Երևանի քաղաքապետի ընտրություններն, իսկապես, առանցքային քաղաքական նշանակություն ունեն: Դրանց արդյունքում ոչ միայն քաղաքային նոր իշխանություն է ձևավորվելու, այլ նաև տեսանելի է դառնալու քաղաքական այն ուժը, առնվազն՝ այն առանցքը, որը դոմինանտ է լինելու ընդդիմադիր դաշտում և լուրջ հայտ է ներկայացնելու 2017-2018թթ-ի համապետական ընտրություններում: Այս առումով Երևանի ավագանու ընտրությունների նշանակությունն, իսկապես, բացառիկ է, մանավանդ որ՝ դրանց մասնակցում են երկրի բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերը:
Ոչ իշխանական դաշտում այս պահին գործում են քաղաքական չորս կարևոր դերակատարներ՝ ԲՀԿ-ն (մեծ վերապահումով արձանագրենք, որ այս կուսակցությունն ընդդիմադիր է), «Ժառանգությունը», ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն:
Ավելի քան կեսմիլիոնանոց բողոքական ընտրազանգվածի համար մղվող պայքարում այս պահին նախընտրելի են համարվում Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ի և Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման շուրջ ստեղծված «Բարև Երևան» դաշինքի հնարավորությունները: Խորհրդարանական վերջին ընտրություններում 500.000-ից ավելի քվե ստացավ և Ազգային ժողովում թվաքանակով երկրորդ խմբակցությունը ձևավորեց ԲՀԿ-ն: Արդեն այս տարվա սկզբին՝ նախագահական ընտրություններում, առանց ԲՀԿ մասնակցության, գրեթե նույնքան քվե ստացավ ու ընդդիմության առաջնորդությունը ստանձնեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի շրջապատում ասում են, որ, նույնիսկ պաշտոնական թվերով, հենց իրենց ղեկավարն է ընդդիմության լիդերը: Րաֆֆուն չսիրողները պնդում են, որ նա ընդամենն իրենով է արել մյուս՝ ընտրություններին չմասնակցող, ընդդիմադիրների ձայները, ըստ այդմ՝ «Ժառանգություն» կուսակցության ղեկավարի իրական վարկանիշը շատ ավելի համեստ է:
Ահա հենց այս հարցի պատասխանը լավագույնս կտա Երևանի ավագանու առաջիկա ընտրությունը:
Կուսակցության վերածված ՀԱԿ-ը, բարոյական հարթության մեջ, հենց իրեն է համարում ընդդիմության լոկոմոտիվը: Լևոն Տեր-Պետրոսյանի շրջապատում համարում են, որ իրենց պայքարի շնորհիվ էր, որ ձևավորվեցին քաղաքացիական հասարակության ծիլերը, ԲՀԿ-ն իրեն դուրս դրեց կոալիցիայից ու նաև այն, որ մյուս ընդդիմադիր ուժերը սկսել են օգտագործել ՀԱԿ լոզունգները, բարձրաձայնում են այն պահանջները, որոնք տարիներ շարունակ եղել են բրենդային առաջին նախագահի թիմի համար: Սակայն իրական քաղաքականության տեսանկյունից՝ ՀԱԿ-ն այսօր վերածվել է ԲՀԿ շահերը սպասարկող կառույցի:
ՀՅԴ-ում հասկանում են, որ իրենք ընդդիմադիր դաշտի կարևոր, բայց առանցքային կուսակցություն չեն. ավանդական կուսակցությունն ունի կայուն, բայց ոչ մեծ էլեկտորատ, չունի խարիզմատիկ առաջնորդ: Ըստ այդմ՝ դաշնակցականները փորձում են գոնե գաղափարապես ուղղորդել ընդդիմադիր շարժումը՝ տարբեր օրակարգեր առաջարկելով, ծրագրային միավորման թեզը շրջանառու դարձնելով:
Իսկ առայժմ նշված բոլոր ուժերը պատրստվում են ավագանու ընտրություններին:
Պատահական չէ, որ ՀԱԿ, ՀՅԴ և ԲՀԿ կուսակցությունների ներկայացուցիչներն այսօր ՀԱԿ առաջին համագումարում խոսել են այդ ընտրությունների բացառիկ կարևորության մասին:
«… Շատ կարևոր է Երևանի ավագանու առաջիկա ընտրությունը: Մենք նպատակ ենք դրել մեր առջև ազատագրել Երևանը, նրա քաղաքապետարանը Սերժ Սարգսյանի ռեժիմից: Ռեժիմը երբեք այսքան ատելի դարձած չի եղել, քան այսօր, պետք է օգտվել այս իրավիճակից և պայքար սկսել ավագանու ընտրություններում` մեր հաղթանակի համար»-ասել է ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Նույն համագումարում ԱԺ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարևորել է ընդդիմության համագործակցությունը: «Ես վստահ եմ, որ այդպիսի համագործակցության բոլոր հիմքերը կան։ Մենք ունենք նաև առաջին կարևոր առիթը հենց այս ընտրությունները, որ գալու են՝ Երևանի ավագանու ընտրությունները. միասնական դիրքորոշումներով հասնել նրան, որ օգտագործվի այդ պատեհ հնարավորությունը Երևանում հաստատել ընդդիմության իշխանությունը»,— ասել է նա:
ԲՀԿ խմբակցուաթյան անդամ Ստեփան Մարգարյանը, կարծես թե, հատուկ շեշտել է իր կուսակցության առաջատարությունը, բայց նաև խոսել է միասնականության անհրաժեշտության մասին. «ԲՀԿ—ն ընտրությունների է գնում հաղթելու նպատակով: Ընդհանուր հաղթանակը և քաղաքական մոնոպոլիայի վերացումը ևս հաղթանակ է»:
Ինչևէ, երեկ և այսօր մայրաքաղաքում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք կարևոր են ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող զարգացումների համատեքստում:
Սահմանազատման հանրահավաք
Նախագահական ընտրություններից հետո, երեկ Րաֆֆի Հովհաննիսյանն անցկացրեց իր ամենասակավամարդ հանրահավաքը: Մի կողմից՝ անձրևը, մյուս կողմից՝ ապրիլի 9-ից հիասթափությունը, ազդել էին հանրահավաքի մասնակիցների թվաքանակի վրա:
Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի համար սահմանազատման օր էր. նա ձերբազատվեց «Հիմա» կարգախոսից և դրա կրողներից, նույնիսկ անթաքույց կշտամբեց Անդիրաս Ղուկասյանին՝ փաստորեն նրան մեղադրելով արյան վրայով քաղաքական կարիերա անելու փորձերի մեջ:
«Հիմա»-ի մյուս ջատոգովը՝ Նիկոլ Փաշինյանը, հարթակում չէր: Ժիրոյի խումբն էլ չկար. տարօրինակ կլիներ նրանց լինելը՝ Տիգրան Խզմալյանի հարցազրույցից հետո, երբ Րաֆֆու մասին կինոռեժիսորն օգտագործել էր «քաղաքական դիակ» տերմինը: ՀՅԴ-ն էլ ներկա էր, բայց՝ ոչ հարթակում: Արմեն Ռուստամյանի, Արծվիկ Մինասյանի և Աղվան Վարդանյանի ներկայությունն ավելի շատ դեմարշ էր, քան՝ զորակցություն: Նրանք հրապարակ էին եկել «Մեր Վահանը՝ նախագահ» մակագրությամբ անձրևանոցներով: Թեև Ռուստամյանն այսօր խնդրել է դրա մեջ ենթատեքստ չփնտրել, բայց քաղաքականության մեջ նման պատահականություններ չեն լինում: Հա, չմոռանամ ասել, որ Րաֆֆին նրանց էլ է կշտամբել և նկատել է, որ օրվա իշխանությունն ու, իր խոսքերով, կեղծ ընդդիմությունը նույն սորտից են:
Մի խոսքով Րաֆֆու շարժումը մաշել է. նրա հետ հարթակում երկու փոքր կուսակցությունների ղեկավարներն էին՝ Պետրոս Մակեյանը և Մանուել Գասպարյանը: Րաֆֆին շատ լավ է զգում քաղաքական և հանրային աջակցության անկման փաստն ու, թերևս, այս պատճառով՝ որոշել է կազմակերպչական բնույթ հաղորդել իր շաժմանը. մյուս ուրբաթ նա իր կողմնակիցներին հրավիրել է «Անի» հյուրանոցի մեծ դահլիճ: Ցավալին այն է, որ մեր քաղաքական առաջնորդները միայն շարժման անկման համատեքստում են մտածում՝ դրան կազմակերպչական ձև տալու մասին:
Երեկվա հանրահավաքում, ակնարկների մակարդակով, քննադատություն հնչեց նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին: Երբ Արմեն Մարտիրոսյանը խոսում էր Րաֆֆի Հովհաննիսյանի արժանիքների մասին՝ նրան հակադրելով «սև պատերի մեջ թաքնվածի» հետ, պարզ էր՝ ում է հասցեագրված քաղաքական խայթոցը:
Համագումարում թևածում էր Ծառուկյանի շունչը
ՀԱԿ-ը փոքրացավ-փոքրացավ և համազգային շարժումից փոխակերպվեց կուսակցության՝ «ՀՀՇ+ընկերներ» կազմով: Նորաստեղծ կուսակցության նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, տեղակալներ՝ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը: ՀԱԿ-ի կուսակցականացումով, ըստ էության, մարգինալի կարգավիճակ ստացան արդեն գոյություն չունեցող դաշինքում մնացած և նոր կուսակցությանը մաս չկազմած ՀԺԿ-ն և ՍԴՀԿ-ն: Այս իմաստով՝ Ստեփան Դեմիրճյանի և Լյուդմիլա Սարգսյանի ելույթները քաղաքակիրթ ապահարզանի տպավորություն թողեցին:
Ուրվագծվեց ՀԱԿ նոր դաշնակիցների կազմը՝ ԲՀԿ, ՀՅԴ: Այս ցանկում «Ժառանգությունը» բացակա է, և շուտով Րաֆֆին ու նրա թիմը թիրախ են դառնալու՝ թե իշխանության և մյուս ընդդիմադիրների քննադատության համար:
Թեև այսօր էլ առաջին նախագահը քննադատեց Րաֆֆիին՝ չմոռանալով նշել, որ միայն ինքն է արձանագրել նրա հաղթանակը նախագահական ընտրություններում: «Սա քաղաքական առումով մեծագույն աջակցությունն էր, որ կարող էր հարաբերությունները լավացնել «Ժառանգության» հետ, բայց ափսոս։ Երկրորդը՝ մեր ակտիվիստների մեծագույն մասը եղել է հրապարակում, եթե չչափազանցնեմ, հրապարակի կեսը միշտ եղել են Կոնգրեսի համակիրներ։ Եվ երրրոդը՝ ինչու ղեկավարությունը չմիացավ, չեկավ հարթակ։ Այ այստեղ կներեք, մի շատ մոդայիկ հարց կա, որը շրջանառության մեջ է դրել հարգարժան Սերժ Սարգսյանը՝ միանայի ի՞նչ անեի։ Միանայի, որ գայի Վովա Գասպարյանի հետ աղոթեի։ Կներեք, ուզում եք հավատացեք, թե չհավատաք, բայց իմացեք, որ Վովայի հետ աղոթելն իմ մանկության երազանքը չի եղել»,-ասել է Տեր-Պետրոսյանը: «Ժառանգությունն» արդեն հակադարձել է այս գնահատականին, բայց դա ընդամենն արձանագրումն է այն փաստի, որ ընդդիմության դաշտում կան լուրջ հակասություններ:
Վերադառնանք Մարզահամերգային համալիր, որտեղ կայացել է ՀԱԿ համագումարը: Առաջին նախագահը ջանք չի խնայել Գագիկ Ծառուկյանին մեծարելու համար: Սա լավագույն նվերն էր, որ կարող էր մատուցվել ավագանու ընտրություններում լիդերության ձգտող ուժի համար: Նա նույնիսկ զուգահեռներ անցկացրեց ԲՀԿ առաջնորդի և Խաչատուր Սուքիասյանի միջև: «Գոնե մարդկանց մեջ կարողացանք կասկածներ հարուցել։ Խաչատուր Սուքիասյանն ո՞վ էր, նույն այդ բուրժուազիայի և օլիգարխիայի մի մասը, և նույնպիսի վերաբերմունք կար նրա նկատմամբ, ինչ մյուսների, բայց այդ մարդը հասկացավ, եկավ բացահայտ միացավ մեր շարժմանը և ոչինչ չստացավ դրա դիմաց, հակառակը՝ իշխանություններն առաջին հարվածը հասցրին նրան։ Իշխանություններն ավելի լավ են հասկանում որտեղ է վտանգը, քան, այսպես կոչված, մեր քաղաքական ուժերը, սրանք հասկացան որտեղ է վտանգը և ամենադաժան հարվածը հասցրին Խաչատուր Սուքիասյանին և սնանկացրին այդ մարդուն… Այսօր նույն ճանապարհն է ընտրել Գագիկ Ծառուկյանը և ի՞նչ են անում։ Փոխանակ նպաստեն այդ պրոցեսին, փոխանակ անեն ամեն ինչ, որ դա գնալով խորանա։ Եվ այդ մարդը որևէ քայլ չարեց, որ կասկած հարուցի, որ նա չի փորձում պոկվել իշխանությունից։ Ես չեմ ասում, որ պոկվել է իշխանությունից, նա չի կարող, հսկայական տնտեսություն ունի, հազար ու մի բաներով կապված, բայց բոլոր քայլերը դա են ցույց տալիս, որ դուրս եկավ կոալիցիայից, չսատարեց Սերժ Սարգսյանին ընտրություններում, խորհրդարանական ընտրություններում առանձին մասնակցեց, դահլիճում չմասնակցեց Սերժի երդմնակալությանը, այսօր էլ պատրաստ է ավագանու ընտրություններում ճակատ տալ, ինչպե՞ս կարող է մի ուժ, որ նպաստում է, չեմ ասում պայքարում է, նպաստում է չարիքի դեմ պայքարին և թուլացմանը՝ այդպես վանել։ Ավելի բան չի կարելի մտածել, քան որ այն, որ չեն ուզում այդ փոփոխությունները։ Չեմ բացառում, որ առաջիկա ավագանու ընտրություններում լուրջ հարվածը ստանալու է հենց ԲՀԿ—ն, և իմ կարծիքով նրան փորձելու են այն հնարավորությունից զրկել, ինչ եղավ ԱԺ ընտրություններին, որովհետև ուզում են այդ վախը տարածել մյուս օլիգարխների վրա»,- նշել է առաջին նախագահը։
Ինչ ուզում եք՝ ասեք. Լևոն Տեր-Պետրոսյանն իրատես մարդ է. նա դեռ 2011-ին հասկացել է, որ ՀԱԿ-ն այլևս ինքնուրույն գործոն չէ և հետևողականորեն սպասարկում է ԲՀԿ շահերը: ՀԱԿ-ի կարգավիճակը փոխվեց, էությունն՝ ոչ:
Սուրեն Սուրենյանց
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.