1981 թ. -ից ամբողջ աշխարհի կին-ակտիվիստները նոյեմբերի 25-ը նշում են որպես բռնության դեմ օր:
Վիեննայի համաձայնագիրը և գործողություների ծրագիրը կանանց հանդեպ բռնությունը որակում են, որպես աշխարհի բնակչության ճնշող մեծամասնության մարդու իրավունքների ոտնահարում:
Ըստ վիճակագրական տվյալների, կանայք առավել ապահով են դրսում, քան իրենց տանը: Հասարակության մեջ կանաց նկատմամբ բռնությունը այնպես է արմատացել, որ բռնության զոհ դարձած կանայք մեղավոր են համարում իրենց: Շատերը, ովքեր բռնություն են գործադրում ուրիշների հանդեպ, իրենց արդարացնում են` հիմնվելով հասարակական այն որոշակի կարծիքի վրա, թե բռնաբարությունը, ծեծը, սեռական ոտնձգությունները, դաժան վերաբերմունքը կանանց ու երեխաների հանդեպ և բռնության մյուս տեսակները ընդունելի են:
Ամեն օր մենք ականատես ենք լինում կանանց նկատմամբ տղամարդկանց բռնարարքներին լրատվական նորություններից, հեռուստատեսային շոուներից, կինոնկարներից, գովազդներից, նաև հենց մեր տներում ու աշխատավայրերում: Դա է մեր կյանքի իրողությունը՝ բոլոր տարիքի, սեռի և խավի կանանց դեպքում:
Ընդհանուր առմամբ, կանանց հանդեպ բռնությունը ցանկացած բնույթի բռնարարքն է կնոջ անձի, նրա մտավոր կամ ֆիզիկական ամբողջականության և գործունեության անկախության հանդեպ, որը կատարվում է անհատների կողմից կամ հասարակական ճնշման միջոցով: Բոլոր այն ձևերը, որոնց միջոցով մեր հասարակությունը առարկայացնում ու ճնշում է կանանց՝ բռնություն է: Այն դրսևորվում է ոնց ասես. սկսած ամլացման պարտադրումից մինչև պոռնոգրաֆիան, սեռական և ֆիզիկական դաժան վերաբերմունքը դեռահաս աղջիկների և տարեց կանանց նկատմամբ:
Սա պաշտոնական ձևակերպումն է բռնության, իսկ սա` հանդիպում ենք մեր կողքին.
— Ախչի, շլվարս ո՞ւր ա, շուտ արա տուր, տղեքը հավաքվել են ինձ են սպասում: Տնից ոտդ դուրս չդնես, ոչ մի ինտերնետ, ադնակլասնիկ, ֆեյսբուք: Էդ մորդ հետ էլ քիչ շփվի, լավ բան չի սովորացնի: Իյա՜, էս ինչ ես զռռոցդ դրել, էս ի՞նչ ես ուզում ասես որ: Ի՞նչդ ա պակաս, որ զռռում ես: Դու հիշո՞ւմ ես քեզ որտեղից եմ հանել, ի՞նչ էիր, ի՞նչ դառար: Սաղ քեզ նախանձում են, որ իմ նման մարդ ունես: Էդքան ոսկեղեն ունես, շորեր, կոշիկներ, շուբաներ, ամեն տարի Կանարի ենք գնում, ավտոն էլ առել եմ դրել տակդ, ի՞նչ ա եղել, ի՞նչ ա ուզածդ:
— Ինձ ի՞նչ էդ ոսկեղենը, շորերը, ավտոն, ո՞ւր եմ գնում ես էդ ավտոյով: Որտեղի՞ց ես հանել, գոմի՞ց, թե տռասսից: Ես շատ էլ լավ գործ ունեի, կարայի կարիերա անել, կարայի առաջ գնալ, ի՞նչս էր պակաս, սաղ սիրում էին ինձ, հարգում, ոչ միայն արտաքինս էին սիրում, այլ նաև ներաշխարհս, որ դու չես տեսնում: Ես քեզ համար քո շքեղության ատրիբուտներից եմ, քո բարեկեցության աքսեսուարն եմ: Ես արժանի չէի, որ տիկնիկ դառնամ: Ոչ ընկերուհիներս հետ ես թողնում շփվեմ, ոչ` դաժե մորս:
— Ձենդ կտրի, գիդեմ ես քո կարիերան էլ, քո ընկերուհիներին էլ: Սաղ ման եկող քածեր են: Դու էլ տենցը կդառնայիր, եթե ես քեզ չուզեի: Ամեն մեկը կօգտագործեր ու կփոխանցեր հաջորդին: Էդ ա՞ քո շնորհակալությունը: Շուրջդ սաղ պոռնիկներ են, էդ հայտնի բան ա: Հիմա ի՞նչ ա ուզածդ, ինչի՞ց ես դժգոհ:
— Ոչ մի բանից, ինձնից ու իմ ընտրած կյանքից: Իմ հիմար խելքից, որ ժամանակին չլսեցի ոչ մեկին: Ամուսնացա քեզ հետ ու դառա մեբել: Ես լավ էլ գիտեմ, որ քեզ պետք չի իմ հոգին, քեզ պետք էր, որ կինդ սիրուն լինի, որ դիրքիդ համապատասխանի: Դու մենակ քնում ես տանը, ու լավ էլ գիտեմ, որ դավաճանում ես: Ժամանակին լավ խաբեցիր «սեր-մեր» խաղերով, համոզեցիր, որ կարևորը սերն ա, որ կնոջ համար կարևորը ընտանիքն ա, որ իմ նմաններին լուրջ չեն ընկալում, ես էի հիմարը, որ հավատացի ու կյանքս խորտակեցի: Ես էլ չեմ ուզում, ուզում եմ բաժանվեմ, ես կարոտում եմ իմ աշխատանքը, իմ ընկերներին, որոնց հարսանիքի օրվանից չեմ տեսել: Ուզում եմ գնալ թատրոն, ցուցահանդեսներ իսկ դու չես գալիս, ինձ էլ մենակ չես թողնում: Հասկանո՞ւմ ես, որ մենք տարբեր աշխարհներից ենք, մենք չենք կարա ընտանիք լինենք:
— Արա, այ հաբռգած կենդանի, էդ ի՞նչեր ես դուրս տալիս, ի՞նչ բաժանվել: Մկոն բաժանվողներից չի, Մկոն կարա դուս անի, կարա սպանի, Մկոն կյանքում չի բաժանվի, այ չբեր ոչխար, երեխա էլ չես կարում բերես, գնա բուժվի, երեխա բեր զբաղվի, ես ի՞նչ անեմ, որ դու չբեր ես:
— Ես չեմ չբեր, դա քեզանից ա, դու լավ էլ գիտես: Էնքան որ դու ես աջ ու ձախ ֆրֆռացել մինչև ամուսնանալը, հիմա էլ ես նույնն անում, հիվանդություններ ես կպցրել ամլացել ես, բժիշկն ինքն ասեց, դու էլ լսեցիր, որ ես առողջ եմ:
— Բժիշկն ո՞վ ա է, որ բան ասի: Մինչև քեզ `10 քածի աբորտի փող եմ տվել, էն Նոնան էլ տղա ունի ինձանից, ափսոս ռուս էր, չէի կարա տուն բերեմ:
— Ինձանից ա՝ բաժանվի: Գնա ուրիշին ուզի թող քեզ երեխա բերի: Հա, ես չբեր եմ, թող ես գնամ, գնում եմ մորս տուն, էլ չեմ դիմանում ես էս բանտին: Սաղ օրը զբաղված եմ քեզ ծառայելով: Շորերդ թափում ես ստեղ-ընդեղ, հետո` թե էս տուր, էն տուր: Մի բաժակ ջուրն ի՞նչ ա, էդ էլ չես կարում ինքդ խմես:
— Գլուխդ կջարդեմ, ոչ մի բաժանվել: Էդքան փող որ ես եմ բերում, դրա 1/1000 ում էլ տամ ինձ կծառայի: Մի քիչ էլ ծառայի, չես մաշվի:
— Ջարդի, քիչ չես ջարդել: Ինչքա՞ն եմ կապտոտած խանութ իջել ակնոցների տակ թաքնվելով, մորս ու ախպերներիս խաբել, թե ընկել եմ դուշի վրա: Գլուխս վազայով տվեցիր մեջից կես եղավ, տարար ծանոթ բժշկի մոտ, որ միլիցիա չասեն… Հիմա հա գլխացավեր ունեմ, ի՞նչ իմանամ ինչ ա կատարվել: Մի օր էլ տալու ես սպանես: Ու ինչի՞ համար, որ ինտերնետով զրուցել եմ, որ տղամարդու ձայնով մեկը տուն ա զանգել ու սխալվել ա, որ մորս տանը երկար եմ մնացել, յանըմ խանդում ես էլի… Ու ստե հարցը ծառայելը չի, հարցն էն ա, որ ես քո համար մարդ չեմ, ես զարդ եմ: Մկո ջան, խնդրում եմ, թող ես գնամ էլի, մենք չենք կարա, ես չեմ կարա էլ դիմանամ:
— Չես գնա, ես քու …
Ծեծը, այլ կերպ ասած՝ տնային բռնությունը, ամենատարածված ու ամենաքիչ արձանագրվող հանցանքներից մեկն է: Ծեծվում են կանայք՝անկախ դավանանքից, ազգությունից, սոցիալական ու հասարակական դիրքից, կրթությունից, անկախ ամեն ինչից: Դա անում են էն տղամարդիկ, ում հետ մենք ամուսնացած ենք կամ հանդիպում ենք, մեր հայրերը, որդիներն ու եղբայրները, ովքեր հայհոյում ու ստորացնում են մեզ:
Ծեծը տարբեր ձևեր կարող է ընդունել: Դա կարող է լինել ուղղակի խոսքերով՝ հայհոյանքի ու գոռգոռոցի տեսքով` բռնության ուղղակի կամ ենթադրյալ սպառնալիքներով: Ծեծը կարող է լինել ֆինանսների կամ ֆիզիկական անկախության վերահսկման միջոց: Այն կարող է արտահայտվել աման-չաման ջարդելու կամ սիրելիի տնային կենդանիներին տանջելու միջոցով: Ծեծը կարող է լինել դաժան և հաճախակի, կամ մեկ-մեկ` պրոֆիլակտիկ:
Սեռական հարաբերության նպատակով հետապնդելը կարող է լինել ծեծի մաս, հատկապես այն դեպքում, երբ կինը խզել է հարաբերությունները: Ծեծը կարող է վերածվել սեռական բռնության և վերջանալ սպանությամբ: Ծեծը կարող է լինել նույնիսկ նոր ստեղծվող հարաբերությունների ընթացքում` ժամադրությունների փուլում, կարող է շարունակվել մինչ ավելի հասուն տարիք: Ծեծը ժամանակի ընթացքում ավելի հաճախակի և դաժան դառնալու միտում ունի: Ասում են մեկ անգամ բարձրացած ձեռքը սովորում է ու էլ հետ չի կանգնում։
Տնային բռնությունների կանխումը հատկապես դժվար է, քանի որ կանանց ծեծող տղամարդիկ, նաև նրանք են, ում հետ իրենք մտերիմ են կամ իրենց երեխաների հայրերն են: Հնարավոր է, որ կանայք չհեռանան ոչ միայն այն պատճառով, որ բռնի ուժով են պահում իրենց, այլև հույսով, որ մի օր այդ դաժան վերաբերմունքը կփոխվի։
Ամենատարածված հարցը, որ տրվում է ծեծված կանանց սա է. «Ինչի՞ չես թողնում-գնում»: Նման հարցը շեղում է ուշադրությունը հիմական հարցից` « Ինչի՞ է նա քեզ ծեծում»: Ծեծված կանայք հարաբերությունները շարունակում են ոչ թե էն պատճառով, որ ծեծին սովորում են, այլ կարող են թակարդում զգալ և ի վիճակի չլինեն հեռանալ: Խուճապը սաստկանում է, երբ բաժանման հարց է բարձրանում: Էս դեպքում կանայք իրենց ապահով են զգում, թեկուզ ծեծված, բայց տանը մնալով:
Երեխատեր կանայք իրենց ապահով չեն զգում` մտածելով, որ բաժանվելիս չեն կարող նրանց ապրուստը հոգալ: Կանայք երբեմն դիմում են օգնության, բայց ոստիկաններին, ընկերներին, ընտանիքի անդամներին, պարբերական ծեծի մասին հաճախ տեղյակ չեն պահում, իսկ վերջիններս լուրջ չեն վերաբերվում դրան:
Կանանցից շատերին իրենց մենթալիտետը կամ վախը թույլ չի տալիս զանգահարել «թեժ գիծ»`շատերը վախենում են պաշտպանվել: Եթե երկար ժամանակ կինը ծեծվել է, ապա հնարավոր է նա իր հոգեկան ու զգայական վիճակից ելնելով չհամարձակվի ինչ-որ բան ձեռնարկել կամ որոշում կայացնել: Ոչ մի կին արժանի չի ծեծվելու համ հայհոյվելու:
Բռնության ցանկացած ձև սպառնում է բոլոր կանաց և սահմանափակում կյանքում ընտրության նրանց հնարավորությունը: Սեռական բռնությունը առանձնապես կեղտոտ երևույթ է, քանի որ սեռական ակտը իրականում հաղորդակցման և հաճույքի աղբյուր է: Հաճախ բռնության ենթարկված կնոջ և հասարակության համար պարզ չէ`կինը սեռական բռնության է ենթարկվել սեռական ցանկությունը բավարարելու, թե ուղղակի բռնության նպատակով, կամ` արդյոք այդ մոտիվները կարելի է տարանջատել, քանի որ բռնությունը սկսել է դիտվել որպես էրոտիկ գործողություն:
Երեսուն տարի առաջ կանանց նկատմամբ բռնության տեսակներից շատերը քողարկված էին կամ համարվում էին ընդունելի: Իսկ երբ շատ ու շատ կանայք ֆեմինիզմի նոր վերելքի ազդեցության տակ սկսեցին իրար մեջ խոսել դրա մասին, պարզ դարձավ, որ բռնությունը կանաց հանդեպ զանգվածային է, որ ոչ մի կին դրանից իմունիտետ չունի, որ ընտանիքը, ընկերներն ու հասարակությունը, բառիս բուն իմաստով, թքած ունեն դրա վրա ։
