Ո՞վ պետք է լինի Սյունիքի հերթական մարզպետը, ի՞նչ հատկանիշների ու արժանիքների կրող պիտի լինի նա, — այս օրերին Սյունիքում ամենաշատ քննարկվող հարցն է դա: Եվ, բնականաբար, հնչում են ամենատարբեր կարծիքներ, ապագա մարզպետից ակնկալվում տարաբնույթ որակներ:
Բազմաթիվ մարդիկ, ում հետ շփվում ենք Մեղրիում և Կապանում, Գորիսում և Սիսիանում, այնուամենայնիվ, յուրօրինակ պատկերացում ունեն խնդրի վերաբերյալ՝ նկատի ունենալով հատկապես հայաստանյան նոր իրողությունները և Սյունիքում ստեղծված նոր իրավիճակը: Ընդ որում՝ նախ կարևորվում են չափանիշները՝ ապագա մարզպետին ներկայացվող, որից հետո, ըստ էության, կոնկրետ թեկնածուի փնտրտուքն ավելի դյուրին կդառնա:
Մեր պատկերացումներն ու մոտեցումները ներկայացնելուց առաջ՝ մի նկատառում: Երևանաբնակ մի քանի սյունեցի այս օրերին տարբեր ձևերով հիշել են տալիս իրենց գոյության մասին, հայտարարություններ տարածում, թե իբր իրենք չեն կամենում (հրաժարվում են) զբաղեցնել Սյունիքի մարզպետի աթոռը: Ի գիտություն այդ մարդկանց՝ պետք չէ այդքան անհամեստ ու անպարկեշտ գտնվել, մարզպետ դառնալուց հրաժարվել կարելի է միայն այն դեպքում, երբ պաշտոնական առաջարկ են ստացած լինում: Թե չէ՝ ստիպում եք մեզ հիշել աղվեսի դնչի ու խաղողի մասին հայտնի առածը:
Այնուհետև, Սյունիքի մարզպետարանի ներկայիս պատասխանատուներից որևէ մեկին մարզպետ նշանակելու հարցում վերապահումներ անելու հիմնավոր պատճառներ կան, ինչը պետք է նկատի ունենալ: Ավելին, նոր մարզպետի նշանակումից հետո պետք է քննարկել մարզպետարանի պատասխանատուների (մարզպետի տեղակալներ, աշխատակազմի, վարչությունների, բաժինների ղեկավարներ) հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը, եթե մինչ այդ նրանք հրաժարականի դիմում ներկայացրած չլինեն սեփական հայեցողությամբ: Նախ՝ իրավիճակի համար նաև նրանք են պատասխանատու, երկրորդ՝ չենք հիշում գոնե մեկ դեպք, որ մարզպետարանի պատասխանատուները երբևէ ու որևէ սկզբունքային հարցում սեփական կարծիք հայտնած լինեն: Եվ նրանցից ոմանք, ոչ պատահաբար, տարիներ շարունակ մեզանում ընկալվել և ընկալվում են իբրև անդիմության դասական օրինակ:
Առհասարակ մարզպետարանի ներկայիս կառուցվածքն ու աշխատակազմն օպտիմալացման ստույգ մարտահրավերի առաջ են կանգնած: Կավե ոտքերով այդ հսկան, ինչպիսին մարզպետարանն է, ներկա կերպով շատ վաղուց այլևս պետք չէ Սյունիքին: Իսկ տարիներով մարզպետարանի կաբինետներում թաքնված և իրենց գետնաքարշ կյանքն անցկացնող շատ չինովնիկներ անձեռնահասության և նեխության յուրօրինակ մոնումենտ են դարձել մեզանում:
Խնդրո առարկայի շուրջ Սյունիքում կեղծ հարցախույզների հարսանիք է սկսվել: Որոշ մարդիկ փորձում են այդկերպ հիշեցնել իրենց մասին: Հարցախույզները գուցե և շուլուխի տպավորություն չթողնեին, եթե նրանք` նաև Մեղրու ու Սիսիանի բնակչության անունից հանդես եկող, խոսելուց առաջ գոնե մեկ անգամ բարեհաճեին այցելել այդ շրջաններ ու հանդիպեին մարդկանց:
Զոմբիների աշխուժացումն էլ բնական պիտի համարել, մանավանդ որ դա անհրաժեշտ է մարզպետի աթոռի համար ծավալված իրական ու կատաղի պայքարը կոծկելու համար: Զոմբիներին կարելի է նույնիսկ լրատվամիջոցներով հանդես գալու լայն հնարավորություն տալ, ինչպես և արվում է, բայց լուրջ վերաբերվել՝ ոչ մի դեպքում:
