Սխալված չեմ լինի, եթե պնդեմ, որ Հայաստանի նորագույն պատմության կարևորագույն մի շրջան կապված է Կարեն Դեմիրճյանի անվան հետ:
Այդ մարդը, ով Հայաստանը ղեկավարել է 14 տարի, ֆենոմենալ մի հատկություն ուներ. ժողովրդի կողմից սիրված լինելը: Կարելի է նույնիսկ պնդել, որ նա հայ իրականության այն բացառիկ գործիչն է, ով իր մահականացուն կնքեց հանրային վստահության ահռելի պաշար ունենալով:
Հասարակության զգալի մասի համար Կարեն Դեմիրճյանի կառավարման շրջանը՝ 1974-1988թթ, համարվում են բարեկեցության, բուռն շինարարության տարիներ: Այդ տարիների համար, Կոմկուսի առաջին քարտուղար լինելը՝ հավասարազոր էր առաջնորդ լինելուն: Պատահական չէ, որ այդ 14 տարիներն ասոցացվում են հենց Դեմիրճյանի անվան հետ, ու ժողովուրդն էլ նրան անվանում է Կարեն Շինարար՝ վերջինիս անվան հետ կապելով մետրոպոլիտենի, մարզահամերգային համալիրի և մնայուն այլ հաստատությունների կառուցումը:
Իհարկե, Կարեն Սերոբիչն ունի նաև քննադատներ. կան մարդիկ, որ պնդում են, թե հատկապես նրա կառավարման տարիներին ծաղկել է կաշառակերությունը, հովանավորչությունն, արհեստականորեն աճել է շրջանների թիվը և այլն:
Կարեն Դեմիրճյանին հաջողվել էր գտնել նաև կոմունիստական գաղափարախոսության և ազգայինի ներդաշնակության բանաձևը: Նրա կառավարման տարիներին ազգային գրականությունն ու մշակույթը զարգանում էին, Ապրիլի 24-ը նշվում էր պատշաճ մակարդակով, ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի իր գործընկերներ Էդուարդ Շևարդնաձեի և Հեյդար Ալիևի՝ նա չէր քծնում Լեոնիդ Բրեժնևին և անտեղի նրան բաժակաճառային ելույթներ չէր ձոնում:
Մյուս կողմից՝ Սերոբիչը ոչ ստանդարտ իրավիճակում չկարողացավ արագ կողմնորոշվել: Երբ 88-ին Երևանում սկսվեցին զանգվածային հանրահավաքները՝ Ղարաբաղը Հայաստանին միացնելու պահանջով, նա իրեն սահմանազատեց թե ժողովրդից, և թե Կրեմլի քաղաքականությունից:
Սա, թերևս, Կարեն Դեմիրճյանի կենսագրության ամենահակասական փուլն է, նաև մի կարճ շրջան, երբ նա կորցրեց հանրային վստահությունը, նույնիսկ սուլոցների արժանացավ Ազատության հրապարակում:
Նրան չներեցին նաև Մոսկվայում, մանավանդ որ՝ Կարեն Սերոբիչը բարդ հարաբերություններ ուներ 1985-ից ԽՍՀՄ-ը և ԽՄԿԿ-ն ղեկավարող Միխայիլ Գորբաչովի հետ:
Սակայն հասարակությունը բավականին արագ հիասթափվեց նորանկախ Հայաստանի առաջին իշխանություններից, Դեմիրճյանի երբեմնի հեղինակությունը կամաց-կամաց վերականգնվեց:
1992-ի ամռանը, կառավարության շենքի մոտ ես մասնակցում էի ուսանողական մի ցույցի ու հիշում եմ, թե հավաքված ժողովուրդն ինչպիսի խանդավառությամբ դիմավորեց շենքից դուրս եկող Կարեն Դեմիրճյանին:
Նա այդ ժամանակ ղեկավարում էր «Հայէլեկտրամեքենա» գործարանը և գլխավոր տնօրենի պաշտոնը պահպանեց մինչև 1999թ-ը:
1996թ-ի նախագահական ընտրությունների ժամանակ արդեն՝ Կարեն Սերոբիչի վերադարձի հարցում որոշակի քաղաքական, հասարակական պահանջարկ կար:
Այդ օրերի ՀԿԿ առաջին քարտուղար, իմ լավ բարեկամ, վաղամեռիկ Սերգեյ Բադալյանն ինձ հետ մասնավոր զրույցներում պատմել է, որ ինքը Դեմիրճյանին առաջարկել է վերադառնալ ՀԿԿ՝ կուսակցության կողմից նախագահական ընտրություններում առաջադրվելու նպատակով:
