ՀՀԿ 14-րդ համագումարը, ինչպես և սպասվում էր, անցավ շատ հանդարտ, Սերժ Սարգսյանի ելույթն էլ շատ ինքնավստահ: Եվ խոշոր հաշվով, ինչու պետք է ինքնավստահ չլինի, եթե ՀՀԿ-ն մնաց անմրցակից:
Գագիկ Ծառուկյանի որոշումից հետո գալիք ընտրություններում էլ ինտրիգ` որպես այդպիսին, չմնաց: Այլևս «մրցակից» են միայն չուլ դառած ընդդիմադիրները` ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի, մեկ էլ էպոսագետի պես կուրիոզային ֆիգուրները: Իսկ դա նշանակում է, որ միգուցե պատմության մեջ առաջին անգամ ընտրակեղծիքներ կատարվեն հօգուտ ընդդիմության, որպեսզի գործող նախագահը հանկարծ 70-80 տոկոս քվեների ցուցանիշ չգրանցի…
Ծառուկյանի որոշման շնորհիվ, Ռոբերտ Քոչարյանը զրկվեց ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար վտանգավոր իրավիճակներ ստեղծելու հնարավորությունից: Վարդան Օսկանյանով էլ չի կարող խաղալ, քանզի Օսկանյանն առանց ԲՀԿ գործնականում շատ թույլ է, անգամ եթե ամբողջ ընդդիմադիր դաշտը նրան համարի միասնական թեկնածու:
Անձամբ առաջադրվելն էլ Ռոբերտ Քոչարյանի համար անիմաստ է, քանի որ, ըստ «Ահավոր Սուտիբեկյանի» թվերի, միայնակ նա ունի 10 տոկոս քվե, իսկ ընդդիմությունից աջակցություն ստանալու դեպքում` 20 տոկոս: Համ էլ Ծառուկյանի ընտրազանգվածի վրա առանձնապես հույս դնել չի կարող, քանզի ԲՀԿ առաջնորդի ընդդիմադիր ընտրողները Քոչարյանին ձայն չեն տա, իսկ քվազիիշխանամետների քվեները նա ստիպված կլինի կիսել Սերժ Սարգսյանի հետ: Համ էլ մեջները կա նաև կոնտինգենտ, որ բացի Ծառուկյանից ոչ ոքի քվե չի տա…
Այս պայմաններում միակ խաղալու հնարավորությունը Ռոբերտ Քոչարյանի համար մնում է Լևոն Տեր-Պետրոսյանին ուժեղացնելը, որպեսզի նա զբաղեցնի երկրորդ տեղը` 20-25 տոկոս ցուցանիշով, ու հնարավորություն ունենա զանգվածներին հանել փողոց` ինչպես 2008-ին: Այն ժամանակ էլ, ի դեպ, Քոչարյանը «տակից» շատ օգնեց Լևոն Տեր-Պետրոսյանին, որպեսզի հենց նա լինի երկրորդը, այլ ոչ թե ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը, որն այն ժամանակ դեռ ԱԽՔ չէր ու ընկալվում էր որպես լավ չափավոր ընդդիմություն: Ճիշտ է, Քոչարյանը հիմա իշխանական լծակ չունի, բայց Լևոնի համար քվեներ գնելու և օրավարձով միտինգավորներ ապահովելու հնարավորություն լավ էլ ունի:
Բնականաբար, իշխանությունն էլ ձգտելու է Րաֆֆի Հովհաննիսյանին ապահովել երկրորդ տեղով: Դե, առաջին անգամ չի. օգնել են ինչպես 2007-ի, այնպես էլ 2012-ի ԱԺ ընտրությունների ժամանակ:
Բայց Լևոնի պարագայում, շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի սրճարանային զրույցի գաղտնաձայնագրության հրապարակումը միանգամից խոցելի դարձրեց ՀԱԿ-ին իր առաջնորդով հանդերձ, որովհետև դրանից ակնհայտ դարձավ, որ Նիկոլին ու Բագրատյանին համարում են խանգարող հանգամանք, և ձգտում են ոչ թե իշխանափոխության, այլ մի 10 տոկոս ձայն իշխանությունից պռճոկելու:Գումարած դրան, այնպիսի արհամարհանքով են խոսում մարտիմեկյան զոհերի մասին, որ ակնհայտ երևում է արյունը սակարկության առարկա դարձնելը:
Այդ բացահայտումը (ու հաստատ դա վերջինը չի լինի) նույնիսկ եթե Լևոն Տեր-Պետրոսյանի տոկոսը շատ չպակասացնի (Ռոբերտ Քոչարյանի կողմից գնվելիք ձայների ջանը սաղ լինի), էապես նվազեցնում է ՀԱԿ-ի մարտունակությունը: Օրավարձով միտինգավորները կռիվ անող պտուղ չեն, նրանք փախչող են ռետինե մահակի առաջին իսկ հարվածն ուտելուց հետո:
Ոստիկանության հետ փողոցային մարտերին, պետական շենքերը գրոհելուն և պետության նավակը ճոճելու այլ ատրիբուտների համար անհրաժեշտ են առաջնորդին սրտանց հավատացողներ: Իսկ այդպիսի բացահայտումներից հետո տակը հավատացող չի մնում…
Ինչևէ, պարզից էլ պարզ է, որ ՀՀԿ-ին այլևս ոչինչ չի խանգարում ունենալ հանդարտ ու անցնցում ընտրություններ: Այդ ընտրություններին թերևս պոզուպոչ կպցնող էլ չլինի, քանզի դժվար թե ընդդիմադիրները բողոքեն, որ իրենց համար ձայներ են գնվում:
Ու ստացվում է, որ 2013-ի ընտրություններից հետո ՀՀԿ քաղաքական մենաշնորհը դառնում է բացարձակ: Եվ այլևս ոչ ոք չի կարողանալու խանգարել կատարելու ցանկացած փոփոխություն:
Ուստի ավելորդ չենք համարում մեջբերել Սերժ Սարգսյանի` ՀՀԿ համագումարին հնչեցրած առանցքային խոստումները, քանի որ հանրությունը պարզապես պարտավոր է խստապահանջորեն հետամուտ լինել դրանց կատարմանը և պահանջել, պահանջել և պահանջել. Ահա դրանք.
