Առաջին հայացքից գուցե ոչ այնքան կարևոր, սակայն, ցավալի մի իրողություն մեր հասարակությունում գնալով արմատավորվում է: Դեգրադացման գործընթացը հասել է այնտեղ, որ Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսը գալով Հայաստան՝ անում է մի աղմկահարույց հայտարարություն, որով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին փաստացի «մուտիլովշիկ է հանում», իսկ սոցցանցերում ավելի կարևորվում ու շատ ակտիվ քննարկման առարկա է դառնում Կիպրոսի գլխավոր դատախազի ազգանվան հնչողությունը՝ շատերի մոտ ինչ-որ ասոցացիաներ առաջացնելով: Իսկ բուն հայտարարությունը, որն իրականում հենց ամենակարևորն է, կարծես թե երկրորդական պլան է մղվում:
Չէ՞ որ ամեն օր չէ, որ նման օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյա հրապարակավ հերքում է երկրի վարչապետի ասածները՝ նշելով, թե պարզապես հնարավոր չէ իր երկրում օֆշորային ընկերություն գրանցել առանց տվյալ անձի իմացության: Սրանով ամեն ինչ ասված է, և վարչապետի ու նրան պաշտպանողների բանակի բոլոր արդարացումները միանգամից հօդս են ցնդում: Այլ հարց է, որ պաշտպանողներն էլի շարունակում են և կշարունակեն պաշտպանել Տիգրան Սարգսյանին:
Պաշտպանողներից է նաև երկրի նախագահը, որն իր դիրքորոշումը հայտնեց՝ հանրությանը հուզող հարցին որևէ գնահատական չտալով: Դրա փոխարեն Սերժ Սարգսյանն այլ գնահատականներ տվեց, այլ երևույթներին, օրինակ՝ հմտորեն հող նախապատրաստեց ՎՊ նախագահի մասնակցությամբ հերթական շոուն կազմակերպելու, միևնույն է, Իշխան Զաքարյանի պաշտոնավարությունը սեպտեմբերից դադարեցվելու է:
Այս շաբաթը հագեցած էր. Ս.Սարգսյանը հուլիսի 1-ին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում վերանշանակեց Ռոբերտ Նազարյանին, որը, կարծես, ստեղծվել է այդ պաշտոնի համար, մինչ օրս նա խելոք անում է այն ամենը ինչ իրեն մատուցում են և արժանանում վստահության:
Սակայն դառնանք շաբաթվա վարկածներից ամենահետաքրքրականին. վարչապետի մասնակցությամբ օֆշորային սկանդալը հասավ իր գագաթնակետին և «հանգուցալուծմանը»:
Նախ՝ լուրեր շրջանառվեցին Տիգրան Սարգսյանի եղբայր Աշոտ Սարգսյանի հրաժարականի մասին, որը «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենն էր և, ըստ լրատվամիջոցների, անմիջական կապ ուներ գործարանում տեղի ունեցած բոլոր ֆինանսական անօրինական գործարքների հետ:
Մինչ մի եղբայրը հրաժարական էր տալիս, մյուս եղբայրը հանդես էր գալիս զոհի դերում, որին զրպարտել են՝ նրա անունով ընկերություն գրանցելով: Նման զրպարտության ենթարկվելը, կարծում եմ, շատերիս երազանքը կլիներ, և կարծես թե ներկայացումը հաջողվում էր, սակայն որտեղից որտեղ հայտնվեց Կլերիդեսը՝ Պետրոս անունով, և խոչընդոտեց համազգային թատերական այս ներկայացման հերթական գործողության շարունակմանը:
Օֆշորային և ՎՊ նաշվետվության պատմությունների «հանգուցալուծումների» արանքում եղավ գովազդային թեթև ընդմիջում. նախ՝ «Բլումբերգը» հրապարակեց «ամենաանբարոյական» կամ արատավոր երևույթներին ամենաշատը տրվող քաղաքացիներ ունեցող երկրների աղյուսակը, որում Հայաստանը 4-րդ տեղում էր, ինչը Ահարոն Ադիբեկյանը որակեց որպես պատվեր: Այստեղ զավեշտալին այն է, որ պատվերներից խոսում է մեկը, ով տևական ժամանակ, «նստած է իշխանական պատվերների վրա», և եթե հանրապետության առաջատար պատվեր կատարող Ադիբեկյանը կարող է կատարել ներքին պատվերներ, ապա ինչո՞ւ է զարմանում, երբ ոմանք էլ կատարում են դրսի պատվերներ: Չէ՞ որ պատվերների դաշտը դեռ մոնոպոլիզացված չէ:
«Գովազդային ընդմիջման» մեջ տեղ գտան նաև նախկին ու ներկա՝ նախագահի թեկնածուները. Ագռավաքարից կրկին խոսեց տիեզերքի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Սեդրակյանը, որը թեպետ 81 տոկոս չհավաքեց, բայց նախագահ դառնալու իր մտադրությունն ու վստահությունը համարեց նորմալ: Էպոսագետն այսօր արդեն արդիական չէ, որովհետև մեկ այլ նախագահացու՝ Ադրբեջանի նախագահի հայազգի թեկնածու Գրիգորի Այվազյանն իր մտքի գոհարներով երկրորդական պլան մղեց Սեդրակյանին: Պարզվում է, որ Ադրբեջանի ժողովուրդն իրականում կողմնակից չէ Ալիևին, այլ մեզ հետ է: Թե որտեղից են պեղում նման երևույթներին՝ դժվար է ասել…
Մտքի գոհարներ արտահայտելու հարցում այս անգամ փայլեց քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը՝ նշելով, որ Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումները և բացթողումները վերաբերում են քաղաքաշինական ոլորտում պետական միջոցներով իրականացված շինարարական աշխատանքներին ընդհանրապես, այլ ոչ թե ՀՀ քաղաքաշինության նախարարությանը: Այս դեպքում հարց է առաջանում. եթե վերը նշված հարցերով քաղաքաշինության նախարարությունը չի զբաղվում, ապա ինչո՞վ է առհասարակ արդարացվում նախարարության գոյությունը, թե այն գործում է «լամինատի» ներկրման շրջանակներում : Արդյո՞ք ավելի նպատակահարմար չէր լինի լուծարել այդ կառույցը և դրա փոխարեն բացել լամինատ ներկրող խոշոր բիզնես — ընկերություն՝ Սամվել Թադևոսյանի նախագահությամբ:
Լղոզելու մշակույթը շարունակում է արդիական և կիրառելի մնալ: Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն էլ իր գործընկերոջից հետ չմնաց՝ ասելով, թե ինքը 100 մլն դրամով զուգարան չէր գնի, բայց դա չի նշանակում, որ մեզ զուգարաններ պետք չեն և եթե այդ պահին որոշել են գնել, ուրեմն ճիշտ են համարել: Հիշեցնենք, որ ՎՊ-ը կատարված այս ծախսը որակել էր իբրև անարդյունավետ:
Չարաշահումների մասին բավականին ընդդիմադիր և ջղային կարծիք էր հայտնել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Գնահատականներն այնքան կոշտ էին, որ ԶԼՄ-ներում նույնիսկ խոսակցություններ շրջանառվեցին աշնանը նրա հնարավոր պաշտոնանկության մասին:
Անդրադառնանք Սերժ Սարգսյանի գնահատականների ՎՊ զեկույցի վերաբերյալ: Չնայած ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը կոշտ գնահատականներ չհնչեցրեց, սակայն մինչ այդ արդեն հասցրել էր հնչեցնել՝ այսպես ասած, «փակելով» իր իսկ բացած՝ բյուջեն լափելու և թալանելու թեման:
Նորություն չէ, որ մեր երկրում գրեթե ամեն ինչ որոշվում է Բաղրամյան 26-ից, և Իշխան Զաքարյանը սովորական մի կատարող է, որը հավանաբար արդեն հետաքրքիր չէ իշխանություններին: Նա դժվար թե ինքնուրույն կարծիքներ հնչեցներ, որոնք, ինչպես Սերժ Սարգսյանն ասաց՝ ոչ ոքի հետաքրքիր չեն: Սեպտեմբերին լրանում է Զաքարյանի պաշտոնավարության ժամկետը և, բնականաբար, նա չի վերանշանակվի, իսկ այն, ինչի ականատեսը եղանք օրերս, հիանալի հիմք է Իշխան Զաքարյանի՝ ասպարեզից ավելի «գեղեցիկ» հեռացման համար:
Բայց սա ՎՊ բացահայտումների ներկայացման առաջնային նպատակը չէր: Իսկ առաջնայինը, ըստ ինձ, շատ պարզ է և հստակ՝ արդեն ավանդական դարձած՝ հասարակության ուշադրությունը շեղելու տեխնոլոգիայի կիրառումը: Նախ՝ գնաճը, հետո՝ օֆշորային սկանդալը, որն իրոք լուրջ խնդիր էր իշխանությունների համար, և շտապ անհրաժեշտություն առաջացավ բեմադրել մի աղմկահարույց իրադարձություն, որն իր վրա կհրավիրի հասարակության ուշադրությունը:
Իսկ ՎՊ-ն նախ նշեց, որ հաշվետվության մասին Սերժ Սարգսյանը տեղյակ է եղել, բացի այդ՝ պարզաբանեց, որ հաշվետվության մեջ չի եղել բյուջեն լափելու և թալանելու մասին արտահայտությունները:
Արդյունքում անհասկանալի մնաց Սերժ Սարգսյանի դիրքորոշումը, և կանխատեսելի դարձավ Իշխան Զաքարյանի ճակատագիրը:
Բացի այդ, հնարավոր է՝ Ի.Զաքարյանը սցենարից մի փոքր շեղվեց և մի 2 անզգույշ բան ասաց, ինչին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը տրամաբանական էր, չէ՞ որ բյուջեի 70 տոկոսի ռիսկային լինելն առաջին հերթին կրկին հարվածում է Տիգրան Սարգսյանի վարկանիշին, ով առանց այն էլ այսօր լավ վիճակում չէ և խրված է օֆշորային սկանդալի մեջ: Նորություն չէ, որ հանրապետության նախագահն ամեն գնով փորձում է պահել Տիգրան Սարգսյանին, մանավանդ, որ գնահատական չտվեց նաև օֆշորային սկանդալի վերաբերյալ, կարծես թե նման բան չէր եղել:
Ամեն դեպքում, Տիգրան Սարգսյանը, կարծես թե այս անգամ էլ տակից դուրս եկավ, նույնիսկ հայտարարեց, թե եկել է պատասխան տալու ժամանակը, և, բնականաբար, պատասխան տվողն ինքը չի լինելու, ընդհակառակը՝ ինքը լինելու է չափազանց խիստ՝ ցանկացած խախտման վերաբերյալ:
Հասարակության ուշադրությունը շեղելու համար բացի վերը նշվածից, այլ նպաստավոր պայմաններ էլ ստեղծվեցին, սակայն արդեն ոչ թե ՀՀ իշխանությունների, այլ Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուի կողմից, որը ՀՀ ԱԺ-ում հայտարարեց, թե Հայաստանը բռնազավթել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը: Կասկածելի այս տիկինը ոչ միայն կատարեց Ադրբեջանի պատվերը, այլ նաև մշակեց դեպքերի զարգացման մի շատ անհաջող սցենար, ըստ որի՝ իրեն այստեղ իբրև թե սպառնում էին և ինքն անվտանգության խնդիր է ունեցել:
Փաստորեն, մոլդավուհին սին հույսեր փայփայեց, թե ինքն իրենից գոնե այնքան բան է ներկայացնում, որ իրեն նույնիսկ կարող են սպառնալ:
Նույնիսկ Մոլդովայի խորհրդարանը գիտակցեց, որ այդ կինն իրականում այդքան չկա, և Մոլդովայի ՍԴ անդամի միջոցով փոխանցեց, որ ցավում են տեղի ունեցածի համար, և Ա.Գրիգորիուի ասածը զուտ սուբյեկտիվ կարծիք էր, որն իրենք չեն կիսում:
Մոլդովայի խորհրդարանը Աուրելիայի կարծիքը չկիսեց, իսկ այ ՀՀ իշխանություններն այս անգամ կարծես թե կիսեցին սյունեցիների կարծիքը և Լիսկան չվերանշանակվեց մարզպետի պաշտոնում:
Սա, կարելի է ասել, շաբաթվա միակ ձեռքբերումն էր. մարդկանց դժգոհությունները տեղ հասան, և Վահե Հակոբյանի նշանակմամբ՝ կանխվեց Սուրիկ Խաչատրյանի վերադարձը: Սյունիքը ձերբազատվեց բռնակալից: Թե ինչպես կլինի Վահե Հակոբյանի օրոք՝ ժամանակը ցույց կտա, համենայն դեպս նորանշանակ երիտասարդ մարզպետին, որին բոլորը ճանաչում են որպես Մաքսիմ Հակոբյանի որդի և Մաքսիմ Հակոբյանի որդի լինելու շնորհիվ ԱԺ պատգամավոր դարձած, հնարավորություն կտրվի դրսևորել իրեն գործադիր իշխանությունում և ապացուցել, որ ինքը նաև Վահե Հակոբյանն է և բացի կոճակ սեղմելուց կարող է կոնկրետ գործեր անել:
Այս շաբաթը «իմաստավորվեց» Սահմանադրության օրվա առթիվ, երբ Նախագահը հերթական անգամ բոլորիս ցանկացավ օր օրի ամրացող պետություն, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության հետևողական երաշխավորում և իրավունքի գերակայության սկզբունքի իրացում՝ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Գեղեցիկ է ասված, նամանավանդ արտագաղթից դատարկվող երկրի համար: Մենք էլ ցանկանանք:
Շաբաթն ավարտվեց Վարդավառով, որին, իհարկե, հաջորդեց հերթական մեռելոցը: Հերթական անգամ Տիգրան Սարգսյանը ջրից չոր դուրս գալով՝ «օրհնեց» մեռելոցը՝ թողնելով ապրողաց աղքատության և արտագաղթի նոր ծավալներ ու համազգային դեպրեսիա:
Շաբաթվա Վարկածները մշակեց Կարեն Վարդանյանը
- 14:08Կողմնորշվելն այսօր թիվ մեկ հարցն է
- 15:45Սպանված առյուծի ու խրախճանք կազմակերպող շակալների մասին
- 15:37Եվրաինտեգրացիայից՝ կենտրոնի քաղմաս
- 14:36Ընտրություններ, թանկացումներ, սկանդալներ
- 11:54Մենք ենք, մեր հարևանները
- 10:30Քրեաքաղաքական Հայասատան
- 17:07Տոնական շաբաթ՝ առանց տոնական տրամադրության
- 21:23Պատգամավորներն իրար «տռաս» են հանում
- 16:08Ապահով Հայաստանի թշվառությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.