Ժամանակակից դեղագործական շուկան ուղղակի լեփ-լեցուն է դեղամիջոցներով, որոնք մենք օգտագործում ենք մեծ թվով տարբեր տեսակի հիվանդությունների դեմ պայքարելու համար: Դեղամիջոցներն էնքան խորն են ներթափանցել մեր կյանքը, որ չենք էլ կարող պատկերացնել մեր կյանքն առանց դրանց: Պետական ու բժշկական հսկողության բացակայության պայմաններում այդ դեղամիջոցներից որոշներն ուղղակիորեն վտանգավոր են կյանքի համար։ Սովորական ցավազրկող դեղը, կամ հակադեպրեսիվ դեղահաբն այսօր նարկոմանների ձեռքում վեր է ածվում թմրամիջոցի, ու ամենաահավորն էն է, որ մարդիկ են մեռնում՝ մեր երիտասարդները: Եթե հերոին սիստեմատիկաբար օգտագործող, և անհույս կախման մեջ գտնվող նարկոմանի կյանքի միջին տևողությունը կազմում է 5-7 տարի, ապա «դեղատնային» նարկոմանինը՝ ամենաշատը 2-3 տարի է:
Իսկ առողջապահության նախարարությունը, չգիտես ինչու, ձգձգում է բոլորին հայտնի այդ վտանգավոր դեղամիջոցների բացթողումը գոնե դեղատոմսով սարքել: Այնինչ, ոստիկանությունը մի բաժին մարիհուանա առգրավելով, կարող է ցանկացածի «գլխին սարքել» լավագույն դեպքում նրանց վարչական պատասխանատվության ենթարկելով`նրանք էլ մուծվում են, որ տարածող «չդառնան»։ Իսկ շատ հաճախ, օգտագործողներին` որպես «բարիգ», դատապարտում են` թացն ու չորը միասին այրելով, ու երիտասարդ կյանք է կործանվում։
Հրաժարվում եմ հասկանալ այս պարադոքսը…
Երբ Գյումրիում էի, ընկերներիցս մեկն ասաց, որ գյումրեցի նարկոմանները «բենզին» են սրսկվում, ու օրումեջ ջահելներ են մահանում՝ վերջույթների գանգրենայից ու օրգանիզմի ընդհանուր թունավորումից: Ես չհասկացա, թե ինչպե՞ս կարելի է բենզին սրսկվել: Հետո իմացա միայն, այն էլ՝ մասնագետներից, որ թմրամոլները սրսկվում են ոչ թե բենզին, այլ՝ սեդալգինից ստացված դեզոմորֆին և կոդեին պարունակող մի լուծույթ, որի պատրաստման համար օգտագործում են ոչ միայն բենզին, այլ նաև՝ ֆոսֆոր, յոդ և օրգանիզմի համար խիստ թունավոր այլ նյութեր, ու այդ լուծույթը ներարկվելիս, օրգանիզմը թունավորվում է վերոնշյալ թույներով:
Սա և վերը նշված հարցերի `ի՞նչ թմրամիջոցներ են ամենաշատը շրջանառվում ՀՀ-ում, որո՞նք են առավել վտանգավոր, և ի՞նչ առաջնահերթ խնդիրներ կան լուծելու էդ ոլորտում, որպեսզի մարդիկ չշարունակեն դառնալ թմրամոլ ու մահանալ,պատասխանը որոշեցի ստանալ մասնագետ բժիշկներից ու եկա Երևանի քաղաքային նարկոլոգիական դիսպանսեր։
Իմ զրուցակիցներն են բժիշկ-նարկոլոգ Սուրեն Նազինյանն ու Արթուր Պոտոսյանը: Նրանք միաժամանակ «Մեթադոնային փոխարինող բուժման» ծրագիրն են իրականացնում Հայաստանում: Այդ ծրագիրը հնարավորություն է տալիս այն նարկոմաններին, ովքեր բազմիցս փորձել են բուժվել ափիոնային կախվածությունից և չեն կարողացել ստանալ իրենց նորմալ` ֆիզիկապես գոյատևելու համար անհրաժեշտ Մեթադոնը հաբերի տեսքով, որը ստանում են տեղում՝ բուժքրոջ հսկողությամբ: Մենք արդեն գրել ենք այդ մասին։ Իսկ այժմ թմրանյութերի մասին հերթով.
