Այս հոդվածը նվիրված է Սերժ Սամոնյանցին` Լոս Անջելեսում լույս տեսնող «Ասպարեզ» թերթի անգլերեն բաժնում 10 տարի աշխատած նախկին խմբագրին, և «Կալիֆորնիա Կուրիեր» թերթում վերջին 25 տարիների ներկայիս խմբագրին:
Սերժը համեստ մարդ է, որն իր կյանքի մեծ մասն անտրտունջ աշխատել է` խուսափելով իր նկատմամբ որևէ ուշադրությունից: Երբ անցյալ կիրակի երեկոյան ես նրան հայտնեցի, որ «Ասպարեզը» պատրաստվում է մեծարել իրեն, Սերժը հեգնական պատասխանեց իրեն հատուկ ինքնաթերագնահատման ոճով. «Ի՞նչ է, մեծարելու համար այլ մարդ չի մնացե՞լ»:
Սերժը մեծարվեց աշխարհի ամենահին թերթերից մեկի` «Ասպարեզի» 105-ամյակին նվիրված հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ: «Ասպարեզ» թերթն սկսել է հրատարակվել 1908 թվականին Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում, իսկ 1970 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես:
Մինչ իմ շաբաթական սյունակները զգալի ուշադրության են արժանանում հրապարակվելով աշխարհի մի քանի տասնյակ թերթերում և տեղադրվելով հարյուրավոր կայքերում բազմաթիվ լեզուներով, Սերժն ամեն շաբաթ աննկատ կերպով պատրաստում է «Կալիֆորնիա կուրիեր» թերթը հրատարակության համար: Նա պատասխանատու է ամեն ինչի համար`սկսած լուրերի հավաքումից մինչև խմբագրում, ձևավորում և գովազդային աշխատանքներ:
Պետք է արժանին մատուցել «Ասպարեզ» թերթի ղեկավարությանը Սերժ Սամոնյանցին մեծարելու համար: Թեև 1988 թվականից նա այլևս չի աշխատում «Ասպարեզում», սակայն թերթի հայերեն և անգլերեն բաժինների ներկայիս խմբագիրներ Աբո Պողիկյանը և Արա Խաչատուրյանը չեն մոռացել իրենց նախկին գործընկերոջը և քառորդ դար անց ցանկացել են իրենց երախտիքի խոսքն ասել նրա գերազանց աշխատանքի համար: Հաճախ չէ, որ հայկական կազմակերպությունները հիշում են իրենց աշխատակիցներին և հանդիսավոր ճաշկերույթներ կազմակերպում նրանց պատվին:
Թեև պատշաճ է ճանաչել նրանց, որոնք զգալի գումարներ են նվիրաբերում հայկական հաստատություններին, քանզի առանց նրանց առատաձեռն նվիրատվությունների հնարավոր չէր լինի շատ բաների հասնել, սակայն նույնքան կարևոր է մեծարել ազգի համեստ ծառայողներին, որոնք իրենց ամբողջ կյանքը նվիրել են հայ համայնքին, ինչպիսիք են ուսուցիչները, լրագրողները և հոգևորականները:
Տոնակատարությունն իսկապես հիշարժան դարձավ անակնկալ հայտարարությամբ, որով Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան էր շնորհել պարոն Սամոնյանցին: Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կարդաց Կաթողիկոսարանի պատրաստած կոնդակը` պարոն Սամոնյանցի կրծքին Պատվո շքանշանը ամրացնելու պահին:
Ինձ խնդրել էին ներկայացնել Սերժին հոկտեմբերի 20-ի հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ, որը տեղի ունեցավ Մոնտեբելոյի Բաղրամյան դահլիճում: Ստորև ներկայացնում եմ իմ բացման խոսքը, որը ներառում է պարոն Սամոնյանցի համառոտ կենսագրությունը.
Սերժը ծնվել է 1943 թվականին Ֆրանսիայի Մարսել քաղաքում, որտեղ ապրել է մինչև 9 տարեկան դառնալը: 1952 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Սան Պաուլո, Բրազիլիա, իսկ 1961 թվականին` Մասաչուսեթս, ԱՄՆ: Նա ընդունվել է ՀՅԴ երիտասարդական միության, իսկ 1966 թվականին Մոնտեբելո, Կալիֆորնիա տեղափոխվելուց հետո` ՀՅԴ «Քեռի» կոմիտեի շարքերը:
1964 թվականին Սերժը ծառայության է անցել Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերում և 1970 թվականին պատվով զորացրվել է որպես սերժանտ: Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո Սերժը հաճախել է Լոս Անջելեսում Կալիֆորնիայի նահանգային համալսարան` մասնագիտանալով պատմության մեջ: Հետագայում UCLA-ի համալսարանից նա ստացել է հանրային կապերի վկայական:
1973 թվականից սկսած Սերժը յոթ տարի շարունակ ստանձնել է «Ասպարեզ» թերթի անգլերեն բաժնի խմբագրի պաշտոնը: Այնուհետև, 1983-84 թթ. աշխատել է որպես ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն: Հետագայում, 1985-1988 թվականներին նա կրկին վերադարձել է «Ասպարեզ»` անգլերեն բաժնի խմբագրի իր նախկին պաշտոնին:
1985 թվականին Ժնևում, Սերժը և ես, Հայ Դատի հանձնախմբի պատվիրակության կազմում էինք` հաջողությամբ լոբբինգ իրականացնելով ՄԱԿ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար:
1988 թվականին Սերժը միացավ «Կալիֆորնիա կուրիեր» թերթին որպես խմբագիր, որտեղ արդեն 25 տարի է, ինչ աշխատում է: Նա գերազանց լրագրող է և բարձրակարգ պրոֆեսիոնալ: Ինձ համար մեծ պատիվ և հաճույք է քառորդ դար շարունակ աշխատել նրա հետ միասին և’ որպես մտերիմ ընկեր և’ որպես գործընկեր:
Սերժը լուռ ու մունջ մարդ է և անխոնջ աշխատող: Նա իր ողջ կյանքի ընթացքում եղել է ակտիվ գործիչ տարբեր սոցիալական և քաղաքական հարցերում և Հայ դատի աննկուն ջատագով:
Սերժի մեծարման ուրախությունը նրա հետ միասին կիսում էին նրա ընտանիքի անդամները, կինը` Մարիամը, քենին` Լաուրա Մանուկյանը, նրա որդին` Րաֆֆին ու նրա կինը` Նանոն, և նրանց երեխաները` Էմիլին ու Սեպուհը:
Շնորհավորում եմ Սերժ Սամոնյանցին` հայ լրագրությանը վերջին 35 տարիների ընթացքում իր անշեղ նվիրվածության համար և շնորհավորում եմ «Ասպարեզ» թերթի աշխատակիցներին` նրանց քրտնաջան աշխատանքի և հանձնառության համար՝ շարունակելու ժառանգությունը այն մարդկանց, որոնք 105 տարի առաջ հիմնադրել են այս թերթը:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.