Արդեն գրել եմ, որ Երևանի բնակիչ չեմ և չեմ մասնակցելու կիրակի օրը կայանալիք ընտրություններին: Բայց քանի որ այս ընտրությունները քաղաքական են (և դրա հետ, կարծես թե, ոչ ոք լրջորեն չի վիճում ), ուզում եմ, ավանդույթի համաձայն, հայտնել իմ դիրքորոշումը. եթե ես քվեարկելու իրավունք ունենայի, ապա ձայնս կտայի ՀԱԿ-ի ցուցակին: Այնպես չէ, որ հիացած եմ այդ կուսակցության, նախկինում` դաշինքի գործունեությամբ: Ինչպես հայաստանյան գրեթե բոլոր կուսակցություններում, այստեղ էլ կան բոլշևիկյան հավատաքննության և առաջնորդի անձի պաշտամունքի տարրեր: Բայց երբ քաղաքացին գնում է ընտրությունների, նա պետք է առաջնորդվի ոչ թե ինչ-որ ժամանակավոր, մակերեսային երևույթներով, այլ սկզբունքներով, գաղափարներով: Հենց դրանից ելնելով էլ ես, որպես քաղաքացի, նախագահական ընտրություններում համակրում էի Բագրատյանին, իսկ հիմա` ՀԱԿ-ին: Կարևոր չէ, թե ով այս պահին որ «գծի մեջ է»՝ դրանք մարտավարական հարցեր են, որոնք կարող են փոխվել: Էականը այն ուղղությունն է, որը, իր բոլոր սխալներով և շեղումներով, ընտրում են այս միջավայրից դուրս եկած գործիչները: Իսկ այդ ուղղությունն է ազատ շուկան, ժողովրդավարությունը և ազգային հարցերում պրագմատիզմը: Որքան կարող եմ դատել հարցազրույցներից, նույն արժեքներն են դավանում ՀԱԿ-ի ցուցակում առաջադրված երիտասարդները: (Հեղափոխական հռետորաբանությունը ես վերագրում եմ, այսպես ասած, «Ձախության մանկական հիվանդությանը): Կարևոր է նաև, թե ով է ղեկավարում ցուցակը: Վահագն Խաչատրյանը քաղաքի և երկրի համար դժվար տարիներին իրեն դրսևորել է որպես արհեստավարժ մենեջեր և տնտեսությունը ներսից հասկացող անձնավորություն: Էական է, որ նա Երևանի քաղաքային խորհրդի նախագահ էր ընտրվել որպես անկուսակցական և իր աշխատանքի ընթացքում երբեք քաղաքական հակամարտության մեջ չի մտել այն ժամանակվա (1992-1996 թվականների) իշխանական և ընդդիմադիր ուժերի հետ: Սա այսօր էլ է արդիական. որքան էլ կուսակցություններն իրար քարկոծեն ու վարկաբեկեն, կան խնդիրներ և ոլորտներ, որտեղ նրանք դատապարտված են համագործակցության: 20 տարի ճանաչելով Վահագն Խաչատրյանին` ես նրանից ոչ միայն հայհոյանք չեմ լսել, այլև որևէ մեկի հասցեին անձնական վիրավորանք պարունակող արտահայտություն` ինչպես հրապարակային ելույթներում, այնպես էլ մասնավոր զրույցներում: Երիտասարդ ՀԱԿ-ականներն այդ առումով պարոն Խաչատրյանից շատ բան ունեն սովորելու: Ավելորդ չէ նորից հիշեցնել, այն, ինչ ես այստեղ գրում եմ, իմ անձնական կարծիքն է, որը կապ չունի ոչ իմ լրագրողական գործունեության, ոչ էլ «Աոավոտի» ուղղվածության հետ: Լրագրությունը, շարունակում եմ դա պնդել, չի կարող «պատկանել» որևէ կուսակցության, իսկ լրատվամիջոցը պարտավոր է հավասարակշռություն պահպանել բոլոր «հակամարտող» կողմերի միջև, ինչը և մենք անում ենք: Ավելին ասեմ, թե տանը և թե աշխատավայրում իմ հարազատներն ու ընկերները, որքան հարցրել եմ, չեն կիսում իմ անձնական քաղաքացիական նախասիրությունները և, որպես կանոն, այս և նախորդ ընտրություններում գերադասում են Րաֆֆիին: Չեմ պատրաստվում քննել որևէ մեկի հավատը: Կեցցե՛ բազմակարծությունը:
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.