Տաթևիկ Շախկուլյանը երաժշտագետ է, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող, դասախոսում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, խմբավար է Երևանի Ս. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում, «Կարին» ավանդական երգ ու պարի խմբի խմբավարն է:
2012 թ.-ից Միջազգային երաժշտագիտական ընկերության անդամ է: Աշխատում է որոշակի ծրագրերի ուղղությամբ և լիարժեք հույս ունի, որ պիտի կարողանա հայ երաժշտագիտությունն ակտիվացնել միջազգային մակարդակով:
Հայ երաժշտության մասին սեմինարներ է անցկացրել Լեհաստանում՝ Չենստոխովայի «Gaude Mater» փառատոնի շրջանակներում, 2008 թ.-ին, Սանկտ-Պետերբուրգի կոնսերվատորիայում՝ «Բրաժնիկովյան ընթերցումներ» գիտաժողովի շրջանակներում, 2009 թ.-ին և այլն:
Երկու անգամ մասնակցել է Միջազգային երաժշտագիտական ընկերության համաժողովներին՝ 2007 թ.-ին Ցյուրիխում և 2012 թ.-ին Հռոմում: Երկու դեպքում էլ հայ երաժշտության վերաբերյալ ինֆորմացիան լուրջ հետաքրքրություն է առաջացրել: 2006 թ.-ին մասնակցել է Բ. Բարտոկին վերաբերող միջազգային գիտաժողովին՝ Բուդապեշտում, որտեղ ներկայացրած իր զեկուցումն աշխարհահռչակ երաժշտագետ Է. Անտոկոլեցը համարեց գիտաժողովի լավագույն վերլուծական աշխատանքը:
2011 թ. Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և ՀՀ ԳԱԱ «Լավագույն գիտական աշխատանք» մրցանակաբաշխության դափնեկիր է «Արվեստ, լեզու և գրականություն» անվանակարգում, 2011 թ. արժանացել է ՀՀ Մշակույթի Նախարարության Պատվոգրի` ազգային պարարվեստի ասպարեզում ունեցած ավանդի համար, 2012թ. Երևանի քաղաքապետարանի մշակույթի համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպության Պատվոգրի է արժանացել՝ լավագույն մանկավարժ ճանաչվելու առթիվ: Համահեղինակությամբ դեռևս չի աշխատել:
Խոսքը փոխանցում եմ Տաթևիկին։
-Մրցանակներն իհարկե, էապես խթանում են մասնագիտական արդյունավետ աշխատանքին: Սակայն չափորոշիչների հարց կա՝ կախված բնագավառից։ Իմ մասնագիտության պարագայում, օրինակ, միջազգային ազդեցության գործակից ունեցող տպագրություններ ինձ հայտնի չեն: Ինչ վերաբերում է հղումներին, ապա իմ պրակտիկայում հանդիպել եմ այնպիսի իրողության, երբ հղումը կատարվել է «անհրաժեշտությամբ» և նյութի ոչ այնքան ճշգրիտ ընկալմամբ: Հետևաբար, կարծում եմ, որ «Լավագույն երիտասարդական գիտական նվաճումը» պետք է որոշվի ըստ նյութի բովանդակության, կարևորության և նորույթի:
-Մրցանակներն ու խրախուսական մրցանակաբաշխությունները ոգևորող են, երիտասարդն իրեն գնահատված է զգում և արդյունքում սկսում է շատ ավելի լավ աշխատել ու ավելի լուրջ արդյունքների հասնել: Սակայն միևնույն ժամանակ, այլ պայմանները (աշխատավարձ, տեխնիկական պայմաններ և այլն) շատ էական են երիտասարդ գիտնականի համար: Քիչ չեն այն դեպքերը, երբ մրցանակակիր գիտնականը, միևնույն է, գերադասում է աշխատել արտասահմանում՝ անհամեմատ ավելի բարորակ պայմաններում: Սա բնական է:
-Ուստի կարծում եմ, որ Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած ամենալուրջ խնդիրը վարձատրությունն է: Իմ բնագավառում (արվեստագիտություն) թերևս սա միակ լուրջ խնդիրն է: Համաշխարհային մասնագիտական գրականության անմատչելիության խնդիրը նույնպես կա, թեև երիտասարդ գիտնականներն այս կամ այն կերպ կարող են դա լուծել: Վերջին տարիներին մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում պետական և ոչ-պետական կառույցների մոտեցումների ու գործողությունների մեջ դրական միտումներ կան, սակայն խնդիրներ, որոնք լուծելի են, նույնպես կան: Հետթեկնածուական համակարգն, օրինակ, աշխարհում լուրջ արդյունքների է բերել, ուստի կարծում եմ, որ օգտակար կլինի, եթե այն ներդրվի Հայաստանում:
-Հասարակությունը լայն առումով չի կարող գիտությունը գնահատել, առավել ևս Հայաստանի ներկա պայմաններում, երբ հասարակության խնդիրները բավականին շատ են: Չէի ցանկանա հավատալ, թե մեզանում արժեհամակարգն է խեղված: Միգուցե անկախության 20 տարիները քիչ են պետության տարբեր ոլորտներում համապատասխան աշխատանք անհրաժեշտ մակարդակով կազմակերպելու համար: Չեմ հերքի այն իրողությունը, որ պետական որոշ օղակներ միգուցե սխալ ուղղությամբ են աշխատում, սակայն ես կարծում եմ, որ այդ խնդիրը կա ոչ միայն պետական, այլև հասարակական և անհատական մակարդակներով: Եթե յուրաքանչյուր քաղաքացի իր գործը կատարի՝ բողոքելու փոխարեն, ապա իրավիճակը բոլորովին այլ կլինի:
-Ինչ վերաբերում է երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը տարբեր վիրտուալ կամ իրական հարթակներում, ապա կարծում եմ, որ տվյալ հարցը միակողմանի պատասխան չունի: Ես ինքս այդ խնդիրների բարձրաձայնմանը որևէ կերպ մասնակից չեմ, հավանաբար, որովհետև ժամանակս չի ներում: Բայց մյուս կողմից էլ` լիովին ըմբռնումով եմ մոտենում այլ երիտասարդ գիտնականների նման գործողություններին: Որևէ գիտնական միայն իր աշխատավարձով չի կարող ապրել, և բնականաբար նրա աշխատանքի որակը չի կարող բարձր լինել: Իսկ «հողեղեն-նյութական բաները» առնչվում են ցանկացած մարդու՝ գիտնականի, կոշկակարի, հավաքարարի կամ պետական գործչի: Ի վերջո, «իսկական գիտնականը» նույնպես ուզած-չուզած սնվում է…
-Ինչ խոսք, Հայաստանում կոռուպցիան ամենամեծ խնդիրներից մեկն է, և դրան առնչվում է ամեն ոք: Սակայն ես իմ մասնագիտական ոլորտում անձնապես ինձ համար երբևէ որևէ փուլում (դպրոց, երաժշտական ուսսումնարան, կոնսերվատորիա, կոնսերվատորիայի երկրորդ մասնագիտություն, Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրա, մի քանի աշխատավայր) խնդիր չեմ ունեցել:
-Արտասահմանում չեմ աշխատել: Երկու տարվա պայմանագիր ունեի՝ առաջարկված Տեխասի համալսարանի երաժշտագիտության բաժնից, սակայն ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունն այդ ժամանակ, առանց հիմնավորման, իրավունք չտվեց մեկնելու ԱՄՆ: Ինչ վերաբերում է գիտաժողովներին, ապա ինձ ապշեցրել է հատկապես մարդկանց հետաքրքրությունը, ի հակադրություն Հայաստանի հաճախ ձևական բնույթ կրող իրողության: Ուսանողներն ու կայացած մասնագետները մեկնում են այլ երկրներ, նաև այլ մայրցամաքներ՝ պարզապես լսելու գիտաժողովների նյութերը, որովհետև նրանց համար առիթ է՝ մատչելի պայմաններով հաղորդակցվելու աշխարհի ամենահեղինակավոր մասնագետներին: Լսելուց հետո այնպիսի հարցեր են ուղղում, որ զարմանում ես, թե ինչ ուշադրությամբ են հետևել: Հայաստանում քիչ չեն այն դեպքերը, երբ գիտնականները՝ երիտասարդ, թե կայացած, գիտաժողովների ընթացքում ուրիշ բաներով են զբաղված:
-Արտասահմանում իմ կարճատև ուղևորությունների ընթացքում գնահատել եմ հատկապես թիմային աշխատանքը: Այսպես, գիտնականներն իրենց աշխատանքները քննարկում են, միմյանց հետ խորհրդակցում, կարծիքները հաշվի առնում, իսկ Հայաստանում դեռևս կան միմյանցից խուսափելու, փոխադարձաբար չհարգելու, հավանաբար նաև վախենալու գործոնները: Այսինքն, արտասահմանում փոխառնչությունները բավականին բարձր մակարդակի վրա են, ինչը պետք է օրինակ լինի մեզ համար:
