Արփինե Փիլոյանը ֆիզիկոս է: Այն հարցին, թե որտեղ է աշխատում, նա հումորով ու միաժամանակ դառնությամբ պատասխանեց՝ վճարովի ծառայություններ եմ մատուցում Երևանի պետական համալսարանում, զավեշտալի՛ փաստ, որ իմացա վերջերս, շուտով դրանից էլ կզրկվեմ: Զբաղվում է տեսական ֆիզիկայով: Իր ըմբռնմամբ՝ դեռ հաջողություններ չունի, թերևս վերջին ընդունված շատ բովանդակ հոդվածն է, բայց դեռ վաղ է համարում գնահատական տալ, չնայած վստահ է՝ շուտով այն մեծ արձագանք է ստանալու: Այն ազնիվ ու երկար ժամանակում կատարված աշխատանքի արդյունք է, հիմնարար հոդված է, որի վրա տեսություն է կառուցվելու:
Իր ամենամեծ առավելությունը համարում է համառությունը, նաև այն հանգամանքը, որ աշխատել է ֆիզիկայի տարբեր ասպարեզներում, դրա համար զոհել շատ ավելի հոդվածներ ունենալու հնարավորությունը, բայց փոխարենը այսօր ինքնուրույն է, քանի որ գիտելիքները նեղ չեն, ու շատ նոր ու օրիգինալ մտահղացումներ շուտով պիտի կյանքի կոչի: Որոշներն էլ խենթ են. ստիպված է սպասել՝ ճիշտ պահին իրագործելու:
Աշխատանքները ներկայացրել է International Symposium — The Modern Physics of Compact Stars, Yerevan, Armenia, September 17-2; Invisible Universe International conference, Paris, 29th June to 3rd July, 2009; “Astrophysics and Cosmology after Gamow: Recent Progress and new Horizons”, 4th Gamow International conference in Odessa; 9th Gamow Summer school “Astronomy and Beyond: Cosmology, Radioastronomy, High Energy Physics and Astrobiology”, Odessa-Ukraine, 17-23 August, 2009; COSPAR 2010, 38th Scientific assembly, 18-25 July, Bremen, Gremany; COSPAR 2010, 39th Scientific assembly, 14-22 July, Mysore, India. Վերջին գիտաժողովում ներկայացրել է երեք աշխատանք:
Թե ինչ միջազգային գիտական համագործակցություններում է ընդգրկված հարցին պատասխանում է, որ փաստացի ընդգրկված չէ ոչ մի միջազգային խմբում, բայց համագործակցում է Հեյդելբերգի համալսարանի երկու խմբերի հետ: Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի հրաշալի մի պրոֆեսորի հետ գրած մեկ հոդված արդեն ընդունվել է՝ ֆիզիկայի ասպարեզում լավագույն տաս պարբերականներից մեկում, մեկ աշխատանք էլ շուտով կավարտվի:
Արփինեն պատրաստվում է կազմակերպել անվանի մի գիտնականի դասախոսությունները Հայաստանում: Այդ ծրագիրը կֆինանսավորի Գերմանիան. «հույս ունեմ՝ արհեստական խնդիրներ չեն լինի, թեև հույսս մեծ չէ… »։
Նա վստահ է, որ համագործակցելու է այս խմբերի հետ՝ իր գիտական ողջ կյանքում, ու դա նրա համար ամենամեծ ձեռքբերումն է, նաև սկիզբն իր գիտական ուղու:
-Արփինե, ի՞նչ գիտական մրցանակներ և դրամաշնրհներ եք ստացել, որքանո՞վ են դրանք կարևոր։
—Ես հիմնականում չեմ դիմել մրցանակների, քանի որ դեռևս չեմ համարում, որ ինչ-որ լուրջ գործ եմ արել: Դրամաշնորհներից կառանձնացնեմ այս տարվա երկու ամսով իմ՝ Հեյդելբերգ այցելության հնարավորությունն ընձեռած դրամաշնորհը: Ստացել ենք նաև ԳՊԿ-ի դրամաշնորհ, բայց …
