Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը պարբերաբար լավատեսական տրամադրություններ է սփռում «Նաիրիտ» ՓԲԸ-ի մասին: Մեկ էներգետիկայի նախարարն է ասում, որ «Նաիրիտն» անպայման կաշխատի, բայց անցնում է մեկ տարի, եւ ոչ մի շարժ, մեկ ինչ-որ արտասահմանյան ներդրողների մասին է հայտարարվում, որոք, իբր, հետաքրքրված են մեր քիմիական հսկայով:
Վերջին այդպիսի տեղեկությունն այն էր, որ միջազգային հայտնի մի ընկերություն դրական է գնահատել գործարանի ներդրումային ծրագիրը, եւ այժմ այն ներկայացված է պոտենցիալ ներդրողներին: Ըստ որոշ գնահատականների, «Նաիրիտի» ամբողջական փաթեթը գնահատված է մոտ 600 մլն. դոլար, որից 360-ը գործարանի պարտքերն են: «Նաիրիտի» ներսում սպասումը սրված է այն աստիճանի, որ ոմանց թվում է, թե նոր տերն է վճարելու նրանց հերթական աշխատավարձը: Որպես պոտենցիալ տեր՝ արծարծվում են Ծառուկյանի եւ ռուսական «Իտեռա» ընկերության անունները: Իրականում, սակայն, խիստ կասկածելի է, որ Ծառուկյանը, ով առանց գլխացավանքի, հանգիստ ապրում է իր բիզնեսով, կցանկանա մտնել «ամենայն հայոց լվացքատունն» աշխատեցնելու բեռի տակ:
Ըստ գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանի, ոչ միայն Ծառուկյանը, այլեւ ոչ մի խելոք մարդ, «Նաիրիտի» ներկայիս պարտքերը հաշվի առնելով, չի մտնի նման գործարքի մեջ: «Չինաստանի գործարանը, որտեղ մենք 40 տոկոսի փայ ունենք, զրոյից մինչեւ ավարտը նստել է 200 մլն. դոլար: Մեր գործարանը 360 մլն. պարտք ունի: Ոչ ոք չի տա 360 մլն. դոլար, եթե 300 մլն.-ով կարող է գործարան կառուցել»,- ասում է Կարեն Իսրայելյանը: Ըստ նրա, ռուսական «Իտեռա»-ի հետ գործարքի մասին լուրերը մաքուր բլեֆ են: «Մերոնք հայտարարել են, որ դեկտեմբերի 20-ի կողմերը փաստաթուղթ է ստորագրվելու, բայց ես համոզված եմ, որ «Իտեռա»-ում չգիտեն այս մասին»,- ասում է Կարեն Իսրայելյանը: Նա նաեւ ավելացրեց, որ երբեք քաղաքականությամբ չի զբաղվել, միշտ եղել է գործի մարդ, եւ լուրերը, թե ինքը ԲՀԿ անդամ է, սուտ են: Ի դեպ, այս մասին մենք տեղեկացել էինք «Նաիրիտի» ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրից: Կարեն Իսրայելյանը ղեկավարել է գործարանը 2005-2007 թվականներին եւ իր հեռանալուց հետո էլ չի դադարել հետաքրքրվել քիմիական գիգանտի «գործերով»:Մինչ օրս նա կաուչուկի արտադրության ոլորտից ամենատեղեկացված մարդկանցից է համարվում: «Հնարավո՞ր է, որ ռուսները պարզապես «չորով» հետ են ուզել «Մեժգոսբանկի» պարտքը Տիգրան Սարգսյանից, եւ սա է եղել նոր ներդրումներ անելու պայմանը»,- հարցրինք Իսրայելյանից: «Չեմ կարծում: Եվրասիական բանկը 400 մլն. վարկ է տալիս մի տարուց ավելի, որովհետեւ ռուսական շուկայում «Նաիրիտի» պահանջարկը մեծ է: Ավելի շուտ, նրանք ասել են, որ պատրաստ են այսինչ գումարի ներդրում կատարել, բայց մնացածի համար պետական երաշխիք են պահանջել, որպեսզի նախկինում տրված գումարի նման սա էլ չուտենք: Քանի որ պետական երաշխիքի դեպքում բյուջետային գումարների մասին է խոսքը, ստացվում է, որ այն հաստատելու ժամանակ ԱԺ-ում միանգամից հարց կբարձրացվի, թե ինչու է կառավարությունը 400 մլն. դոլարի երաշխիք տալիս «Նաիրիտի» ներկայիս տիրոջ՝ «Rhinoviille Property Ltd» մասնավոր ընկերության փոխարեն: Այդ ժամանակ «Նաիրիտի» շուրջ կատարված բոլոր ֆինանսական մախինացիաները եւ հանցագործությունները դուրս են գալու ջրի երես»,- ասում է Կարեն Իսրայելյանը:
Նա տնօրեն է նշանակվել 2005 թվականին, երբ պետությունն իր ձեռքը վերցրեց «Նաիրիտի» 80 տոկոսը՝ նպատակ դնելով ոտքի կանգնեցնել մինչ այդ ձեռքից ձեռք անցնող գործարանը, որը մեծ պարտքեր էր կուտակել: Նա համարում է, որ «Նաիրիտի» բաժնետոմսերի 90 տոկոսը «Rhinoviille Property» ընկերությանը վաճառելուց հետո գործարանը միտումնավոր կերպով տարել են սնանկացման: «2004-2006 թվերին գործարանն աստիճանաբար ոտքի կանգնեց: Մինչեւ ամեն ամսվա 15-ը աշխատողներն աշխատավարձ էին ստանում, նաեւ նախկին պարտքերն էինք սկսում փակել: Հանկարծակի 2006-ի օգոստոսին իմացանք, որ ծախեցին: Դա տեղի էր ունեցել գաղտնի ու շտապ: Ես իմ կաբինետում նստած էի, երբ աշխատողներից մեկը մտավ ու ասաց. ռադիոյով ասեցին՝ «Նաիրիտ» գործարանը վաճառել են»: Գործարքի մեջ մեծ է եղել ներկայիս վարչապետի, նրա եղբոր՝ գործարանի փոխտնօրեն Աշոտ Սարգսյանի, նաեւ տնօրեն Վահան Մելքոնյանի դերակատարումը: 2005 թվականին գործարանը պայմանագիր ուներ «Ինտերկաուչուկ» միջազգային ընկերության հետ, որը 2 հազար 400 դոլարով գնում էր կաուչուկը եւ այն իրացնում էր Ռուսաստանում:Այս ընկերությունը, ըստ Իսրայելյանի, գրանցված էր ՌԴ-ում, եւ դրա մեջ մտնում էր նաեւ Վահան Մելքոնյանը՝ գործարանի տնօրենը: «Երբ որ շուկան ուսումնասիրեցի, տեսա, որ մենք տոննան շուկայական գնից 500-600 դոլարով էժան ենք տալիս այդ ընկերությանը, եւ ուրիշի հետ կնքեցինք պայմանագիրը: Այդ ժամանակ Վահան Մելքոնյանը զանգեց ինձ եւ հարցրեց, թե ոնց եմ առանց իր հետ համաձայնեցնելու առաքումներ կատարում: Ես էլ ասացի, որ առայժմ ես եմ գործարանի տնօրենը, ոչ թե ինքը: Սրանից քիչ ժամանակ անց իմացանք, որ «Նաիրիտը» վաճառված է»,- պատմում է Իսրայելյանը: Վերջերս, հետեւելով իրադարձությունների զարգացմանը եւ ուսումնասիրելով բազմաթիվ փաստաթղթեր, նա եկել է ենթադրության, որ «Նաիրիտի» վաճառքի եւ «Rhinoviille Property»-ի հետեւում գերմանական «Bayer» ընկերությունն է կանգնած, որը 2006 թվականին սկսեց կորցնել կաուչուկի իրացման ռուսական ահռելի շուկան, քանի որ այդ տարիներին «Նաիրիտն» ավելացնում էր իր արտադրանքի ծավալները:
Ըստ Իսրայելյանի, հենց այս ընկերության պահանջով է «Rhinoviille Property»-ն գործարքի մեջ մտել: «Rhinoviille»-ը դարձավ շղարշ: Այն 25 հազար ֆունտ ստերլինգանոց կամպանիա էր, որի հիմնադիրները մինչ օրս հայտնի չեն, այն գրանցված է Անգլիայում, բազմահարկ շենքի իր գրասենյակում զբաղվել է միայն աուդիտորական հաշվետվություններով: «Եվ ահա այս ընկերությանն է վարչապետի մասնակցությամբ եւ թեթեւ ձեռքով տրվում երաշխիք: Պետական բաժնետոմսերը տալիս են, ասում են՝ դիր գրավ, հետո կփակվենք: Դա ի՞նչ է նշանակում: 2006 թվականին ինչ-որ մարդիկ հանդիպել են, ինչ-որ բաներ են պայմանավորվել, եւ գործարանը տրվեց այդ ընկերությանը: Բայց մենք 2006-ից ռուսական շուկայում արտադրանք էինք իրացնում՝ 4 տարի, ամսական 6-8 հազար տոննա էինք արտադրում»: Կարեն Իսրայելյանը վստահ է, որ այսօր էլ հնարավոր է ոտքի հանել «Նաիրիտը»: «Պետությունը շատ հանգիստ կարող է կրկին վերցնել այն եւ աշխատեցնել: Բացվում է քրեական գործ, որի ընթացքում բոլոր պարտքերը սառեցվում են: Գործարանը սկսում է աշխատել եւ կամաց-կամաց շուկա է մտնում: Այսօր շատ մեծ գումարներ դրա համար պետք չեն: «Նաիրիտն» ունի մեկ ամսվա հումք: Ընդամենը մի 300 հազար դոլար փող է պետք: Եվ գազի, եւ ցանցերի հետ կարելի է հանգիստ պայմանավորվել: Երբ որ «Նաիրիտն» աշխատում է, կորուստները պակասում են, նրանց ցուցանիշները սկսում են լավանալ, նրանք էլ ունեն սպառման խնդիրներ, նրանց էլ է ձեռք տալիս, որ «Նաիրիտն» աշխատի: Ջրմուղը նույնիսկ սակագինը կարող է իջեցնել օգտագործվող ջրի ծավալների հաշվին»,- ասում է նախկին տնօրենը:
Այսպիսով, կարծես թե «Նաիրիտի» նկատմամբ թշնամական քաղաքականության դադարեցումն անցնում է մեկ մարդու կամքից կախված հարցերի շարքը, եւ այդ մարդը վաղուց Տիգրան Սարգսյանը չէ:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.