-Իմ մասնագիտական աճը պատկերացնում եմ այնտեղ, որտեղ պահանջված եմ: Չեմ առանձնացնի, ես կշարունակեմ կարևորել թե՛ արտասահմանյան ուղևորությունները, թե՛ հայաստանյան աշխատանքը, առավել ևս, որ իմ մասնագիտական հետաքրքրությունների զգալի մասն առնչվում է հայկական երաժշտության ուսումնասիրմանը:
Զրուցեցինք կյանքից. «Տաթևիկ, իսկ գիտական աշխարհում մարդու սեռը որևէ որևէ դեր խաղո՞ւմ է։ Ի՞նչն է Ձեզ ձգում գիտության մեջ, ինչո՞ւ որոշեցիք գիտնական դառնալ, օրվա որքա՞ն ժամանակն եք նվիրում գիտական հետազոտություններին, ի՞նչ նախասիրություններ ունեք»։
-Գիտական աշխարհում մարդու սեռը միգուցե ազդեցություն թողնում է, բայց ոչ իմ պարագայում, միգուցե դա կապված է մասնագիտության հետ: Իհարկե, տղաները որոշ արտոնություններ ունեն, բայց մասնագիտական որակական առավելությունը միշտ էլ գնահատվում է: Մյուս կողմից էլ, ես համամիտ եմ այն կարծիքի հետ, որ տղամարդն ավելի լավ ներուժ ունի գիտնական լինելու համար:
-Երևի թե անսպասելի լինի, բայց ասեմ, որ ես չեմ որոշել գիտնական դառնալ, պարզապես այսպես ստացվել է: Իրականում, գիտությունն ինձ համար կյանքի ամենակարևոր գործոնը չէ, այլ՝ մեկը կարևորներից: Ես գիտության մեջ հայտնվել եմ, որովհետև իմ դասախոսներն են առաջարկել և անգամ պարտադրել և, մեծամիտ միտք է, բայց կասեմ, որովհետև ինչ-որ բաներ ինձ մոտ մասնագիտական նորմալ պահանջներից ավելի լավ են ստացվել:
-Ես օրը չեմ բաժանի գիտական և ոչ գիտական մասերի: Լինում են շրջաններ, ասենք, մեկ-երկու շաբաթ, որ ես նոր մտքեր եմ ունենում և դրանք հետևողականորեն իրականցնում եմ: Բայց լինում են շրջաններ, որոնք կարող են նույնիսկ շատ երկարատև լինել, որ առհասարակ տվյալ ասպարեզին չեմ մոտենում:
-Ունեմ նորմալ մարդկային նախասիրություններ: Շատ ընկերներ ունեմ՝ տարբեր միջավայրերում, նրանց հետ մտերմությունը երբեք չի ընդհատվում: Իմ ընտանիքին շատ նվիրված եմ, առօրյա հոգսերով էլ եմ զբաղվում՝ խոհանոցից մինչև անգամ հավաքարարի աշխատանք: Արշավների եմ շատ գնում: Գիտական ուղևորությունների մեկնելիս առիթը բաց չեմ թողնում նոր քաղաքներ ուսումնասիրելու, թանգարաններ, տեսարժան վայրեր դիտելու համար:
Զրուցեց Մանե Հակոբյանը
- 12:13Հսկայական ցունամիներ, ատոմային ռումբի պայթյուններ…եթե Երկիրը դադարի պտտվել (տեսանյութ)
- 16:30Մարդկությունը տիեզերքից տարօրինակ ռադիոազդանշաններ է ստացել
- 11:50Համակարգիչ, որը 96% ճշգրտությամբ որոշում է մարդու մահվան տարեթիվը
- 12:10Ուրվականների գոյությունը հաստատող ամենահայտնի լուսանկարները. համոզված են նաև աստղերը (տեսանյութ)
- 12:56Ըստ ՆԱՍԱ-ի գիտնականների կանխատեսումների՝ ծովի մակարդակի բարձրացում կլինի
- 11:42Աշխարհահռչակ աթեիստ գիտնականը հայտարարել է, որ իրոք Աստված կա
- 1:17Էքստրասենսի բժշկումները սատանայի ներգործության միջոցով են տեղի ունենում. քահանա
- 0:38Գիտական սենսացիա. Կյանքը մահից հետո իրողություն է (տեսանյութ)
- 16:23iPhone-ից օգտվողներն այսօրվանից կարող են ներբեռնել «Հայտառ» ստեղնաշարը՝ անվճար. Արմեն Աշոտյան
- 13:16Նոր ծրագրեր՝ երիտասարդ գիտնականների համար
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.