—Ձեր աշխատանքներում քանի՞ համահեղինակ է ընդգրկված և որքա՞ն մասն է դրանցում Ձեր անձնական ներդրումը:
-Իմ աշխատանքներում երեքից-չորս համահեղինակ են, ես կատարել եմ աշխատանքի մեծ մասը կամ կեսը: Պատահել է, որ երկու տարի աշխատել եմ ու տեղյակ չեմ եղել՝ ո՞վ է տպագրել, ո՞ւմ անունով… էական էլ չէ, քանի որ դա որակական առումով ինձ համար լուրջ արդյունք չէր. պարզապես թվային համակարգչային հաշվարկ:
Արփինեն գտնում է, որ հոդվածում կարևորն արված աշխատանքի ծավալը չէ, այլ միտքը: Թերահավատորեն է վերաբերում այն բանին, որ ուսանողը կարող է համահեղինակ լինել ազդեցության գործակից ունեցող պարբերականներում հրապարակված հոդվածներում, քանի որ մեկ-երկու հավասարում լուծելը գյուտ չէ, որ տպագրվի. երբ ուսանողը կկարողանա միտք առաջարկել, գիտական ինտուիցիա ունենալ, միայն այդ ժամանակ նա հասուն գիտնական կլինի, ինքնուրույն կլինի, ինչին պետք է ձգտի երիտասարդը: Այնուհետ նա կարող է սեփական խումբ ունենալ, որևէ ճյուղ զարգացնել: Կարծում է, որ շատ դեպքերում երիտասարդ գիտնականի հոդված ունենալն ավելի շուտ հաջողության արդյունք է, քան տաղանդի:
Հարցիս, թե մրցանակաբաշխությունների արդյունքներն ամփոփելիս՝ որպես հիմք ընդունել ազդեցության գործակից ունեցող կամ գիտական շտեմարաններում ինդեքսավորվող ամսագրերում տպագրությունների քանա՞կը, թե՞ հղումների թիվը, Արփինեն պատասխանեց, որ երկուսն էլ կարևոր են: Նա կարծում է, որ եթե տարվա կտրվածքով է մրցանակը, հղումներ դեռևս քիչ կլինեն, ու անհնար է գնահատել՝ ինչպիսին է աշխատանքը, այդ դեպքում ճիշտ է քանակը հաշվի առնել, հղումների քանակը խիստ կախված է տպագրումից հետո անցած ժամանակից: Բայց հնարավոր է նաև՝ հզոր աշխատանք է կատարվել ու տպագրվել է ոչ նշանակալից ամսագրում կամ անգամ միայն արխիվում է: Նման աշխատանքների արժեքը շատ տարիներ հետո է երևում: Մեծագույն գիտնականներն անգամ նման հարցերում սխալվել են: Գիտության մեջ չկան անվիճելի չափանիշներ, ու այն անկանխատեսելի է:
-Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանում գիտության թերարժևորման պատճառները՝ հասարակության կողմից գիտությունը չհասկանա՞լը արժեհամակարգի խեղման պատճառով, պետական օղակների վատ աշխատա՞նքը, թե՞ այլ բան։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է անել՝ վիճակը շտկելու համար։
—Անկեղծ ասած, չգիտեմ, երևի մեզ գիտություն պետք չէ… Հասարակությունը գիտությունը կարևորում է, պետությո՛ւնն է մեզ ստորացնում: Ու չինովնիկը, ղեկավարները։ Օրինակ, եթե անգամ որևէ նախագիծ է ֆինանսավորվում պետության կողմից, ասենք՝ մեկ դրամով, հարյուր հոգի վարձատրվում են, որ որոշեն, թե ում տան այդ մեկ դրամը, հետո երկու հարյուր հոգի վճարվում են, որ հանկարծ այդ մեկ դրամը չծախսեն այսինչ բանի համար, մի հարյուրն էլ զբաղված են նրանով, որ այնքան ժամանակը վատնեն, հանկարծ գործ չանեն, բայց հետո ասեն՝ տեսա՞ք… Մի հարյուր հոգի էլ, որ ուղղակի ստորացնեն… Այս ամենը տեսնելով՝ դժվար է հավատալ, որ ֆինանսներն են պատճառը. չէ՞ որ այդքան գումար է ծախսվում անիմաստ աշխատողների վրա, ովքեր ոչնչով գիտության հետ կապ չունեն:
Գիտության թերֆինանսավորման հետ կապված հարցի շուրջ Արփինեն ավելի կտրուկ է՝ «ինչպես հասկանալ, որ ֆինանսական աղքատության պատճառով երկիրը սեփական գիտնականին միջին աշխատավարձից քիչ է վարձատրում և նույն պահին միջազգային հսկա մրցանակ է սահմանում: Ես անկեղծորեն չեմ հասկանում, չեմ հասկանում՝ ով ում դեմ է պայքարում, ով ում բարեկամն է և ով ում թշնամին»:
Նա ասում է, որ Հայաստանում գիտնականի մնալը մեծ զոհաբերություն է, հերոսությո՛ւն, հատկապես երիտասարդների համար, ի վերջո գնում են, շուտով, երբ ոչ ոք այլևս չի մնա այստեղ, կհասկանանք…
Արփինեն տարօրինակ է համարում այն, որ մեր պատկառելի գիտնականները չունեն դպրոց: Դա կնշանակեր բյուրեղացման կենտրոն, ուր կգային աշխարհի բոլոր ծայրերից՝ ոչ թե ձևական, այլ իրական համագործակցության՝ երկար ժամանակով: Մենք անհատական գիտություն ենք անում, երբ դրսում հարցնում են՝ այս թեմայով զբաղվող դուք քանի՞ հոգանոց խումբ ունեք, պատասխան չկա, խմբերը կազմվում են մի-երկու տարով:
Ըստ Արփինեի՝ գիտաժողովներից բացի անհրաժեշտ են պարբերական այցելություններ արտասահմանից. «քանի անգամ փորձել եմ հյուր հրավիրել՝ անգամ իրենց ֆինանսներով, հասկացել եմ, որ պետք է գնամ, անհատական հազար մարդու հետ խոսեմ, կազմակերպեմ, այնինչ ես չեմ կարող ժամանակի վատնման նման շռայլություն թույլ տալ, նման ծրագրերին պետական մոտեցում է պետք»: Նա մի հստակ առաջարկ ունի՝ կապված Վ. Համբարձումյանի անվան մրցանակը տալու պայմանների հետ. եթե իրոք հանճարեղ գիտնական է պարգևատրվում, թող այդ գումարով Հայաստանում պայմաններ ապահովվեն, որ նա ամեն տարի գոնե երկու-երեք ամիս աշխատի մեր գիտնականների կողքին՝ շփվի մեր ուսանողների հետ, երիտասարդ գիտնականների հետ, այդ ժամանակ մեր բոլոր հարցերի պատասխաններն ինքնստինքյան կգտնվեն: Արփինեն վստահ է, որ այս դեպքում գիտնականը կհասկացնի, թե իր աշխատանքի համար ինչ է պետք ու ինչ պիտի պահանջեն գիտնականները: Իսկ չգիտնականները հաստատ կթաքնեվեն: Սրան ֆիզիկոսները բյուրեղացման կենտրոնի կարևորություն են ասում, գուցե նաև՝ ֆիլտր:
Մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխություններին վերաբերում է դրական: Համարում է, որ եթե ոչինչ չկա, դա լավագույնն է, լավ եղանակ է՝ փոքր մոդելով ցույց տալու պակասը, ասել՝ մենք դեռ այստեղ ենք: Բայց գիտությունն սկզբունքային, շարունակական, հաստատուն քայլերի կարիք ունի, ոչ թե բարեգործության: Մի կարևոր հանգամանք ևս՝ նա, ով վճարում է, ինքն է տնօրինում արդյունքը, եթե պետությունը գիտության համար չի վճարում, նա այդ գիտության հետ ոչ մի կապ չունի, միայն կարող է հեռվից հիանալ, իսկ մեր գիտությունը սնվում է օգնության ֆոնդերից, արտասահմանից, այն մերը չէ անգամ Հայաստանում: Հայաստանը գիտության համար այսօր միայն ցրման կենտրոններ ունի, այնինչ բյուրեղացման կենտրոններ են հարկավոր:
—Կարո՞ղ եք թվարկել Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրներն ու ասել, թե ինչպե՞ս եք տեսնում դրանց լուծման ճանապարհները։
