Ինչպես և սպասվում էր` «աշխարհի վերջ» չեղավ: Ընդամենը զանգվածային փսիխոզ էր աշխարհով մեկ, որը բարեբախտաբար շրջանցեց մեր երկիրը: «Աշխարհի վերջին» հավատացող հայեր չգտնվեցին, ինչպես և վայել է հավերժությանը հավատացող հնագույն ազգին: Նրանք, ովքեր խոր հավատացյալ են, առաջնորդվեցին Աստվածաշնչով, որն անմեկնելի և անկանխատեսելի է համարում Քրիստոսի երկրորդ գալստյան օրը, և չտաջեցին իրենց անիմաստ սպասումով, դե իսկ մյուսները ծաղրի ու կատակների առարկա դարձրին ընդհանրապես «աշխարհի վերջի» գաղափարը: Բայց, այնուամենայնիվ, իշխանությունները զգուշավորություն դրսևորեցին և կանխավ արգելեցին զվարճավայրերին «աշխարհի վերջի» երիտասարդական կոլեկտիվ տոնակատարությունների պատվերներ ընդունել, թեև երիտասարդությունը ցանկություն ուներ ընդամենը զվարճանալ և ուրախ տրամադրությամբ հրաժեշտ տալ Մայաների օրացույցի վրա կառուցած ցնդաբանությանը:
Բայց Մայաների օրացույցը արձանագրել էր, այնուամենայնիվ, կարևոր պահ, որը հայտնի է աստղագետներին` արեգակի ծագման կետի անցումը Ձկների համաստեղությունից Ջրհոսի համաստեղություն: Այդ կետը լրիվ պտույտ է կատարում ամբողջ կենդանակերպով մոտ 26.000 տարվա ընթացքում, և համաստեղությունից համաստեղություն անցում է կատարում շուրջ 2160 տարին մեկ: Այսինքն` դարաշրջան փոխեցինք: Մտանք Ջրհոսի դարաշրջան, որը մեր նախնիները անվանում էին Տիեզերական Գարուն:
Մեր իմաստուն նախնյաց պատկերացմամբ, Տիեզերական Գարնան բնութագրիչն է կեղծիքների ու ստերի դիմակազերծումը, հրաժեշտը կույր հավատին, վախկոտությանն ու բռնակալությանը: Ինչը և տեսնում ենք մեր քաղաքական դաշտի պարագայում: Քանի որ անցումը դարաշրջանից դարաշրջան համընկավ նախընտրական կրքերի եռուն շրջանի հետ, պատռվեցին բոլոր քաղաքական ուժերի դիմակները, և ժողովուրդը պարզ տեսավ, թե ով ով է: Ուստի` համառոտակի դիտարկենք այդ գործընթացը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ցույց տվեց, որ իրականում քաղաքական ուժ է չէ, այլ ընդամենը իր օլիգարխ առաջնորդի փողերից ու լծակներից օգտվող շահամոլների և կարիերիստների բանակ: Այդ ռեսուրսը տարատեսակ ինտրիգների և ճնշումների միջոցով փորձեցին իրենց շահերին ծառայեցնել և՛ ՀՀ բոլոր երեք նախագահները, և՛ գերտերությունները (Ռուսաստանն ու ԱՄՆ-ն), սակայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաջություն ունեցավ լքել այդ խաղը: Ճիշտ է, նա դրանով խաչ քաշեց իր քաղաքական կարիերայի վրա, ու հիմա և՛ «տուկի թելով» քվե ծախող հարյուր հազարավոր ընտրողների հուսախաբ արեց, և՛ բորբոքեց բոլոր նրանց ատելությունն ու վրեժխնդրությունը, ովքեր հույս ունեիր իրենց ծառայեցնել ԲՀԿ-ի ռեսուրսը, ու հարվածներ ստանալն անխուսափելի է: Բայց ամենևին էլ ոչ անբիծ կենսագրություն ունեցող Գագիկ Ծառուկյանի վրա փաստորեն ազդեց մոտեցող «Ջրհոսի» շունչը, և նա տղամարդկային շիտակ քայլ կատարեց ու պատմության մեջ մտավ որպես քաղաքական անազնիվ խաղերից հրաժարված գործիչ:
Հայ ազգային կոնգրեսն էլ ինքնաբացահայտվեց որպես ուժ, որը զբաղված էր ՀՀ դժգոհ քաղաքացիներին տարիներ շարունակ իշխանափոխության տեսիլքով խաբող, բայց իրականում անձնական և խմբակային շահ հետապնդող մի խումբ: Ու երբ պարզ դարձավ, որ չի ստացվում օգտագործել ԲՀԿ-ին` նրա շալակի վրա կա՛մ իշխանության գալու, կա՛մ գոնե որպես վրեժխնդրության ակտ երկիրը ցնցումների մեջ գցելու նպատակով, այդտեղ ծայր առան քայքայման երևույթները և ճղճիմ խաղերը: Լևոն Զուրաբյան-Վարդան Օսկանյան առանձնազրույցի գաղտնաձայնագրության հրապարակումը ցույց տվեց ՀԱԿ-ի գործիչների ողջ մանրախնդիր և շահամոլ էությունը: ՀՀՇ համագումարից առաջ ու դրա ընթացքում էլ եղավ շարունակությունը: Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ լքում է ՀԱԿ քաղխորհուրդը և դեկտեմբերի 24-ի համագումարով առաջադրում է իր թեկնածությունը, սակայն ինքնաբացարկ կհայտնի, եթե Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի: Դրան ի պատասխան համագումարին իր ողջ կենսագրության ընթացքում ամենաանհետաքրքիր և բան չասող ելույթով հանդես եկած Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ մի երկու օր հետո կասի իր առաջադրվել-չառաջադրվելու մասին: Փաստորեն դա քալ էր` Բագրատյանին անհարմար վիճակի մեջ դնելու, քանի որ ավելի վաղ Բագրատյանը նրան անհարմար վիճակի նեջ դրեց: Փաստորեն ինչպիսի քաղաքական դեգրադացիա անցավ ՀՀ առաջին նախագահը` 2007-2008-ին նա ահարկու ընդդիմադիր առաջնորդ էր, հետո «երկխոսվեց» ու լուծեց այդ գնով մի քանի պատգամավորական մանդատի հարց, ու այդ պատգամավորները բոլորովին նման չեն կուռ միասնական թիմի, հետո տանջալիորեն սպասում էր Գագիկ Ծառուկյանի որոշմանը, հիմա էլ հասավ այնպիսի զավեշտի, ինչպիսին է Հրանտ Բագրատյանի որոշման սպասելը…
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը նույնպես բացահայտեց իր իրական արժեքը` գլորվել-հասնելով մինչև քաղաքական արժեզրկում, փչացնելով իրեն իշխող կոալիցիա մուտքուելքերով, խաղեր խաղալով գաղափարապես իր հետ անհամատեղելի ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի հետ, մեկ նալին, մեկ մեխին խփելով: Հիմա էլ ՀՅԴ-ն չի ուզում աջակցել նույնիսկ գաղափարապես մոտ Րաֆֆի Հովհաննիսյանին ու մտադիր է, որ եթե մասնակցի ընտրություններին, ապա միայն սեփական թեկնածուով: Ու միաժամանակ սիրախաղի մեջ է Սերժ Սարգսյանի հետ` հավանաբար հույս ունենալով, որ իշխանությունը դաշնակ թեկնածուին ինչ-որ տոկոս ձայն կնվիրի…
Մյուսների ֆոնի վրա համեմատաբար շահեկան է երևում միայն այնպիսի բառադի քաղաքական ուժը, ինչպիսին Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությունն» է: Գոնե գլխանց ազնվորեն հայտարարել է, որ մասնակցելու է: Ու այդ համեմատական շիտակ խաղի շնորհիվ վարձահատույց է եղել, բոնուս է ստացել Ջրհոսի դարաշրջանի արշալույսին` այժմ Րաֆֆին թերևս ունի միակ քչից-շատից լուրջ արևմտամետ թեկնածուի կարգավիճակ: Ամերիկացիները ուզած-չուզած նրա պարագայում պիտի որ վարվեն «На безрыбье и рак-рыба» սկզբունքով ու քաղաքականապես աջակցեն նրան…
