Ըստ ՀՀ դատական օրենսգրքի` դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը քննելու արդյունքում Արդարադատության խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը. 1) նախազգուշացում 2) նկատողություն, որը զուգորդվում է` դատավորին 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով 3) խիստ նկատողություն, որը զուգորդվում է` դատավորին 1 տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով 4) դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ Հանրապետության Նախագահին դիմելը: 2013 թվականի առաջին կիսամյակին կարգապահական պատասխանատվության են ենթարկվել 13 դատավորներ, որոնցից 1-ը հեռացվել է պաշտոնից:
Թե ովքե˚ր են այդ դատավորները և ի˚նչ հիմքով են ենթարկվել կարգապահական պատասխանատվության, ներկայացնում է Iravaban.net-ը:
Արդարադատության խորհուրդը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Յուրի Բաղդասարյանին հայտարարել է խիստ նկատողություն` զուգորդված մեկ տարի ժամկետով աշխատավարձի քսանհինգտոկոսից զրկելով: Կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար էական նշանակություն է ունեցել այն փաստը, որ միջին ծանրության հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող Ս. Ս.-ն անազատության մեջ է գտնվել 2012թ. մարտի 15-ից, և նրան կալանքի տակ պահելու օրենքով սահմանված թույլատրելի ժամկետը լրանում էր 2012թ. սեպտեմբերի 15-ին: Անտեսելով վերը նշված օրենսդրական պահանջը` Դատարանն իր 10.09.2012թ. որոշմամբ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ս. Ս.-ին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացրել ևս երկու ամիս ժակետով` մինչև 15.11.2012թ.: Պաշտպանության կողմի վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 28.09.2012թ. որոշմամբ վերացրել է Դատարանի 10.09.2012թ. որոշումը և Ս. Ս.-ին ազատել կալանքից: Արդյունքում Ս. Ս.-ն կալանքի տակ է գտնվել 6 ամիս 13 օր` թույլատրելի ժամկետից 13 օրով ավելի:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին Արդարադատության խորհուրդը հայտարարել է նախազգուշացում: Ըստ Խորհրդի` գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թիվ ԵՇԴ/1426/02/10 քաղաքացիական գործի քննությունը տևել է 2 տարի: Հրավիրվել են թվով 43 դատական նիստեր: Թիվ ԵՇԴ/0045/02/09 քաղաքացիական գործի քննությունը տևել է 40 ամիս (3 տարի 4 ամիս), և 18.09.2012թ.-ից այն գտնվում է կասեցված վիճակում: Գործի քննության ընթացքում նշանակվել են 33 դատական նիստեր: Դատարանը, օգտվելով օրենսդրությամբ իրեն վերապահված իրավունքից, 2 անգամ (30.04.2010թ.-ին և 14.11.2011թ.-ին) փորձաքննություն նշանակելու հետ մեկտեղ գործի վարույթը չի կասեցրել և նշանակել է դատական նիստեր, սակայն համապատասխանաբար 5 (02.06.2010թ., 02.08.2010թ., 09.09.2010թ., 14.10.2010թ., 17.11.2010թ.) և 4 (12.03.2012թ., 03.05.2012թ., 03.07.2012թ., 18.09.2012թ.) անգամ դատական նիստեր նշանակելուց հետո նոր միայն կայացրել է քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին որոշում: Հատկանշական է, որ վերոնշյալ դատական նիստերը յուրաքանչյուր անգամ հետաձգվել են բացառապես փորձագետի եզրակացությունը չստանալու համար: Թիվ ԵՇԴ/0139/02/11 քաղաքացիական գործը Դատարանի կողմից վարույթ է ընդունվել 08.02.2011թ., և 05.04.2011թ. նշանակվել է դատական նիստ: 26.09.2012թ. կայացված վճռով հայցը բավարարվել է: Սույն քաղաքացիական գործով դատական նիստերը պարբերաբար հետաձգվել են շինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն նշանակելու, այլ քաղաքացիական գործերով դատական նիստերը շարունակվելու, դատավորի արձակուրդի մեջ գտնվելու, փորձագետի եզրակացությունը չստանալու և այլ պատճառաբանություններով: Թիվ ԵՇԴ/0713/02/10 քաղաքացիական գործի քննությունը տևել է մոտ 27 ամիս (2 տարի 3 ամիս): Գործի քննության ընթացքում նշանակվել են 38 դատական նիստեր: Խորհուրդը գտել է, որ Դատարանի կողմից օրենքով սահմանված կարգով չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ` մատնանշված քաղաքացիական գործերի քննությունները