Եվ այսպես, ԲՀԿ առաջնորդը որոշեց չառաջադրվել և չպաշտպանել որևէ այլ թեկնածուի: Ճիշտ է, ԲՀԿ-ի քաղաքական վարկանիշի վրա դա հույժ բացասաբար կազդի, սակայն փաստ է, որ Գագիկ Ծառուկյանը շատ-շատերի հաշվարկը խառնեց:
Շատերը տարբեր դրդապատճառներով ցանկանում էին, որ նա առաջադրվի.
Սերժ Սարգսյանին ցանկալի էր, որ Ծառուկյանն առաջադրվի, ընտրությունների արդյունքով ստանա երկրորդ տեղը և շնորհավորի ՀՀԿ առաջնորդի հաղթանակը:
Ռոբերտ Քոչարյանին ցանկալի էր, որ Ծառուկյանն առաջադրվի, որպեսզի նրա միջոցով կոշտ ճնշում գործադրի Սերժ Սարգսյանի վրա և ապահովի սեփական սահուն վերադարձը իշխանական դաշտ:
Լևոն Տեր-Պետրոսյանին ցանկալի էր, որ Ծառուկյանն առաջադրվի, որպեսզի առճակատվի իշխանության հետ և երկրում հեղափոխական իրավիճակ ստեղծի:
Շատերը նաև որպես տարբերակ հույս էին փայփայում, որ կվայելեն Ծառուկյանի պաշտպանությունը: ՀՀԿ-ի համար «հին, բարի» կոալիցիայի վերականգնումը կնշանակեր ազատվել մի շարք գլխացավանքներից: Ռոբերտ Քոչարյանի համար իդեալական տարբերակ էր Վարդան Օսկանյանի առաջադրումը և նրա պաշտպանությունը Ծառուկյանի և ԲՀԿ-ի կողմից: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն իր «քաղաքագիտական վերլուծությամբ» նաև հույս ուներ, որ որոշակի իրավիճակի դեպքում Ծառուկյանը հենց իրեն կսատարի…
Իսկ իր որոշումով ԲՀԿ առաջնորդը փաստորեն բոլորին ուղարկեց գրողի ծոցը: Քաղաքական տեսակետից, իհարկե, դա նշանակում է քաղաքական կարիերայի ավարտ և դաժան հարված իր իսկ կուսակցության վարկանիշին, ինչպես նաև «տուկի թել» և անվճար տրակտորներ սիրող ընտրողների դառը հիասթափություն: Սակայն Ծառուկյանի վճիռն անթերի է արժանապատվության տեսակետից, թեև մեզանում, ցավոք, արժանապատվությունը քաղաքական կատեգորիա չէ:
ԲՀԿ առաջնորդը փաստորեն պարզ ասաց բոլորին, որ թույլ չի տա իրեն օգտագործել, ու դրանով արժանապատվության դաս տվեց շատ-շատերին: Իսկ դա երկրի համար շատ պոզիտիվ է, որ արժանապատիվ վճիռ է կայացնում, մեղմ ասած, ոչ անթերի կենսագրություն ունեցող օլիգարխը: Իսկ եթե որպես շարունակություն նա Վարդան Օսկանյանին վռնդի նույն խայտառակ ձևով, ինչ ձևով, որ ժամանակին վռնդել էր Հմայակ Հովհաննիսյանին, ապա հրաշալի կլինի, որովհետև դրանով շառաչուն ապտակ կհասցվի նաև արտերկրյա խաղացող-օգտագործողներին…
Գագիկ Ծառուկյանին «պլյուս» է նաև այն, որ իր որոշումը հրապարակայնացրեց ՀՀԿ համագումարից առաջ և դրանով քաղաքական խաղացողներին հստակություն ապահովեց, քանզի եթե ձգեր մինչև վերջին հնարավոր ժամկետը, դա կլիներ ամբողջ դաշտը լարվածության մեջ պահող նենգություն:
ԲՀԿ առաջնորդը իր որոշմամբ նաև ցույց տվեց, որ հեռանկար չեն կարող ունենալ խամաճիկային ապագաղափարական կուսակցությունները: Ժամանակին նա ԲՀԿ-ն ստեղծել էր Ռոբերտ Քոչարյանի «քավորությամբ»` վերջինիս նպատակները սպասարկելու համար:
ԲՀԿ-ն նախատեսված էր 2007-ի ԱԺ ընտրություններում հաղթելու համար, ու հետագայում դրա շնորհիվ Վարդան Օսկանյանը պետք է դառնար Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդ: Սակայն Սերժ Սարգսյանը հաղթեց ՀՀԿ-ով, ու 2008-ին ընտրվելուց հետո «ֆուկ» արեց Քոչարյանին:
Իսկ Օսկանյանը, Հմայակն էլ վրադիր, Քոչարյանի ձեռամբ հայտնվեցին ԲՀԿ-ում այս տարվա ԱԺ ընտրություններին: Երկուսն էլ իրենց ամպագորգոռ հայտարարություններով քանիցս Ծառուկյանին անհարմար վիճակի մատնեցին` թիկունքում ունենալով Ռոբերտ Քոչարյանին: Հմայակն ի վերջո աքացիներ ուտելով դուրս թռավ, սակայն Օսկանյանը շարունակեց իր պրակտիկան արդեն նախագահական ընտրություններից առաջ, երբեմն ԲՀԿ առաջնորդի համար ստեղծելով ոչ միայն անհարմար, այլև նվաստացուցիչ կացություն: Իսկ Օսկանյանի ծրագրով Բրյուսել կատարած ձախողակ այցն արդեն Ծառուկյանին նաև ծիծաղելի վիճակի մատնեց…
Ինչևէ, հիմա ԲՀԿ առաջնորդը վերջ տվեց իրեն օգտագործելու պրակտիկային: Ամենայն հավանականությամբ, նախագահական ընտրություններից հետո նաև հաճույքով հրաժեշտ կտա քաղաքականությանն ընդհանրապես, և ԲՀԿ-ում ծվարած կարիերիստները կթռնեն ՀՀԿ-ի գիրկը: Իսկ Քոչարյանի կադրերի հետագա ճակատագիրն այլ խնդիր է…
Անշուշտ, Ծառուկյանի քայլն ամենից առավել խանգարեց նախևառաջ իր գլխավոր օգտագործողին` Քոչարյանին, որն օրերս հոխորտում էր, որ իր վերադարձն անխուսափելի է: Քաշվեց նաև Տեր-Պետրոսյանը, քանզի եթե առաջադրվի` մեծ տոկոսների շանս չունի, իսկ չառաջադրվելու դեպքում ո՞ւմ սատարի` արդեն կրկես հիշեցնող ընտրարշավը սկսած Րաֆֆի Հովհաննիսյանի՞ն, դաշնակների թեկնածուի՞ն… Ախր ծիծաղի առարկա կդառնա: Ճիշտ է, կա մի տարբերակ, որի դեպքում Լևոնը քչից-շատից դեմքը կպահպանի` եթե Վարդան Օսկանյանը դուրս գա ԲՀԿ-ից և ինքնուրույն առաջադրվի: Այդ դեպքում էլ Օսկանյանը կդառնա թեկնածու, ում միաժամանակ սատարում են և Քոչարյանը, և Տեր-Պետրոսյանը: Անհարմար բան կստացվի, քանզի դրանով ՀՀ առաջին նախագահը կգործակցի մարտիմեկյան արյան պատասխանատու երկրորդ նախագահի հետ:
Արյունն ուրանալը գարշելի բան է, սակայն քաղաքական մեծ ամբիցիա ունեցողները հաճախ են գնում անթասիբ քայլերի… Սրանք դժար թե ընդունակ լինեն օրինակ վերցնելու արժանապատվորեն հեռացած Ծառուկյանից: Քաղաքական դաշտում առկա է բարքերի անկում և անպակաս են անկման բարքերը: Ու ցավալի է, որ այդ տեսանկյունից մականունավոր հանցագործ օլիգարխը ավելի բարձր է կանգնած լինում, քան երկրի նախկին նախագահները:
Շաբաթվա Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- 13:10G7 երկրների ԱԳՆ ղեկավարները հայտարարել են, որ Ուկրաինային պաշտպանելու իրենց հակվածությունն «անսասան» է
- 17:19«Ժամանակի մեքենա».Ազատագրական պատերազմի ֆիզիկոսը. (լուսանկարներ)
- 18:31ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Բորիս Բերեզովսկուն սպանեց սեփական սեռական այլասերվածությո՞ւնը
- 11:02Գարնանային սրացումներ` պալատներում և խրճիթներում
- 23:43Քաղաքական մերկապարի նախընտրական առանձնահատկությունները
- 23:39ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Սերժ Սարգսյանի «քաղաքական շախմատը»-2
- 15:56Էս ցուցանիշով ո՞ւր ես գնում, ընդդիմություն ջան…
- 14:24Մարազմ` քաղաքական և ոչ միայն
- 15:23Ինչո՞ւ է «նյարդայնանում» Ռոբերտ Քոչարյանը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.