Լոռու մարզում կատարվող որոշ սպանություններից հետո, երբ քրեական գործում հայտնվում է Վանաձոր քաղաքի ավագանու նախկին անդամ Սամվել Դիլոյանի անունը, մարզի դատախազությունը կարծես «հայրական անհանգստությամբ» շտապում է` «սատարելու» նրան: Նույն իրավիճակն է կարծես անցյալ տարվա նոյեմբերին սպանված փաստաբան Սամվել Շարբաթյանի գործով:
Դեպքից մեկ շաբաթ անց Վանաձորում արդեն տեղեկություններ էին պտտվում, որ Սամվել Դիլոյանի անունն ընդհանրապես ուզում են հանել կասկածյալների ցանկից, «սպանողներին» թեթև մեղադրանք առաջադրել` սպանությունը վերաորակել ասենք` խուլիգանության և թեթև պատիժներով ազատել նրանց: Սպանությունից արդեն 4 ամիս է անցել և այդ կասկածները ոչ թե փարատվում են, այլ որոշ առումներով` կարծես հիմնավորվում: Մինչ տուժող կողմի մտահոգություններին անցնելը, հիշեցնենք գործի հանգամանքները:
2012-ի նոյեմբերի 18-ին, Լոռու մարզի Շահումյան գյուղում գտնվող Մուշ ռեստորանում գտել էին փաստաբան Սամվել Շարբաթյանի դին` բռնության հետքերով: Նախաքննությունը պարզել էր, որ այդ օրը ռեստորանում փաստաբանի հետ վիճել էին Արտակ և Արեն Վերանյանները, նրանց ընկեր Վանաձորի ավագանու նախկին անդամ Սամվել Դիլոյանը: Վեճը սկսվել էր ռեստորանում` ժամը 22.00-ի սահմաններում, այնուհետև տեղափոխվել բակ, որտեղ եռյակը բազմաթիվ հարվածներ էր հասցրել Շարբաթյանի դեմքին, մարմնին և սպանել նրան:
Ըստ գլխավոր դատախազության տեղեկատվության` վեճի պատճառը եղել է անձնական. Արտակը հետապնդել է փաստաբանի քրոջ դստերը, որի շուրջ ծավալված վեճի ընթացքում Ս. Շարբաթյանը դեմքին և քթի շրջանում հարված է ստացել, ինչն էլ, փորձաքննության համաձայն, հանգեցրել է գլխուղեղի ֆունկցիաների խանգարման և դարձել մահվան պատճառ: Բացի այդ, փորձաքննության համաձայն` Ս. Շարբաթյանի մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել են օդամղիչ ատրճանակից արձակված գնդակներից առաջացած թվով 5 կապտուկների տեսքով չթափանցող վնասվածքներ:
Դեպքից հետո Արեն Վերանյանն ու Սամվել Դիլոյանը փախուստի մեջ են եղել և հետախուզմամբ հայտնաբերվել: Եվ միայն 33-ամյա Արտակ Վերանյանն էր դեպքի հաջորդ օրը մեղայականով ներկայացել իրավապահներին և կալանավորվել: Նա ներկայացրել էր նաև օդամղիչ ատրճանակ և հայտնել, թե Ս. Շարբաթյանի հետ վիճաբանել է ինքը և ինքն է բռունցքով հարվածել նրա դեմքին:
Քանի՞ հոգով են Շարբաթյանի դիմադրությունը կոտրել
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը որոշ մտահոգություններ ունի` կապված մամուլում հայտնվող որոշ տեղեկությունների, որոշ դատախազների` կասկածյալի հետ անհարկի հանդիպելու և այլ հանգամանքների հետ, որոնք կարող են նպաստել սպանության գործի ոչ օբյեկտիվ և ոչ ամբողջական բացահայտմանը: Իսկ դա նշանակում է, որ որոշ մարդիկ կարող են խուսափել քրեական պատասխանատվությունից:
Նախ, ըստ որոշ լուրերի` Ս. Շարբաթյանի հետ «ռազբորկան» սկսվել է սպանության նախորդ օրը. նոյեմբերի 17-ին, Շարբաթյանն ու նրա քրոջ որդին հանդիպել են, զրուցել այդ եռյակի հետ, որոշ հարցերի շուրջ պայմանավորվել են, սակայն որոշ հարցերի շուրջ չի հաջողվել համաձայնության գալ և դրանց լուծումը թողել են հաջորդ օրվան: Հանդիպել են հաջորդ օրը, գիշերը` նույն ռեստորանում, որտեղ էլ ծեծկռտուքն ավարտվել է սպանությամբ: Իրավապաշտպանը, անդրադառնալով Ս. Շարբաթյանի գլխի հատվածում ստացած բազմաթիվ վնասվածքներին, համադրելով նրա, ինչպես նաև եռյակի ֆիզիկական տվյալները, եկել է այն եզրահանգման, որ Շարբաթյանի վրա հարձակվողներն ավելի շատ են եղել. երկու մեքենայով են նրանք եկել ռեստորան, որպեսզի հնարավոր լինի` կոտրել բռնցքամարտիկ Շարբաթյանի դիմադրությունը:
«Հիմնական վնասվածքները Սամվել Շարբաթյանի գլխի հատվածում են. դիահերձումը ցույց է տվել բազմաթիվ արյունազեղումներ տարբեր հատվածներում: Մի ուժեղ հարված հոնքերի մեջտեղում` քթի վերին հատվածում է հասցված եղել, որն ուղղակի դարձել է մահվան պատճառ: Բայց միայն այդ հարվածը չի: Խնդիրն այն է,որ եթե միայն Դիլոյանն ու Վերանյանները լինեին, Սամվել Շարբաթյանը չէր կարող չպաշտպանվել: Այսինքն նա, լինելով բռնցքամարտիկ, ակնհայտորեն գտնվել է պաշտպանության հնարավորությունից զրկված վիճակում, դրա համար էլ կարողացել են այդ հարվածները հասցնեն: Այսինքն, ավելի շատ են եղել հարձակվողները… Այնտեղ դատահետքաբանական, դատաձգաբանական, մատնադրոշմային նմուշներ են վերցվել, Շարբաթյանի մատերի եղունգների տակերից հայտնաբերվել են այն մանրաթելերը,որոնք համընկնում են Արտակ Վերանյանի շալվարի կտորի մանրաթելերին: Եթե Արտակ Վերանյանը կարճահասակ է, իսկ Շարբաթյանն ավելի բարձրահասակ, վերջինս Արտակի շալվարը կարող էր բռնել ընկած վիճակում` ներքևում գտնվելու դեպքում: Եթե Արտակը Շարբաթյանին կանգնած վիճակում խփեր, ապա պետք է թռչեր` խփեր, ինչը անհավանական է»,-«Հայկական վարկածի» հետ զրույցում տարակուսանք հայտնեց Արթուր Սաքունցը:
Բացի այդ, կասկածելի է նաև այն, որ դեպքի հաջորդ օրը միայն Արտակն է եկել ներկայացել, իսկ Սամվել Դիլոյանը և Արեն Վերանյանը փախուստի են դիմել, իսկ հետո հայտնաբերվել` կալանավորվել: Ուշագրավը հանցագործությունից հետո նրանց կողմից ստեղծված և կրկնվող իրավիճակն է` փախուստ, վերադարձ, բայց դեպքի ժամանակ նրանց վրա եղած հագուստները` իրեղեն ապացույցներն արդեն չկան: Փոխարենը Արեն Վերանյանի կոշիկի վրա արյան հետք է հայտնաբերվել, թեև նա նման վնասվածք չի ունեցել:
«Արյունը դատաբժշկական փորձաքննությամբ` Սամվել Շարբաթյանի քթանցքներից է հոսել, և եթե լուսանկարը տեսնեք` հարվածներից աչքերի հատվածը ահավոր կապտած է, գանգի արյունազեղումներն էլ բազմաթիվ են»,-նշեց Ա. Սաքունցը` չբացառելով, որ այդ արյունը գուցե Շարբաթյանինն է և կարող էր Արենի կոշիկի վրա հայտնվել ասենք այն ժամանակ, երբ վերջինս բռնած է եղել պառկած վիճակում գտնվող Շարբաթյանի ձեռքերը` զրկելով պաշտպանվելու հնարավորությունից:
Իրավապաշտպանի հաջորդ մտահոգությունը կապված է գործի քննության ընթացքի հետ. փորձաքննության նյութերից երևում է, թե իբր Շարբաթյանն է հանել օդամղիչ ատրճանակը, Արտակ Վերանյանն էլ կարողացել է նրա ձեռքից ոչ միայն խլել այն, այլ նաև հարվածել Շարբաթյանին: Իրավապաշտպանը, ով ներգրավված է եղել նաև Հրանտ Հակոբյանի սպանության գործով (որին մենք կանդրադառնանք) որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ` նշեց. «Սա նույն մեխանիզմն է, ինչպես Հրանտ Հակոբյանինը: Այնտեղ էլ, իբր Հրանտը հանում է ատրճանակը, որ կրակի, բայց նրանք դանակի 15 հարված են հասցնում. սա պրիմիտիվ և արդեն մեկ անգամ գործարկված մեխանիզմ է»:
Ի դեպ, այս գործով ևս նույն անձինք են անցել: Նրանց կերպարներն ու հանցագործությունների սցենարներն ավելի ամբողջացնելու համար մի փոքր անդրադառնանք նրանց քաղաքա-քրեական անցյալին:
Տանում էին ռեստորան, որ «ինքնապաշտպանվեին»
Նրանցից Արտակ Վերանյանը նախկինում աշխատել է Տավուշի մարզային վարչության Բագրատաշենի բաժնում որպես օպեր-լիազոր, հետո` մաքսանենգության համար 11 ամիս անցկացրել ազատազրկման վայրում:
Իսկ Սամվել Դիլոյանը ՀՀԿ անդամ է, ՀՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահը և մինչև սպանության դեպքը Վանաձորի քաղաքապետարանի ավագանու անդամ էր: Նա նաև Վանաձորի քաղաքապետ Ս. Դարբինյանի թիմում էր, որը տարիներ առաջ հայտնվել էր Վերահսկիչ պալատի «սև ցուցակում»` կապված մանկատների երեխաներին պետբյուջեով հատկացվող գումարների անհետանալու և դժվար ճակատագիր ունեցող երեխաներին սոցիալական երաշխիքներից զրկելու հետ:
Դիլոյանի և Արենի անունները կապվում են նաև 2007-ի ԱԺ ընտրություններից 16 օր առաջ, «Թեժ լեռ» ռեստորանում կատարված Հրանտ Հակոբյանի սպանության հետ: Ըստ մեղադրականի` Հրանտը, նախընտրական հանդիպման ժամանակ հանդիպելով Վանաձորի ավագանու անդամ Սամվելին և Վահագին, պահանջել էր իր անունով ձևակերպել տալ Վանաձորի շենքերից մեկի բակում գտնվող մի տարածքը: Զրույցը շարունակելու համար Հրանտը նրանց հրավիրել էր «Թեժ լեռ»…և սպանվել: Հրանտը, ըստ վանաձորցիների, թեև աշխատել էր թիվ 30 ԸՏ-ի պատգամավորության թեկնածու Վահրամ Բաղդասարյանի շտաբում, սակայն նաև մյուս թեկնածուի` Վիկտոր Դալլաքյանի համակիրն էր եղել, իսկ Ս. Դիլոյանն ու Վ. Ավագյանը` գլխավոր դատախազի մտերիմ Վ. Բաղդասարյանի թիմակիցը: Ավա•անիներն այն ժամանակ ձերբակալվել և ազատ էին արձակվել, որովհետև •լխ.դատախազի համակուրսեցի, Վանաձորի դատախազ Ա. Ղազարյանը հայտարարել էր, որ Ս. Դիլոյանը կռվին մասնակցել է, սպանությանը` ոչ:
Ի վերջո, վանաձորցի 27-ամյա Գոռ Թորոսյանը, ով Արտակի պես մեղայականով ներկայացել էր ոստիկանություն, արագացված կարգով դատապարտվել էր 1,5 տարվա ազատազրկման: Մինչդեռ Հրանտի քույրը և նրա ներկայացուցիչը նախաքննությունը համարել էին թերի: Նշել էին, որ սպանության մեջ պետք է մեղադրեին ոչ միայն հանցանքն իր վրա «վերցրած» Գոռին, այլև Ս. Դիլոյանին, նրա ընկեր Արեն Վերանյանին, և տուժող ճանաչված Վահագն Ավագյանին. կոնֆլիկտի հանգամանքները նկարագրող նրանց ցուցմունքներում հակասություններ էին եղել, որոնք նախաքննական մարմինը հաշվի չէր առել և չէր ապացուցել` Հրանտի մոտ զենք եղել է, թե ոչ: Մինչդեռ մեղադրականում նշվել էր, թե սպանվածը ապօրինի ձեռք բերած ատրճանակից հինգ կրակոց է արձակել Սամվելի, Գոռի և Վահագնի ուղղությամբ:
Վերջինս ստացել էր միջին ծանրության վնասվածք ու ճանաչվել տուժող: Կրակոցներից պաշտպանվելով` Արենը դանակով հարվածել էր Հրանտին, ում սակայն իբր լուրջ վնաս էր հասցրել Գոռի դանակը: Հ. Հակոբյանը մահացել էր հիվանդանոցում: Մինչդեռ Հրանտի հարազատների պնդմամբ` նա զենք չէր պահել…
Կարծես թե, այս սցենարի տրամաբանությամբ էլ սկսվում է Շարբաթյանի սպանության գործը. տուժողից վերցրել են նրա մոտ պահվող զենքը և հենց դրանով էլ սպանել անհրաժեշտ պաշտպանության նկատառումներով և խմբով:
Ինչո՞ւ են դատախազներն ու լրագրողն ուզում Դիլոյանին օգնել
Այժմ իրավապաշտպանին հետաքրքրում է, թե ինչպես է իրեն պահելու դատախազությունը այդ նույն անձանց նկատմամբ` մատնացույց անելով մի քանի հանգամանքներ:
Ա. Սաքունցի խոսքով` նախ Հրանտ Հակոբյանի սպանության գործով մեղադրանքը դատարան է ներկայացրել այն ժամանակ դատախազության քննիչ, այժմ` դատախազ Մովսես Մովսեսյանը, ով Սամվել Դիլոյանի ընկերն է: Եվ երբ վերջինիս հայտնաբերել են և տարել ոստիկանություն` ՁՊՎ (ձերբակալվածների պահման վայր), տեղեկություն է ստացվել, որ Մովսեսյանը գնացել է այնտեղ և ՁՊՎ-ում հանդիպել Դիլոյանին, որի իրավունքը, ըստ իրավապաշտպանի, նա չուներ, քանի որ այդ գործով ոչ հսկողություն իրականացնող դատախազ է, և ոչ էլ իրավասու անձ:
«Դրանից հետո թերթերից մեկի լրագրողը սկսում է հոդվածներ գրել, որտեղ այնպես է ներկայացնում, թե Դիլոյան Սամվելը միջամտել է, որպեսզի կռիվ չլինի, բայց փաստաթուղթ հանդիսացող փորձագիտական եզրակացության նկարագրության մեջ արդեն կա, որ Դիլոյանը խփել է… Առաջինը իբր Շարբաթյանն է հարված հասցրել Արտակին, հետո Դիլոյանն է ինչ-որ խառնվել ու խփել:-Նշում է իրավապաշտպանը և հարցնում,- Ես ուզում եմ ուղղակի հասկանալ, թե ինչպե՞ս կարող է լրագրողը ակնհայտ ապակողմնորոշիչ նյութերով փորձի ազդել նախաքննության ընթացքի վրա: Եվ դա այն դեպքում, երբ Սամվել Դիլոյանը դեպքից հետո փախած էր. եթե նա փորձել է միջամտել` կանխարգելել, ինչո՞ւ է փախչում»:
Այդ հրապարակումները նաև տուժողի քրոջն են զայրացրել: Իհարկե Ա. Սաքունցը, հանդիպել է Վանաձորի այդ լրագրողուհուն և հարցադրումներով պարզելով, որ Սամվել Դիլոյանը նրա ընկերն է` հորդորել է գոնե իրականությունը ներկայացնել և ոչ թե կեղծիք, քանի որ սպանություն է կատարվել:
Վերջերս էլ տուժող կողմին տեղեկատվություն հասել, որ Լոռու մարզի դատախազ Կ. Շահբազյանն է գնացել «Վանաձոր» ՔԿՀ և հանդիպել Ս. Դիլոյանին:
«Բան չենք ասում` դատախազը կարող է ի պաշտոնե` որպես գործի նախաքննության օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող անձ, գնալ ՔԿՀ. բայց Դիլոյանը խախտում է՞ր կատարել ՔԿՀ-ում, որ դատախազը գնում` հանդիպում է: Կամ իմաստը ո՞րն է, երբ նախաքննությունն ընթացքի մեջ է: Եվ դա այն դատախազությունն է, որը ժամանակին Հրանտ Հակոբյանի սպանության գործի մեղադրանքն է պաշտպանել, որտեղ սաղ մաքրվեցին` դուրս եկան: Հիմա նորից գնում են հանդիպումների…»:
Այնպիսի տպավորություն է, որ դատախազությունը Հ. Հակոբյանի գործով Սամվել Դիլոյանին ու նրա ընկերներին «սիրուն աչքերի» համար չի թողել ազատության մեջ, բայց հիմա երևի կրակն է ընկնել ու վաղաժամ ինչ-որ բանակցությունների է շտապում` չսպասելով գործին խառնվելու իր հերթին:
«Տուժող կողմը և ես որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ամեն ինչ անելու ենք, որ այս գործի բոլոր հանգամանքները բացահայտվեն և գնա օբյեկտիվ նախաքննություն, բոլոր պատասխանատուները բացահայտվեն և ոչ թե ծածկադմփոցի տարբերակով` ինչպես Հրանտ Հակոբյանինն է եղել: Ուղղակի այն ժամանակ ես հնարավորություն չեմ ունեցել նախաքննությունից հետևելու գործին (քանի որ նրա հարազատները ուշ են դիմել-Է.Մ.), հիմա ունեմ: Եվ հիմա դատախազը, և քննություն իրականացնող քննիչը բոլորը գլխով են պատասխան տալու գործի օբյեկտիվ քննության համար»,-այսպես էլ Ա. Սաքունցը եզրափակեց մեր զրույցը:
Էլմիրա Մարտիրոսյան
- 15:10Ֆենտանիլը եղել է քաղցրավենիքի մեջ. Հայաստանի եւ ԱՄՆ քաղաքացիներ են ձերբակալվել. ՊԵԿ-ը մանրամասնում է
- 11:10Փաշինյանն իր ասուլիսում Գայանե Հակոբյանի գործով մեղադրական ակտ կայացրեց. փաստաբան
- 15:10Կանխվել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց, զենք-զինամթերք տեղափոխելու դեպք. ԱԱԾ
- 15:10Ենթադրյալ առևանգման՝ հնչեղության ստացած գործով, առաջին հայացքից, ֆիզիկական բռնություն չի կիրառվել, այս ամենը, համենայն դեպս Կնոջ կողմից պլանավորված չէ եղել
- 12:10Գերեզմանատան հսկիչին մեղադրանք է ներկայացվել՝ գերեզմանատեղիների հատկացման հետ կապված հանցագործություններ գործելու համար
- 15:10Անօդաչուի միջոցով փորձել են իրեր նետել «Սևան» ՔԿՀ տարածք
- 11:10Մինչև ՀՀ չմտնի, մենք չենք կարող իմանալ. ՊԵԿ-ում տեղյակ չեն, թե ով է 78 տոննա բանանի գնորդը, որում թաքցված է եղել 3 տոննա կոկաին
- 14:10«Վերակենդանացած» տղամարդն ինտենսիվ խնամքի բաժանմունքում է. մանրամասներ
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. դատաբժիշկը արձանագրել է խնամքի կենտրոնում բնակվող տղամարդու մահը, դին տեղափոխվել է դիահերձարան, բժիշկները վերակենդանացրել են նրան
- 11:10Հայաստանի սահմանը հատած երկու ադրբեջանցիներից մեկը դատապարտվել է 11 տարի 6 ամիս 15 օրվա ազատազրկման
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
26.05.2023 | 11:10
25.05.2023 | 15:10
25.05.2023 | 14:10
25.05.2023 | 13:10
25.05.2023 | 12:10
25.05.2023 | 11:10
24.05.2023 | 15:10
24.05.2023 | 14:10
24.05.2023 | 13:10
24.05.2023 | 12:10
24.05.2023 | 11:10
23.05.2023 | 15:10
23.05.2023 | 14:10
23.05.2023 | 12:10
23.05.2023 | 11:10
22.05.2023 | 15:10
22.05.2023 | 14:10
22.05.2023 | 12:10
22.05.2023 | 11:10
20.05.2023 | 15:10
20.05.2023 | 14:10
20.05.2023 | 13:10
20.05.2023 | 12:10
20.05.2023 | 11:10
19.05.2023 | 14:10
19.05.2023 | 13:10
19.05.2023 | 12:10
19.05.2023 | 11:10
19.05.2023 | 3:10
18.05.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.