— Ամենատարածվածն, իհարկե, կաննաբիսի խումբն է՝ կանեփ բույսից ստացված տարբեր թմրամիջոցները, հատկապես՝ մարիխուանան: Կարելի է ասել, մարիխուանան ֆիզիկական կախվածություն համարյա չի առաջացնում, եթե այն չի գործածվում երկար ժամանակ, այն էլ՝ օրը մի քանի անգամ: Սովորաբար կաննաբիսից ստացված թմրամիջոցներ գործածող անձինք բուժծառայություններ չեն դիմում, գրանցվել է ընդամենը մեկ-երկու դեպք, երբ դիմել են, այն էլ՝ ուղեկցող հոգեկան շեղումների առկայության դեպքում:Ուստի կաննաբիսը, բժշկական իմաստով, խնդրահարույց չէ, սակայն օրենքով այն համարվում է արգելված նյութ, որի ապօրինի օգտագործումը, ինչպես մյուս թմրամիջոցների դեպքում էր, առաջ է բերում վարչական պատասխանատվություն՝ տուգանքի տեսքով:
— Եթե նայենք, համեմատական կարգով, ասենք՝ զուգահեռներ անցկացնելով ալկոհոլային խմիչքների հետ, մարիխուանան ո՞ր տոկոսանոց խմիչքի չափ է վնաս հասցնում մարդուն:
— Եթե անկեղծ լինենք, ապա առկա տվյալները հաստատում են, որ մարիխուանան ավելի վնասաբեր չէ, քան ոգելից խմիչքները : Այլ հարց է, որ մարիխուանան մեր հանրապետությունում արգելված է, իսկ ալկոհոլի վաճառքն օրինական է: Կրկնում ենք, խոսքը առողջապահական մոտեցման մասին է, և այս իմաստով կաննաբիսը խնդրահարույց չէ: Պարզ համեմատություն՝ քանի՞ մարդ է տարեկան բուժում ստանում ալկոհոլային կախվածությունից, և քանիսը՝ կաննաբիսից: Քանի՞ վնասվածքի (այդ թվում՝ ավտովթարի) դեպք ենք ունենում՝ ալկոհոլային հարբածության վիճակում, և քանիսը՝ կաննաբիսից: Սոցիալական խնդիրների իմաստով նույնպես ալկոհոլն ավելի խնդրահարույց է: Իսկ իրավական տեսանկյունից, քանի դեռ կաննաբիսը թվարկված է արգելված նյութերի ցուցակում, ապա մեր հանրապետությունում վերջինիս գործածումը, որի համար ադմինիստրատիվ տույժեր են սահմանված, առավել ևս՝ ապօրինի իրացումը, տարածումը, առաքումը և այլն, պատժվում են օրենքով:
— Երկրորդ տեղում էժանագին սուռոգատներն ե՞ն երևի:
— Ոչ, քնաբեր կակաչից ստացվող բնական, կիսասինթետիկ կամ սինթետիկ թմրամիջոցները, կամ, ինչպես նարկոլոգիայում ընդունված է ասել, ափիոնային խմբի թմրամիջոցները՝ ափիոն, դեզոմորֆին, հերոին, մորֆին: Հայաստանում ամենատարածվածը «չեռնյաշկան» է, կակաչի կաթից պատրաստված հումքը հիմնականում Հայաստան է ներմուծվում մեր հարևան Իրանից, իսկ վերջնական պրոդուկտը ստանում են հատուկ եղանակով, այսպես ասած՝ եփում են: Հերոինը մեզ մոտ քիչ է, չեն սիրում մեր հայ նարկոմանները հերոին՝ այն դժվարմատչելի է և թանկարժեք: Ափիոնային կախվածությունը շատ ծանր կախվածություն է՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական, որից ինքնուրույն ձերբազատվելը խիստ դժվարին, շատերի համար՝ անհնարին է: Հենց ափիոնային թմրամիջոցներից ծանր կախվածությամբ հիվանդների համար է նախատեսված մեր հանրապետությունում արդեն միամյա պատմություն ունեցող մեթադոնային փոխարինող բուժումը, որը լավագույն այլընտրանք է հանդիսանում սովորական դետոքսիֆիկացիոն բուժումով թմրամիջոցներից չհրաժարված հիվանդների համար :
