«Սա է, ես թաքցնելու ոչինչ չունեմ, սա է իրավիճակը ու եթե գտնում եք, որ գրելու բան կա՝ խնդրեմ», — ասաց Երևանի թիվ 1 տուն – ինտերնատի տնօրեն ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արմեն Գյուրջյանը՝ մեր առջև բացելով իր ղեկավարած հաստատության դռները:
Իսկ գրելու բան շատ կար. Այն, ինչ տեսանք տուն – ինտերնատում, մեղմ ասած, ցավալի էր: Այն պատիվ չի բերում թե՛ պետությանը, թե՛ երկրի այն տասնյակից ավելի օլիգարխներին, որոնց ցուցակը գլխավորում է կառույցի տնօրենի կուսակցության առաջնորդը՝ Գագիկ Ծառուկյանը:
Եթե մի պետություն չի կարողանում պահել նույնիսկ իր ծերերին, ի՞նչ կարող ենք ընդհանրապես ակնկալել նման իշխանություններից, որոնք միայն ամբիոններից ջանասիրաբար խոսքեր են շռայլում իրենց ծրագրերի, իբրև թե իրականացվող բարեփոխումների և բնակչության սոցիալական վիճակի լավացման իրենց «մտահոգությունների» մասին: Այնքան «մտահոգ» են, որ մայրաքաղաքի թիվ 1 ինտերնատում անկողնային հիվանդ ծերերին պահում են այնպիսի անմարդկային պայմաններում, որ նույնիսկ կենդանիները կարող է չդիմանային:
310 խնամյալները, որոնցից 250-ը՝ տարեց մարդիկ և 60-ը՝ անօթևաններ, ապրում են բավականին տխուր ու հակասանիտարական վիճակում գտնվող շինություններում: Ինտերնատի 8 մասնաշենքերից դեռ տարիներ առաջ վերանորոգվել են երկուսը: Բացարձակ ծայրահեղ և վթարային վիճակում է գտնվում անկողնային հիվանդների բաժանմունքը, որտեղ պահվում են մոտ 60 անկողնային հիվանդ ծերեր:
Հակասանիտարական ու հակահիգիենիկ վիճակ ունեցող և կիսաքանդ այս մասնաշենքին, որտեղ մտնելը արդեն իսկ դժվար է, փչող գարշահոտի պատճառով, նույնիսկ վերանորոգումը չի փրկի: Հաստատության տնօրենը մեզ հետ զրույցում ասաց. «Ես արդեն բարձրաձայնել եմ այս հարցը, որ տվյալ մասնաշենքը, որտեղ կա մոտ 60 անկողնային հիվանդ, գտնվում է վթարային և ծայրահեղ վիճակում, և արդյունքում՝ նույնիսկ նախարարը եկավ, տեսավ տիրող վիճակը ու ոչինչ չփոխվեց: Այսօր ես այս հարցի լուծումը տեսնում եմ միայն մի ուղղությամբ. Եթե 2014-ից անօթևանների բաժանմունքը, որը գտնվում է, համեմատաբար, բարվոք վիճակում, ընդհանրապես հանեն այստեղից և տեղափոխեն այլ վայր (իսկ այդ հարցի շուրջ բանակցություններ են ընթանում,քանի որ արտասահմանյան մի կառույց ծրագիր ունի իր վրա վերցնելու մեր անօթևաններին պահելու խնդիրը, սակայն սա այլ թեմա է. (հեղ.)), ապա այդ դեպքում անկողնային հիվանդ ծերերին կկարողանանք տեղափոխել անօթևանների մասնաշենք»:
Տուն -ինտերնատում անկողնային հիվանդների շուրջօրյա խնամք է, որի համար բուժաշխատողները ստանում են ընդամենը 45 հազար դրամ աշխատավարձ, և աշխատավարձերի բարձրացման մասին առայժմ ոչ մի խոսք չկա: Եթե հաշվի առնենք, որ հաստատության տնօրենի աշխատավարձը, ինչպես հաստատեց ինքը՝ տնօրենը, ընդամենը 105 հազար դրամ է, ապա պատկերն ամբողջանում է. անմարդկային պայմաններ ծերերի համար, գումարած՝ բուժաշխատողների խիստ ցածր աշխատավարձ կատարվող ծանր աշխատանքի դիմաց: Ստացվում է, որ նման աշխատավարձի պարագայում ծերերը չեն էլ կարող ավելին ակնկալել աշխատակիցներից, ու ստիպված են հոգեբանորեն հարմարվել իրենց նկատմամբ եղած, թեկուզ ոչ բավարար վերաբերմունքին. ի՞նչ են ստանում, որ ի՞նչ պահանջենք սկզբունքով: Տուն — ինտերնատի աշխատողակիցներին անկողնային հիվանդ տարեցները նույնիսկ խղճում են, որոնք իրենք պահվելով անմարդկային պայմաններում՝ խղճահարության կարիք ունեն:
Մեզ հետ զրույցում ինտերնատի տնօրեն Գյուրջյանն ասաց, որ յուրաքանչյուր հիվանդի համար պետությունը ամսեկան հատկացնում է 89-90 հազար դրամ: Որն ըստ նրա, բավարարում է:
Պետք է նշել, որ չնայած հաստատության ընդհանուր անմխիթար վիճակին և ծերերի համար պետության «ապահոված» նման խայտառակ պայմաններին՝ այնուամենայնիվ, յուրաքանչյուր սենյակ ապահովված էր հեռուստացույցով և սառնարանով, ինչը, ինչպես պարզեցինք, ամենևին էլ պետական աջակցությամբ չէր արվել: Ինչպես հաստատեց Արմեն Գյուրջյանը, որը նաև ԲՀԿ քաղխորհրդի անդամ է, ծերանոցին մի քանի անգամ աջակցել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ նվիրելով հեռուստացույցեր, սառնարաններ, հագուստ:
Իսկ մնացած առումներով, ինչպես ներկայացրեց տնօրենը, վիճակն ահավոր է և խիստ մտահոգիչ և իրենք էլ շահագրգռված են, որպեսզի լրագրողները ծանոթանան իրավիճակին և ներկայացնեն իրական պատկերը:
Ի դեպ, խոսակցություններ են շրջանառվում, որ կապված ԲՀԿ-ի դիրքորոշման փոփոխությունների և ԲՀԿ-ՀՀԿ հարաբերությունների հետ՝ ԲՀԿ-ական միջին օղակների պաշտոնյաների վրա պետական կառույցների կողմից ճնշումներ են գործադրվում և այդ համատեքստում Արմեն Գյուրջյանին պատրաստվում են ազատել զբաղեցրած պաշտոնից: Այս մասին Գյուրջյանը տեղյակ չէր. «Ես առաջին անգամ Ձեզնից եմ լսում նման բան, որ ինձ կարող է ազատեն, եթե կոնկրետ բան իմանաք, խնդրում եմ՝ ինձ էլ տեղյակ պահեք»:
Տարեցները, որոնց մեջ կան այնպիսի մարդկանց զավակներ, որ նույնիսկ մտածելն է սոսկալի, հաշտ էին իրենց ճակատագրի հետ, ավելին՝ նրանք փորձում են համատարած այս գորշության մեջ գտնել լուսավոր կետեր ու ապրել մարդավայել, աշխարհից ու իրենց անարժան զավակներից թաքցնելով վիրավորանքը:
Հ.Գ. Եթե իշխանությունն այսքանից հետո պետք է ասի, որ միջոցներ չունի ծերերի համար պատշաճ պայմաններ ստեղծելու, ապա կարող ենք հուշել մի քանի տարբերակներ. 170 հազար դոլարանոց՝ չաշխատող բիոզուգարաններ գնելու, օֆշորային գոտիներում փողեր լվանալու, օբյեկտների ու տների շքեղությամբ միմյանց հետ մրցելու հետ մեկտեղ, կարող է դրա ընդամենը չնչին մի մաս հատկացնել իր երկրի ծերերի համար ապահովելու գոնե մարդկային պայմաններ:
Կարեն Վարդանյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.