Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով վերընտրված թեկնածու Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը։
Սերժ Սարգսյանը, երդվել է՝ ձեռքը դնելով Սահմանադրության մայր օրինակի և հայերեն հնագույն ամբողջական ձեռագրի՝ 7-րդ դարի «Վեհամոր Ավետարանի» վրա:
Նախագահի երդման տեքստն ըստ Սահմանադրության համապատասխան հոդվածի. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»:
Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության կապակցությամբ ուղերձը հղեց նաև Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որը ներկայացնում ենք ստորև.
Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,
Մեծարգո Նախագահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության,
Հարգարժան Նախագահ Ազգային Ժողովի,
Բարձրաշնորհ և Գերաշնորհ հոգևոր հայրեր,
Պատվարժան պետական այրեր, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ,
Սիրելի հյուրեր և ներկաներ.
Հայրենիքի լուսաճեմ կյանքի աղոթքն ու մաղթանքը մեր շուրթերին` ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի երդմնակալության առիթով:
Փառք և գոհություն ենք մատուցում Երկնավորին մեր ժողովրդին պարգևած անպատում շնորհների համար, որոնցով ապրել, ստեղծել ու մաքառել է և այսօր աննկուն ու լավատես` հայրենյաց սիրով կերտում է իր ազատ կյանքի նոր օրը:
Անկախ պետականության վերականգնումից ի վեր մեր երկիրը ահռելի դժվարություններ է հաղթահարել, վերակառուցումների ու բարեփոխումների ոչ դյուրին ճանապարհ անցել: Այս պահին գնահատանքով և աղոթքով ենք հիշում հայրենի անկախ պետականության հաստատման և կայացման գործին իրենց նվիրյալ ծառայությունը բերած ազգի բոլոր զավակներին: Պետականաշինության ընթացքներում Դուք, Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ, ծանրագին ավանդ եք բերել` լինելով կերտողներից մեկը մեր պատմության այս հուսաբեր ժամանակաշրջանի: Ձեր նվիրյալ ծառայությունը Հայրենիքին ու ժողովրդին առաջնորդեց Ձեզ պետական ամենաբարձր պատասխանատվության: Նախագահի պաշտոնը հինգ տարիներ առաջ Դուք ստանձնեցիք երկրում ներքին լարվածության բարդ պայմաններում և, սակայն, աներեր կամքով և հաստատուն քայլերով ամենայն ջանք գործադրեցիք, որպեսզի պահպանվի կայունությունը և շարունակվեն բարեփոխումներն ու բնականոն զարգացման ընթացքը մեր Հայրենիքի: Ձեր նախագահության շրջանը եղավ պայքար և ծառայություն դժվարությունների և մարտահրավերների դիմագրավման, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ և արդար կարգավորման, արտաքին քաղաքականության ոլորտում այլ պետությունների հետ հարաբերությունների ամրապնդման և գործակցության արդյունավորման:
Այսօր Վեհամոր Ավետարանի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վրա երդվելով` Դուք նորոգեցիք ծառայական Ձեր ուխտը ազգին և Հայրենիքին: Նախագահական նոր շրջան է սկսվում` որոշակի նոր պահանջներով ու ակնկալիքներով: Մեր երկրում նախորդ տարիներին արձանագրված դրական տեղաշարժերով ու բարի արդյունքներով հանդերձ` տակավին կենսական նշանակություն ունեցող և վճիռների կարոտ բազում խնդիրներ ու հարցեր կան, որոնք այսօր ևս պահանջում են հայրենի իշխանությունների և համայն մեր ժողովրդի հետևողական ջանքերը` պահպանելու համար մեր խաղաղ ու ապահով կյանքը և առաջընթացի հույսն ու հեռանկարը: Ամենքիս տեսիլքն է, որ մեր անկախ պետականության ուղին պարգևի արգասիքներ շեն ու ծաղկուն կյանքի` բարօրությամբ ու բարեկարգությամբ լեցուն, զարգացող տնտեսությամբ, գիտությամբ ու մշակույթով: Նախագահի բարձր առաքելությամբ Դուք կոչված եք իրագործման առաջնորդելու այս տեսլականը: Անտարակույս է, որ ժողովրդի բարօրությունը, օրենքի և իրավունքի գերակայությունը, հոգևոր-բարոյական արժեքներով հասարակական կյանքի առաջընթացը առավել ամրություն պիտի բերեն մեր երկրին, հեղինակություն` մեր պետության վարկին և առավել զորություն` մեր ազգային կյանքին: Մեր Եկեղեցին ինչպես միշտ իր զորակցությունն է բերելու հայրենի պետությանը և Ձեզ` հայրենաշեն ու ազգանվեր առաքելության իրականացման գործում:
Երդմնակալության այս առիթով Մեր հորդորն ենք ուղղում մեր ժողովրդին ի Հայրենիս և ի Սփյուռս` հայրենի իշխանությունների հետ միասնական ջանքեր գործադրել հանուն մեր Հայրենիքի և ազգային մեր կյանքի պայծառության, մեր հույսերի մարմնավորման: Միակամ ու միախորհուրդ ձգտենք ավելիով իրագործել այն, ինչ ազգի և հայրենի երկրի հանդեպ մեր նվիրական պարտքն ու պարտականությունն է: Չտկարանանք դժվարությունների առջև: Առաքյալի խոսքի համաձայն` «հոգ տանենք միմյանց` սիրո և բարի գործերի հորդորելով» (Եբր. 10. 24), որպեսզի օր օրի շենանա ու բարգավաճի մեր Հայրենիքը` այսօր և միշտ մնալով ամուր պատվարն ու զորության ակունքը աշխարհասփյուռ հայության:
Աղոթք ենք բարձրացնում առ Աստված մեր Հայրենիքի անսասանության, մեր ժողովրդի խաղաղ ու երջանիկ կյանքի հայցով: Աղոթում ենք Ձեզ համար, մեծարգո Նախագահ. թող Բարձրյալի օրհնությունը և Սուրբ Հոգու առաջնորդությունը միշտ լինեն Ձեզ հետ, զորացնեն Ձեզ, պահպանեն հաստատուն ու վճռակամ` կյանքի կոչելու Ձեր և մեր ժողովրդի բարի սպասումներն ու հույսերը: Թող Տերը օրհնի ազգս աշխարհասփյուռ, միշտ պահպանի Իր շնորհների մեջ` հավատքով հայցելու. «Տեր Աստված մեր, առաջնորդիր մեզ և ուսուցանիր մեզ արդարությամբ գնալ Քո ճանապարհներով, պահիր մեր կյանքը խաղաղության մեջ և մեր ընթացքը` Քեզ հաճելի. ամեն»:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.