— Ի՞նչ է Սոբուտեքսը, ինչո՞վ է այն վտանգավոր:
— Սոբուտեքսը (բուպրենոֆին) ներկայումս լայնորեն կիրառվում է եվրոպական երկրներում որպես փոխարինող բուժման դեղամիջոց, այսինքն՝ ինչպես մեզ մոտ մեթադոնը: Բայց եթե հաբի տեսքով այն հանում է զրկանքի համախտանիշը, ապա ներերակային սրսկման միջոցով թույլ է տալիս նարկոմանին «կայֆ» բռնել: Սոբուտեքսը մեր հանրապետությունում որպես թմրամիջոց հնարավոր չէ ձեռքբերել դեղատներից: Հայաստանում շրջանառվող Սոբուտեքսը միանշանակ ապօրինի է և ներմուծված եվրոպական երկրներից: Մեկ հաբը սև շուկայում արժե 20 000 դրամ, որը ներառում է 4 չափաբաժին:
Հետո արդեն գալիս են, ձեր ասած, «սուռռոգատները»՝ Սեդալգինն ու Կոաքսիլը
Կոդեին պարունակող «Սեդալգին», «Պենտալգին», «Կաֆֆետին» ցավազրկող հաբերից,(վաճառքը՝ առանց դեղատոմսերի) բենզինից, ֆոսֆորից, յոդից և այլ ռեագենտների օգնությամբ ստանում են կոդեինի ֆոսֆատ, նույն ինքը՝ մեթիլմորֆինի ֆոսֆատ և դեզոմորֆին պարունակող լուծույթ, որը և սրսկվում են: Ինքը՝ մեթիլմորֆինի ֆոսֆատը ազդեցությամբ նման է ափիոնային խմբի թմրամիջոցներին, ազդում է օգտագործման սկզբնական շրջանում բավականին երկար, «կայֆը» նման է ափիոնայինին՝ մի փոքր թույլ արտահայտված: Սեդալգինից պատրաստված թմրամիջոցի լուծույթը պարունակում է տարբեր թունավոր նյութեր, որոնք առաջ են բերում երակների սուր ախտահարում, թրոմբոզ, ներարկման տեղամասի կամ ամբողջ վերջույթի նեկրոզ, գանգրենա: Քիչ չեն դեպքերը, երբ վերոնշյալ բարդությունների միակ բուժումը դառնում է վնասված վերջույթի ամպուտացիան: Սովորաբար Սեդալգինից ստացված դեզոմորֆինի զոհ է դառնում աղքատ խավը:
Հաջորդը Կոաքսիլն է՝ նատրիումի տրիանեպտիլը, որն արտադրվում է Ֆրանսիական «Servier» դեղագործական ֆիրմայի կողմից, ներկրվում է Հայաստան տարբեր դեղամիջոցներ ներկրողների կողմից և վաճառվում դեղատներում որպես հակադեպրեսանտ: Կոաքսիլը 2006թ. խփեց վաճառքի բոլոր ռեկորդները հակադեպրեսանտների ցուցակում: Դա բացատրվում է նրանով, որ նարկոմանները սկսեցին այն գնել դեղատներից հազարավոր հաբերով, իհարկե, ոչ թե խմելու, այլ՝ ներարկվելու համար: Կարճ ժամանակում ներերակային Կոքասիլն առաջացրեց ֆիզոլոգիական ու հոգեբանական ծանր կախվածություն, ավելի ծանր, քան ափիոնային թմրամիջոցների դեպքում էր: Ստաժավոր նարկոմանների մոտ նույնիսկ խոսք կա՝ «կոաքսիլշիկ», նրանք Կոաքսիլ օգտագործողներին իրենցից ցածր են դասում, համարելով, որ «ընկել» են: Եվ, իրոք, Կոաքսիլ օգտագործող նարկոմաններն անբուժելի են առայժմ: Բացի նրանից, Կոաքսիլի ներարկումն արագորեն առաջ է բերում անոթների տարածուն վնասումներ, աբսցեսներ և վերջույթների խոցեր ու ներկրոզներ: Նարկոմանի ուղեղը մթագնում է իր