Կարող է թվալ, թե կնոջ հանդեպ տղմարդու բռնությունը ծագում է վերջինիս հոգեբանական պրոբլեմներից, սեռական անբավարարվածությունից, վատ սոցիալական կյանքից կամ բռնարարք կատարելու բնածին որևէ մղումից: Չնայած այս «պատճառներից» յուրաքանչյուրը օգտագործվել է տղամարդու բռնարարքը բացատրելու և անգամ արդարացնելու նպատակով, դրանք պարզապես չափից ավելի հասարակացնում են ստեղծված բարդ իրավիճակը:
Տղամարդիկ սովոր են աշխարհին նայել տիրողի ու հսկողի տեսանկյունից ,և որ բռնությունը վերահսկողություն հաստատելու, կռիվների ու զայրույթի արտահայտման միակ ձևն է: Երբ շեֆը սեռական ոտնձգություն է անում աշխատողի նկատմամբ, նա գործադրում է իր իշխանությունը, որպեսզի սահմանափակվի կնոջ աշխատելու ազատությունն ու կարիերային աճը: Երբ ամուսինը ծեծում է կնոջը տանը պահելու, ընկերներին ու ընտանիքին տեսակցելը խանգարելու կամ դրսի աշխատանքից հետ պահելու համար, նա իր գերիշխանությունն է ցույց տալիս էդ կերպ: Երբ տղամարդիկ բռնաբարում են կանանց, նրանք ուզում են իշխեն ու պատժեն:
Հարցը նրանում չի, որ բռնություն գործադրող տղամարդը, դա դիտում է որպես իշխելու միջոց, թե չէ: Էն փաստը, որ շատ տղամարդիկ իրենց թույլ են տալիս սեփական բարդույթները կամ կատաղությունը թափել կանանց գլխին, վկայում է, թե ինչքան խորն են հայրիշխանության այս տեսակները իրենց արմատներով: Շատերը բռնարարքները լուրջ չեն ընդունում, եթե կինը « աղքատ» է, տարեց, կալանավայրից է կամ մարմնավաճառ, կամ եթե ունի ֆիզիկական կամ մտավոր թերություն: Սա նույնն է բոլոր այն կանանց համար, ովքեր « անտեր» են, համեստ, կամ գտնվելով սոցիալական ավելի ցածր մակարդակի վրա, պակաս իշխանություն ունեն, քան այլ տղամարդիկ:
Սեռական ոտնձգությունները, ծեծն ու բռնաբարությունը հաճախ կանանց մոտ առաջացնում են մեղքի, վախի, անզորության, ամոթի, դավաճանության, զայրույթի և մերժված լինելու զգացում: Մեղքի զգացումը առաջին ռեակցիան է: Զայրույթը կարող է միայն դրանից ուշ ծագել, ու դա զարմանալի չի, քանի որ կանայք հաճախ չեն գիտակցում, որ իրենք դրանից կարող են զերծ մնալ:
Կանայք կարող են մեղավոր զգալ իրենց հանդեպ կատարված բռնության պատճառով, նրանք սովոր են, որ իրենք պարտավոր են տղամարդկանց երջանկացնել, ու եթե տղամարդիկ երջանիկ չեն, ապա իրենք և ոչ թե տղամարդիկ են մեղավոր: Կանանցից շատերը իրենց ծնողներից լսել են, որ « տղան մնում ա տղա, աղջիկը պիտի զգույշ լինի», որի իմաստն էն է, որ կանայք կարող են խուսափել տղամարկանց «չամուռներից», եթե իրենք զգույշ լինեն: Եթե մի բան սխալ է ստացվում՝ դա կանանց մեղքն է:
Զոհին մեղադրելը բռնություն գործած տղամարդուն ազատում է դրա պատասխանատվությունից առաջին հերթին ինքն իր առջև: Ընկերներն ու ընտանիքն իրենց ապահովագրելու համար կարող են մեղադրել բռնության զոհին « գիշերը ուշ փողոցներում ինչ էր անում, որ բռնաբարեն, քանի որ ես տենց չեմ անում, դրա համար էլ չեմ բռնաբարվում»: Կանայք մեղավոր չեն իրենց հոգու, մարմնի, մտքի հանդեպ տղամարդկանց բռնության համար : Դրա պատճառը տղամարդկանց ուժն է ու էդ ուժի սխալ կիրառումը:
Լուսինե Վայաչյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.