Այս պահին նույնականացման քարտերի հետ կապված քաշքշուկները շարունակվում են: Կուտակումները բերել են նրան, որ պատասխանատուները չեն հասցնում դրանք տրամադրել սահմանված ժամկետներում, ու, այսօրվա դրությամբ, դեռ դեկտեմբերի կեսերին քաղաքացիներին խոստացած քարտերը տեղ չեն հասել:
Ի՞նչ է իրենից ներկայացնում նույնականացման քարտը և ի՞նչ խնդիրներ է լուծում. մեր լրագրողական հետաքննությունը հետաքրքիր մանրամասներ է պարզել:
ՀՀ կառավարությունը պարբերաբար ծրագրեր է գտնում քաղաքացիների անձնական տվյալները թարմացնելու համար: Հիշենք սոցիալական քարտերի հետ կապված պատմությունը. սկզբում մարդիկ դրանք կարող էին ձեռք բերել կամավոր հիմունքներով, իսկ հետո ուզած-չուզած բոլորն էլ պարտավորվեցին ունենալ, քանի որ ցանկացած բանկային և այլ գործարքի համար սոցքարտը պարտադիր էր:
Անցան տարիներ, թե ինչ գումարներ «վաստակեցին» շահագրգիռ անձիք սոցքարտերի իրացման ընթացքում ու ինչ տեղի ունեցավ կուլիսներում, հարցի մյուս կողմն է: Խնդիրն այն է, որ այժմ դրա նոր տարբերակն են բերել Հայաստան՝ անունը դնելով նույնականացման քարտ, որը պարտադիր է՝ մի շարք դեպքերում՝պարտադիր է նաև էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու համար, ինչն էլ իր հերթին ինչպես Անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանն է ասում. «Որպեսզի կարողանան կատարել Եկամտային հարկի օրենքի պահանջը»:
Հազարավոր մարդիկ պարտադրված են ձեռք բերում նույնականացման քարտեր, որոնք, ըստ օրենքի, ինչպես սոցքարտերը կամավոր սկզբունքով են տրվում:
Մեր ունեցած տեղեկությամբ, Եվրոպական պետություններից շատ քչերն են էլեկտրոնային անձնագրերի ներդրման ծրագիր կիրառում, սակայն պրն. Քոչարյանը մեզ հետ զրույցում հավատացրեց, որ Եվրոպական գրեթե բոլոր երկրներում այս համակարգը գործում է:
Ինչևէ, ըստ Քոչարյանի. «Հայաստանը Եվրամիության հետ քաղաքականություն է վարում վիզաների գրանցման ուղղությամբ, որպեսզի ՀՀ քաղաքացիները հեշտությամբ մուտք գործեն Եվրամիություն. «Մենք պետք է անցնեինք բիոմետրիկ քաղաքականության, քանի որ այն գրեթե անհնար է կեղծել: Սա շատ հուսալի փաստաթուղթ է: Եվ հետագայում էլ վիզաները կվերացվեն: ID քարտի հիմնական նպատակն էլ տեղեկատվության փոխանակումն է թվային միջավայրում, առանց պարտադրելու մարդուն ֆիզիկապես տեղաշարժվելու: Սա մարդկանց կյանքը հեշտացնելու և հակակոռուպցիոն նպատակներով է իրականացվում»:
Մեզ բավականին դժվար եղավ պարզել, թե ծրագիրը ինչպե՞ս է ներմուծվում ՀՀ և ովքե՞ր են պատասխանատուները: Մի շարք պետական կառույցներ չկարողացան հստակ պատասխան տալ:
Պատկան կառույցները նաև դժվարացան պատասխանել, թե հնարավոր է արդյո՞ք մարդկանց անձնական տվյալներն օգտագործել այլ նպատակով, կամ մտավախություն չկա՞, որ համակարգչային գործոնը կարող է մատչելի դարձնել քաղաքացիների էլ ստորագրությունը, կամ քարտային տվյալները այլ նպատակներով օգտագործելու համար:
Հովհաննես Քոչարյանը պարզաբանեց այսպես. «Ինչ անձնական տվյալ, ընդամենն այն տվյալներն են, ինչ ձեր անձնագրերում գրված է և միայն մատնադրոշմներն է ավելանում բիոմետրիկի դեպքում: Նույնականացման քարտերում ոչ ավել ոչ պակաս ձեր անձնագրային տվյալներն են: Որևէ տվյալ, որը մենք վերցնում ենք քաղաքացուց հենց այնպես չենք վերցնում օրենքը թույլ է տալիս»:
Ըստ ԱՎ վարչության պետի, երաշխավորություններ տալիս է անհատական տվյալների մասին օրենքը, տվյալների մշակումը օրինական է 2 դեպքում. եթե օրենքով է նախատեսված, կամ անձն իր գրավոր համաձայնությամբ է տալիս:
Քոչարյանը տեղեկացրեց նաև, որ ճիշտ է մենք միացել ենք տվյալների պաշտպանության մասին գլխավոր կոնվենցիային, սակայն դեռ նոր օրենք չունենք:
Ապա հուսադրեց, թե՝ շուտով կունենանք կոնվենցիային համապատասխանող օրենք, որի նախագիծը վաղուց պատրաստ է:
Իսկ ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունից «Հայկական Վարկած»-ը ստացել է իր հարցերի բավականին մանրամասն պատասխանը մի քանի կետերի պարզաբանումը թողնելով «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ (ԷԿԵՆԳ) ՓԲ ընկերությանը:
Ոստիկանության պարզաբանմամբ, ահաբեկչության դեմ պայքարը տարիներ ի վեր դարձել է գերխնդիր միջազգային հանրության, կազմակերպությունների, զարգացած և զարգացող երկրների համար: Անձանց նույնականացման և պետությունում անցանկալի անձանց մուտքը վերահսկելի դարձնելու նպատակով շարունակաբար մշակվում և գործողության մեջ են դրվում ինչպես ներպետական, այնպես նաև միջազգային ջանքերի շնորհիվ կատարելագործվող մեխանիզմներ: Նշված հիմնախնդրի լուծմանն է ուղղված նաև Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի 2001 թվականի 1373 բանաձևի ընդունումը, համաձայն որի ահաբեկչության դեմ միջազգային պայքարի շրջանակներում պետությունները պետք է ձեռնարկեն արդյունավետ միջոցներ անձը հաստատող փաստաթղթերի և արտասահմանյան անձնագրերի պատրաստման ներպետական մեխանիզմների նկատմամբ հսկողությունն ու վերահսկողությունն ուժեղացնելու, անձը հաստատող փաստաթղթերի կեղծման հնարավորությունը նվազագույնի հասցնելու ուղղությամբ:
Նշված մեխանիզմն իր արդյունավետ կիրառման գործառնական նշանակությամբ և կենսաչափական տվյալներով ինքնությունը հաստատող փաստաթղթերի համակարգի ստեղծման ձևաչափով 2001 թվականից ի վեր արմատապես սկիզբ առավ և մեծ թափով զարգացում ապրեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Եվրոպական գրեթե բոլոր երկրներում:
ՀՀ Նախագահի 2008 թվականի մարտի 15-ի ՆԿ-53-Ա կարգադրությամբ հաստատաված «ՀՀ միգրացիայի համակարգի և Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնացման քարտերի համակարգ ներդնելու մասին» հայեցակարգի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունն ու քաղաքացիությունը հավաստող փաստաթղթեր են հանդիսանալու նաև քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը և նույնացման քարտը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ 2008 թվականին ՀՀ ոստիկանության կողմից մշակվեց և շրջանառության մեջ դրվեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը փորձաքննություն է անցել Միգրացիայի միջազգային կազմակերպության փորձագետների կողմից:
Արդեն իսկ 2011 թվականի նոյեմբերի 30-ին ընդունված օրենքով նախատեսվեց 2012 թվականի հունիսի 1-ից անցում կատարել կենսաչափական տվյալներով ինքնությունը հաստատող փաստաթղթերի համակարգին: Օրենքով անձնագիրը նախատեսվում է որպես ՀՀ քաղաքացու ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, որը օգտագործվելու է նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար: Անձնագիրն ունի Եվրամիության չափանիշներին և քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության երաշխավորություններին համապատասխան պաշտպանական ապահովումներ` պարունակելով կենսաչափական տվյալների էլեկտրոնային պահոց, որում ամրագրվելու են օրենքով նախատեսվող տեղեկություններ անձի վերաբերյալ, այդ թվում` քաղաքացու թվայնացված լուսանկարը, ստորագրությունը, աջ և ձախ ցուցամատերի մատնադրոշմները:
Ըստ Ոստիկանության, կենսաչափական տվյալներով անձնագրի ներդրմամբ`
1) կնվազեցվի անձը հաստատող փաստաթղթերի կեղծման հավանականությունը.
2) հնարավոր կլինի առավել պարզ` ավտոմատացված եղանակով իրականացնել անձի նույնականացման գործընթացը.
3) կմեծանա «անցանկալի» անձանց հայտնաբերման հնարավորությունը:
Վերը նշված օրենքի մշակմանը զուգահեռ շրջանառության մեջ դրվեց «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ընդունվեց 2011 թվականի նոյեմբերի 30-ին և գործողության մեջ դրվեց 2012 թվականի հունիսի 1-ից: Նույնականացման քարտը նախատեսվում է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար` որպես քաղաքացիական շրջանառության բոլոր բնագավառներում անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ: ՀՀ կառավարության կողմից պետական կառավարման ոլորտում վարչարարական ընթացակարգերի պարզեցմանն ու կրճատմանն ուղղված քաղաքականության իրականացումը ենթադրում է հանրային ծառայությունների որակի բարձրացում, ինչն ուղղակիորեն պայմանավորված է անհատական տվյալների մշակման համակարգի ներդրմամբ և կիրառմամբ: Ավտոմատացված համակարգերի շահագործումն արդյունավետ է, եթե տվյալների էլեկտրոնային բազաներում անձի նույնականացման գործընթացն իրականացվում է, այսպես կոչված, «նոր սերնդի» էլեկտրոնային փաստաթղթերով:Նույնականացման քարտը պարունակում է տվյալների էլեկտրոնային պահոց, որտեղ ամրագրվելու են օրենքով նախատեսված տվյալներ, տվյալների պաշտպանվածությունն ապահովող` քարտին հատուկ անհատական կրիպտոգրաֆիկ բանալի, էլեկտրոնային թվային ստորագրության համար հավաստագիր:
Նույնականացման քարտում, որպես ներքին շրջանառության փաստաթուղթ, հետագայում նախատեսվում է կուտակել (էլեկտրոնային պահոցում) անձին վերաբերող անհատական բազմաթիվ տվյալներ, որը հնարավորություն կընձեռի պետական և այլ իրավասու մարմինների հետ շփման դեպքում զերզ մնալ տեղեկանքներ կամ այլ տեսակի փաստաթղթեր ներկայացնելուց, որը
1) կբարելավի մատուցվող հանրային ծառայությունների որակը,
2) զգալիորեն կպարզեցնի անձի նույնականացման գործընթացը,
3) կբարձրացնի վարչարարության արդյունավետությունը,
4) կզսպի մի շարք կոռուպցիոգեն գործոնների զարգացումը, քանի որ նշված համակարգի ներդրումը զգալիորեն սահմանափակելու է վարչական մարմնի անմիջական շփումները քաղաքացիների հետ:
ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ին ընդունվել է «Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքին հավանություն տալու մասին» թիվ 33 արձանագրային որոշումը, իսկ 2011 թվականի հուլիսի 21-ին` «Գնման պայմանագրի օրինակելի ձևին հավանություն տալու մասին» թիվ 28 արձանագրային որոշումը:
Ոստիկանությունից մեզ տեղեկացրեցին, որ համակարգի գործարկման, փաստաթղթերի տպագրման աշխատանքների կազմակերպման և ներդրման նպատակով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել լեհական «PWPW S.A.» ընկերությունը: Արդյունքում լեհական «PWPW S.A.» ընկերության հետ ՀՀ կառավարության անունից ՀՀ ոստիկանությունը և «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ (ԷԿԵՆԳ) ՓԲ ընկերությունը կնքել է «Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրման աշխատանքների /ծառայությունների/ կատարման» գնման պայմանագիր:
Պայմանագրով ՀՀ կառավարությունը պետական բյուջեից ծախսումներ չի կտարելու, այլ գումարը վճարվելու է կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի դիմաց վճարվող պետական տուրքերից:
Ինչ վերաբերում է նույնականացման քարտ ստանալու համար պահանջվող վճարին, Ոստիկանությունից հայտնում են, որ այն կամայականորեն որոշվող գումար չէ, այլ այն ամրագրված է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով, համաձայն որի նույնականացման քարտի տրամադրման համար պետական տուրքը կազմում է 3.000 ՀՀ դրամ:
Նշենք, որ կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման համար լիազոր պետական կառավարման մարմին է համարվում ՀՀ ոստիկանությունը:
Հ.Գ.«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ (ԷԿԵՆԳ) ՓԲ ընկերությանն պատասխանն, այս թեմայով, կներկայացնենք առանձին հրապարակմամբ:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.