Ուղիղ մի ամիս անց ունենալու ենք նորընտիր նախագահ: Նրա անունը արդեն հայտնի է` Սերժ Ազատի Սարգսյան: Ընտրվելու է ձայների մեծ առավելությամբ, առանց ընտրակաշառքների, կրիմինալի, ընտրակեղծիքների ու այլ կասկածելի և հակաօրինական հնարքների: Ու ՀՀԿ-ի խոստումը` անցկացնել ՀՀ պատմության ամենամաքուր ընտրությունները, միանգամայն իրատեսական է: Թերևս միակ դժվարությունը ընտրողներին ընտրատեղամաս բերելն է, իսկ թե դրա համար ինչ և ինչպես կարվի, կերևա մի փոքր ուշ: Իսկ այժմ կարելի է հավատալ գլխավոր դատախազի և ոստիկանապետի խոստումներին, որ բոլոր ընտրախախտները պատժվելու են օրենքի ամենայն խստությամբ: Այդ իրավիճակը հնարավոր դարձավ, քանզի ուղղակի կամ անուղղակի ձևով ընտրություններին չեն մասնակցում առաջին և երկրորդ նախագահները:
Եվ քանի որ ընտրությունների հաղթողը կանխորոշված է, հարց է ծագում, թե ինչ նպատակով են ընտրություններին մասնակցում մնացյալ 7 թեկնածուները: Նրանց կարելի է բաժանել երկու խմբի` քաղաքական գործիչներ և քաղաքական կլոուններ: Առաջին խումբը ներկայացված է Րաֆֆի Հովհաննիսյանով, Հրանտ Բագրատյանով և Պարույր Հայրիկյանով, երկրորդը` Արամ Հարությունյանով, Անդրեաս Ղուկասյանով, Արման Մելիքյանով և Վարդան Սեդրակյանով: Քաղաքական գործիչները մրցակցում են պատվավոր երկրորդ տեղի համար և լուծում են սեփական քաղաքական վարկանիշի և քաղաքական ապագայի հարցը: Քաղաքական կլոունները լուծում են ընտրությունները կրկեսի վերածելու և հնարավորինս վարկաբեկելու հարցը, զուգահեռաբար բարելավելով սեփական նյութական կացությունը:
Իսկ այժմ` թեկնածուների և նրանց մարտավարության մասին: Սկսենք քաղաքական գործիչներից:
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ երկրորդ տեղի գլխավոր հավակնորդն է: Խոշոր հաշվով, իշխանությանն էլ ձեռնտու է, որ հենց նա լինի երկրորդը, այդ պատճառով էլ նա ունի տեղեկատվական դաշտում առավելագույն բարենպաստման միջավայր, իսկ իշխանական գործիչներն ամենայն լրջությամբ, բայց կոռեկտ պատասխանում են նրա հնչեցրած մեղադրանքներին: Քարոզարշավի տեխնոլոգիան ստանդարտ է` հնարավորինս շատ անցկացնել հանդիպումներ ընտրողների հետ, հնարավորինս շատերին ձեռքով բարևել, հնարավորինս շատ բանավոր և գրավոր ելույթներ գեղեցիկ հայերենով, բայց առանց էական բովանդակության:
ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ փորձելու է շահել արմատական ընդդիմադիր ընտրազանգվածի համակրանքը: Նրա մեթոդաբանությունն է` ծրագրային բանավեճերի ծավալում ու հնարավորինս շատ հեռուստաեթերով հանդես գալը: Նա արդեն հայտարարել է, որ գնելու է այնքան եթերաժամանակ, ինչքան թույլ է տալիս օրենքը: Փորձելու է ընտրազանգված փախցնել նաև Րաֆֆիից:
ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ, որը նաև էքստրավագանտ մտքեր է արտահայտում քարոզչության ընթացքում, ըստ էության, լուծում է քաղաքական դաշտում մնալու խնդիրը: Նա թերևս գերազանց արդյունք կհամարի, եթե անցնի 5 տոկոսի շեմը:
Իսկ այժմ անցնենք քաղաքական ծաղրածուներին: Բնականաբար, հարց է ծագում` ով է նրանց ասպարեզ բերել և ապահովել ֆինանսավորմամբ: Եվ այսպես…
