Այնպիսի տպավորություն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դրսից ինչ-որ մեկի խաղն է խաղում` ձգտելով դառնալ կապող օղակ դրսի ուժի և ներսիններից մեկի միջև, ով արդեն նախկին պաշտոնյա է, դեռ չի ցանկանում երևալ հանրության և իշխանության աչքին, բայց վերադառնալու մեծ ցանկություն և գուցե արդեն ծրագրեր ունի: Իսկ դա այս պահին հնարավոր է միայն Րաֆֆու ստեղծած ալիքի վրա` Սերժ Սարգսյանին հեռացնելու միջոցով:
Նախ փորձենք հասկանալ Րաֆֆի Հովհաննիսյանի նպատակների ազնվությունը, գործելակերպի տարօրինակություններն ու խաղի նրբերանգները` համադրելով վերջին մեկ տարում և հատկապես նախագահական ընտրությունների նախընտրական և հետընտրական շրջանում տեղի ունեցած իրադարաձություններն ու հրապարակային շրջանառության մեջ հայտնված տեղեկությունները: Նախապես նշենք, որ դրանցից որոշները «հալած յուղի» տեղ ընդունելու նպատակ չունենք, սակայն եթե դրանք տեղադրում ենք առկա իրողությունների ժամանակագրության մեջ, առաջին հայացքից անհասկանալի, բայց ուշագրավ խճապատկեր է ստացվում:
Որտե՞ղ էր Րաֆֆին 2008-ի մարտի 1-ին
Եթե մի պահ հավատանք, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իսկապես ժողովրդի համար սրտացավ է և պատրաստ ինքնազոհողության գնով ժողովրդի կողքին լինել, ապա շատ բնական հարց է ծագում. որտե՞ղ էր Րաֆֆին 5 տարի առաջ` մարտի 1-ին, երբ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը առավոտ կանուխ կոտորում էր խաղաղ հանրահավաքից հետո քնած ժողովրդին: Որտե՞ղ էր Րաֆֆին, երբ ջարդից հետո, Մյասնիկյանի արձանի մոտ կենտրոնացած ոստիկանների, զինված ուժերի զինծառայողների և բորբոքված ժողովրդի միջև բախման լուրջ վտանգ կար, և որը կանխելու համար Րաֆֆու կուսակիցներն իսկապես ժողովրդի երկու հատվածների միջև էին` արյունահեղություն թույլ չտալու նպատակով:
Հիշեցնենք, որ կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը զայրացած ժողովրդից ոստիկանին պաշտպանելիս նույնիսկ դանակի վնասվածք էր ստացել: «Ժառանգության» մյուս անդամները ևս իրենց դրսևորեցին որպես ժողովրդավարական հասարակության անդամներ` ժողովրդի ընտրյալներ, մինչդեռ 2008-ի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու գրանցվելու հնարավորությունը բաց թողած Րաֆֆին, կարծես, բացարձակ անտարբեր էր համազգային ջարդի նկատմամբ: Այս դրվագը խոսում է Րաֆֆու` իր թիմակիցների հետ ունեցած ձևական կապի մասին. թիմը աշխատում է խորհրդարանում և դրանից դուրս, սակայն «Ժառանգության»` տարօրինակորեն լռակյաց առաջնորդի վարկանիշն է բարձրանում: Օրինակ, երբ նրա կուսակից քաղաքացիական լուրջ ակտիվություն դրսևորած ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին փորձում էին ճնշել` նրա եղբոր նկատմամբ քրեական հետապնդում սկսելով, Րաֆֆին, ի տարբերություն իր մյուս կուսակիցների, չեկավ դատարան` իր կուսակցին ինչ-որ կերպ սատարելու համար: Փոխարենը Զարուհուն սատարելու եկան այն զինծառայողները, Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի իշխանապետության ժամանակ մահացած կամ սպանված զինվորների ծնողները, որոնց բողոքի ձայնը Զարուհին բարձրացրել էր թե՛, փաստաբան, և թե՛ ԱԺ պատգամավոր եղած ժամանակ: Ուստի հարց է ծագում` արդյո՞ք կարելի վստահել նման իրավիճակում չեզոքություն պահպանող Րաֆֆուն, ով կարևոր պահին ոչ միայն ժողովրդի, այլ նաև իրեն այնքան հավատարիմ կուսակցի կողքին չի եղել:
Ինչի՞ դիմաց Րաֆֆին ԱԺ—ից դուրս թողեց իր թիմակիցներին
Րաֆֆու տարօրինակ պահվածքի երկրորդ դրվագն այն էր, որ նա միամտաբար կամ միտումնավոր համաձայնեց 2012-ի խորհրդարանական ընտրություններից առաջ ոմանց հետ գնալ «գործարքի». «Ժառանգության» ցուցակ խցկել «Ազատ դեմոկրատներին»` որպես «մանրադրամ» դուրս թողնելով իր թիմակիցներին, ովքեր նաև ԱԺ-ի ամբիոնն էին օգտագործում հանրությանը հուզող կարևորագույն հարցերը բարձրացնելու համար, պայքարելով նաև նախկին ու ներկա իշխանությունների ազգադավ ձեռնարկումների կամ անգործության դեմ: «Ազատ դեմոկրատներին» վիրավորելու որևէ նպատակ չունեմ, բայց այնտեղ ընդգրկված անձանց գործունեության արդյունավետության կամ անարդյունավետության վերաբերյալ հանրության շրջանում արդեն կա ձևավորված որոշակի կարծիք: Եվ Րաֆֆու կողմից առնվազն դավաճանություն էր իրենց գործունեությամբ հանրության վստահությունը շահած իր թիմակիցների աշխատանքը ջուրը լցնելը և այդպես հեշտությամբ նրանց` Քոչարյանի և Սարգսյանի վարչախմբերի դեմ ուղղված քննադատությունները ԱԺ ամբիոնից չեզոքացնելը: Ու արդեն կարևոր չէ Րաֆֆու այն արդարացումները, թե «Ազատ դեմոկրատները» խոստումները չեն պահել և այլն:
Ուրեմն դա կամ խաղ էր, կամ Րաֆֆին այնքան վատ ու անհեռատես քաղաքական գործիչ է, որ նրա վստահությունը չարաշահելով` «դուրս գցեցին գծերից», երբ գործն արդեն ավարտել էր` խորհրդարանական «Ժառանգությունը» թողնելով ոչ ժառանգականներին:
Եթե նրա այդ քայլը դիտարկենք քաղաքական խաղի շրջանակում, ուրեմն պետք է առկա լինի իր թիմակիցներին չեզոքացնելու միտումնավորություն` պայմանավորված ասենք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ «սիրով» (որին դեռ կանդրադառնանք) և Սերժ Սարգսյանի կողմից տրված «խոստմամբ». սեփական թիմի գոնե մասամբ չեզոքացում` 2012-ի նախագահական ընտրություններից առաջ Հայաստանում 10 տարի ապրելու վերաբերյալ տեղեկանք տալու դիմաց, որը հնարավորություն կտար Րաֆֆուն` առաջադրվել որպես նախագահի թեկնածու:
Հետևանքը եղավ այն, որ մինչ ընտրություններն իր տանը հանգիստ նստած Րաֆֆին մասնակցեց նախագահական ընտրություններին և ձայների բավականին լուրջ թվաքանակ և ընտրազանգված հավաքելուց հետո հանկարծ ակտիվացավ` հայտարարելով, թե ընտրությունները կեղծվել են, և որ ինքը պետք է դառնար նախագահ:
Կրկին անդրադառնալով «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» ապահարզանի բուն պատճառներին` մի ուշագրավ լուր հիշատակենք։ «Իրատես de facto» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, դեռ անցյալ տարվա նոյեմբերին գրել էր. «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» կոնֆլիկտը սկսվել է այն ժամանակ, երբ Հայաստանից ամերիկացի դեմոկրատների կուսակցության համագումարին մասնակցելու համար Նահանգներ են մեկնել Դավիթ Շահնազարյանն ու Խաչատուր Քոքոբելյանը («Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ)։
Րաֆֆին ԲՀԿ—ի մորմոններ սիրող թևի հետ սկսել է սեպարատ բանակցություններ, ինչը հակասել է ոչ միայն «Ազատ դեմոկրատների», այլև մնացյալների հետ նախնական պայմանավորվածություններին. արդյունքում Րաֆֆիից պահանջվել է իր մանդատը զիջել Թևան Պողոսյանին։
Րաֆֆին բոլոր դեպքերում մտածել է, որ անկախ այդ տրոհումից, մանդատի կորստից, Արևմուտքն իր վրա կդնի «ստավկան», առաջադրվել է, որպեսզի այդ դիրքերից արդեն «բազարի» մեջ մտնի կողմերի հետ։
