Յուլիա Անտոնյանն աշխատում է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Մշակութաբանության ամբիոնում, դասավանդում է մշակութային մարդաբանության (cultural anthropology) հետ կապված մի շարք առարկաներ: Իրեն համարում է մշակութային մարդաբան, թեև այդ գիտության անվանումը սովորաբար հայտնի չէ լայն ընթերցողին: Այնպես որ, ստիպված է հաճախ ներկայանալ՝ կա՛մ որպես մշակութաբան, կա՛մ որպես ազգագրագետ:
– Յուլիա, Ձեր աշխատանքներում քանի՞ համահեղինակ է ընդգրկված, և որքա՞ն մասն է դրանցում Ձեր անձնական ներդրումը։
–Ընդամենը մեկ համահեղինակած հոդված ունեմ, որը պիտի 2013 թ. մարտին լույս տեսնի՝ նեո-հեթանոսությանը նվիրված եվրոպական մի ժողովածուում: Գրել ենք միասին լեհ գիտնական Կոնրադ Շեկերսկու հետ՝ ամեն մեկս ներդնելով իր սեփական նյութերն ու երկուսով քննարկելով տեսական հարցերը: Դա համահեղինակության այն միակ ձևն է, որը ես ընդունում եմ:
–Ձեր կարծիքով, ո՞ր չափանիշն է ավելի լավ արտացոլում ՀԵՀ Հայկյան մրցանակի «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» անվանակարգը՝ տպագրությունների քանա՞կը, հղումների թի՞վը…
–Ես կարող եմ կարծիք հայտնել ընդհանրապես «գիտական նվաճում» հասկացության վերաբերյալ: Միջազգային ազդեցության գործակից ունեցող հանդեսներում տպագրվելն, իհարկե, վիճարկվող, բայց այսօր միակ, քիչ թե շատ գնահատման ենթարկվող չափանիշն է: Պարզապես, այստեղ պետք է տարբերակել՝ ճշգրիտ, բնական, հումանիտար և սոցիալական գիտությունների ոլորտները: Եթե առաջին երկուսի դեպքում դա միանշանակ միակ օբյեկտիվ գործոնն է, ապա վերջին երկուսի դեպքում այլ խնդիրներ են առաջանում, օրինակ՝ լեզվի: Մայրենիի նման անգլերեն գրել կարող են միայն նրանք, ովքեր երկար ժամանակ ապրել, աշխատել կամ սովորել են արտասահմանում: Որակյալ թարգմանության կամ անգամ խմբագրման համար հարկավոր են բավական մեծ գումարներ: Իսկ սոցիալական և հումանիտար ոլորտներում լեզուն գիտության կարևորագույն գործիքներից մեկն է, շատ ավելի կարևոր և ազդեցիկ, քան ճշգրիտ գիտություններում: Ծավալի խնդիր էլ կա: Ֆիզիկայի կամ կենսաբանության գծով գրված հոդվածի միջին ծավալը 5-7 էջ է, որից կեսը բանաձևեր ու գծագրեր են, պատմությունից կամ սոցիոլոգիայից` 15-20 էջ՝ միայն տեքստ: Պատկերացրեք խմբագրման համար ծախսած միջոցների տարբերությունը: Մյուս խնդիրը մեր հետազոտվող թեմաներն են, որոնք շատ հանդեսների համար պարզապես հետաքրքիր չեն, քանի որ չափազանց տեղայնացված են, նեղ լոկալ խնդիրներ քննարկող: Մենք շատ անգամ գիտության զարգացման ու գիտելիքի ձևավորման տարբեր ուղիների վրա ենք: Այն, ինչ Հայաստանի համար նորարարական է, արևմուտքի և անգամ Ռուսաստանի համար` երեկվա օրն է: Օրինակ, Հայաստանի խորհրդային շրջանը գրեթե ուսումնսիրված չէ ու հայկական գիտական հանրության համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում, բայց քանի որ սովետագիտությունը արևմտքում ու Ռուսաստանում շատ հեռու է գնացել, այդ թեմայով հոդվածներ անխուսափելիորեն կրկնելու և վերարտադրելու են արդեն հնչեցրած տեսական դրույթներ, անգամ նյութի տեսակետից մենք շատ օրիգինալ աշխատանք հազիվ թե ներկայացնենք: Բայց այդ գործը պիտի արվի առաջին հերթին մեզ համար՝ առանց հաշվի առնելու, թե դա արևմուտքում որևէ մեկին հետաքրքրո՞ւմ է, թե՞ ոչ: Այնպես որ, չափանիշները պետք է տարբեր լինեն ու անպայման հաշվի առնեն թե՛ տեղական, թե՛ միջազգային գիտության կարիքներն ու պահանջները: Հոդվածը կարող է մերժվի արևմտյան հանդեսում, բայց մեծ արժեք ներկայացնի հայկական գիտության համար: Ցավալի է պարզապես այն, որ Հայաստանում իրականում շատ քիչ գիտնական կա, որոնք կարող են օբյեկտիվորեն դատել աշխատության իրական մակարդակի մասին: Հենց դա է պատճառը, որ մենք անընդհատ գալիս հանգում ենք չափանիշների խնդրին, քանի որ մեր գիտական հանրությունը միատեսակ չէ, մենք բոլորս տարբեր պատկերացում ունենք, թե ինչ է գիտությունը:
–Ինչպե՞ս եք վերաբերվում տարատեսակ մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխություններին, որոնք վերջին երկու տարվա ընթացքում սկսեցին իրականացվել պետական կառույցների («Ակադեմիա» մրցանակ), հասարարակական (ՀԵՀ-ի «Հայկյան» մրցանակ և Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի մրցանակներ ), մասնավոր հիմնադրամների («Ազդեցության գործակցի» — Ծառուկյան հիմնադրամ և «Հղումների քանակի» — «Տաշիր» հիմնադրամ) անցկացմանը։ Արդյո՞ք դրանք բավականչափ փոխում իրավիճակը։
–Անտարբեր եմ դրանց նկատմամբ, երբեք չեմ դիմել, չեմ էլ պատրաստվում: Միանվագ «օգնությունը» ոչ մի հարց չի լուծում, հակառակը, բարդացնում է խնդիրը, ու մի տեսակ նվաստատցուցիչ է փող ստանալը օլիգարխներ Ծառուկյանի կամ Կարապետյանի ձեռքից: Օլիգարխը կարող է դրամ նվիրաբերել որևէ գիտական ֆոնդի կամ, իր կարծիքով, կարևոր որևէ հետազոտական թեմայի, բայց նա չպիտի խառնվի որոշումների ընդունման գործընթացին, պայմաններ թելադրի կամ, առավելևս, իր անունով փողը տա: Չեմ հասկանում ու չեմ կիսում մեր երիտասարդ գիտնականների հրճվանքն այդ մրցանակների առթիվ:
–Կարո՞ղ եք թվարկել Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները, ինչպե՞ս եք տեսնում դրանց լուծման ճանապարհները։
–Ամենամեծ խնդիրն է սերունդների միջև ահավոր մեծ ճեղքվածքը, ինչը արժեզրկում է գիտական և ուսումնական գործընթացը, ոչ մի կերպ չի ապահովում ժառանգականությունը: Համենայնդեպս, սոցիալական և հումանիտար գիտություններում շատ տխուր է վիճակը: Ուսանողներն ու երիտասարդ գիտկանաններն ստիպված են՝ կա՛մ ինքնակրթությամբ զբաղվել, կա՛մ գիտելիք փնտրել արտասահմանում: Գիտական ղեկավարները, լավագույն դեպքում, իրենց ղեկավարածների նման անտեղյակ են ժամանակակից գիտությունից, վատագույն դեպքում՝ նրանցից ավելի անտեղյակ` չնայած կոչումներին, պաշտոններին ու հրատարակած մենագրություններին: Երբ երիտասարդ գիտնականը սկսվում է զբաղվել ինչ–որ թեմայով, հաճախակի չի գտնվում որևէ մեկը, որը կարողանար տեղեկացնել, թե այդ թեմայով աշխարհում ինչ հետազոտություններ են արված, ինչ տեսությունների հիման վրա կարելի է իրականացնել վերլուծությունը: Ավագ սերունդը կառչում է իր պաշտոններից ու հնացած գիտական ստանդարտներից և ոչ մի կերպ չի ուզում հասկանալ, որ աշխարհը փոխվել է, ու այսօր ամեն ինչ այլ է: Լուծման ճանապարհը` գիտության ղեկավարումը փոխանցել շատ խիստ մրցույթով ընտրված երիտասարդների ձեռքերը: Թող նրանք անփորձ համարվեն, թող ղեկավարել չգիտենան, թող լիքը սխալներ անեն, բայց դա միակ ճանապարհն է: Ու ես կգերադասեի, որ նրանց առնվազն կեսը կանայք լինեին:
Ֆինանսական հարցերը: Աշխատավարձն իրոք ծիծաղելի է, հատկապես գիտական ինստիտուտների աշխատողների: Նվազագույն աշխատավարձը պետք է լինի գոնե 150,000 դրամ: Ֆինանսական հարցերը կարելի լուծել` խիստ կրճատելով գիտական անձնակազմը` հեռացնելով բոլոր գիտության հետ կապ չունեցող «գիտնականներին»: Ի դեպ, հիմա շատ են ընդունում երիտասարդների, բայց առանց հաշվի առնելու նրանց իրական արժեքը (ծանոթով, պատահականությամբ) ու վերարտադրվում է չաշխատող «գիտնականների» սովետական համակարգը: Բացի աշխատավարձից ու տեխնիկական ծախսերից, ամեն մի գիտնական պիտի ունենա ճանապարհածասերի իր սեփական լիմիտը, որը հնարավորություն կտա մեկնել գիտաժողովների ու սեմինարների: Լիմիտը պետք է սկսվի ոչ շատ մեծ գումարից (քանի որ սկսնակների համար ավելի շատ ճամապարհորդական դրամաշնորհներ են հասու) և ավելանա՝ գիտնականի միջազգային կշռի ու հեղինակության աճին զուգահեռ: Ամոթ է, երբ համբավ ունեցող գիտնականին հրավիրում են որևէ տեղ գիտաժողովի, իսկ նա չի գնում ֆինանսավորման բացակայության պատճառով:
–Ինչպե՞ս եք վերաբերվում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը վիրտուալ կամ իրական հարթակներում։ Արդյո՞ք գիտնականի միակ գործը չպետք է լինի բացառապես գիտությամբ զբաղվելը։ Ու նա չի՞ դադարում գիտնական լինել այն պահից, երբ սկսում է մտածել իր գործով վաստակելու մասին։
–Իսկական գիտնականը միշտ էլ գիտնական է մնում, բայց հիմա իրավիճակը այնպիսին է, որ առանց փողի դժվար է լուրջ գիտնականի մակարդակն ու համբավը պահպանել: Գիտնական լինելը ենթադրում է լաբորատոր կամ դաշտային աշխատանքի անցկացման, գիտաժողովների մասնակցելու, գրքեր գնելու, աշխարհի լավագույն գրադարաններում աշխատելու, համապատասխան թվային տեխնիկա ունենալու հնարավորությունների առկայությունը, դրա հետ մեկտեղ գիտնականն ուզում է նաև ընտանիք կազմել, երեխաներին մեծացնել, դա էլ է միջոցներ պահանջում: Գիտնական լինելը թանկ հաճույք է, մի խոսքով: Այդ հաճույքը (իսկ գիտությունն իրո՛ք հաճույք է) պիտի հասանելի լինի, բայց միայն արժանի մարդկանց: Պետությունը պիտի պատրաստ լինի՝ ապահովելու այդ հնարավորությունները, բայց նաև՝ դիմացն արդյունք պահանջելով: Թող գիտությունը լինի խիստ մրցակցային: Դիցուք, պետությունը կարող է պատշաճ մակարդակ ապահովել 1000-ի փոխարեն միայն 200 մարդու, ուրեմն թող այդ 200-ն ընտրվեն ամենախիստ ձևով ու աշխատեն:
–Որո՞նք են Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառներն ու խորքային արմատները։
–Գիտությունը Հայաստանում ընդհանրապես չի ֆինանսավորվում: Դա նախկին հսկայական ու այն գլխից ոչ էֆեկտիվ համակարգի ուրվականն է, որը միայն ձև է թափում, որ գիտության հետ կապ ունի: Գիտությունը Հայաստանում արվում է դրամաշնորհների, ակադեմիայի կառույցից և շատ անգամ երկրից դուրս գտվող հետազոտական կազմակերպությունների կամ անհատ էնտուզիաստների հաշվին և շնորհիվ: Խնդիրը հենց դա է. գիտական համակարգը մնացել է՝ որպես ժառանգություն մի երկրից, որն ուներ ամբողջովին ուրիշ կառուցվածք, հնարավորություններ, նպատակներ, միջոցներ ու լծակներ: Հայաստանն ու այդ համակարգը իրար չեն սազում, իրար հետ գտնվում են հակասության մեջ: Այդ համակարգի միակ առավելությունն այն է, որ այն կարողանում է վերարտադրվել ու գոյատևել շատ քիչ միջոցների հաշվին՝ առանց ջանք թափելու, ու անգամ այդ սուղ միջոցներն ուտելու հնարավորություն ընձեռել պետական այրերին և այդ համակարգի կատարում գտնվող անձանց: Ու այդ պայմաններում գիտության բարձրագույն կառույցները շահագռգրված չեն՝ որևէ բան փոխելու, ոչ էլ ֆինանավորումն ավելացնելու, քանի որ ստիպված կլինեն աշխատել, ինչ–որ բան փոխել, իսկ աշխատել արդեն չեն ուզում ու չեն կարող, դա նրանց պետք չէ: Դուք լսե՞լ եք, որ Ակադեմիայի նախագահության անդամները երբևիցե ֆինանսավորման հարց բարձրացնեն: Ես չեմ լսել: Իրենց աշխարհում նման կարիք չկա:
Ներկայիս Հայաստանը չունի գիտության իր տեսլականը, չունի գիտության զարգացման ռազմավարություն ու, ինչն ամենատխուրն է, չունի գիտնականների միասնական կարծիք, թե ինչը պետք է փոխվի և ինչպես: Դա էլ է արդյունք մեր գիտական «էլիտայի» անգործության: Նրանց այդ ամենը հեչ պետք չէ: Հանգիստ ուզում են ապրեն, իրենց փողը ստանան ու մեռնեն՝ իրենց երևակայական փառքի ու պատվի մեջ:
–Որքա՞ն է կոռուպցիան տարածված գիտական աշխարհում։ Արդյո՞ք Դուք ևս տուժել եք դրանից։
–Կոռուպցիան մենք հասկանում ենք՝ որպես բացահայտ կաշառակերություն, բայց չէ՞ որ ուրիշ ձևեր էլ կան: Ես հետաքրքրության համար ամեն օր ստանում եմ careercenter.am կայքի հայտարարությունները ու երբեք չեմ տեսել, որ հայտարարվի գիտաշխատողի կամ դասախոսի գոնե մեկ թափուր տեղի մասին: Բայց, միևնույն ժամանակ, ակադեմիական ինստիտուտներում, համալսարանում, գիտական հաստատություններում շարունակում են մարդկանց գործի ընդունել: Ինչպե՞ս են ընտրում թեկնածուներին: Ու՞մ և ի՞նչ որակների համար են ընդունում: Դրանք հարցեր են, որոնց պատասխանները ես կուզենայի ստանալ: Երիտասարդ գիտնականների շահագործման դեպքերը, կարծում եմ, գնալով քչանում են, բայց պատճառը համակարգի դեմոկրատացումը չէ, այլ այն, որ լաբորատորիաների վարիչները երիտասարդ գիտանակններին աշխատեցնելու լծակներն այլևս չունեն` ոչ փող կա, ոչ հեղինակություն ու ազդեցություն:
–Տեսնո՞ւմ եք արդյոք վերջին տարիներին դրական միտումներ՝ մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման։
–Ոչ, չեմ տեսնում: Այն, ինչ արվում է, լոկ պրոֆանացիա է: Իրականում իրավիճակը մնում է ծայրահեղ վատ: Գիտության որակն ու երիտասարդների հնարավորությունները բարձրացնելու ուղղությամբ արվող նախաձեռնություններն ու միջոցառումները հիմնականում դիպվածային են, առանձին էնտուզիաստների ակտիվության արդյունք, պետական մոտեցում՝ ինչպես որ չի եղել, այդպես էլ չկա:
– Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր ապագան, մասնագիտական հետագա աճը, թե՞ արտասահմանում։
–Միանշանակ՝ Հայաստանում: Պատճառները պարզ են. առաջին՝ ուզում եմ ապրել իմ տանը, իմ երկրում, իմ ծնողների, հարազատների ու ընկերների հետ: Երկրորդ՝ իմ գործը իմաստավորված եմ տեսնում միայն այստեղ, համ էլ լիքը գործ կա անելու, մինչև կյանքիս վերջը չի սպառվի:
Մանե Հակոբյան
- 12:13Հսկայական ցունամիներ, ատոմային ռումբի պայթյուններ…եթե Երկիրը դադարի պտտվել (տեսանյութ)
- 16:30Մարդկությունը տիեզերքից տարօրինակ ռադիոազդանշաններ է ստացել
- 11:50Համակարգիչ, որը 96% ճշգրտությամբ որոշում է մարդու մահվան տարեթիվը
- 12:10Ուրվականների գոյությունը հաստատող ամենահայտնի լուսանկարները. համոզված են նաև աստղերը (տեսանյութ)
- 12:56Ըստ ՆԱՍԱ-ի գիտնականների կանխատեսումների՝ ծովի մակարդակի բարձրացում կլինի
- 11:42Աշխարհահռչակ աթեիստ գիտնականը հայտարարել է, որ իրոք Աստված կա
- 1:17Էքստրասենսի բժշկումները սատանայի ներգործության միջոցով են տեղի ունենում. քահանա
- 0:38Գիտական սենսացիա. Կյանքը մահից հետո իրողություն է (տեսանյութ)
- 16:23iPhone-ից օգտվողներն այսօրվանից կարող են ներբեռնել «Հայտառ» ստեղնաշարը՝ անվճար. Արմեն Աշոտյան
- 13:16Նոր ծրագրեր՝ երիտասարդ գիտնականների համար
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.