Էպոսագետ ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ: Ամենահին ծաղրածուական նախագիծն է, որը գործում է դեռ անցյալ տարվա ամռանից և գործարկվել է ԱԺ ընտրություններից անմիջապես հետո: Միանգամից ստացել է առատ ֆինանսավորում, այժմ ունի երեք շքեղ ավտոմեքենա և կառուցում է երեք առանձնատուն: Աչքի է զարնում հոգեպես անհավասարակշիռ մարդու զառանցանք հիշեցնող քարոզչությամբ, սակայն հոգեպես միանգամայն առողջ է, ու «գժական» քարոզչությունն իրականացվում է միանգամայն գիտակցված: Նրա գործառույթն է, ամենայն հավանականությամբ, վարկաբեկել ընտրական գործընթացն ամբողջությամբ` իշխանությունով և ընդդիմությունով հանդերձ: Նրա պարագայում արդեն լայնորեն կիրառվում է կեղծված սոցհարցումների տեխնոլոգիան: Գրեթե բոլոր ինտերնետային հարցումներում Վարդան Սեդրակյանն առաջին տեղում է, ինչը հնարավոր է միայն այն դեպքում, եթե գործում է համակարգչային քվեարկությամբ հատուկ խումբ: ԱԺ ընտրություններին համակարգչահենական հատուկ խումբը գործում էր հոգուտ ԲՀԿ-ի` կեղծելով ինտերնետ-քվեարկություններն այնպես, որպեսզի ԲՀԿ-ն հայտնվի առաջին տեղում: Հիշեցնենք, որ այն ժամանակ Ֆեյսբուքում հայտնաբերվել էր անձ, որը ԲՀԿ-ի օգտին աշխատող միանգամից 700 կեղծ էջեր էր ստեղծել, իսկ համակարգչահենները ակտիվորեն վնասում էին այն տեղեկատվական համացանցային ռեսուրսները, որոնք գործում էին ընդդեմ ԲՀԿ-ի: Տաշած քարը գետնին չի մնա, ուստի, ամենայն հավանականությամբ, այժմ հենց այդ խումբն է աշխատում հօգուտ էպոսագետի: Հետևաբար` առաջիկայում կլինեն նաև հաքերական հարձակումներ այն կայքերի վրա, որոնք թթու խոսք կասեն Վարդան Սեդրակյանին: Գումարած դրան, էպոսագետի «տիեզերական աջակցության» տեսությունն առաջ տանելու համար ակտիվորեն կշարունակվի այն լուրերի տարածումը, իբր Վարդան Սեդրակյանն օժտված է էզոթերիկ, մոգական ունակություններով, ու հավանաբար արհեստականորեն կստեղծվեն դրվագներ, որոնք արտաքնապես նման են մոգական ներգործությանը…
Ամենայն հավանականությամբ` էպոսագետի պարագայում պատվիրատուն Ռոբերտ Քոչարյանի թիմն է, քանզի ՀՀ երկրորդ նախագահին օդի և ջրի պես անհրաժեշտ է ինչպես ընտրությունների, այնպես էլ ամբողջ քաղաքական դաշտի վարկաբեկումն ու փչացումը, որպեսզի հեշտանա վերադարձն իշխանության 2017-2018 թվականների ընտրությունների ժամանակ: Նման է, որ խնդիր է դրված էպոսագետին բերել երկրորդ տեղ, ինչը հնարավորություն կտա անընդհատ շրջանառելու այն միտքը, որ Սերժ Սարգսյանն իշխանությունով հանդերձ հաղթել է մի «ծալը պակաս» թեկնածուի, իսկ ընդդիմադիրներն այդ «ծալը պակասի» չափ էլ չկան: Բնականաբար, դա առավելագույնս կվարկաբեկի և՛ ընտրությունները, և՛ քաղաքական դաշտը, ու նման է, որ իշխանությունը ստիպված կլինի ջանքեր գործադրել` կանխելու ձայների գնումը Վարդան Սեդրակյանի համար: Իսկ որ Քոչարյանի թիմն ի վիճակի է դա անել` կասկածից վեր է: Ու նաև կանխատեսելի է, որ վարձվելու են միանգամայն լուրջ սոցիոլոգներ (փողին մուննաթ), ովքեր էպոսագետին ներկայացնելու են որպես հստակորեն երկրորդ տեղ վերցնող…
Բնականաբար, հիմնական ծաղրածու թեկնածուների կողքին անհրաժեշտ են «դամ պահողներ», ու այստեղ գտնում ենք զոքանչին մամլո խոսնակ հռչակող հավերժական թեկնածու ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ: Նրան էլ կվերապահվի իռացիոնալ ընտրողների գլուխը լրացուցիչ տանելու գործառույթը:
«Դամ քաշողներից» ամենազգուշավորը թերևս ԼՂՀ նախկին արտգործնախարար ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆՆ է, ում հիմնական թեզն էլ այն է, որ եթե ընտրողների ցուցակում ներգրավված լինի ավելի քան 1 միլիոն 300 հազար ընտրող, ապա ընտրությունները կանխավ կեղծված են: Ոստիկանությունը ներկայացրել է դրա կրկնակին` 2,5 միլիոն ընտրող, և Ա. Մելիքյանը դիմել է ԿԸՀ` ներկայացնելու տեղեկանք, թե անկախանալուց ի վեր քանի մարդ է լքել Հայաստանը, քանի երկքաղաքացի է ընդգրկված ընտրողների ցուցակում, և քանի ՀՀ քաղաքացի, ովքեր այժմ երկրից դուրս է: Առաջին մասով ոչ ոք չի պատասխանի, երկրորդ մասով հանձնարարվել է պատասխան տալ ոստիկանությանը: Բնականաբար, պատասխանը թեկնածուին չի բավարարելու, և նրա հիմնական կարգախոսն է լինելու «միևնույն է, ընտրությունները կեղծված են» բանաձևը:
Եվ վերջապես, ԱՆԴՐԵԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ:
Ի դեպ, մինչ այս, նա ընդամենը հայտնի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դստեր՝ Անահիտ Թարխանյանի ամուսինն էր, ու հանկարծ… թեկնածուի սպառնալիքը` նստել հացադուլի, եթե ԿԸՀ-ն չեղյալ չհամարի Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը, միայն առաջին հայացքից է ծիծաղելի թվում: Չէ՞ որ դա առաջին դեպքն է, որ նախագահի թեկնածուն հացադուլ է հայտարարում, և հաստատ նրա մասին սյուժեները պտտվելու են համաշխարհային հեռուստացանցերով: Համ էլ սովից մեռնող թեկնածուի հոգեցունց թատերականացված տեսարանները արցունք կհանեն բարի և միամիտ հայ ընտրողների աչքերից` նրան քվեներ բերելով, ու եթե հաջողվի անցնել 2 տոկոսի շեմը, ապա Անդրեաս Ղուկասյանը հաջողությամբ մուտք կգործի քաղաքական դաշտ և արդեն կկարողանա մտածել ԱԺ 2017-ի ընտրություններին մասնակցելու մասին: Գումարած դրան` իշխանությունն ուզած-չուզած պիտի նրան ինչ-որ բան տա, որպեսզի ձայնը կտրի և իր հացադուլով չփչացնի ընտրարշավի պատկերը…
Ահա այդպիսի բաներ: Առջևում ունենք մեկ ամիս, որի ընթացքում հեռուստաեթերը հեղեղված է լինելու քաղաքական կլոունադայով: Ու որպեսզի մեր քաղաքացիները զզվանքից չվազեն «ունիտազը գրկելու», թերևս ճիշտ կլինի, որ հիմիկվանից կողմնորոշվեն, թե ում են տալու իրենց ձայնը, և ընդհանրապես չհետևեն հեռուստաքարոզչությանը. հասարակ ընտրողը, ի տարբերություն լրագրողների, ովքեր պարտավոր են դիտել այդ ամբողջ աղբը, իրեն կարող է նման շռայլություն թույլ տալ: Անջատեք ձեր հեռուստացույցները, քարոզարշավ է սկսվել…
Շաբաթվա վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- 14:08Կողմնորշվելն այսօր թիվ մեկ հարցն է
- 15:45Սպանված առյուծի ու խրախճանք կազմակերպող շակալների մասին
- 15:37Եվրաինտեգրացիայից՝ կենտրոնի քաղմաս
- 11:23Մեռյալներին հանգստություն, ապրողներին՝ աղքատության և արտագաղթի նոր ծավալներ ու համազգային դեպրեսիա
- 14:36Ընտրություններ, թանկացումներ, սկանդալներ
- 11:54Մենք ենք, մեր հարևանները
- 10:30Քրեաքաղաքական Հայասատան
- 17:07Տոնական շաբաթ՝ առանց տոնական տրամադրության
- 21:23Պատգամավորներն իրար «տռաս» են հանում
- 16:08Ապահով Հայաստանի թշվառությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.