Երևանի ավագանու ընտրարշավի երեկվա օրը հարուստ էր իրադարձություններով, սկանդալներով, սենսացիոն հայտարարություններով:
Ամենատխուրն այն է, որ գրանցվել է հերթական միջադեպը, որը ստվերելու է ընտրական գործընթացը, դառնալու է միջազգային կառույցների հերթական զեկույցների թեմա: Եվ այդ ամենում մեղավոր ենք ինքներս, առաջին հերթին` իշխանությունները:
Երեկ Աջափնայակ համայնքի 17 թաղամասում ծեծել են քարոզչանյութեր տարածող ՀԱԿ երիտասարդների: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` ծեծողները եղել են քրեական հեղինակություն Պզեի շրջապատից: Նույն աղբյուրը պնդում է, որ Պզեի անունը կապված է իշխանությունների հետ:
Տղաներից մեկին՝ Ավիկին, Հանրապետական հիվանդանոցում բուժօգնություն են ցուցաբերել. գլխին կարեր են դրել։ Մյուսները Մաշտոցի ոստիկանությունում ցուցմունքներ են տվել:
Ուշ գիշերին, ՀԱԿ-ը հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.«Ապրիլի 22-ին Աջափնյակի 17-րդ թաղամասում հանրապետական շարքային բանդիտների խումբը հարձակվել է Հայ Ազգային Կոնգրեսի երկու ակտիվիստների վրա, որոնք նախընտրական նյութեր էին բաժանում բնակելի շենքում։ Ակտիվիստներից մեկը ծեծի հետևանքով ծանր մամնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Սա արդեն չորրորդ դեպքն է, երբ բռնության գործադրմամբ փորձ է արվում խոչընդոտել Հայ Ազգային Կոնգրեսի քարոզարշավն ու նախընտրական միջոցառումները։ Երեք դեպքում դրա հեղինակները իրենք ներկայացել են ՀՀԿ—ի անունից, չորրորդ դեպքում, քաղաքապետարանի մոտ նախընտրական միջոցառումը խոչընդոտողի դերում հանդես է եկել հենց ինքը՝ ոստիկանությունը։ Ընդ որում առ այսօր քաղաքապետական ընտրությունների քարոզարշավին մասնակից ուրիշ որևէ քաղաքական ուժի քարոզիչներ ու ակտիվիստներ որևէ խոչընդոտի չեն հանդիպել: Վարչախումբը խուճապի մեջ է, և այդ խուճապը կապված է Կոնգրեսի վերջին համագումարի ու դրա անհանգստացնող քաղաքական ռեզոնանսի հետ։ Վարչախմբի խուճապը վկայություն է նաև այն իրողության, որ մայրաքաղաքի ընտրություններում ընդդիմության հաղթանակը, իրոք, կարող է լուծել Հայաստանում ամբողջական իշխանափոխության հարցը։ Ըստ այդմ՝ ակնհայտ է, որ պետական կառույցներից սկսած մինչև հանրապետականի շարքերում գտնվող կամ նրա հովանու տակ գործող թաղային թափթփուկների հստակ քաղաքական հրահանգ է իջեցված՝ ամեն կերպ խոչընդոտել Կոնգրեսի քարոզարշավը։ Այդ հրահանգը իջեցվել է ամենավերևից, և, անկախ այն բանից, թե ով է իրականացնում այդ պատվերը՝ ոստիկանական ուժերը, թե թաղային խուժանը, նա անձնավորում է վարչախմբի պարագլուխ Սերժ Սարգսյանին»:
Իսկ մինչ այս միջադեպը` Սարյանի արձանի հարակից տարածք է այցելել ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին համար Վահագն Խաչատրյանը և զրուցել է արվեստագետների հետ, նրանց հետ քննարկել է մշակութային կյանքին առնչվող խնդիրներ:
Ոչ միայն ՀԱԿ-ում են կարծում, որ իրենց քարոզարշավը խոչընդոտվում է:
Րաֆֆի Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ իշխանությունը խոչընդոտել է «Բարև Երևան» նախընտրական դաշինքի գործունեությունը` մեկնաբանելով ապրիլի 9-ին Արմեն Մարտիրոսյանի հետ կապված միջադեպերը:
Երեկ Մարտիրոսյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն` վկայի կարգավիճակով հարցաքննվելու, իսկ նրա տասնյակ կողմնակիցներ` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, քաղաքապետի թեկնածուին զորակցել են` հավաքվելով դատախազության շենքի մոտ:
«Վարկած» մամուլի ակումբում հյուրընկալվել է «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, որը վստահաբար պնդել է, որ իրենց դաշինքը հաղթանակ է տանելու: «Բարև Երևան» դաշինքի համամասնական ցուցակի չորրորդ համարն ասել է, որ իրենց հաղթանակի դեպքում` ավագանու նիստերը կհեռարձակվեն օնլայն, կներդրվի քաղաքային հանրաքվեի ինստիտուտ:
Երեկ ուշագրավ հայտարարություն է արել ԲՀԿ ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանը. նա ֆեյսբուքյան իր էջում ցանկություն է հայտնել, որ ԲՀԿ-ն ԱԺ սեպտեմբերյան նստաշրջանում իրեն հայտարարի ընդդիմություն:
Այդ գրառման մեջ ԱԳ նախկին նախարարն անդրադարձ է կատարել նաև երևանյան ընտրություններին: «Փաստ է, որ Հայաստանի ծանր վիճակի գլխավոր պատճառը քաղաքական մենաշնորհն է: Իշխանություններից բացի՝ բոլորն են խոսում դրա մասին: Կարելի է ասել, որ այդ մենաշնորհի վերացումը և քաղաքական դաշտում իշխանության տարբեր թևերի միջև հակակշիռների ստեղծումը դարձել է ոչ իշխանական ուժերի հնարավոր համագործակցության գլխավոր գրավականը: Երևան քաղաքի իշխանությունը վերցնելու միջոցով՝ մենք առաջին կարևոր քայլը արած կլինենք քաղաքական համակարգում այդ հակակշիռների մեխանիզմի ստեղծման ճանապարհին, առանց որի պարզապես անհնար է երկրում ժողովրդավարություն հաստատել և տնտեսական զարգացում ապահովել»,- գրել է Օսկանյանը:
ԲՀԿ ցուցակի առաջին համարը երեկ հանդիպել է նաև Էրեբունի համայնքի ընտրողներին, նրանց հետ զրույցում կարևորել է քաղաքային բյուջեի արդյունավետ տնօրինումը, բյուջեի մեծացումը: Նրան ուղեկցող ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ասել է, որ համատիրությունները պատուհաս են դարձել մարդկանց համար:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը նույնպես քննադատել է իշխանություններին: Մամուլի ասուլիսում նա ասել է, որ Երևանի քաղաքապետը պետք է լինի ընդդիմությունից: «Նախագահը չի փոխվել, վարչապետը չի փոխվել, կառավարությունը չի փոխվելու, Հանրապետական կուսակցության մենիշխանությունը շարունակվում է: Կա մեկ հնարավորություն. Երևանում Հանրապետականին զրկել իշխանությունից: Ով ուզում է, որ Երևանում ու Հայաստանում ոչինչ չփոխվի, թող քվեարկի ՀՀԿ—ի և ՕԵԿ—ի օգտին»,- ասել է դաշնակցական գործիչը:
Ի դեպ, Վարդանյանը Տարոն Մարգարյանին համարել է պատահական քաղաքապետ:
Երեկոյան Խարբերդի ընտրողներին է այցելել ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին համար Արմեն Ռուստամյանը:
Երեկ, Նար-Դոսի անվան դպրոցի մոտ, Կենտրոնի ընտրողներին է հանդիպել գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նա պատմել է կատարված գործերի, նախատեսված ծրագրերի մասին: Քաղաքապետի հանդիպմանը ներկա է եղել հանրապետական պատգամավոր Գարիկ Նուշիկյանը:
ՀՀԿ նախընտրական շտաբը հայտարարել է, որ ապրիլի 24-ին քարոզարշավ չի իրականացնելու:
Քանաքեռ-Զեյթուն համայնքի ընտրողներին հանդիպել են ՕԵԿ ներկայացուցիչները: Արմեն Երիցյանը բացակայել է, նա աշխատանքային այցով ԼՂՀ-ում է, որտեղ երեկ հանդիպել է նախագահ Բակո Սահակյանին: Փոխարենը` Քանաքեռ- Զեյթունում խոսել է ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանը` գնահատելով քաղաքապետի իրենց թեկնածուի մասնագիտական և մարդկային որակները:
Քարոզարշավ, բուկլետներ ու պաստառներ, հանդիպումներ ու հանրահավաքներ: Այս ամենը փող արժե:
Ապրիլի 19-ի դրությամբ Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող 7 քաղաքական ուժերը նախընտրական քարոզչության նպատակով ծախսեր են կատարել հիմնադրամներից: Ընդ որում՝ առավել շատ ծախսել է ՀՀԿ-ն, որը հիմնադրամ մուտքագրված 65 մլն 300 հազար 400 դրամից ծախսել է 56 մլն 300 հազար 23-ը: Առայժմ ամենաքիչ ծախսեր կատարել է «Առաքելություն» կուսակցությունը, որն ապրիլի 16-ի դրությամբ ծախսեր չէր կատարել: Հիմնադրամ մուտքագրված 1 մլն 60 հազար դրամից կուսակցությունը երեք օրում ծախսել է 1 մլն 59 հազար 400-ը: Կենտրոնական բանկից ստացված տվյալների հիման վրա՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կազմած տեղեկանքի համաձայն՝ ապրիլի 19-ի դրությամբ ՀՀԿ-ից հետո հաջորդ առավել շատ ծախսեր կատարածը ԲՀԿ-ն է. մուտքագրված 45 մլն 992 հազար դրամից ծախսվել է 44 մլն 344 հազար 114-ը: ՕԵԿ-ը մուտքագրված 18 մլն 204 հազար 150 դրամից ծախսել է 15 մլն 559 հազար 808-ը: «Հայ ազգային կոնգրես»-ի հիմնադրամ մուտքագրված 10 մլն 99 հազար 400 դրամից ծախսվել է 9 մլն 765 հազարը: ՀՅԴ-ի հիմնադրամի 5 մլն դրամի մուտքերը քարոզարշավի սկզբից ի վեր մնացել են անփոփոխ, որից ապրիլի 19-ի դրությամբ ծախսվել է 1 մլն 760 հազար 400 դրամ: Ապրիլի 16-ից հետո «Բարև Երևան» դաշինքի հիմնադրամի մուտքերը՝ 4 մլն 320 հազար դրամ, մնացել են անփոփոխ, սակայն շուրջ 1,9 մլն դրամով աճել են ծախսերը՝ կազմելով 4 մլն 195 հազար 4 դրամ:
Սուրեն Սուրենյանց
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.