Ապրիլի 9-ը, օբյեկտիվորեն կամ արհեստականորեն, այն օրն էր, որը որոշակի հստակեցում պետք է մտցներ քաղաքական դաշտում, նաև պատասխան տար այն հարցին, թե ինչ բնույթ կունենան իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները: Ի վերջո, սրանք հարցեր են, որոնց պատասխաններն ազդելու են թե Երևանի ավագանու ընտրությունների, թե նոր կառավարության ձևավորման վրա: Ինչո՞ւ չէ՝ որոշակիորեն նաև հին ու նոր իշխանության և ընդդիմության որակի վրա:
Սերժ Սարգսյանի երդմնակալությունը տեղի ունեցավ Մարզահամերգային համալիրում՝ արարողակարգի կանոններին համաձայն: Մի տեսակ, նույնիսկ արհեստականորեն, երդմնակալության արարողությունը նույնպես ծառայեցված էր նախագահ Սերժ Սարգսյանի լեգիտիմության ամրապնդմանը:
Նոր քաղաքական մշակույթի ձևավորման տեսանկյունից, անշուշտ, ողջունելի էր հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը խորհրդարանի հատուկ նիստին: Այդպես էլ հստակ պատասխան չտրվեց՝ ինչու չի հրավիրվել և երդմնակալությանը չի մասնակցում առաջին նախագահը: Ի դեպ, հենց Սարգսանը պետք է շահագրգիռ լիներ Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ: Այդ փաստը կփարատեր Քոչարյանի և Սարգսյանի իշխանությունների նույնականության մասին հասարակական կարծրատիպը: Թեև, հանուն արդարության նշեմ, որ Տեր-Պետրոսյանն ինքն էլ է արժեզրկել առաջին նախագահի ինստիտուտը՝ մասնակից դառնալով բացառապես կոնյուկտուրային տրվող քաղաքական այսօրվա անցուդարձին:
ԱԺ հատուկ նիստերին մասնակցում էին ՀՀԿ և ՕԵԿ խմբակցությունները, ԲՀԿ ֆրակցիայի անդամների կեսը: ԲՀԿ-ն բացահայտում է իր «այլընտրանքայնությունը». սկզբունքային հարցերում Գագիկ Ծառուկյանը լռում է կամ բացակայում է հանրապետությունից, կուսակցության քաղաքական թևը՝ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, ընդդիմադիր տեսակետներ է հայտնում, գործարար թևը համերաշխվում է հանրապետական մեծամասնության հետ: Եթե սա դառնա կուսակցական «բնավորություն», մոտ ապագայում դժվարությամբ կարող ենք խոսել ԲՀԿ-ի՝ քաղաքական ամբողջական միավոր լինելու մասին:
«Այլընտրանքային» երդմնակալության կոմֆորտն ապահոված չէր: Ազատության հրապարակը բազմամարդ էր, սակայն քամին և անձրևն որոշակի անհարմարություններ ստեղծում էին:
Ակնհայտորեն խզում կար իր անելիքը չպատկերացնող առաջնորդի և վճռական գործողություններ ակնկալող հավաքվածների միջև: Րաֆֆու քաղաքական ռեբուսները, ոչինչ չասող հռետորաբանությունը և բարձրագոչությունն ակնհայտորեն հոգնեցրել է նաև շարժմանը միացած կուսակցություններին:
Ինչ խոսեցին
ՀՀ նախագահի երդման տեքստը բաղկացած է մեկ նախասաությունից և բուն երդման արարողությունից պետք չէր անակնկալներ սպասել:
Ավելի հետաքրքիր էր հանրապետության նախագահի ծրագրային ելույթը, որում նա առանձնացրել է մի քանի առաջնահերթություն՝ տնտեսական առաջընթաց, ժողովրդավարության խորացում, իրավունքի գերակայության ապահովում, ԼՂ հիմնահարց: Եթե լավատեսական նոտայով նայենք Սարգսյանի ելույթին, ապա ապագայում ականատեսը կլինենք մենաշնորհների և օլիգարխիայի դեմ պայքարին, դատաիրավական բարեփոխումներին, ավելի մրցակցային քաղաքական համակարգի ստեղծմանը: Բայց սրանք միայն ցանկություններ են ու մեր իրականությունն ունի բազում օրինակներ, երբ հնչած գեղեցիկ խոսքը ոչ թե նույնքան գեղեցիկ իրականություն է դառնում, այլ ընդամենը քողարկում է գորշ իրականությունը: Իր ծրագրային ելույթի ժամանակ գործող նախագահը փորձել է իր իշխանությունը սահմանազատել Քոչարյանի ռեժիմից: «Համեմատե՛ք հինգ տարի առաջվա Հայաստանը այսօրվա Հայաստանի հետ և կտեսնեք տարբերությունը: Համեմատե՛ք խոսքի, մամուլի, հավաքների ազատության մակարդակները: Համեմատե՛ք հասարակական կազմակերպությունների և ընդհանրապես քաղաքացիական հասարակության կայացածության մակարդակները: Խոստանում եմ, որ եղածով չենք բավարարվելու, կանգ չենք առնելու: Հինգ տարի հետո մենք ունենալու ենք ժողովրդավարության բոլորովին նոր՝ անհամեմատ բարձր մակարդակ»,- ասել է նա:
Ավելի ինտրիգային էր և անկանխատեսելի Րաֆֆի Հովհաննիսյանի երդման ձևն ու բովանդակությունը: «Հանուն հավատքի և հանրապետության, ես՝ ՀՀ քաղաքացիս, այսօր, ներկա ապօրինի իշխանության հետ հայտարարում եմ, որ չեմ ճանաչում կեղծ ղեկավարներին, չեմ հնազանդվելու սուտ պահանջներին, չեմ ենթարկվելու անիրավ հրամաններին, ես լիազորված եմ իրավունքով, պաշտպանված եմ Սահմանադրությամբ և ես չեմ վախենում և ես չեմ վաճառվում, և ես չեմ նահանջում: Մենք Հայաստանի 4-րդ հանրապետության քաղաքացիներս երդվում ենք մեր պապերի երազանքով, մեր երեխաների ապագայով, մեր պետության Սահմանադրությամբ, որ մենք պայքարելու ենք, պայքարելու ենք ամենուր՝ սիրով, հավատքով և չենք հոգնելու, չենք հիասթափվելու, հույս ենք տալու, ուժ ենք տալու իրար և մենք հաղթելու ենք։ Մենք՝ Նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներս, սուրբ Արարատի շուքի ներքո, կառուցելու ենք մեր իսկական հայրենիքը, որտեղից չեն փախչում մեր եղբայրներն ու քույրերը, որտեղ վերադառնում են բոլոր հայերն ու հայաստանցիները, որտեղ կա իրավունք, աշխատանք, ապագա, կա ընտրված նախագահ: Արդարության օրը հեռու չէ, այդ օրն այսօր է»,- քաղաքացիների հետ կոլեկտիվ երդվել է Ր. Հովհաննիսյանը: Քաղաքական առումով՝ հնչած տեքստը բովանդազուրկ է. այնտեղ ակնարկ չկա անգամ այլընտրանքային իշխանություն ձևավորելու, նախագահի լիազորությունները ստանձնելու մասին: Կոնկրետ գործողությունների մասին նույնպես՝ ոչ մի խոսք:
Միայն հավաքված ժողովրդի պահանջով էր, որ Րաֆֆին քայլերթ է կազմակերպել քաղաքի կենտրոնական փողոցներում՝ տեղ-տեղ բախվելով ոստիկանության հետ:
Թերևս դա էլ ստիպեց, որ կոշտանա նաև «Ժառանգություն» կուսակցության ղեկավարի խոսքը: «Եթե Սերժ Սարգսյանը սուտ երդում է տվել, եթե Վեհափառը օրհնել է, ես չեմ ճանաչում, ոչ Սերժ Սարգսյանին և ոչ Վեհափառ հայրապետին, ես ճանաչում եմ միայն հայ ժողովրդին»,- ասել է նա:
Ի հակառակ ոչինչ չասող երդման տեքստի՝ Հովհաննիսյանը նաև ասել է. «Ոչ թե ստվերային, ոչ թե զուգահեռ Հայաստանի իշխանությունը, այլ նոր Հայաստանի իշխանությունը ես ձեզ կներկայացնեմ ապրիլի 12-ին»:
Ի դեպ, նրա այս խոսքին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հակադարձել է՝ բավականին կտրուկ, Գալուստ Սահակյանը. «Մի ժամանակ նաև դպրոցներում էդպես նախագահ-նախագահ էին խաղում աշակերտները, որպեսզի ծանոթանան մեր երկրի Սահմանադրությանը: Հիմա նույնը կատարվում է նաև Րաֆֆու մոտ, ըստ երևույթին` կյուրացնի նաև մեր երկրի Սահմանադրությունը»:
Վերահսկելի լարվածություն
Այս ժամերին Երևանի փողոցներում որոշակի լարվածություն կա: Իրավիճակը գլոբալ իմաստով վերահսկելի է, սակայն անկանխատեսելիության որոշակի ռիսկ կա: Վատն այն է, որ մեծանում է անտագոնիզմն իշխանության և ընդդիմության միջև, ինչը նվազեցնում է իրական երկխոսության կայացման և քաղաքական օրակարգի ձևավորման հնարավորությունը:
Գլոբալ իմաստով՝ այսօր մենք գտնվում ենք երեք իրար հակասող Հայստանների խաչմերուկում: Մի կողմից՝ ոստիկանական շարքերով հասարակությունից օտարված արքունական Հայաստանն է, նրան հակադրվում է վիրտուալ Հայաստանում գտնվող Ազատության հրապարակը: Այդ երկու Հայաստանների ոչ բնական հարաբերություններից տուժում է իրական Հայաստանը՝ իր հոգսաշատ քաղաքացիներով:
Սուրեն Սուրենյանց
Հ.Գ. Ի դեպ, երբ ժամը 18-ին Ր. Հովհաննիսյանն առաջարկում էր հաջորդ հանրահավաքն անցկացնել ուրբաթ, Ազատության հրապարակում հավաքված ժողովուրդը նրան դիմավորում էր սուլոցներով: Այս պահին, հանրահավաքի մասնակիցները շարժվում են դեպի նախագահական նստավայր: Երթի քաղաքական պահանջը ձևակերպված չէ:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.