—Երիտասարդ գիտնականը դեռ չունի արած հստակ աշխատանքներ՝ ինքնուրույն լինելու համար, առողջ միջավայրի դեպքում նա ավելի արագ ինքնուրույն կլինի: Այսպիսով՝ «երիտասարդ գիտնական» հասկացողություն չի կարող լինել, քանի դեռ քեզ նեցուկ չեն, քանի դեռ մտածում ես՝ վաղն ինչ է լինելու, և դա ոչ թե քո աշխատանքից է կախված, այլ բոլորս էլ գիտենք, թե ինչից… հայ երիտասարդի առաջ հսկա խնդիրներ են կանգնած մեր երկրում, ու եթե ցանկանում ես գիտությամբ զբաղվել, պիտի բանկում աշխատես, մաքսատանը, ծրագրավորում անես, կողքից էլ գիտությամբ զբաղվես կամ էլ սովամահ լինես: Լուծման ճանապարհները՝ գիտության դերի կարևորության գիտակցումը՝ պետական մակարդակով, դրանք լուծելու նպատակ, ցանկություն, արտասահմանում մեր ունեցած հզոր գիտական ռեսուրսի օգտագործում, նաև այն, որ տարիքով գիտնականները երիտասարդ գիտնականին որպես վտանգ չդիտեն, չանեն ամեն ինչ, որ նա դուրս գնա երկրից կամ այլ աշխատանք գտնի:
-Ինչպե՞ս եք վերաբերում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը ֆեյսբուքում և այլ վիրտուալ կամ իրական հարթակներում։ Արդյո՞ք գիտնականի միակ գործը չպետք է լինի բացառապես գիտությամբ զբաղվելը, արդյո՞ք իսկական գիտնականը միայն գիտությամբ զբաղվողը չէ ՝ առանց նյութական բաներին ուշադրություն դարձնելու, արդյոք գիտնականը չի՞ դադարում գիտնական լինել այն պահից, երբ սկսում է մտածել՝ իր գործով վաստակելու մասին։
-Հրաշալի է, քամահրանք կա այս հարցի մեջ: Գիտնականը նույնպես ֆիզիկական հատկություններով օժտված աշխարհիկ մարդ է, ունի ընտանիք կամ ցանկություն՝ ունենալու, կարիք՝ սնվելու ու արժանի՝ լավագույնս ապրելու, և եթե նա արարում է իր երկրի ու աշխարհի համար, նույն երկիրն ու աշխարհը պարտավոր են ապահովել նրան: Այն, ինչ անում է գիտնականը, ուրիշ ոչ ոք չի կարող անել, իսկ այն, ինչ անում է ցանկացած մեկ այլ մասնագիտության տեր մարդ, գիտնականը կարճ ժամանակում կսովորի:
Արդյոք տեսնու՞մ է Արփինեն դրական միտումներ՝ վերջին տարիներին մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում: Նա ասում է, որ դեռ նոր է մտնում գիտություն՝ որպես գիտնական, համեմատություն անել չի կարող, իր համար այս պահին միակ լավն այն է, որ ավելի վատ չի կարող լինել, քան կա: Բայց շատ կարևոր բան է փոխվել. այսօր մենք խոսում ենք ազդեցության գործակցի մասին, իսկ ընդամենը երկու տարի առաջ քչերն էին լսել դա: Պետական մոտեցում գիտության հանդեպ չի տեսնում, այլ միայն նկարչություն: Գիտության պետական կոմիտեն ամենասրտացավ ու մտահոգ պետական կառույցն է, գոնե միայն այն պատճառով , որ նրանում նույն ճանապարհն անցած գիտնականներն են ու քաջ գիտակցում են խնդիրները: Արփինեն վստահ է, որ ջանք չեն խնայում՝ դրանք լուծելու համար…
Բայց այդ դեպքում ինչո՞ւ ենք դոփում տեղում….ամենամեծ սխալը այդ փորձերի ժամանակավորությունն է, ոչ մի հիմնական բան չի արվում: Եթե գիտությունը լիներ երկիրը զարգացնելու խթան, գիտությունը կզարգանար՝ պետությունն ավելի լավ գիտի, թե ինչպես: Ինչ վերաբերում է խրախուսումներին, դրանք ժամանակավոր են ու չեն կարող գիտությանը մոտալուտ կործանումից փրկել:
-Ինչքա՞ն ժամանակ եք աշխատել արտասահմանում, որտե՞ղ։ Ի՞նչ հիմնական տարբերություններ կթվարկեք Հայաստանում և դրսում՝ գիտական աշխատանքով զբաղվելու հարցում։
—Աշխատել եմ երկու ամիս Գերմանիայում, այնտեղ ես աշխատում էի, չէի վազում ու ստորանում համալսարանի կամ ինստիտուտի բազմազան բաժանմունքներում, ինձ ոչ ոք չէր խանգարում: Շատ հսկա տարբերություն կար այնտեղ աշխատելու և Հայաստանում աշխատելու միջև. ես երկու ամսում տեսա, հանդիպեցի, զրուցեցի, դասախոսություններ լսեցի ոլորտի հսկաների կողմից, ամեն օր նոր միտք էր առաջանում, նոր աշխատանքի սկիզբ էր դրվում, մարդիկ հյուր էին գալիս, մեկ շաբաթում հոդված ավարտում ու գնում: Մի հրաշալի բան կար, որ մենք չունենք ու դեռ երկար տարիներ չենք ունենա. երբ գիտնական էր այցելում քաղաք, դա մեծ իրադարձություն էր, որի մասին քաղաքում վկայում էին ցուցանակները, հայտարարությունները, իսկ Երևանում բոլորս էլ գիտենք՝ ովքեր են այդ ցուցանակների վրա: Իսկ եթե Նոբելյան մրցանակակիր է գալիս Հայաստան, հազիվ մի ելույթ՝ նեղ շրջանակներում, ուր մնաց նրա հետ շփվի չնչին երիտասարդ գիտնականը, այնինչ նա է, որ պիտի ոգևորվեր, հարցեր ուղղեր, տեսներ՝ ինչպիսին է գիտնականը:
-Ինչպե՞ս եք գնահատում ներքին համագործակցության մակարդակը Հայաստանում գործող գիտնականների, գիտական խմբերի միջև։ Արդյո՞ք ավելի սերտ համագործակցությունը հնարավորություն չի տա՝ ավելի մեծ ծրագրեր ձեռնարկելու և այդ դեպքում` ավելի լուրջ ուժերով հանդես գալու՝ միջազգային դրամաշնորհների դիմելիս։
—Չկա նման բան, որ գնահատեմ, մենք իրար լավագույն դեպքում կարող ենք չվնասել:
—Հայաստանո՞ւմ եք պատկերացնում անձամբ Ձեր մասնագիտական հետագա աճը, ապագան, թե՞ արտասահմանում։
-Ես բոլորովին չեմ պատկերացնում ինձ Հայաստանում, մինչև վերջերս վստահ էի, որ Հայաստանում պիտի աշխատեմ, ես մերժել եմ շատ հրավերներ ու ափսոսում եմ, որ հույսս այդքան մեծ էր…
Մանե Հակոբյան
- 12:13Հսկայական ցունամիներ, ատոմային ռումբի պայթյուններ…եթե Երկիրը դադարի պտտվել (տեսանյութ)
- 16:30Մարդկությունը տիեզերքից տարօրինակ ռադիոազդանշաններ է ստացել
- 11:50Համակարգիչ, որը 96% ճշգրտությամբ որոշում է մարդու մահվան տարեթիվը
- 12:10Ուրվականների գոյությունը հաստատող ամենահայտնի լուսանկարները. համոզված են նաև աստղերը (տեսանյութ)
- 12:56Ըստ ՆԱՍԱ-ի գիտնականների կանխատեսումների՝ ծովի մակարդակի բարձրացում կլինի
- 11:42Աշխարհահռչակ աթեիստ գիտնականը հայտարարել է, որ իրոք Աստված կա
- 1:17Էքստրասենսի բժշկումները սատանայի ներգործության միջոցով են տեղի ունենում. քահանա
- 0:38Գիտական սենսացիա. Կյանքը մահից հետո իրողություն է (տեսանյութ)
- 16:23iPhone-ից օգտվողներն այսօրվանից կարող են ներբեռնել «Հայտառ» ստեղնաշարը՝ անվճար. Արմեն Աշոտյան
- 13:16Նոր ծրագրեր՝ երիտասարդ գիտնականների համար
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.