(Շարունակություն, սկիզբը` ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Սերժ Սարգսյանի 35 տարվա «քաղաքական շախմատը» | Arm Version
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ «ՎԵՐԵՎԻՑ»
Եվ այսպես, կրկին տեղափոխվենք 1996-ի թեժ սեպտեմբեր, երբ ընդդիմությունը միավորվել էր միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի շուրջ, և մազ էր մնացել մինչև իշխանափոխություն: 22 սեպտեմբերի, գիշեր: Ազատության հրապարակ: Ամփոփելով տեղամասային արձանագրությունների պատճեների տվյալները, Վազգեն Մանուկյանի շտաբում տեսնում են, որ առնվազն երկրորդ փուլի հնարավորություն կա: Միտինգավորներին հայտնում են, որ Վազգեն Մանուկյանը հաղթել է, նաև հրապարակում են տեղեկություններ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբում հուսահատություն է տիրում: Հրապարակը ցնծում է…
22 սեպտեմբերի, գիշեր: ՀՀՇ վարչության շենք: Իրոք հուսահատություն է տիրում: Հավաքված են Վազգեն Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը, Լեոնարդ Պետրոսյանը, այլոք… Բոլորն իրար կասկածում են: Ռոբերտ Քոչարյանը նկատում է, որ թվերի մասին տվյալները և տիրող հուսահատական տրամադրության մասին տեղեկատվությունը ինչ-որ մեկը հասցնում է Ազատության հրապարակ: Վազգեն Սարգսյանն ու Վանո Սիրադեղյանը մի պահ առանձնանում են Վանոյի առանձնասենյակում, խորհրդակցելու` Լևոնը կքաշի՞ երկրորդ փուլ, թե՞ ոչ: Երկուսն էլ կիսում են այն տեսակետը, թե` ոչ: Հետագայում, 1998-ի դեկտեմբերին Հ1-ի եթերում պատմելով այդ ամենը, Վանոն հայտարարեց, որ հետո մի օր կասի, թե ով էր ինֆորմացիան իրենց ներսից հասցնում Ազատության հրապարակ: Այդ «հետո»-ն այդպես էլ երբեք չեղավ…
Ինչևէ, ընդունվում է որոշում երկրորդ փուլ չանել, և Լևոն Տեր-Պետրոսյանին առաջին փուլով հռչակում են հաղթած: Նախագահը հեռուստաեթերում շամպայնով հայտարարում է. «Շնորհավորում եմ իմ թիմին»: Հրապարակը պայթում է ցասումից, սեպտեմբերի 25-ին ցուցարարները ներխուժում են ԱԺ: Բայց Վազգեն Մանուկյանը խուսափում է գրոհով նախագահի նստավայրը վերցնելու տարբերակից: Հաջորդ առավոտ Երևանը լցվում է զորքով:
25 սեպտեմբեր, գիշեր: Հեռուստատեսությամբ ելույթ են ունենում Անվտանգության խորհրդի անդամները:
Հատված ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ելույթից. «Այստեղ հավաքված են մեր կոլեգիայի անդամները, որպեսզի ողջ հայ ժողովուրդը հասկանա, որ սա սոսկ պաշտպանության նախարարի խոսք չէ, ՆԳ նախարարի խոսք չէ, մենք արտահայտում ենք մեր բոլոր ընկերների կամքը, բանակի ողջ հրամանատարությունը միանշանակ կողմնակից է արյունով նվաճված խաղաղությունը վտանգի չենթարկելու, ստահակներին չզոհաբերելու, և եթե մարդիկ, որոնք իրենց քաղաքական պարտությունը փորձում են վերածել ուժային միացությունների, կարծում են հաջողություն կունենան, միանշանակ սխալվում են: Այս դեպքերից հետո, եթե անգամ իրենք հավաքած լինեին 100 տոկոսանոց ձայն, միանշանակ է, որ ո՛չ բանակը, ո՛չ ներքին գործերը նման քաղաքական ղեկավարներ չեն ընդունելու և չեն ընդունել»: Հենց այս խոսքերն էին հարուցել ժողովրդի վրդովմունքը, և հենց այս խոսքերի համար 1998-ին նա ժողովրդից ներողություն խնդրեց:
Վազգեն Սարգսյանը հրապարակում է նաև ԼՂՀ կառավարության, այսինքն` ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ տեսակետը. «ԼՂՀ կառավարությունը վերջին օրերին Երևանում տեղի ունեցող իրադարձությունները գնահատում է որպես հանրապետության անվտանգությանն ուղղված սպառնալիք և դավաճանություն ազգային շահերին:
Ընտրությունների արդյունքների ուժային մեթոդներով փոփոխության փորձն անթույլատրելի է և պետք է խստորեն կանխվի:
ԼՂՀ կառավարությունը պաշտպանում է օրենքով ընտրված իշխանություններին և զգուշացնում անկարգության կազմակերպիչներին իրավիճակի ապակայունացման համար, որի հետևանքների համար նրանք պետք է պատասխանատվություն կրեն»:
Ազգային անվտանգության նախարար ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ելույթը. «Այսօր Հայաստանի պատմության մեջ խայտառակվեցինք, որովհետև հայերը կրակեցին հայերի վրա: Խայտառակվեցինք մի խումբ բախտախնդիրների իշխանատենչության պատճառով: Խայտառակվեցինք, որովհետև մի խումբ մարդիկ ամեն գնով ցանկանում են ունենալ իշխանություն, բայց, փառք Աստծո, այս խայտառակությունը արյունահեղության չվերածվեց` միայն ու միայն հանրապետության նախագահի սառնասիրտ կեցվածքի պատճառով:
Ես հաստատում եմ լրատվական գործակալությունների այն հաղորդագրությունը, որ Ազգային ժողովի շենքը պաշտպանում էր նաև ազգային անվտանգության նախարարության հատուկ ջոկատը և այդ ջոկատը բարեխղճությամբ կատարեց հանրապետության նախագահի հրամանը: Բոլորիս քաջ հայտնի է, որ նրանք տիրապետում են զենքին, ու եթե լիներ հրաման, անպայման կլիներ արյունահեղություն: Ինչպես զարգացան դեպքերը. ես կարող եմ մի երկու խոսքով ասել. մոտ 10-15 հազար մարդ, որ հավաքվել էին հանրահավաքի, նախօրոք պատրաստված լինելով լուրերով, սադրանքներով, Վազգեն Մանուկյանի կոչով շարունակեցին դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նստավայր, որը, ինչպես գիտենք, ԱԺ շենքն է: Վերջին խոսքերը, որ լսել են հանրահավաքի մասնակիցները, հետևյալն էր` հիմա շարժվում ենք դեպի ԿԸՀ, եթե մեզ ներս չթողնեն` այնտեղ ինչ-որ բաներ պարզելու, ապա մենք ուժով ներս կմտնենք:
Այստեղ մենք ոչ մի սարսափելի բան չենք տեսնում, երբ մի խումբ պատգամավորներ մտնում են ԿԸՀ շենք, գրասենյակ, այդպես տեղի ունեցավ և երեկ, բայց այսօր արդեն պարզվեց, որ նպատակը ոչ թե հանդիպելն էր ԿԸՀ նախագահի հետ, այլ պատրաստվում էր, այսպես ասած, արյունահեղություն, պատրաստվում էր պետական հեղաշրջում: Երբ Ռուբեն Հակոբյանը, Սեյրան Ավագյանը, Շավարշ Քոչարյանը Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ մտան ԿԸՀ շենք, արդեն ժողովրդի մեջ լուրեր էին շրջում, թե նրանց պիտի ձերբակալեն, և պատրաստ եղեք, որպեսզի ազատենք մեր նախագահ Վազգեն Մանուկյանին:
Համարյա բոլորի մոտ կային երկաթյա ձողեր, փայտեր, և արդեն ժամը 19:15-ին հայտարարվեց, որ եթե Վ.Մանուկյանը դուրս չգա շենքից, ապա մենք կգրոհենք շենքը: Վազգեն Մանուկյանը, բնական է, այդ ժամին շենքից դուրս չեկավ, և արդեն նախապատրաստված ամբոխը սկսեց հարձակումը ԱԺ շենքի վրա: Այսօր ուշ երեկոյան դուք հնարավորություն ունեցաք դիտելու այս պահը, թե ինչպես էին զինորները իրենց պահում, և ինչպես էր ամբոխը ջարդում պարիսպները: Եվ ես չեմ կարող չասել, որ պատգամավոր Արշակ Սադոյանը, մի խումբ խուժանի գլխավորությամբ ներս մտավ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանի գրասենյակը և լկտիաբար ասաց` սրանք են, վերցրեք: և նորմալ մարդու ուղեղի մեջ չի կարող տեղավորվել, որ ԱԺ նախագահին կամ նրա տեղակալին այս ամբոխի միջով ծեծելով, ծանակելով գողացան, հասցրին ինչ-որ մի նկուղ, որտեղ արդեն գտնվում էր Աշոտ Մանուչարյանը: Եվ նա տեսնելով ԱԺ նախագահին, որ արնաքամ է լինում: Բժիշկների պնդմամբ նրան տարան հիվանդանոց:
Ես կարծում եմ, որ ոչ միայն ժողովրդի այն մասը, որ քվեարկել է Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին, այլ նաև ամբողջ ժողովուրդը կդատապարտի այս մի խումբ դավաճաններին, այդ մի խումբ հանցագործների արարքը, և վստահեցնում եմ, որ այն մարդիկ, ովքեր կատարել են այդ հանցագործությունը, անպայման պատասխանության կենթարկվեն: Այստեղ ես ուզում եմ ավելացնել նաև այն մասին, որ թե՛ երեկ, թե՛ այսօր այս հանրահավաքի մասնակիցների շրջանում տարածել էին այն լուրը, որ իշխանությունները պատրաստվւմ են ձերբակալել, պատժել այն մարդկանց, ովքեր եղել են Վազգեն Մանուկյանի ընտրական շտաբի անդամներ և նույնիսկ այն մարդկանց, ովքեր քվեարկել են Վ.Մանուկյանի օգտին: Ես կարծում եմ, որ բոլորս հասկանում ենք այդ լուրերի անհեթեթությունը, և վստահ եմ, որ ոչ մեկի մոտ այդպիսի կասկած չի առաջանում, և ուզում եմ նշել նաև, որ հանրահավաքի այն մասնակիցները, ովքեր քրեական հանցագործություն չեն կատարել, նրանք, բանական է, չեն պատժվի»:
Այստեղ ուշագրավ են ենթատեքստային հատվածները. «հայերը կրակեցին հայերի վրա», « այդ ջոկատը բարեխղճությամբ կատարեց հանրապետության նախագահի հրամանը: Բոլորիս քաջ հայտնի է, որ նրանք տիրապետում են զենքին, ու եթե լիներ հրաման, անպայման կլիներ արյունահեղություն»… Կրակողը, այսինքն`խայտառակության հեղինակները, ցուցարարները չէին, և ԿԱՐՈՂ էր լինել արյունահեղության հրաման: Այսինքն` ՊՆԴՈՂՆԵՐ կային, որ պետք է կրակել: Հիշենք արդեն իսկ հիշատակած սեպտեմբերի 30-ի խնջույքը, որի ժամանակ Վանոն հայտարարել էր, որ պետք էր մի 800 հոգու սպանել: Հիշենք նաև, որ Սերժ Սարգսյանն այդ խնջույքին չկար, իսկ տեսագրությունն ընկել էր ընդդիմության ձեռքը…
…Բայց առայժմ ներկայացնենք այլ վկայություն 1996-ի սեպտեմբերից` ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ վկայությունը, «…Երկու օրից ինձ հրավիրեցին դատախազություն` գործով քննության, իսկ հաջորդ օրը` Ազգային Անվտանգության նախարարի հետ հանդիպման: Հանդիպումը մեղադրյալի և մեղադրողի հանդիպում չէր, այլ` զրույց: Հաջորդ հանդիպման ժամանակ իմ ձեռքի տակ եղած տեսաժապավենների և այլ նյութերի միջոցով ես փորձում էի ապացուցել բազմաթիվ մարդկանց անմեղությունն ու կանխել նրանց նկատմամբ քրեական գործերի հարուցումը:
Եվս մի հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանին ներկայացրի, թե որքան բացասաբար է անդրադառնալու Հայաստանի վարկի վրա ընտրություններից հետո տանկերի, զրահամեքենաների առկայությունը Երևանի փողոցներում: Դրական արդյունքը իրեն սպասել չստիպեց: Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 25-ի դեպքերից հետո ակնհայտ դարձավ, որ ամենահավասարակշռված և ստեղծված իրավիճակի համար իսկապես մտահոգ պետական գործիչը Սերժ Սարգսյանն է»: Համադրենք դրա հետ հրապարակավ ասվածը` « հանրահավաքի այն մասնակիցները, ովքեր քրեական հանցագործություն չեն կատարել, նրանք, բանական է, չեն պատժվի»: Այսինք` հենց ԱԱ նախարարը ջանք էր գործադրել, որպեսզի հալածանքները հասնեն մինիմումի:
Իսկ հետո եղավ կառավարության փոփոխություն: Ե՛վ Վանո Սիրադեղյանի, և՛ Վազգեն Սարգսյանի`1998-ին տված հրապարակային վկայություններով, Հրանտ Բագրատյանի կառավարությունը 1996-ի սկզբից ևեթ վատ է աշխատել, և Լևոն Տեր-Պետրոսյանը պիտի պաշտոնանկ աներ վարչապետին: Նախագահը այդ առիթն օգտագործեց, որ ազատվի նաև ժողովրդի աչքի գրող և ամերիկացիների աչքի փուշ դարձած Վանոյից: Հետագայում հույս ուներ ազատվել նաև Վազգենից ու հենվեր երկու արցախցիների` Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի վրա: Սակայն ի տարբերություն արցախցիներին ատող Վանոյի, Վազգենը նրանց հետ գերազանց հարաբերություններ ուներ: 1998-ի հունվարին իր հռչակավոր ասուլիսին նա խոստովանեց, որ հենց ինքն էր 1993- վերջին Երևան բերել Սերժ Սարգսյանին, իսկ 1997-ի մարտին` Ռոբերտ Քոչարյանին:
1997-ի մարտի 20-ից, երբ Քոչարյանը նշանակվեց վարչապետ, Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն դատապարտված էր: Արցախի թիմը միացել էր Վազգեն Սարգսյանի հետ, Սերժ Սարգսյանի ջանքերով ընդդիմությունը փրկվել էր ջախջախումից, և մեկ կայծ էր պետք, որպեսզի նա իշխանազրկվի: Այդ կայծը եղավ 1997-ի սեպտեմբերին հրապարակված «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. Լրջանալու պահը» պարտվողական հոդվածը:
Արցախցի վարչապետին, արցախցի ՆԳ և ԱԱ նախարարին և ամենազոր Վազգեն Սարգսյանին նա ուներ հակադրելու ընդամենը գեներալ Ռոմեն Ղազարյանի (Բուդոյի) նախագահական գվարդիան, մեկ էլ Վանոյին հավատարիմ մնացած ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանին: 1997-98 թվականների ձմռանը կազմակերպվեցին երկու սադրանքներ` Արծրուն Մարգարյանի ոտքերի և գեներալ Բուդոյի ավտոմեքենայի վրա կրակելը, որոնք պետք է դուրս գրվեին «ղարաբաղյան ահաբեկիչների» վրա, սակայն ոստիկանության և ազգային անվտանգության ամբողջ քննչական ապարատը ձեռքի տակ ունեցող Սերժ Սարգսյանին դժվար չէր դա օպերատիվորեն պարզել և տեղյակ պահել Վազգեն Սարգսյանին: Հունվարին Վազգենը գրեթե ամբողջը հրապարակեց իր ասուլիսին, հայտնեց, որ կանգնած է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիկունքին ու հրաժարական չի տա: Լևոն Տեր-Պետրոսյանը փետրվարի 4-ին հարկադրված էր հրաժարական տալ: Եվ այդ ամենում շատ մեծ էր շախմատիստ Սերժ Սարգսյանի դերը:
(Շարունակելի)
1996-1998-ի ժամանակահատվածի մասին ուշագրավ տեսանյութեր.
«Ժամանակի մեքենան» վարեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- 13:10G7 երկրների ԱԳՆ ղեկավարները հայտարարել են, որ Ուկրաինային պաշտպանելու իրենց հակվածությունն «անսասան» է
- 17:19«Ժամանակի մեքենա».Ազատագրական պատերազմի ֆիզիկոսը. (լուսանկարներ)
- 18:31ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Բորիս Բերեզովսկուն սպանեց սեփական սեռական այլասերվածությո՞ւնը
- 11:02Գարնանային սրացումներ` պալատներում և խրճիթներում
- 23:43Քաղաքական մերկապարի նախընտրական առանձնահատկությունները
- 13:27Գագիկ Ծառուկյանի արժանապատվության դասը
- 15:56Էս ցուցանիշով ո՞ւր ես գնում, ընդդիմություն ջան…
- 14:24Մարազմ` քաղաքական և ոչ միայն
- 15:23Ինչո՞ւ է «նյարդայնանում» Ռոբերտ Քոչարյանը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.