Երևանի բնակիչ, Պարզիկի տղա Սիմոնյան Հակոբը այնքան «պարզ» անձնավորություն է, որ նույնիսկ նրա կատարած հանցագործություններն են անիմաստության աստիճանի պարզունակ. նա շտապ ցանկացել է տաքսու վարորդ «դառնալ», սակայն ժամեր անց «հիշել» է, որ անձնական կարիքներ և բերդում «կրված պարտքեր» ունի, որոնք պետք է փակի…ուրիշի հաշվին:
Շտապողականության հետևանքն էլ այն է եղել, որ 50-ամյա Հակոբը, ի տարբերություն նախկին անգամների, այս անգամ` քրեակատարողական հիմնարկ է վերադարձել ոչ թե մեկ, այլ երկու մեղադրանք շալակած` չմարված նախկին դատվածությունն էլ հետը:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննված այս գործի հանգամանքները ուսումնասիրելուց մի քանի հետաքրքիր հանգամանքներ, օրինաչափություններ հայտնաբերեցինք: Բայց մինչ դրանց անդրադառնալը, ներկայացնենք քրեական գործի հանգամանքները:
2012թ-ի դեկտեմբերի 25-ին դատարանում քննված գործից տեղեկանում ենք, որ Հակոբը 2011-ի հոկտեմբերին որոշել է «դուրս գալ» գործազուրկի կարգավիճակից, «աշխատել»` «տաքսի քշել», և քանի որ անձնական ավտոմեքենա չի ունեցել, գնացել է իր բնակավայրին մոտ գտնվող ավտոմոբիլային ուղևորափոխադրումների կազմակերպություն` Մարինեի «օֆիս»: Վերջինիս հայտնել է, որ ուզում է նրա մոտ աշխատել` վերցնել կազմակերպության տաքսիներից մեկը և ամսեկան 120.000 դրամ /օրական` 4000 դրամ/ վարձավճարով շահագործել այն: Մարինեն համաձայնել է և Հակոբից անձնագիր պահանջել` վարձակալության պայմանագիր կնքելու համար: «Նոր աշխատողն» ասել է, որ անձնագիրն իր մոտ չէ և խնդրել է` գնալ բերել: Հետո, ինչպես տուժողն է պատմել, այդ ժամանակ Հակոբին զանգահարել են: Վերջինս ասել է, թե իր կինն է զանգողը և երեխային պետք է շտապ հիվանդանոց տանեն: Մարինեն էլ մարդասիրաբար թույլ է տվել, որ տաքսի ավտոմեքենան վերցնի, երեխային տանի բուժհիմնարկ, հետո անձնագիրը վերցնի ու հետ գա: Բայց մեքենային տիրանալուց հետո, Հակոբը խուսափել է Մարինեին հանդիպելուց, միայն մեկ անգամ նրան տարել հիվանդանոց` ազգականի մոտ, տվել մեկ օրվա վարձը` 4000 դրամ, խոստացել է, որ մնացածը ամսվա վերջում կվճարի, սակայն հետագայում նույնիսկ Մարինեի զանգերին չի պատասխանել: Վերցրել է նրա` «Վազ 2107» մակնիշի 2.000.000 դրամ արժողությամբ ավտոմեքենան ու 2,5 ամսով անհետացել:
Հետագայում, նախաքննության ժամանակ պարզվել է, որ Հակոբն այդ ընթացքում ավտոմեքենան վթարի է ենթարկել` հարվածել է մի ավտոբուսի, և քանի որ, իր պատկերացմամբ, այն այլևս ենթակա չի եղել շահագործման, առանց մեքենայի սեփականատիրոջը տեղյակ պահելու, այն ապամոնտաժել է և մեքենայի պահեստամասերը վաճառել Երևանի «Նաիրիտ» գործարանին հարակից գործող ավտոպահեստամասերի շուկայում` անհայտ անձանց, իսկ վաճառքից ստացված 280.000 դրամը` ծախսել իր անձնական կարիքների համար: Մեքենայի թափքը, որն արդեն նյութական հետաքրքրություն չի ներկայացրել Հակոբի համար, վերջինս այն տարել-նետել է ՀԱԹ հարակից աղբանոցը:
Եվ մինչ Մարինեն կգտներ իր մեքենան և Պարզիկի տղա Հակոբին, վերջինս հասցրել է 2012թ. մարտի 1-ին մի «հերոսություն» էլ անել. ժամը 17:00-ի սահմաններում մոտեցել է Երևանի Տիգրան Մեծի շենքերից մեկի դիմաց կայանված «Ռենո-Սիմբլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` Մանվելին, նստել նրա ավտոմեքենան և պատվիրել է իրեն տանել Աբովյան քաղաք: Հասնելով Կոտայքի մարզի Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 3 կմ-ի հատվածին` Հակոբը գրպանից հանել է դանակը, մոտեցրել Մանվելի որովայնի աջ մասին և նրա կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, պահանջել է նրա մոտ եղած գումարը: Մանվելի պատմելով` ինքը գրպանից հանել և նրան է տվել իր մոտ եղած 4.000 դրամ գումարը, բայց նա չի հավատացել իրեն ու ասել է, որ գրպանները դատարկի: Սիմոնյանը տեսնելով, որ իր մոտ այլևս գումար չկա, ասել է, որ պետք է մեքենան /1.870.000 դրամ արժողությամբ/ տանի և դրանով վճարի քրեակատարողական հիմնարկում պարտված գումարը: Մանվելը, չունենալով այլ ելք, առանց դիմադրության` իջել է մեքենայից և որոշ ժամանակ անց «ջիպ» մակնիշի պատահական մի ավտոմեքենայով հասել Աբովյան քաղաքի ոստիկանություն և հաղորդում տվել կատարվածի մասին: Հետագայում, պարզվել է, ավտոմեքենայի հետ միասին Հակոբը «միամիտ» հափշտակել է նաև Մանվելի անձնագիրը, ավտոմեքենայի փաստաթղթերն ու հեռախոսը, որոնց համար էլ մեղադրողը նրան երրորդ մեղադրանքն է առաջադրել` փաստաթղթեր հափշտակելու համար, սակայն դատաքննության վերջում հրաժարվել է դրանից` համոզվելով, որ փաստաթղթերի և հեռախոսի մասով դիտավորություն չի եղել:
Այդպես էլ Հակոբը, հափշտակված մեքենայով գնացել է Կոտայքի մարզի Ալափարս գյուղ, հանդիպել իր վաղեմի ծանոթ Գեղամին և վերջինիս առաջարկությամբ գնացել նրա համագյուղացի Յուրիկի տուն` ընթրելու, որի հետ թաղման արարողություններից մեկի ժամանակ է ծանոթացած եղել: Միասին հաց են կերել, Հակոբը գիշերել է Յուրիկի տանը, իսկ հաջորդ օրն առավոտյան, գնացել Յուրիկի ազգականի գազալցակայան` «նիսյայով» գազ լիցքավորելու: Գազալցակայանի ճանապարհին, բացվել է ավտոմեքենայի շարժիչի ծածկոցը, հարվածել է դիմապակուն, որից վնասվել է դիմապակին և շարժիչի ծածկոցը: Իսկ գազալցակայանից վերադառնալու ճանապահին Հակոբը մեքենայով հարվածել է նաև ձյան կույտին, որի հետևանքով վնասվել է ավտոմեքենայի դիմացի պահպանիչ վահանակը: Հակոբը, այդ վթարված մեքենան տարել` թողել է Յուրիկի բակում և հեռացել: Մի քանի օր սպասելուց հետո, երբ տեսել են Հակոբը չի վերադառնում, զանգահարել են մեքենայի վրա գրված` տաքսի ծառայության հեռախոսահամարով, որտեղից հայտնել են, որ մեքենան գողացված է: Գեղամն ու Յուրիկն այդ մասին տեղեկացրել են գյուղապետին, նա էլ` ոստիկանությանը:
Հայտնի չէ` Հակոբը հասցրե՞լ է բերդի պարտքերը թեթևացնել, թե ոչ, բայց նրան շատ արագ գտել և կալանավորել են, քրեական գործերը միացրել և մեղադրանք առաջադրել: Ու չնայած Հակոբը չի ընդունել մեղադրանքները, այդուհանդերձ դատարանը նրան մեղավոր է ճանաչել ավազակային հարձակման և խարդախության համար` նրան դատապարտելով 8 տարվա ազատազրկման: Պարտավորեցրել է` նաև հատուցել տուժողներին հասցված նյութական վնասը: Հակոբին դատավճիռը դուր «չի եկել». նա դիմել է վերաքննիչ դատարան, բայց բողոքից չի հասկացվում, թե նա ինչ է ուզում վերաքննիչից` պատիժը մեղմացնե՞լ, թե՞ պայմանական կիրառել, որպեսզի կարողանա էլի «տաքսի քշել»:
Այժմ` ուշագրավ հանգամանքների մասին. այնպիսի տպավորություն է, որ Հակոբն իր հոբելյանները նշել է հանցագործություններ կատարելով. 40 տարեկանում դատապարտվել է առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար, որից հետո վաղաժամկետ ազատվել է, 45 տարեկանում դատապարտվել է գողության համար և 2009-ին համաներմամբ ազատվել: Այժմ էլ 50 տարեկան է և մեղադրվում է զենքի գործադրմամբ խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում /քր օրի 175 հոդ./ և խոշոր չափերով խարդախություն կատարելու /քր. օրի 178 հոդ./ մեջ:
Ուշագրավ հանգամանքներից մեկն էլ այն է, որ դատարանը Հակոբ Սիմոնյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել Շահումյանի զինկոմ Մարգարյանի կողմից տրված մի տեղեկանք, ըստ որի Հակոբ Սիմոնյանը արցախյան ազատազմարտին մասնակցել է 1994-ի մայիսին կնքված զինադադարից հետո` 1994-ի հուլիսի 15-ից մինչև 1994-ի հոկտեմբերի 18-ը: Թե զինադադարից հետո ԼՂՀ` կոնկրետ որ հատվածում է պատերազմ վերսկսվել, որի մասին հանրությունը չի իմացել և որտեղ է Հակոբի կարիքը զգացվել` հայտնի չէ:
Հակոբի վերաբերյալ մի բնութագիր էլ նրա նախկին բնակավայրի` Հրազդան քաղաքի «Միկրոշրջան-2» թաղամասի լիազոր ներկայացուցիչն է տվել դատարանին, ըստ որի` «…Տրվում է Հակոբ Պարզիկի Սիմոնյանին…, նա բնակվել է Հրազդան քաղաքի միկրոշրջան թաղամասի … բնակարանում: Հակոբն ամուսնացած է, ունի մեկ դուստր: Այդ հասցեում ապրած տարիներին նա իրեն դրսևորել է որպես ընտանիքի լավ ամուսին և սիրվող հայր: Աշխատասեր է և հարևանների կողմից հարգված: Չի նեղացրել և ոչ մի հարևանի: Հարգանքով է վերաբերվել մուտքի ծերերին: Իր ընտանիքի միակ աշխատող ձեռքն է»:
Հ. Գ. Հետաքրքիր է` ի՞նչ է նկատի ունեցել լիազորը «աշխատող ձեռք» ասելիս, երբ վերջին 10 տարվա ընթացքում Հակոբը ստիպված է եղել իր ժամանակը հիմնականում ՔԿՀ-ներում անցկացնել: Գուցե նախկինում նա իսկապես ընտանիքի լավ հայր է եղել, սակայն մեկ անգամվա սայթաքումը ճակատագրական է դարձել նրա ու նրա պես շատերի համար, ովքեր մեկ անգամ հայտնվելով ՔԿՀ-ի ճահճոտ միջավայրում, այլևս դժվարանում են այնտեղից դուրս գալ, թեկուզ` «կրվելու» պատճառով…
Էլմիրա Մարտիրոսյան
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.