Նկատենք, որ այս լուրը 2012-ի նոյեմբերին գուցե այնքան էլ ուշագրավ և իրականությանը մոտ չթվար, բայց հետո, երբ ԲՀԿ-ի`վերոնշյալ «մորմոնասեր թևը» կորցրեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և մորմոն Հանթսմանի հետ համագործակցած Վարդան Օսկանյանի միջոցով երկրի նախագահի ղեկը վերցնելու հնարավորությունը և հույսը, չի բացառվում, որ Արևմուտքն իսկապես իր «ստավկան» դրած լինի Րաֆֆի վրա, ով էլ հիմա «բազարի» մեջ է մտել Սերժ Սարգսյանի հետ: Իսկ դա ձեռնտու է նաև ԲՀԿ-ին` առնվազն «պղտոր ջրում ձուկ բռնելու համար»: Այս վարկածի օգտին են խոսում նաև այլ հանգամանքներ:
Րաֆֆու «հանրային բարևն» ու կուսակցական հանդիպումների գաղտնիությունը
Րաֆֆու գործելաոճի հաջորդ տարօրինակությունը կամ կասկածն այն էր, որ նա հետընտրական շրջանում, Երևանում և մարզային այցերի ժամանակ շատ անմիջականորեն մոտենում էր մարդկանց, փարվում ու բարևելով ընտրազանգվածը մոբիլիզիացնում, իսկ ՀՀ նախագահի աթոռը կրկին զբաղեցրած Սերժ Սարգսյանի և նախագահական ընտրապայքարից դուրս մղված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումներից հետո այդ նույն ընտրազանգվածից սկզբում գաղտնի էր պահում հանդիպման մանրամասները` պատճառաբանելով, թե մի քանի հանդիպումներ ունի ինչ-որ անձանց կամ ուժերի հետ, որից հետո միայն կասի իր ասելիքը:
Պարոն Հովհաննիսյան, արդյո՞ք սա անազնիվ խաղ չէ Ձեզ վստահող հանրության հետ, որը չգիտի, թե Ձեր վճռականությունը ինչով և որ քաղաքական գործիչների հետ ինչպիսի հանդիպումներով ու համաձայնություններով է պայմանավորված: Էլ չենք խոսում «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներից զատ գործելու և նրանց առաջադրած քննարկման թեմայից տարբերվող բովանդակություն ունեցող խնդիրների շուրջ բանակցելու մասին, մինչդեռ քաղաքական առաջնորդները պայքարի են գնում սեփական թիմի հետ խորհրդակցելով, նրանց առաջ մղելով և նրանց վրա հենվելով: Բայց Րաֆֆին նրանց թողած` կասկածելիորեն գնաց ուրիշների վրա «հենվելու»: Վերջերս մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկացել է հանդիպել ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին: Նրանցից առաջինը մերժել է առաջարկը, իսկ Ռ. Քոչարյանը թեև մերժել է անձամբ հանդիպել, սակայն հորդորել է հանդիպել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ում հանրությունը ընդունում է որպես Ռ. Քոչարյանի «բիզնես-գործընկեր» և «ներկայացուցիչ»: Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը (տրամաբանորեն կարող է նման բան լինել, քանի որ Ծառուկյանն ու Հովհաննիսյանը հանդիպեցին), ապա հարց է ծագում` ո՞րն է Րաֆֆի Հովհաննիսյանի` կշիռ ունեցող մյուս կուսակցապետերի հետ չհանդիպելու, և փոխարենը նախկին նախագահների հետ հանդիպելու նպատակը, եթե հաշվի առնենք, որ Լ. Տեր-Պետրոսյանը «68 տարեկանից» հետո արդեն չունի նախկին հզոր ընտրազանգվածը, Ռ. Քոչարյանն էլ գոնե ձևականորեն կուսակցապետ չէ և չունի կուսակցական հետևորդներ:
Չի բացառվում, որ Րաֆֆին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումը նախաձեռնել է ուղղակի իր բուն նպատակը`Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իր «հատուկ հետաքրքրությունը» շղարշելու նպատակով` հաստատ իմանալով, որ Տեր-Պետրոսյանը չի ընդունի իր հետ հանդիպելու առաջարկը: Ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանի կիսատ մերժմանը, ապա դա կարելի է այսպես հասկանալ` «Րաֆֆի, ինձ հանդիպես` կզռա, ասելիքդ Ծառուկյանի միջոցով փոխանցի` կմտածենք»: Հանդիպումը կայացավ, որից հետո կողմերը չբացեցին փակագծերը, սակայն ընտրական շրջանում «ընդհատակում գտնված» Գագիկ Ծառուկյանը օրեր առաջ բավականին ներկայանալի կազմով և լավ տրամադրությամբ եթերում կազմակերպչական հրահանգներ տվեց իր կուսակիցներին, թե ինչպես քվեարկեն ԱԺ-ում օրինագծերն ընդունելիս, և որ իրենք միշտ ժողովրդի կողքին են լինելու (ինչպես հայտարարում էր ընտրություններից առաջ, սակայն Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո այդպես էլ չդրեց իր թեկնածությունը նախագահական ընտրություններում` հօդս ցնդեցնելով իր ընտրազանգվածի ակնկալիքները): Րաֆֆի Հովհաննիսյանն էլ իր հերթին, օրեր առաջ հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ շուտով Ս. Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն փոքրամասնություն է դառնալու և որ մարտի 10-ի հանրահավաքում ինքը լուրջ հայտարարություն է անելու: Սա նշանակում է, որ ԲՀԿ-ի և Րաֆֆու միջև` Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի նկատմամբ հոգեբանական ճնշում սկսելու համաձայնություն կա` ենթատեքստում ունենալով Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտ բերելու հնարավոր ծրագիրը, կամ «դրա սպառնալիքի տակ» ինչ-որ խոստումներ կորզելը` Րաֆֆու ստեղծած ակտիվության ֆոնն օգտագործելով: Առաջին հայացքից անմիտ թվացող այս վարկածը ճշմարտանման է դառնում, եթե հաշվի ենք առնում երկու ուշագրավ հանգամանք: Մարտի 10-ի հանրահավաքում Րաֆֆին ասաց, որ ինքը հացադուլ է սկսում կեղծված ընտրությունների դեմ իր բողոքը հայտնելով, և եթե ապրիլի 9-ին Ս. Սարգսյանը նախագահի պաշտոնը ստանձնելուց սուտ երդում տա, դա կարող է լինել միայն իր դիակի վրա:
Սա արդեն կարելի է ընկալել որպես վերջնագիր, որը Րաֆֆին չէր կարող ներկայացնել Սերժ Սարգսյանին` առանց ԲՀԿ-ի դուռը գնալու և խոստումներ ստանալու, այլապես դա կաներ ավելի վաղ` առանց քաղաքական ուժի հետ հանդիպման: Այս վարկածը հավանական է դառնում Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մեջ մեղադրվող և օրերս կալանավորված Վարդան Սեդրակյանի հրապարակ նետած ուշագրավ այն տեղեկությունը, ըստ որի` Րաֆֆի Հովհաննիսյանին հովանավորողները մասոններն են, նա ու նրա ամերիկաբնակ հայրն էլ` մասոնական կազմակերպության անդամ: Եթե չեմ սխալվում` Սեդրակյանը նույնիսկ Երևանի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի անունն էր հիշատակել, որտեղ Րաֆֆին նախընտրական հանդիպում կամ ինչ-որ միջոցառում պետք է անցկացներ: Մինչդեռ այդ հյուրանոցների ցանցը, ըստ մամուլում եղած տեղեկությունների` մորմոններինն է կամ «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի» կրոնական կազմակերպության ներկայացուցիչներինը: Իհարկե Րաֆֆին հերքեց մասոն լինելու վերաբերյալ «մեղադրանքը» և ասաց, որ Սեդրակյանն այդ սուտ հայտարարության համար պետք է պատասխանատվություն կրի: Բայց հնարավոր է, որ Վարդան Սեդրակյանը պարզապես շփոթվել և մասոն ասելիս նկատի է ունեցել մորմոններին, քանի որ այդ դեպքում Րաֆֆիի շահերը կարող են համընկնել ԲՀԿ-ի և հատկապես մորմոնասեր թևի` նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերին:
Րաֆֆին հավատու՞մ է իր հաղթանակին, թե՞ համոզել են, որ «գծերից գցեն»