Մարզպետի հրաժարականից հետո նոր մարզպետի փնտրտուքը ցույց է տալիս, որ մարզպետարանի գոյության 17-18 տարում փոքր-ինչ անգամ չեն մեղմվել Սյունիքի շրջանների միջև գոյություն ունեցող սոցիալ-տնտեսական, սոցիալ-կենցաղային, բարոյահոգեբանական ու հոգեկերտվածքային տարբերությունները. չի ձևավորվել (գուցե և պետք էլ չէ) սյունեցու ընդհանրական կերպար, չեն նահանջել տեղային մտածելակերպն ու տեղային հայրենասիրությունը (որն իրականում, այնքան էլ վատ չէ): Եվ ստացվում է այնպես, որ շրջաններից յուրաքանչյուրն ապագա մարզպետին ուզում է տեսնել իր շահերի պատուհանից, իր պատկերացումների պրիզմայով:
Չգիտենք, թե ում թաքուն կամքով և ուղղորդմամբ մեզանում ստեղծվել է մի կեղծ տպավորություն, թե իբր մարզի վերջին տարիների բոլոր դժբախտությունների ու պրոբլեմների պատճառը Սուրեն Խաչատրյան մարզպետն է: Հիմա նա այլևս մարզի ղեկին չէ: Հետևաբար՝ կկարողանա՞ նոր մարզպետն առերեսվել մարզի հիմնախնդիրների հետ, կկարողանա՞ նոր մարզպետն առանց սեթևեթանքի, առանց վախենալու և կռանալու, հարկ եղած դեպքում՝ հակադրվել, ընդդիմանալ երկրի նախագահին ու վարչապետին, եթե նրանք փորձեն մարզին առնչվող որևէ հարցում սխալ, վնասակար որոշում ընդունել կամ քայլ ձեռնարկել: Օրինակ, նոր մարզպետը կկարողանա՞ ասել՝ պարոն նախագահ, եթե Մեղրու տարածքում ևս 14 հանքավայր շահագործվի, ապա այնտեղ ապրելն այլևս անիմաստ կդառնա: Եվ նման բազում օրինակներ: Մեր ասելն այն է, որ Սյունիքի նոր մարզպետը չպետք է կաշկանդված լինի կուսակցական, իշխանական, թայֆայական կապանքներով, որ նոր մարզպետը պետք է սեփական աշխարհայացք ունենա, սեփական դիրքորոշում ունենա մարզին առնչվող սկզբունքային բոլոր հարցերում ու առաջնորդվի ոչ թե վերևներին հաճոյանալու սկզբունքով, այլ մարզի ու պետության շահերով: Ու նաև չվախենա աթոռը կորցնելուց:
Մի հարց ևս՝ պետք է օրենսդրորեն հստակեցնել տարածքային կառավարման համակարգը. 1995 թվականից՝ մարզպետարանը ստեղծելուց մինչև հիմա չկարողացանք ընդունել տարածքային կառավարման մասին օրենք, ինչի օգնությամբ շատ հարցեր կարելի էր կարգավորել: Օրինակ, մարզպետի պաշտոնավարման ժամկետ կսահմանվեր: Ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ մարզպետի պաշտոնավարումը երկարաձգվի անվերջ, չէ՞ որ 4-5 տարի միևնույն պաշտոնում մնալով՝ մարզպետը, նաև նախարարը, քաղաքապետը, գյուղապետը լճանում են, նորի և առաջավորի հանդեպ դառնում անընկալունակ, սեփական բացթողումների ու թերությունների հանդեպ՝ կույր: Կամ՝ մարզպետարանի ու մարզպետի աշխատանքի գնահատման չափանիշները, որ առայսօր չունենք հստակեցված տեսքով, ինչի արդյունքում մայրաքաղաքային մի լրատվամիջոց կամ հասարակական կազմակերպություն կարող է մի քանի արծաթով հռչակել, թե ով է այս տարվա լավագույն մարզպետը (նաև այս տարվա մարդը, նախարարը….), որն է այս տարվա լավագույն մարզպետարանը: Կամ՝ ինչո՞ւ, ի վերջո, չորդեգրել մարզպետի պաշտոնի ուղղակի ընտրովիության սկզբունքը:
Իսկապես, կյանքը ցույց տվեց, որ մարզպետի կարգավիճակի օրենսդրական հստակեցումն օրվա հրամայականներից է: Հիմա մարզպետներն իրենց ձեռքն են վերցնում այնքան իշխանություն, այնքան լծակներ, որքան հաջողում են, որքան նվիրաբերվում է վերևից: Օրինակ, այդպես էլ հասկանալի չէ՝ ի՞նչ կարող է անել Սյունիքի մարզպետը հանքարդյունաբերության ոլորտում, երբ հանքարդյունաբերությունը մարզի արդյունաբերության մոտ 90%-ն է: Օրենքով՝ ոչինչ: Իրականում մինչդեռ դա կախված է վերևի բարեհաճությունից ու կամեցողությունից:
Նոր մարզպետի նշանակման շեմին Սյունիքի վերաբերյալ երկու՝ ինչ-որ տեղ իրարամերժ պատկերացում է այսօր պարտադրվում հանրությանը՝ ա) Սյունիքն «ուժեղ ձեռքի» կարիք ունի, բ) Սյունիքում իշխում է վախի ու սարսափի մթնոլորտ: Երկու պատկերացումն էլ չի արտացոլում սյունիքյան իրականությունը, և դա չպետք է ելակետ ընդունել նոր մարզպետ նշանակելիս: «Ուժեղ ձեռքի» մասին ասել ենք մեր նախորդ խմբագրականում՝ «…Դա մեծագույն մոլորություն է և վիրավորանք այստեղ ապրողներիս համար: Սյունիքում խորշում են «ուժեղ ձեռք» ասվածից»: Ինչ վերաբերում է Սյունիքում իշխող վախի ու անտարբերության մթնոլորտի մասին առասպելական պատումներին, ապա դա առաջիկայում կդարձնենք խոսակցության առանձին նյութ: Առայժմ միայն ասենք, որ վախը, մեծն անտարբերությունը ոչ թե գորիսյան ու սյունիքյան սինդրոմ են, այլ՝ համահայկական՝ սկիզբ առած Երևանում, որտեղից էլ պետք է սկսվի դրանք արմատախիլ անելու համազգային գործընթացը:
Սյունիքի ապագա մարզպետի ձեռքերը պետք է մաքուր լինեն, նա չպետք է մասնակցած լինի երկրի ասպատակությանը, մեր պետական ու քաղաքական համակարգի դեգրադացմանը:
Սյունիքի մարզպետը պետք է լինի բարեկիրթ, բարձր կուլտուրայի տեր, մեր ազգային արժեհամակարգին քաջատեղյակ, վերկուսակցական ու վերկլանային պահվածքով (եթե անգամ կուսակցական է), դավադրություններին և խարդավանքներին անխառն անձնավորություն: Իր համեստ կենցաղով ու վարքուբարքով մարզպետը պետք է ընդօրինակման արժանի քաղաքացի լինի:
Սյունիքին հարկավոր է տարածքի հիմնախնդիրները լավագույնս իմացող ու տարածքի մարդկանց ճանաչող գործունյա մարզպետ:
Սյունիքին, ի վերջո, անհրաժեշտ է մտավորական (բառի իսկական և լրիվ իմաստով) մարզպետ, քանզի, ինչպես նշել ենք օրեր առաջ, «Սյունիքը Հայաստանի ամենամտավորական, ամենաաշխատասեր, ամենաօրինապահ, ամենապետականամետ, քրիստոնեական ու ազգային արժեքներով առավելագույնս առաջնորդվող տարածքներից է»:
… Վերը շարադրվածը (պատկերացումների շրջանակի ուրվագծումը կարելի է շարունակել), իհարկե, վերին ճշմարտություն լինելու հավակնություն չունի: Դրանք ընդամենն այն պատվանդանի էսքիզն են, որի վրա պետք է կանգնած լինի նոր մարզպետը: Դրանք պատկերացումներ են, որոնք պարզապես ցանկալի են, որոնք, հավատացեք, միայն օգուտ կբերեն ե՛ւ տարածքային կառավարմանը, ե՛ւ մարզպետի ինստիտուտի կայացմանն առհասարակ: Փորձենք այդ չափանիշների ու արժեքների պատուհանից փնտրել մեր նոր մարզպետին, եթե նույնիսկ ներքևի կարծիքը վերևում ընդունելու հավանականությունը զրոյական լինի: Փորձենք, բայց և հիշենք, որ բոլոր այդ արժեքները կրելու դեպքում անգամ նոր մարզպետը չի կարող լավ և ուժեղ մարզպետ լինել, մարզի իրավիճակին լիակատար տիրապետող կառավարիչ լինել, քանզի ամեն ինչից առաջ կան համակարգային խնդիրներ, որոնցից սկիզբ է առնում մերօրյա Հայաստանը, ուրեմն և Սյունիքը…
syuniacyerkir.am
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.