եմ, հիմա եկել եմ Մեղրի, ժողովուրդը ասում ա, «Պարոն մարզպետ, ո՞նց կլինի այս ցեխի մեջով մտնենք մշակույթի տուն»: Վերջը ես մարզպետ եմ, ինձ հետ հույս ունի, ո՞նց նրան մերժեմ: Ասում եմ, էլի դա չի, միայն Ղափանում թաղամաս կա, որտեղ մեքենա չէր անցնում: Ես հանեցի 70 միլիոն փող տվեցի, որ ասֆալտապատեն: Սիսիանում հարյուր միլիոններով եմ տվել:
—Նախագահի հետ ինչպե՞ս ծանոթացաք:
-Նրա հետ պատերազմի դաշտում եմ ծանոթացել: Մինչև այդ ծանոթ չենք եղել: Հավատացեք, ինքը շատ մեծ և իմաստուն մարդ է: Մեր ազգային բնավորությունը այնպիսին է, որ երբեք չենք ուզում մեծերին գնահատել: Բայց հետո ժամանակները անցնում են, նոր են գնահատում: Նախագահը իսկապես բարի, իմաստուն, հայրենասեր մարդ է: Պատերազմի դաշտում, երբ նա եկավ Հորադիզ, ես եմ նրան դիմավորել: Ինքը եկավ, մտավ ուղիղ խրամատ: Իսկ այն ժամանակ զինվորները բարոյալքված էին, շատ հրամանատարներ տեր չէին կանգնում զինվորներին: Ես զենքի, զինամթերքի շատ լուրջ խնդիրներ ունեի: Դա այն ժամանակ էր, երբ Ելցինը «օդ ու ջուրը փակել էր»: Ինքը այն ժամանակ ՊՆ նախարարն էր: Եկավ, մտավ խրամատ ինչ ասեցինք, ինքը խոստացավ: Ասացի. «Պարոն նախարար, կլինի՞»: Ասեց. «Սուրիկ, բա ի՞նչ պետք է լինի»: Ասաց՝ կարո՞ղա առաջին գծում կանգնած զինվորին առանց շոր, զենք, սոված թողնեմ: Եվ ինքը ինչ խոստացել է, կարճ ժամանակում եկավ և բերեց: Ինքը իր խոստացածը ե՛ւ ուղարկեց, ե՛ւ դրանից հետո եկավ, անձամբ ստուգեց՝ տե՞ղ է հասել, թե՞ չէ: Նրա նվիրվածությունից շատ տղաներ իրենց կյանքը չէին խնայում: Մեծ հարգանք ուներ, բոլորի նկատմամբ ուշադիր էր: Բոլորին ճանաչում էր անունով, բնավորությամբ, ինչպիսի վիճակում են ապրում:
—Շատերն ասում են, որ 50-ից առաջ ավելի հետաքրքիր է, քան 50-ից հետո, և տխուր երգեր ձոնում: Կայացել եք, ընտանիք ստեղծել, մեծ ճանաչում, հեղինակություն ունեք: Հիմա՞ ինչով է կյանքը հետաքրքրանում, ի՞նչ նպատակներ ունեք:
-Ես մի նպատակ ունեմ, որ Սյունիքը ամբողջովին բարեկարգ տեսնեմ:
—Իսկ դրանից դու՞րս:
-Լսեցեք, մի բան ասեմ: Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Եթե չափը անցնում ես, ոչ ոք ոչինչ չի վայելում: Չափը անցնում են այն մարդիկ, ովքեր երիտասարդ տարիներին փող չեն տեսել, հետո տեսել են ու գայթակղվել են և չեն հագենում: Տեսեք, ես այնքան եմ տեսել, որ սովետական տարիներին օրը չորս, հինգ հազար ռուբլի փող եմ աշխատել: Ես այդքան տեսել եմ: Էլ ես ինչի՞ մասին պետք է մտածեմ: Իսկ իմ ընտանիքի անդամները պետք է չափի մեջ ապրեն, ինչքան էլ որ մեծ կարողություն ունեմ: Դրանով է, որ ես Սյունիքում նման հարգանք եմ վայելում:
-Պարոն Խաչատրյան, թեև փակ մարդ եք, բայց շնորհակալ եմ՝ հնարավորինս չափ անկեղծանալու համար: Իսկապես որ քաջ և համարձակ մարդ եք: Ցանկանում եմ, որ լրագրողներից էլ վախենալու առիթներ չունենաք:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.