« Հավատացնում եմ ձեզ, որ հայաստանցիների նոր սերունդն անպատժելիության այլևս հանդիպելու է միայն ծնողների հուշերում»:
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը չեն զբաղվելու հյուծող ու պասիվ պաշտպանությամբ, քանի որ ունակ են լինելու իրենց շարժունակությամբ և մարտունակությամբ անվտանգություն սփռել մեր տարածաշրջանում և նրանից դուրս»:
« Մենք վճռական ենք` հասնելու այնպիսի իրականության, երբ Հայաստանի ցանկացած քաղաքացի վստահ կլինի, որ իր ձայնը լսելի է, իր քննադատությունը՝ ուշադրության ու հարգանքի արժանացող: Մեր երկրում քաղաքացիական հասարակության կայացումն այլևս փաստ է: Քաղաքացիների ոչ ֆորմալ միավորումները` իրենց հուզող խնդիրները լուծելու համար, դարձել են գործոն` իշխանությունների որոշումների վրա ազդող և յուրօրինակ հավասարակշռող մեխանիզմներ: Մենք շարունակելու ենք առաջ գնալ այս ճանապարհով: Այս ամենով հանդերձ, ապահով Հայաստանի կարևորագույն հիմքը ապահովված ընտանիքներն են: Մենք լուրջ նպատակներ պիտի ամրագրենք տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական, առողջապահական, տարածքային համաչափ զարգացման մեր քաղաքականությունների համար»:
« Ես ասում եմ՝ հետևողականորեն մի կողմ ենք նետելու ամբողջ վատն ու թերին, որ կա մեր աշխատանքում և կենցաղավարության մեջ: Դրա համար մենք բազում քայլեր արդեն արել ենք, որ դեռ նոր պիտի պտուղներ տան: Արդեն սկսում ենք վերջնախաղը: Հաղթական վերջնախաղը:
Սա նո՛ր Հայաստան է և վերջ:
Սա խոսքի ազատության, ժողովրդավարության Հայաստան է և վերջ:
Սա օրենքի գերակայության և իրավունքի Հայաստան է և վերջ:
Սա տնտեսական ազատության և մրցակցության Հայաստան է և վերջ:
Սա այստեղ ապրող բոլոր ազգերի, բոլոր քաղաքացիների համար պատասխանատու Հայաստան է և վերջ:
Սա միջազգային իր բոլոր հանձնառությունները հարգող Հայաստան է և վերջ:
Սա իր պատմությունը հիշող, նրանից հզոր լիցքեր առնող, բայց նաև հնոտիքը իր վրայից թափող, նոր պատմություն կերտող Հայաստան է և վերջ»:
Դե ինչ, 2013-ին ՀՀԿ-ն և ՀՀ նախագահը ունենալու են դիկտատորական լիազորություններ և հնարավորություններ: Մենք բոլորս էլ իրավունք ենք ձեռք բերելու պահանջել, որ այդ դիկտատուրայի հնարավորությունները ծառայեցվեն այն ամենին, ինչը խոստացավ երկրի ղեկավարը: Կարևորը` հանկարծ չդառնանք անտարբեր… այ անտարբերությունից վատ բան չկա:
Շաբաթվա Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- 14:08Կողմնորշվելն այսօր թիվ մեկ հարցն է
- 15:45Սպանված առյուծի ու խրախճանք կազմակերպող շակալների մասին
- 15:37Եվրաինտեգրացիայից՝ կենտրոնի քաղմաս
- 11:23Մեռյալներին հանգստություն, ապրողներին՝ աղքատության և արտագաղթի նոր ծավալներ ու համազգային դեպրեսիա
- 14:36Ընտրություններ, թանկացումներ, սկանդալներ
- 11:54Մենք ենք, մեր հարևանները
- 10:30Քրեաքաղաքական Հայասատան
- 17:07Տոնական շաբաթ՝ առանց տոնական տրամադրության
- 21:23Պատգամավորներն իրար «տռաս» են հանում
- 16:08Ապահով Հայաստանի թշվառությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.