Կոաքսիլ ստանալու անդիմադրելի ցանկությունից, նա պատրաստ է ամեն ինչի, միայն թե կարողանա ստանալ իր դոզան, որն, ի տարբերություն ափիոնային թմրամիջոցների, բավականին կարճ ազդեցություն ունի՝ եռակի, քառակի անգամ կարճ, այսինքն` նարկոմանը պետք է օրը երեք-չորս անգամ սրսկվի: Վերջին հաշվով, թվում է, թե Կոաքսիլն ավելի էժան է՝ 7000 դրամ, արդյունքում` այն ավելի թանկ է նստում, քան նույն «չերնյաշկան»` իր 20 000-ով:
— Բա էլ ո՞րն է իմաստը, որ նարկոմանն ընտրում է էդ ահավոր Կոաքսիլը:
— Կոաքսիլը չի դասվում թմրամիջոցների շարքին: Այն դժվարությամբ է հայտնաբերվում արյան տոքսիկոքիմիական հետազոտության ժամանակ: Այն կարող եք գնել դեղատնից: Դրա համար ձեզ ոստիկանություն չեն տանի, պրոբլեմներ չեն լինի՝ ինչքան ուզում եք գնեք: Կոքասիլային կախվածությունը խիստ դժվարությամբ է ենթարկվում բուժման, էլ չենք ասում տարբեր բարդությունների մասին՝ վերջույթների խոցեր, գանգրենա: Կոաքսիլ օգտագործողների երկու խումբ կա: Առաջին խումբը նախկին «չերնյաշկա» գործածողներն են, ովքեր անցնում են Կոաքսիլի՝ իրենց թմրամիջոցը չհայթայթելու կամ բռնվելու վտանգից ելնելով: Մյուս խումբն ավելի երիտասարդ նարկոմաններն են, որոնք հենց ամենասկզբից սկսել են Կոաքսիլ օգտագործել:
— Փաստորեն, ամենաահավորը Կոաքսի՞լն է:
— Սեդալգինն ու Կոաքսիլը կործանարար ազդեցությամբ ֆիզիկական առողջության տեսակետից հավասար են, բայց Կոաքսիլն առաջացնում է հոգեբանական ավելի մեծ կախվածություն, ինչն այդքան էլ շատ չի Սեդալգինի դեպքում: Ես մարդ գիտեմ, ում Կոաքսիլի օրական չափաբաժինը 200-300 հաբ էր: Բուժումը բարդ է նրանով, որ այդպիսի հիվանդները երկար չեն պառկում մեզ մոտ, 4-5 օրից նրանց իմպուլսիվ պաթոլոգիկ հակումը անդիմադրելի է դառնում, ու նրանք լքում են հիվանդանոցը և շարունակում սրսկվել Կոաքսիլ: Նրանց հնարավոր չէ համոզել:
— Ի՞նչ ելք եք տեսնում իրավիճակից , ի՞նչ անել, ներառե՞լ այդ դեղամիջոցները թմրամիջոցների ցուցակի մեջ:
— Ոչ, իհարկե: Այդ դեպքում պետք է նաև մտցնել Տրոպիկամիդ աչքի կաթիլները, որոնցով հաճախ «բացում» են Կոաքսիլն ու Սեդալգինը, իսկ մարդիկ կան, որոնք կարող են միայն Տրոպիկամիդ սրսկվել , չգիտեմ, ճիշտն ասած, դա ի՞նչ «կայֆ» է տալիս, բայց անում են:
Ուղղակի պետք է ուժեղացնել հսկողությունն այս դեղերի նկատմամբ, բաց թողնել դեղատոմսերով կամ էլ սահմանափակել դրանց վաճառքը:
- 12:28«Մանկապիղծ» խարանը չի մաքրվում
- 9:44Ինչպիսի՞նն են մեր երիտասարդները
- 16:11Հա՛լալ ա Պուտինին. Հեքիաթ արտագաղթի մասին
- 13:04Սմայլիկի ու ժպիտի մասին/«Բարություն արա։ Ժպտացրու մեկին»
- 14:09Շարունակիր ապրել
- 13:10Սիրո իմ վարկածը
- 12:10Մարդկային բոլոր ցավերը սխալների արդյունք են
- 11:40Ջարդուփշուր եղած կյանք. Ոչ մի կին արժանի չի ծեծվելու
- 12:19Ինչպիսի՞նն են մեր երիտասարդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.