Երկար մտածում էի՝ գրեմ, թե՝ ոչ, այս հոդվածը: Ի վերջո, որոշեցի գրել, որովհետև բացարձակապես չեմ ընդունում «ընդդիմության մասին՝ կամ լավը, կամ ոչինչ» արատավոր կարծրատիպը:
Նախագահական ընտրությունների նախընտրական և հետընտրական փուլերում ասելիքի բովանդակությամբ աչքի չընկած Րաֆֆի Հովհաննիսյանը հասարակական սպասումների տրամադրություններ էր ստեղծել ապրիլի 9-ի շուրջ: Գյումրիից երկու օր Երևան քայլող, Րաֆֆու հացադուլի օրերին Ազատության հրապարակը չլքած, անձրևին ու քամուն դիմացած մարդիկ սպասում էին, կարոտ էին քաղաքական խոսքի, փոփոխություն ավետող ծրագրի: Ուզում էին Ազատության հրապարակում արժևորվել որպես քաղաքացի՝ ազատության և իրավունքի կրող:
Հրապարակում հավաքված ժողովուրդը փետրվարի 18-ին օտարվել էր իշխանությունից, օտարվել էր վերջնականապես, որովհետև համարում է, որ իր քվեն գրպանել են, իրեն տաս հազար դրամով գնել են ուզել ՝ քաղաքացիական գիտակցությունը խեղդելու նպատակով:
Եվ ահա այս մարդիկ ապրիլի 9-ին եկել էին հրապարակ՝ իրենց ոտնակոխ եղած արժանապատվությունը վերականգնելու, իրենց ու պետության վերջնական, անդառնալի խզումը կանխելու նպատակով: Ցավոք, այն, ինչ կատարվեց ապրիլի 9-ին՝ այդ մարդկանց համար դարձավ նոր փետրվարի 18, բայց՝ ավելի խորքային, անդառնալի, որովհետև նրանց խաբել էր ոչ թե իրենց կողմից մերժված Սերժը, այլ իրենց քվեն ստացած Րաֆֆին:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդն երեկ մի քանի կոպիտ սխալ թույլ տվեց, սխալներ, որոնք որակապես զրոյացրին հետընտրական բարենպաստ միջավայրը:
Առաջին, «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը հրաժարվեց անձնական պատասխանատվության ստանձնումից: Ժողովուրդը փետրվարի 18-ին իր հավաքական կարծիքն արդեն հայտնել էր, ուրեմն՝ չարժեր նրան մասնակից դարձնել մի ներկայացման՝ Նոր Հայաստանի, ասել է թե՝ կոլեկտիվ երդմնակալության: Հովհաննիսյանը տարալուծեց սեփական քաղաքական պատասխանատվությունը, որովհետև քաղաքական ասելիք և օրակարգ չէր ունեցել և չունի՝ փետրվարի 18-ից առաջ և հետո: Էլ չեմ ասում այն մասին, որ ոչ մի այլընտրանքային ինագուրացիայի կարիք էլ չկար, որովհետև Րաֆֆին հեղափոխության մարտավարությունը, գուցե արդարացիորեն, մերժել էր ի սկզբանե:
Երկրորդ, քաղաքական լիդերը պետք է ունենա կամք ու պատասխանատվության զգացում: 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքների ժամանակ ամենատարածված կարգախոսը, որ հնչում էր հավաքվածների շուրթերից՝ «հիմա»-ն էր, բայց առաջին նախագահն երբեք զանգվածների հույզերի ազդեցությամբ չվերանայեց իր մարտավարությունը: Երեկ մենք հանդիպեցինք տրամագծորեն հակառակ պատկերի. Բավական էր, որ հավաքվածների մի մասը սուլոցով դիմավորեին «Բարևի հեղափոխության» առաջնորդի առաջարկած մարտավարությունը՝ նա անմիջապես տեղի տվեց ու նախաձեռնեց քաղաքական աննպատակ երթ Բաղրամյան պողոտայի ուղղությամբ:
Երրորդ, երեկ բացահայտվեց, որ Ր. Հովվհանիսյանը ոչ ստանդարտ իրավիճակներում կորցնում է կառավարելու ունակությունը, արագ խուճապի է մատնվում: Երբ Բաղրամյան փողոցի սկզբնամասում ցուցարարները հանդիպեցին ոստիկանների պատնեշին, նրանց առաջնորդը շատ արագ համաձայնեց «այլընտրանքային» երթուղուն, մենակ ու անպաշտպան թողեց հազարավոր ցուցարարների և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ու մի քանի հարյուր մարդկանց ուղեկցությամբ Սարյան փողոցով շարժվեց Ծիծեռնակաբերդ: Պետք չէ տեղի ունեցածում մեղադրել գեներալին. նրա խնդիրը՝ հասարակական կարգի պահպանումն էր, ինչն ոստիկանապետն երեկ փայլուն կատարեց: Հարցեր են առաջանում ուղղված Րաֆֆուն: Մեկը հարցնող լինի՝ երեկվա երմնակալության խորհուրդն ի՞նչ կապ ուներ Ծիծեռնակաբերդի հետ, ինչի՞ էիր մարդկանց անպաշտպան թողնում ոստիկանների դեմ, ո՞ւր էիր գնում, երբ տեղեկացար, որ կողքիդ մարդկանց ծեծում կամ բերման են ենթարկում: Թե՞ քո պատկերացրած Նոր Հայաստանի հիմքում գերեզմանապաշտության սկզբունքն է:
Երբ ինձ ասեցին, որ Հովհաննիսյանը ցուցարարներին մենակ թողել՝ Ծիծեռնակաբերդ է գնացել՝ չհավատացի: Երկրորդ զանգից հետո՝ գնացի Բաղրամյան փողոց. նոսրացող, հուսահատ, խաբված ժողվուրդ էր՝ նման իր հովվին կորցրած հոտի: Խեղճ մարդիկ երևի չգիտեին, որ էն գլխից հովիվ չեն էլ ունեցել: Երբեք այդքան նվաստացած ինձ չէի զգացել:
Չորրորդ, ընդդիմության առաջնորդը լինելը՝ հասարակական շատ որոշակի կարգավիճակ է. այն չի կարելի շփոթել լարախաղացի աշխատանքի հետ: Երբ Րաֆֆին Ծիծեռնակաբերդից վերադարձավ Բաղրամյան փողոց, ուր արդեն մի քանի հարյուր հոգնած ու քաղցած մարդ էր մնացել, դարձյալ սկսեց բանակցել ոստիկանության հետ: Ու պատկերացնո՞ւմ եք՝ «հաղթանակ» տարավ. ոստիկանությունը բացեց ճանապարհը, մեր առաջնորդը՝ մի քանի տասնյակ մարդու ուղեկցությամբ, կեսգիշերին, մոտեցավ Նախագահականին, ուր այդ ժամին հաստատապես մարդ չկար, երգեց «Մեր հայրենիքը», հետո նույնքան հերոսաբար հեռացավ…
…Հեռացավ առնվազն ընդդիմության առաջնորդի բարձունքից՝ թաղելով դեռ չծնված հեղափոխությունը, հուսախաբ անելով հազարավորների: Ոչ ոք այնքան համոզիչ չէր դարձրել Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման անհարաժեշտությունը, որքան՝ նրա հիմնական մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանը: Ափսոս, որ դրանից իշխանության որակը չի լավանա:
Ի դեպ, երեկ մի քանի ժամ Վլադիմիր Գասպարյանը՝ ոստիկանապետ լինելուց բացի, նաև ընդդիմության առաջնորդ է աշխատել: Նա դայակի պես Րաֆֆուն ուղեկցեց Ծիծենակաբերդ, հետ բերեց, հետո ուղեկցեց դեպի նախագահական: Պատահական չէ, որ ժողովրդին հրաժեշտ տալուց առաջ՝ ոստիկանապետը մարդկանց հարցրեց՝ դուք ի՞մ հետ եք գալիս, թե՞ Րաֆֆու: Փորձառու ոստիկանապետն երևի զգացել էր, որ այդ պահին մարդիկ իրեն ավելի շատ են վստահում, քան՝ Րաֆֆուն:
Ու ճիշտ էր զգացել. երեկ Վովան գոնե կանխեց Մարտի 1-ի կրկնությունը…
Սուրեն Սուրենյանց
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.