Կարեն Սերոբիչն առաջարկը մերժել է:
Նա պրագմատիկ մարդ էր և հասկանում էր, որ ժամանակները փոխվել են ու, հավանաբար, չի ցանկացել ընտրություններին մասնակցել ժամանակավրեպ բրենդով:
Նրա մերժումից շատ կոմունիստներ զայրացել էին. հիմա էլ ճանաչում եմ հավատավոր կոմունիստների, որ պնդում են, թե Կարեն Սերոբիչը լավ ղեկավար էր, բայց գաղափարական և արժեքային կայուն սկզբունքների կրող չէր:
Բայց մի մարդու, այնուամենայնիվ, հաջողվեց Դեմիրճյանին վերադարձնել քաղաքականություն:
Այդ մարդը՝ երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանն է:
Ասում են՝ Կարեն Դեմիրճյանը 1998-ի նախագահական ընտրություններին մասնակցել է հենց Վազգենի հորդորով, որպեսզի հետո նշանակվի վարչապետ:
Գուցե այս վարկածը ճիշտ է, և նախագահ դարձած Ռոբերտ Քոչարյանն իսկապես պայմանավորվածություններ է խախտել, որովհետև նախագահական ընտրություններին հաջորդեցին ներիշխանական հակասություններն, ինչն, իր հերթին, հանգեցրեց նրան, որ Վազգեն Սարգսյանը դաշինք կազմի ընդդիմության առաջնորդ Կարեն Դեմիրճյանի հետ:
1999թ-ին Հայաստանում օրինակելի խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան, որում համոզիչ հաղթանակ տարավ Սարգսյան-Դեմիրճյան տանդեմի գլխավորած «Միասնություն» դաշինքը:
Դաշինքին ժողովուրդն իրոք վստահում էր, ես դրա ականատեսն եմ եղել՝ այդ ժամանակ ղեկավարելով «Միասնություն» դաշինքի քարոզչությունը Նոր Նորք համայնքում:
Կարեն Սերոբիչը, 11 տարվա ընդմիջումից հետո, վերադարձավ հարազատ աշխատասենյակ՝ ընտրվելով ԱԺ նախագահ, վարչապետ նշանակվեց Վազգեն Սարգսյանը, նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերապահվեց «անգլիական թագուհու» կարգավիճակ:
Կարեն Սերոբիչը նախագահական ընտրություններից հետո ձևավորել էր ՀԺԿ կուսակցությունը՝ սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությամբ:
Այդ կուսակցության մեջ՝ գաղափական մարդկանց հետ միասին, քիչ չէին նաև պատեհապաշտները, ովքեր կուսակցությունը լքեցին Սերոբիչի եղերական մահվանից հետո, երբ ՀԺԿ-ն հայտնվեց ընդդիմադիր դաշտում:
Ինչևէ վերադառնաք 1999թ-ի խորդհրդարանական ընտրություններից հետո ստեղծված վիճակին, երբ երկրի փաստացի իշխանությունը պատկանում էր «Միասնության» առաջնորդներին և համառորեն լուրեր էին պտտվում, որ շուտով հրաժարական է տալու Ռոբերտ Քոչարյանը:
Գուցե այդպես էլ լիներ, եթե տեղի չունենար 1999թ-ի հոկտեմբերի 27-ի աննախադեպ ոճիրը, որին զոհ գնացին Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը և նրանց հինգ զինակիցները:
Ճակատագիրն այնպես դասավորվեց, որ իրենց մահականացուն միասին կնքեցին հայոց պատմության վերջին 25 տարվա ամենավառ անհատականությունները՝ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը:
Երրորդ Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ, սպանված առաջնորդների հետ՝ մենք հողին հանձնեցինք մեր ոգին և արժանապատվությունը:
Երկիրը կանգնեց աղետի առաջ, որպեսզի ինչ-որ մեկը դուրս գա «անգլիական թագուհու» կարգավիճակից…
Շարունակելի…
Սուրեն Սուրենյանց
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.