Բերդերում, սաղ աշխարհի բանտերում մանկապիղծներին խարանում են, ու եթե հավատանք գողական աշխարհի «պարյադկեքին», էդ խարանը չի մաքրվում, մաքրողը խիստ պատժվում է:
Մանկապղծությունը` պեդոֆիլիա և պատանեկապղծությունը` էֆեբոֆիլիան ուղեկցել են մարդկությանը ողջ պատմության ընթացքում ու միշտ զզվանք ու արդարացի զայրույթ են առաջացրել բոլոր ազգերի մոտ անկախ դարից ու ժամանակներից: Սոդոմյան ամենամեծ մեղքերից է և իրոք, նորմալ մարդու գիտակցության համար անընդունելի: Բայց արդեն վաղուց աշխարհում մանկապղծությունը պատժվում է խստագույնս, բացի երրորդ աշխարհի ու նախկին սովետմիության որոշ երկրներից:
Մեզ մոտ դրա մասին ընդունված չէ խոսալ, մեզ մոտ փսփսում են: Մեզ մոտ եթե մեկն իմանում է էդպիսի մի բանի մասին, նա նույնիսկ վախենում է տեղեկացնել երեխայի ծնողներին, որովհետև ծնողները շատ դեպքերում չհանրայնացնելու ու երեխային «փչացրածի» պիտակը չկպցնելու համար հերքում են, երբեմն էլ ինքներն են հաշվեհարդար տեսնում մանկապիղծի հետ, ինչպես ղափանցի մի մարդ, որը սպանել էր իր հինգ տարեկան աղջկան բռնաբարող բանակից նոր վերադարձած հարևանի տղային ու գնացել հանձնվել… Իսկ երեխայի մոտ, ինչպես պատմում են, սկսվել է վաղ սեռական հասունացում, սեառական վարքի շեղումներ, նա նախ թրև է եկել ում հետ ասես, ու ի վերջո դարձել է պոռնիկ:
Ես ծնվել ու մեծացել եմ Ղափանում, որտեղ իմ մոտով վազն է անցել մանկապիղծը, քանի որ վաղ մանուկ հասակից զգուշացված լինելով տատիկիս կողմից էն մասին, որ «եթե անծանոթ ձյաձյան կոնֆետ տա ասի արի քեզ տեղ տանեմ` չգնաս, քեզ վնաս կտա» չեմ գնացել, չնայած սիրուն երեխա էի ու շատ էին կոնֆետ առաջարկում: Ես չէի հասկանում, թե ի՞նչ վնաս ինձ կարող է տալ փոքրամարմին էդ տղամարդը, որից բոլորը թաքցնում են երեխաներին: Հետո, մեծանալով ու լսելով բավականին հաճախակի տեղի ունեցող դեպքերի մասին հասկացա, թե ինչի մասին էր տատիկս ինձ զգուշացնում: Առաջարկներ են արել և դպրոցում և ինստիտուտում, ու ես եղել եմ երևի եզակի համարձակներից, չնայած որակվել եմ անամոթ, որ հայտնել եմ մեծերին ու դասատուին հանել են դպրոցից…
Պատմեմ ևս մի քանի պատմություն, ոչ միայն ղափանյան և փորձեմ օրինաչափություն գտնել եթե կա:
— Մեղրիում մի մարդ կար Պագանել անունով, իսկական այլանդակ գիգանտ, որի մասին բոլոր երեխաները գիտեին, որ խաբում տանում բան-ման ա անում, — պատմում է 27 տարեկան Մարիամը, — Պագանելը նստած ա եղել փոքր տղայի բռնաբարության համար: Էդ ամբողջ պատմածները իրա մասին իհարկե վախենալու էին, բայց երբ ես մի անգամ հայտնվեցի դեմ առ դեմ Պագանելին, փոքրիկ սենյակում, որտեղ մեզնից բացի կար նաև նրա քրոջ աղջիկը, որն իմ ընկերուհին էր, էդ ժամանակ իմ մեջ իսկական սարսափ արթնացավ, երբ նա իր գուինպլենյան ժպիտով ինձ աչքով արեց ու շրթունքները համբույրի դասավորեց: Ես միանգամից դուրս թռա էդ տնից: Ես տենց էլ ոչ մեկին չպատմեցի էդ պատմությունը, հետո էլ մտածեցի, որ էլ նման բաներ իմ կյանքում չեն կրկնվի: Բայց չէ: Մի անգամ էլ պապիկիս ընկերն էր փորձում ինձ ձեռ-մեռ գցել, մորաքրոջս ամուսինը, նաև թաղի տարիքով տղերքը: Ես մեծերին չէի պատմում դրա մասին, որովհետև վախենում էի, որ նրանք ինձ կմեղադրեն, ու դա էնքան վատ բան ա, որի մասին չի կարելի խոսալ: Մի ժամանակ էլ Ագարակում փսփսում էին, որ հայրն է աղջկան բռնաբարել:
Ես էդ աղջկան համարյա ամեն օր տեսնում էի իրանց այգու կողքով անցնելուց, որտեղ նա ցանկապատից բռնած տխուր կանգնած էր միշտ նույն տեղում: Այգում մենակ ծառեր էին, ու ինձ համար պարզ չէր, թե ի՞նչ կարիք կար ամեն օր էդ աղջկան այգի տանելու հետը: Պարզվում ա, երկար ժամանակ հայրը աղջկան պարբերաբար բռնաբարել ա, ու վախացրել ա, որ եթե ասի որևէ մեկին «ոչխարի նման գլուխը կկտրի»: Աղջիկը չի դիմացել ու նույնիսկ մահվան սպառնալիքի տակ ասել ա մորը:
Ճիշտ ա, էդ մարդուն դատեցին, ինչ-որ չափով արդարությունը հաղթանակեց, բայց էդ աղջկան սկսեցին խղճալ, մարդատեղ չդնել, իրա հետ չէին շփվում երեխաները: Տարիներ անց իմացա, որ էդ աղջիկը դառել ա բոզ:
Ղափանի մեր գյուղում էլ մի դեպք եղավ, էդ տղու անունը չեմ ուզում ասեմ, «պիտնո» կլինի իրա համար, կարող ա կյանքը կործանվի:
Ուրեմն, էս Արամիկի տատն ու պապը իրանց դիմացի հարևանների հետ` մայր ու տղա շատ մոտ էին: Նրանք լավ չէին ապրում, ու աշխատում էին հարևանների համար, սրանք էլ իրանց կերակրում էին: Ու էդ կնոջ տղային` Էդգարին իրանց հարազատի նման էին վերաբերվում: Ես երկար ժամանակ գյուղում չէի եղել, ու զարմանում էի, որ գյուղի ժողովուրդը էդ տղային ինչ ասես չէր ասում, ծեծում էր, քշում էր, չէին շփվում հետը ոչ մեկը: Մի օր էլ լսեցի, ոնց ա Թամար տոտան հենգ-վեց տարեկան փոքր աղջիկների վրա ջղայնանում ու ասում որ էլ դրանց տուն չգնան: Մոտ ընկերուհուս եղբայրը գաղտնապահության խոստում ստանալուց հետո պատմեց, որ «Մի օր գնացել էինք այգիները Էդգարի ու տղեքի հետ, Արամիկն էլ էր մեզ հետ: Էդգարը ոտերը չռած նստել էր ծառի տակ ու ձեռին մի թզբեխ բռնած ասում էր Արամիկին, որ եթե ուզում ա էդ թզբեխը պետք ա ծծի: Արամիկը սկսեց ծծել էդ Էդգարն էլ զզվելի տնքոցներ էր հանում ու այլանդակ շարժումներ անում: Հետո նույն բանը մեզ ասեց որ անենք, մենք ասեցինք չենք անի, ինքն էլ ասեց որ եթե մարդու բան ասենք մեզ կսպանի»:
Արամիկը յոթ-ութ տարեկան էր էդ ժամանակ, ու ըստ երևույթին, շուշուտ էր տենց բաներ անում Էդգարին, ու երևի թե իրա համար վստահելի երեխա էր էլի Արամիկը դառել: Ինքն իրա զոհերին խելացիորեն էր ընտրել` միամիտ Արամիկին ու էլի մի երկու տարով իրանից մեծ վախկոտ ու դեբլիոտ երեխեքի: Մի անգամ իմ եղբորն էլ ա անտառում նույն ձևի բան առաջարկել անել, եղբայրս ասել ա, որ հորը կասի, դրանից հետո էլ հանգիստ ա թողել:
Խի՞ պիտի ես վախենայի իմ ծնողներին ասեի, խի՞ պիտի վախենայի, խի՞ սուտի ազգասերները փոխանակ հայրենիքի ու ազգի ամսին խոսալու սրա մասին չեն խոսում, որ մարդիկ չդառնան հոգեկան հիվանդ, իսկ Էդգարը բանակում պաշտոնավոր դառնա: Խի՞ դպրոցներում սեռական դաստիարակություն ու ապահով վարք չեն սովորացնում, ինչքա՞ն կարելի ա, քանի՞ սերունդ պիտի վարի գնա, որ հասկանան: Ու հետո էլ որ մեկի մասին իմանում են, վռազ անունն ընկնում ա, մնում ա թողնի փախնի ստեղից կամ խեղճուկրակ իզգոյի նման ապրի, ով էլ չդիմանա իրան կախի…»
Էլի կան պատմություններ, որոնցից ամեն մեկը մի մարդկային խորտակված կյանք է, քրքրված հոգի, հասարակությունից օտարված ու խղճուկ…
Իսկ դու, քանի՞ էդպիսի պատմություն գիտես, ինչո՞ւ ես լռել ու շարունակում լռել, վաղը դա կարող է պատահել քո երեխայի հետ ախր…
Մանկպղծություն, սեռական ու ընտանեկան բռնություն: Ժամանակը չի՞ արդյոք հանելու մեր վրայից կեղծ բարեպաշտությունն ու ազգովի չխոսկան հարսի նման լռելու ու անկյուններում փսփսալու փոխարեն գոռալու, չճալու ու աղաղակելու էդ ամենի մասին: Ի՞նչ է նշանակում մեր քրեական օրենսդրությամբ սահմանված էդ մեղմ պատիժը կործանված կյանքերի դիմաց: Հա գնաց նստեց, հետո Պագանելի նման դուրս եկավ ու շարունակեց իր սև գործը, բա մեխկ չե՞ն մեր երեխաները, մենք մեխկ չե՞նք: Ինչի՞ չկա մեր տոնածառի նման հայ եթերներում բռնության թեժ գծերի գովազդ, ինչո՞ւ պետք է հասարակական կազմակերպությունը դրա համար վճարի, և որքա՞ն մեզ պետք է խաբեն Հ1-ի եթերով օրենքով հանրային հեռուստատեսության համար պարտադիր սոցիալականի համար նախատեսված տաս տոկոս եթերաժամանակն ինչ-որ անօգուտ գովազդներով լցնելով, այն ժամանակ, երբ Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի գովադզի համար հենց իմ ներկայությամբ գովազդային գործական աստղաբաշխական թվեր էր ուզում…
Ինչո՞ւ չկա փոքրիկների հաղորդումներում իրենց հասանելի տեսքով ներկայացված զգուշավոր լինելու գովազդ, ինչո՞ւ դպրոցներում չկան դասեր, չկան հատուկ հոգեբաններ, որ կարողանան ամենասուսուփուս երեխայի թաքուն վախերը բացահայտեն, լսեն ու օգնեն նրանց: Կասեք խի՞ չկան, կան: Հա կան ձևական սեռական դաստիարակության դասեր, որոնց մասին երեխաներն ասում են «ազատ ժամ», կամ «խաղի ժամ» ու որ հարցնում ես, թե ի՞նչ են սովորում, չեն կարողանում ասել: Իսկ դպրոցական հոգեբանները, ովքե՞ր են նրանք: Թող չնեղանան այդպիսիք, եթե կարդան, որովհետև հոգեբանը դպրոցում գործ չի անում, չգիտի ինչ անի ու ոնց: Էլ չխոսամ մեր խղճուկ սոցիալական ծառայությունների մասին: Սովետմիության համակարգը գոնե դասղեկներին պարտավորեցնում էր հաճախել աշակերտների տները, հիմա ո՞ւմ ինչ հոգսն ա ուրիշի երեխան:
Երեխաները մեր երկրի ապագան են, ամեն լավը երեխաներին, բերաններիցս կտրենք տանք երեխաներին, խոսքը մեծին ջուրը փոքրին, փոքրին լավը կտան… Ամպագոգոռ կարգախոսներ, ժողովրդական ասացվածքներ… Հենց վերջինից էլ սկսենք: Երեխաները խոցելի խավ են ու ունեն պաշտպանության կարիք, մանավանդ՝ պետական: Իսկ մեր պետությունը նույնիսկ հարկ չի համարում արդեն քանի տարի է քրեական օրենսգքում փոփոխություն մտցնել մանկապղծության ու բռնաբարության համար հոդվածներում ու դատապարտել հանցանքին գոնե որոշ չափով համարժեք պատժաժամկետների… Ի՞նչ ենք մեծ-մեծ խոսում բարոյականությունից ու մարդկային գերագույն արժեքներից, ախր խոսալու տեղ չունենք, քանի դեռ լռությամբ ու անպատժելիությամբ մեր երեխաներին դարձնում ենք անպաշտպան:
Երբ նյութս արդեն պատրաստ էր, մտածեցի, որ հարկ է մասնագետից էլ հարցնել: Սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի մեկնաբանությունը:
«Պեդոֆիլիան և էֆեբոֆիլիան հոգեսեռական զարգացման խանգարումներ են: Վաղ շրջանում, երբ հայտնաբերվում են նման հակումներ, ու այդ ամենը հաստատվում է հոգեբուժի ու սեքսոպաթոլոգի կողմից, այդ երիտասարդներին ուղարկում են հարկադիր բուժման հոգեբուժարանում: Այլ է, երբ մարդիկ ապրում են նորմալ սեռական կյանքով, ունենում են ընտանիքներ, բայց սեռահարաբերվում են երեխաների կամ պատանիների հետ: Դա արդեն այլասերվածություն է և որպես անձին վնաս հասցնող երևութ քրեորեն պատժելի են: 0-8 տարեկան երեխաները, որոնք գիտակից չեն ու հեշտ է խաբել, համարվում են մանկապղծության զոհեր: Էֆեբոֆիլիան այլ է: Պատանեկան տարիքում դժվար է խաբելով սեռական գործողությունների մղել, այս դեպքում երևի թե կարելի է խոսալ անչափահասի հետ սեռահարաբերվելու մասին, որը հաստատ տեղի է ունենում ինչ-ինչ դրդիչներից ելնելով՝ սոցիալական վիճակ, բնական հակվածություն դեպի հոմոսեքսուալիզմ: Երկուսն էլ քրեորեն պատժելի են: Մանկապղծության զոհերն ունենում են լուրջ ֆիզիկական ու հոգեբանական շեղումներ, բավական երկար ժամանակ է պետք այդպիսի երեխային նորմալ հունի մեջ գցելու համար, իսկ հետագայում նրանց մոտ կարող են նկատվել սեռական նորմալ վարքի խախտումներ»:
Նշենք, որ նոյեմբերի 19-ը՝ երեխաների նկատմամբ բռնությունների դեմ պայքարի միջազգային օրն է:
Հ. Գ.Լուսինե Վայաչյանն այս նյութը գրել է մոտ երկու տարի առաջ
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.