Ակնկալելով քարոզչական մեծ մղձավանջ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ընթացքում, թուրք պաշտոնյաները փորձում են վնասազերծել իրենց երկրի՝ առանց այն էլ արատավորված հեղինակությունը:
Թեև նրանք մտադիր չեն բացել Հայաստանի հետ սահմանը, սակայն թուրք ղեկավարները անընդհատ ձևացնում են շինծու հաշտարար հայտարարություններով: Կեղծորեն պնդելով, թե իբր Թուրքիան հարթում է Հայաստանի հետ իր տարաձայնությունները, Անկարայի թաքուն նպատակն է տարհամոզել այլ երկրների Հայոց ցեղասպանության ճանաչման մտադրությունից:
Սակայն, հաշվի առնելով Ադրբեջանի հիվանդագին արձագանքը Հայաստանի հետ սահմանը բացելու Թուրքիայի ցանկացած ելույթի վերաբերյալ, թուրք պաշտոնյաներն ստիպված են նահանջել, նախագզուշացնելով, որ Հայաստան-Թուրքիա սահմանը այնքան ժամանակ փակ կմնա, քանի դեռ «առաջընթաց» չի գրանցվել Արցախյան հարցում:
Նման հակասական թուրքական հայտարարություններ բազմիցս են տարածվել՝ սկսած 2009 թվականից, երբ Հայաստանն ու Թուրքիան Արձանագրություններ ստորագրեցին իրենց ընդհանուր սահմանը բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Անցյալ շաբաթ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փակ նիստում արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ասաց, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Հայաստանի հետ սահմանը բացելու համար: Առճակատվելով ընդդիմադիր պատգամավորի հետ Թուրքիայի իրական մտադրությունների հարցով, Դավութօղլուն արագ փոխեց իր դիրքորոշումը, ասելով, որ նախ Հայաստանը պետք է դուրս գա Ղարաբաղից մինչև սահմանի հնարավոր բացումը:
Թուրքիայի արտգործնախարարը նմանատիպ ելույթ ունեցավ նաև մեկ ամիս առաջ Շվեյցարիա կատարած իր այցելության ժամանակ, երբ հայտարարեց, որ Թուրքիան «ստեղծագործական գաղափարներ» է փնտրում՝ Հայաստանի հետ իր հարաբերությունները բարելավելու համար: Դավութօղլու ստեղծագործական կամ ավելի շուտ խորամանկ քայլն է՝ խուսափել խափանարարի պիտակից, միաժամանակ արդարացնելով իր երկրի կողմից Արձանագրությունների վավերացման մերժումը:
Դեռևս 2009 թվականին Թուրքիայի կառավարությունը թվում էր, թե ցանկանում է վավերացնել Արձանագրությունները, որոնք ընդգրկում էին տարբեր կողմնակի հարցեր, այդ թվում՝ պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության համար: Երբ Ադրբեջանը կտրականապես դեմ արտահայտվեց Հայաստանի հետ սահմանի բացման թուրքական ծրագրերին, Թուրքիան հայտարարեց, որ նա այլևս չի կարող վավերացնել Արձանագրությունները, թեև դա ակնհայտորեն բխում էր նրա ազգային շահերից: Այսպիսով, չնայած նրա հավակնություններին որպես տարածաշրջանի գերիշխան պետություն, Թուրքիան ենթարկվեց Ադրբեջանի վետոյին: Նոյեմբերի 6-ին Թուրքիայի խորհրդարանում ունեցած իր ելույթում Դավութօղլուն ոչխարի նման հլու հնազանդ կրկնեց, որ իր երկիրը Հայաստանի հետ սահմանը կբացի միայն Ադրբեջանի արտոնությունն ստանալուց հետո:
Ակնհայտ է, որ մամուլում այս արտահոսքից խայտառակվելով, Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը հերքեց, որ Դավութօղլուն հանդես է եկել նման հայտարարությամբ: Այս հերքումն արժանահավատ չէ, քանի որ թուրք պաշտոնյաները նախկինում ևս բազմիցս նման հայտարարություններ են արել: Հայաստանի հետ սահմանի բացման և երկաթուղային կապի վերականգնման հեռանկարի աշխուժացման համար միակ հավանական բացատրությունը կարող է լինել Թուրքիայի մտադրությունը ճնշում գործադրելու Վրաստանի նորընտիր նախագահի վրա, որը հրաժարվում է աջակցել վաղուց ծրագրված Կարս-Թբիլիսի-Բաքում երկաթգծին, որով նախատեսվում էր շրջանցել Հայաստանը:
Թուրքիայի կողմից Արձանագրությունների շարունակվող շահարկմանը վերջ դնելու համար նախագահ Սերժ Սարգսյանը պետք է իրականացնի երեք տարի առաջ տված իր խոստումը, երբ նա զգուշացրել էր, որ եթե Թուրքիան «շուտով» չվավերացնի Արձանագրությունները, ապա նա կվերանայի իր դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ, այսինքն՝ Հայաստանը կհրաժարվի այս պայմանագրից: Քանի որ Արձանագրությունները դեռևս վավերացված չեն դրանց ստորագրումից չորս տարի անց, ապա նախագահ Սարգսյանը դրանք պետք է չեղյալ հայտարարի:
Հասկանալի է, որ հայ պաշտոնյաները չեն ցանկանում նման կտրուկ քայլի դիմել, քանի որ մտահոգված են, որ մեծ տերությունները իրենց կմեղադրեն Արձանագրությունների ձախողման համար: Հայաստանը նախընտրում է, որ թուրքական կողմն առաջինը հրաժարվի Արձանագրություններից՝ մեղադրանքի արժանանալով դրանց տապալման համար: Հնարավոր է, որ թուրք պաշտոնյաները նույն խաղն են խաղում՝ սպասելով, որ առաջինը Հայաստանը հրաժարվի:
Իմ կարծիքով, Հայաստանն այլևս չի կարող իրեն թույլ տալ սպասել: Հայոց ցեղասպանության հարյուրամյակին 18 ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, և Հայաստանի նախագահը պետք է կատարի երեք տարի առաջ տված իր խոստումն ու հետ կանչի իր կառավարության ստորագրությունն այդ չարաբաստիկ Արձանագրություններից: Հայաստանը չի կարող մեղադրվել այդ քայլի համար, քանզի թուրք պաշտոնյաները մշտապես հայտարարել են, որ նրանք մտադիր չեն վավերացնել Արձանագրությունները:
Զարմանալի չէ, որ անցյալ շաբաթ Դավութօղլուն ևս հայտարարեց, որ Ցեղասպանության հարյուրամյակի հայկական ծրագրերին հակազդելու համար Թուրքիան «տենդագին և արագընթաց պատրաստություն է տեսնում»: Որպեսզի թույլ չտրվի Թուրքիային խոչընդոտելու Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչումներն ամբողջ աշխարում, Հայաստանի ղեկավարները պետք է չեղյալ համարեն Արձանագրությունները 2015 թվականի Ապրիլի 24-ից շատ առաջ:
Բացի այդ, հաշվի առնելով թուրքական կառավարության հարյուրամյա համառությունը ճանաչելու իր մեղավորությունը Ցեղասպանության համար և համապատասխան հատուցման մերժումը, հայ պաշտոնյաները պետք է հայտարարեն, որ նրանք մտադիր են արդարության հասնել վերջապես, տեղական, տարածաշրջանային և միջազգային դատարաններ դիմելու միջոցով:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.