Դե «Օրինաց երկիր» կուսակցության պարագայում մեկնաբանություններն ավելորդ են. ԱԽՔ-ը մնում է ԱԽՔ, և Արթուր Բաղդասարյանի քաղաքական փոփոխամտության վարձատրությունն այն է, որ ընդամենը ՀՀԿ-ի կցորդն են, ու հաջորդ ԱԺ-ում արդեն չի լինի ՕԵԿ խմբակցություն:
Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, ապա Սերժ Սարգսյանը գործնականում մնացել է առանց մրցակից, իսկ ՀՀԿ-ն բացարձակ քաղաքական մենաշնորհ ունի: Սակայն այս պարագայում էլ զգացվում է Ջրհոսի դարաշրջանի շունչը. ՀՀ նախագահը, որի վերընտրությունը այլևս մեխանիկական գործընթաց է, և նա վերարտադրության համար կարիք չունի օլիգարխիկ շերտի աջակցության, իրեն ամենևին չի պահում բռնակալի պես:
Սակայն ցանկացած գարնանը (և Տիեզերական Գարունն այդ առումով բացառություն չէ) բնորոշ են և կարճատև ցրտահարություններ: Ուստի, թեև քաղաքական կյանքում ցնցումներ չեն սպասվում, սակայն կարող են լինել չափազանց տհաճ և վատ նստվածք թողնող միջադեպեր: Դրա նախակարապետը պատգամավոր Մհեր Սեդրակյանի` լրագրողի հանդեպ թույլ տված զազրելի արարքն է, ու առաջիկայում նաև ավելի վատ միջադեպեր են հնարավոր: Ուստի զգոնությունն ավելորդ չէ: Առավելևս, որ օրինակ հոգևոր ոլորտում արդեն կան շատ լուրջ մարտահրավերի սաղմերը: Արդեն Երևանում են և իրենց «թրեյնինգներն» են սկսել աշխարհի ամենավտանգավոր աղանդի` Ֆալուն-գունի երկու քարոզիչները` Արմինա Միխայլովան և Ալյոնա Բալակինան: Իսկ դա այն աղանդն է, որը հազարապատիկ վտանգավոր է «Եհովայի վկաներից», իր հետևորդներից շատ սեղմ ժամկետում սարքում է ագրեսիվ զոմբիներ, փաստացի ցանկացած առաջադրանքի պատրաստ ռոբոտներ: Այդ աղանդի դեմն առնելու համար մի քանի տարի առաջ Չինաստանի իշխանությունները հարկադրված էին եղել բանտարկել կամ հարկադիր բուժման ուղարկել 6 միլիոն մարդու, մի քանի հազարի էլ մահապատժի ենթարկել….
Դե եթե դրան գումարենք նաև պատերազմի սպառնալիքը, ապա պարզ է, որ մուտքը լուսավոր Ջրհոսի դարաշրջան այնքան էլ անամպ չէ:
Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- 14:08Կողմնորշվելն այսօր թիվ մեկ հարցն է
- 15:45Սպանված առյուծի ու խրախճանք կազմակերպող շակալների մասին
- 15:37Եվրաինտեգրացիայից՝ կենտրոնի քաղմաս
- 11:23Մեռյալներին հանգստություն, ապրողներին՝ աղքատության և արտագաղթի նոր ծավալներ ու համազգային դեպրեսիա
- 14:36Ընտրություններ, թանկացումներ, սկանդալներ
- 11:54Մենք ենք, մեր հարևանները
- 10:30Քրեաքաղաքական Հայասատան
- 17:07Տոնական շաբաթ՝ առանց տոնական տրամադրության
- 21:23Պատգամավորներն իրար «տռաս» են հանում
- 16:08Ապահով Հայաստանի թշվառությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.