Այս աբսուրդ թվացող վարկածը, թե որն է մորմոնների` Րաֆֆուն հովանավորելու շահը, իրականության նրբերանգներ է ստանում, երբ մտաբերում ենք Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակաշրջանը: Վերջինիս թիմակից արտգործնախարար Վարդան Օսկանյանի ջանքերի շնորհիվ 2006-ին Ռոբերտ Քոչարյանի կողմից հատուկ մեծարանքի սկսեց արժանանալ «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցուն» կամ մորմոնների ուսմունքին հարող ամերիկացի միլիարդատեր Ջոն Հանթսմանը: Հենց վերջինիս կողմից 1990թ-ին Երևանում հիմնադրված, և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ վաճառված «Հանթսման բիլդինգ փրոդաքթս» ՍՊԸ-ի և «Սիվիլիթաս» բարեգործական հիմնադրամի շուրջ աղմուկն էլ Վարդան Օսկանյանի գլխին գլխացավանք ու քրեական գործ դարձավ: ՀՀ ԱԱԾ-ում փողերի լվացման հատկանիշներով քրգործ հարուցվեց ԲՀԿ ցուցակով ԱԺ պատգամավոր դարձած Վ. Օսկանյանի դեմ:
Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ հաղորդագրության` ԱՄՆ-ում գրանցված «Փոլիմեր Մաթերիալս» և «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաներին պատկանող, Հայաստանում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ընկերության 100 տոկոս բաժնեմասերը շուրջ 2 միլիոն դոլարով վաճառվել են, սակայն գործարքը ոչ ճիշտ պայմանագրային ձևակերպումների արդյունքում հարկային մարմնին չի ներկայացվել, հարկային պարտավորությունները չեն կատարվել, Հայաստանում թողնված և բացառապես բարեգործության համար նախատեսված այս գումարներից մոտ 1 միլիոն 135 հազար դոլարը իրականում բարեգործական նպատակներին չի ուղղվել, այլ փոխանցվել է «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանի և նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անուններով բացված հաշվեհամարներին։
Նկատենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի բողոքի ակցիաների ակտիվացմանը զուգահեռ ԱԱԾ-ն ակտիվացնում է սիվիլիթասական վկաների հարցաքննությունները` գուցե քաղաքական ակտիվությունից նրանց հեռու պահելու նպատակով: Բայց երևի այս վիճակը երկար չի պահպանվի…
Հ.Գ. Գուցե Րաֆֆին իսկապես հավատում է իր հաղթանակին, բայց հաշվի առնելով, որ նա Սերժ Սարգսյանից ուզում է մի բան, որը վերջինս չի ցանկանա տալ նրան, մնում է սպասել. այս պղտոր ջրում կամ որոշ որսորդներ «կդիրքավորվեն» Րաֆֆու թիկունքում` հարմար պահի «անակնկալ» ձևով Սերժ Սարգսյանից իշխանությունը խլելու, Րաֆֆուն կրկին «գծերից գցելու», Օսկանյանին էլ փրկելու նպատակով, կամ Սարգսյանը բռնությամբ վերջ կտա ամեն ինչին` ստիպված լինելով հետագայում մեծ զիջումների գնալ արտաքին քաղաքականության ոլորտում, որն էլ կարող է հանգեցնել ներքաղաքական անհնազանդության` սպառնալով Ս. Սարգսյանի իշխանապետությանը:
Իրավիճակի ավելի ճկուն լուծում ասպարեզում դեռ չկա; Մնում է, որ Րաֆֆին, «Ժառանգությունը» և նրանց հավատացող ժողովուրդն այնքան զգոն լինեն, որ թույլ չտան հնարավոր և վտանգավոր սցենարների կրկնություն կամ ազգադավ որևէ տարբերակի իրագործում:
Էլմիրա Մարտիրոսյան
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
29.05.2023 | 12:00
29.05.2023 | 11:10
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
26.05.2023 | 11:10
25.05.2023 | 15:10
25.05.2023 | 14:10
25.05.2023 | 13:10
25.05.2023 | 12:10
25.05.2023 | 11:10
24.05.2023 | 15:10
24.05.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.