անհարկի ձգձգումներից զերծ պահելու և ողջամիտ ժամկետում քննելու կապակցությամբ, որի արդյունքում խախտվել է օրենսդրությամբ և Վարքագծի կանոններով սահմանված գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանման պահանջը:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանին Արդարադատության խորհուրդը հայտարարել է նախազգուշացում: Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թիվ ԵԱՔԴ/1297/02/10 քաղաքացիական գործը Դատարանի կողմից վարույթ է ընդունվել 15.07.2010թ., և որոշվել է գործը նախապատրաստել դատաքննության: Դատարանի կողմից միայն 08.12.2010թ. որոշում է կայացվել նախնական դատական նիստ հրավիրելու մասին, որի արդյունքում 23.12.2010թ. հրավիրվել է նախնական դատական նիստ: Ներկայումս թիվ ԵԱՔԴ/1297/02/10 քաղաքացիական գործը գտնվում է Դատարանի վարույթում, որի արդյունքում` սույն քաղաքացիական գործի քննությունը տևում է ավելի քան 30 ամիս (2 տարի 6 ամիս), որից մոտ 7 ամիս գտնվել է կասեցված վիճակում: Վերոգրյալի արդյունքում Խորհուրդը գտել է, որ Դատարանի կողմից օրենքով սահմանված կարգով չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ մատնանշված քաղաքացիական գործերի քննությունները անհարկի ձգձգումներից զերծ պահելու և ողջամիտ ժամկետում քննելու կապակցությամբ, որի արդյունքում խախտվել է օրենսդրությամբ և Վարքագծի կանոններով սահմանված գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանման պահանջը:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը նախազուշացում է ստացել: Արդարադատության խորհրդի որոշման համաձայն` թիվ ԵԿԴ/2660/02/10, թիվ ԵԿԴ/0190/02/11, թիվ ԵԿԴ/0532/02/11, թիվ ԵԿԴ/1095/02/11, թիվ ԵԿԴ/0595/02/11, թիվ ԵԿԴ/1042/02/11, թիվ ԵԿԴ/1230/02/11, թիվ ԵԿԴ/0772/02/11, թիվ ԵԿԴ/0473/02/11 և թիվ ԵԿԴ/1279/02/10 քաղաքացիական գործերի 7 քննությունը համապատասխանաբար տևել է շուրջ 1 տարի 10 ամիս, 1 տարի 8 ամիս, 18 ամիս, 15 ամիս, 17 ամիս, 16 ամիս, 15 ամիս, 17 ամիս, 18 ամիս և 26 ամիս: Ընդ որում, նշված քաղաքացիական գործերից վերջին ութի նիստերի միջակայքը կազմել է 6-7 ամիս: Խորհուրդը գտել է, որ Դատարանի կողմից օրենքով սահմանված կարգով չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ մատնանշված քաղաքացիական գործերի քննությունները անհարկի ձգձգումներից զերծ պահելու և ողջամիտ ժամկետում քննելու կապակցությամբ, որի արդյունքում խախտվել է օրենսդրությամբ և Վարքագծի կանոններով սահմանված գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանման պահանջը: Ինչ վերաբերում է դատավոր Ռուբեն Ներսիսյանի այն փաստարկին, որ 2011-2012թթ. քննված գործերի մի մասը եղել են մեծածավալ, հասարակական հնչեղություն ունեցող, ուստի դրանց քննությունը տեղի է ունեցել երկար ժամանակահատվածում, որի պատճառով այլ քաղաքացիական գործերի քննությունը հետաձգվել է, ապա Խորհուրդը գտել է, որ դատավորը ցանկացած ծանրաբեռնվածության պայմաններում պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները ողջամիտ ժամկետում գործերի քննությունն ապահովելու համար:
Երևան քաղաքի Ավան և Նոր- Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանին Արդարադատության խորհրդի կողմից ենթարկվել է նախազգուշացման: Խորհուրդը գտել է, որ Դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանի վարույթում գտնվող թիվ ԵԱՆԴ/0010/01/12 գործը չի պարունակում այնպիսի բարդություն, որը կհիմնավորեր այն 11 ամսյա ժամկետում քննելու հանգամանքը: Հետևաբար Խորհուրդն արձանագրել է, որ սույն գործը չի քննվում ողջամիտ ժամկետում: Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թիվ ԵԱՆԴ/0010/01/12 քրեական գործի քննության ընթացքում մեղադրողը` 8 անգամ, իսկ տուժողի ներկայացուցիչը` 5 անգամ չեն ներկայացել դատական նիստերին և դատավոր Արմեն Վարդապետյանի կողմից այդ կապակցությամբ որևէ միջոց չի ձեռնարկվել: Խորհուրդը գտել է, որ Դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանի կողմից օրենքով սահմանված կարգով համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել գործի քննությունն անհարկի ձգձգումներից զերծ պահելու կապակցությամբ, այն է` մեղադրողի և տուժողի ներկայացուցչի կողմից դատական նիստերին բացակայության անթույլատրելիության վերաբերյալ չեն տեղեկացվել համապատասխանաբար գլխավոր դատախազը և Փաստաբանների պալատը: Վերոգրյալի արդյունքում Խորհուրդը գտել է, որ Դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանի կողմից խախտվել է ՀՀ ներպետական և միջազգային օրենսդրությամբ սահմանված գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանման պահանջը:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ալվարդ Հունանյանը ենթարկվել է նախազգուշացման: Թիվ ԵԱՔԴ/2738/02/09, թիվ ԵԱՔԴ/1530/02/10, թիվ ԵԱՔԴ/1532/02/10, թիվ ԵԱՔԴ/1533/02/10, թիվ ԵԱՔԴ/2174/02/11 և թիվ ԵԱՔԴ/0322/02/12 քաղաքացիական գործերով Դատարանի կողմից ինքնաբացարկի որոշումները կայացվել են հայցադիմումները վարույթ ընդունելուց հետո գործերը համապատասխանաբար շուրջ 1 տարի 5 ամիս, 1 տարի 7 ամիս, 1 տարի 6 ամիս, 1 տարի 6 ամիս, 10 ամիս և 4 ամիս քննելուց հետո, ընդ որում, ոչ բավարար հիմքով, այն է` միայն միջնորդությունները ներկայացնողների կասկածները փարատելու համար: Կարգապահական հանձնաժողովը գտել է, որ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել բոլոր այն դեպքերում, երբ դա պահանջվում է օրենքով, իսկ օրենքի պահանջը հանգում է նրան, որ դատավորը պետք է ինքնաբացարկ հայտնի, եթե նա ուղղակի կամ անուղղակի շահագրգռված է գործի ելքով: Մինչդեռ դատավորի անաչառության վերաμերյալ կասկածն ինքնաբացարկի միջնորդությունը բավարարելու հիմք հանդիսանալ չի կարող, որի արդյունքում դատավոր Ալվարդ Հունանյանի կողմից ոչ միայն չեն պահպանվել ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 91-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասով և Վարքագծի կանոնների 15-րդ կանոնով սահմանված ինքնաբացարկ հայտնելու իրավական պահանջները, այլև դատավորը, փաստորեն, հրաժարվել է քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելուց:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանին հայտարարել են նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով: Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թիվ ԵԱՔԴ/0013/01/12 քրեական գործը Դատարանի կողմից վարույթ ընդունվելու պահից սկսած տևում է ավելի քան 1 տարի: Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ մեղադրանքի առաջադրումից և կալանքը որպես խափանման միջոց ընտրելու պահից սկսած Կ.Ավանեսյանը 1 տարի 9 ամսից ավելի է, ինչ գտնվում է անազատության մեջ: Խորհուրդը գտել է, որ Դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի վարույթում գտնվող թիվ ԵԱՔԴ/0013/01/12 քրեական գործը չի պարունակում այնպիսի բարդություն, որը կհիմնավորեր այն 1 տարին գերազանցող ժամկետում քննելու հանգամանքը: Հետևաբար Խորհուրդն արձանագրել է, որ Դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի կողմից խախտվել է ՀՀ ներպետական և միջազգային օրենսդրությամբ սահմանված` գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանման պահանջը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Աստղիկ Խառատյանին, Կարեն Չիլինգարյանին և Ամրահի Պետրոսյանին հայտարարել են նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով: Խորհուրդը գտել է, որ Դատարանը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության չենթարկելով բողոք բերող անձի կողմից ներկայացված և գործի նյութերում առկա վերը նշված ապացույցները, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի ակնհայտ և կոպիտ խախտում:
ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Յուրիկ Իսկոյանին հայտարարել են նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով: Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թիվ ԳԴ1/0022/01/12 քրեական գործի քննության ընթացքում` 2012թ. հուլիսի 19-ին, Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով և 313-րդ հոդվածով, Ա. Գ.-ի նկատմամբ քրեական գործի վարույթի մասը ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով կարճել է և քրեական հետապնդումը դադարեցրել` նշելով, որ այն կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում: 20.09.2012թ. կայացած դատական նիստում գործին մասնակցող մեղադրողը գրավոր միջնորդություն է ներկայացրել Դատարան` խնդրելով վերացնել Դատարանի 19.07.2012թ. որոշումը և քրեական գործը քննության առնել ըստ մեղադրանքի Ա. Գ.-ի ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով: Դատարանը 20.09.2012թ. որոշմամբ բավարարել է մեղադրողի միջնորդությունը, որի արդյունքում որոշում է կայացրել Ա. Գ.ի վերաբերյալ քրեական գործի վարույթի մասը ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով կարճելու մասին Դատարանի` օրինական ուժի մեջ մտած 19.07.2012թ. որոշումը վերացնելու և դատաքննությունը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով շարունակելու վերաբերյալ: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի այսուհետ` Կոնվենցիա 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երμ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով «օրենքի հիման վրա ստեղծված դատարան» արտահայտությունը մեկնաբանելիս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ այն դատարանը, որը որոշումը կայացրել է օրենքով հստակ սահմանված լիազորությունների սահմանն անցնելով` գանգատարկվող վարույթի կապակցությամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման իմաստով չի կարող համարվել օրենքի հիման վրա ստեղծված դատարան (տե’ս Սոկուրենկոն և Ստրիգունն ընդդեմ Ուկրաինայի, գանգատներ թիվ 29458/04 և 29465/04, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2006 թվականի հուլիսի 20-ի վճիռը, կետ 28): Վերոգրյալի արդյունքում Խորհուրդը գտնում է, որ թիվ ԳԴ1/0022/01/12 քրեական գործով մեղադրողի կողմից ներկայացված միջնորդության քննության արդյունքում 20.09.2012թ. որոշումը կայացնելով` Դատարանը չի գործել որպես Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ի մասի իմաստով «օրենքի հիման վրա ստեղծված դատարան»: Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի ենթադրյալ խախտման վերաբերյալ միջնորդության մեջ նշված փաստարկներին, ապա Խորհուրդը դրանց չի անդրադառնում` հիմք ընդունելով այն, որ թիվ ԳԴ1/0022/01/12 քրեական գործը ներկայումս գտնվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` քննության փուլում:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ալեքսանդր Մերանգուլյանի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ Արդարադատության խորհուրդը դիմել էր Հանրապետության Նախագահին: Խորհուրդը գտնել է, որ արդարադատություն իրականացնելիս Դատարանի դատավոր Ա. Մերանգուլյանը, չկարճելով թիվ ԵԷԴ/0997/02/11 քաղաքացիական գործով վարույթը, թույլ է տվել դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է հանդիսանում: Խորհուրդը, Դատարանի դատավոր Ա. Մերանգուլյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության տեսակի ընտրության հարցում հաշվի է առնել նաև այն հանգամանքը, որ դատավոր Ա. Մերանգուլյանը նախկինում ևս ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, յուրաքանչյուր անգամ, այդ թվում` Արդարադատության խորհրդի 2012 թվականի հուլիսի 24-ի թիվ ԱԽ-14-Ո-18 որոշմամբ, որպես կարգապահական տույժ դատավորի նկատմամբ կիրառելով խիստ նկատողություն` զուգորդված մեկ տարի ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով: Հանրապետության նախագահի հրամանագրով Ալեքսանդր Մերանգուլյանն ազատվել է դատավորի պաշտոնից: Նշենք, որ 2013 թվականի վերջին 7 ամիսների ընթացքում որևէ դատավոր կարգապահական պատասխանատվության չի ենթարկվել: Տեղեկացնենք, որ եթե նկատողություն կամ խիստ նկատողություն ստանալու օրվանից հետո` երկու տարվա ընթացքում, իսկ նախազգուշացում ստանալու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, դատավորը չի ենթարկվել նոր կարգապահական տույժի, ապա նա համարվում է կարգապահական տույժ չունեցող: Արդարադատության խորհրդի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.