ՀՀ ոստիկանապետ Վլադիմի Գասպարյանը բացառիկ հարցազրույց է տվել news.am-ին՝ամփոփելով աշխատանքային մեկ տարին:
Ուղիղ մեկ տարի է, ինչ Վլադիմիր Գասպարյանը Պաշտպանության նախարարությունից տեղափոխվեց ոստիկանություն, որտեղ ոստիկանի հեղինակության բարձրացման, հանրության շրջանում վստահություն ստեղծելու խնդիր էր դրված: Թե որքանով է հաջողվել խնդիրը լուծել եւ ընդհանրապես ինչպիսին էր անցնող մեկ տարին, NEWS.am-ի թղթակցի հետ բացառիկ հարցազրույցում անձամբ ներկայացրել է Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Պարոն Գասպարյան, երբ նշանակվեցիք ոստիկանության պետ, մեկնաբանություններ եղան, թե Ձեր երազանքը իրականացավ: Ինչպիսի՞ն էր իրականացած երազանքի մեկ տարին…
Չէ: Ես բազմիցս ասել եմ ու հիմա էլ ասում եմ, որ միշտ երազել եմ ոստիկան դառնալ: Իհարկե, վատ է այն զինվորը, որ գեներալ դառնալ չի ուզում, բայց եկեք կոնկրետացնենք. ոստիկանապետը պաշտոն է, իսկ ոստիկանը` կոչում ու առաքելություն: Այ էդ կոչումը իմ մեջ զգացել եմ վաղուց, պատանեկության տարիներին, որ անցել են Կոնդում: Մեղմ ասած, դժվար թաղ էր, դժվար շրջապատ, ես էլ, ասենք, այդ «դժվարներից» հետ չէի մնում… Գուցե հենց այդ «թաղային ճշտին» օրենքի ու օրինապահության ճշմարտությունը հակադրելու ցանկությունի՞ց եղավ ընտրությունը: Գուցե գրքերի՞ց. ես այն ժամանակ չէի կարդում, պարզապես կլանում էի, իսկ գիրքը, հատկապես այդ տարիքում, բնավորություն է ձեւավորում, մարդ է ստեղծում… Ամեն դեպքում, ընտրությունը կատարվեց ու, գիտե՞ք, ընդունվեց մեր «դժվար» թաղում, իմ «դժվար» ընկերների կողմից: Ու` ոչ մի պիտակավորում: Որովհետեւ սկզբունքային ընտրությունը միշտ հարգվում է: Սա աքսիոմ է:
Հետո սովորեցի, գերազանց ավարտեցի քննչական բարձրագույն դպրոցը… Նրա համար չեմ ասում, որ` ա՜յ «գերազանց ավարտեցի», պարզապես ուզում եմ մի սկզբունք էլ ընդգծել` գործը կամ լավ պիտի անես, կամ պիտի չանես:
Ոստիկան դառնալու ու ոստիկան լինելու ամբողջ ճանապարհիս այս սկզբունքով եմ առաջնորդվել, իսկ հիմա` առավել եւս, որովհետեւ պատասխանատվության դաշտն է անհամեմատ մեծացել, խնդիրներն ավելի ընդգրկուն են, դրանց իրականացման հնարավորություններն` առավել մեծ: Բայց սկզբունքներն ամփոփոխ են, ու ես էլի նույն ոստիկանն եմ, պարզապես` ոստիկանության պետի պաշտոնում:
Ուղիղ մեկ տարի առաջ Ձեր նշանակման կապակցությամբ Սերժ Սարգսյանն ասաց`«այսօր ոստիկանությունը կարիք ունի Վլադիմիր Գասպարյանի տիպի ղեկավարի»: Այսինքն, անհատի՞ դերն է վճռորոշ հասարակական գործընթացներում:
Ես էլ եմ այդպես գտնում, բայց քանի որ ինքնագովությունը շատ վատ բան է, եկեք կենտրոնանանք ոչ թե ինձ վրա, այլ պատմությանը հայտնի հարյուրավոր օրինակների: Ճիշտ պահին` ճիշտ տեղում: Սա է բանաձեւը: Իսկ թե վստահությունը ինչքանո՞վ եմ արդարացրել` թող մեր նախագահն ու քաղաքացիները գնահատեն: Իմ խնդիրը խոնարհությամբ ծառայելն է: Այս տարվա ընթացքում գործընկերներիս փորձել եմ ներշնչել, որ դա նաեւ իրենց խնդիրն է, ամբողջ համակարգի խնդիրը` ծառայել հասարակությանը, օրենքին, պետությանը: Եթե հիմքում ծառայությունն ենք դնում, անձնական պատասխանատվությունը եւ լավի, եւ վատի համար ու իրացնում ենք այդ սկզբունքը, քյոխվայության ու զոռբայության միտքն անգամ փախչում է, ինչպես ոմանք` խունկից:
Ուսադիրն ու համազգեստը ոչ թե մարդկանց նկատմամբ գերազանցության միջոց են, այլ` մարդուն ծառայելու, օգնության հասնելու, թիկունքին կանգնելու հնարավորություն: Հիմա մենք գնում ենք այս մտածողությունն արմատավորելու ճանապարհով: Դժվար ենք գնում, դեռ կեսին էլ չենք հասել, դիմադրություն կա, բայց այլընտրանք չունենք. առանց ժողովրդական ոստիկանության ժողովրդավարական երկիր չի լինում:
Դիմադրություն ասելով՝ ի՞նչ նկատի ունեք:
Դիմադրություն ասածս միայն համակարգում չի, հասարակական մտածողությունն էլ է դիմադրում, կարծրատիպերն են դիմադրում, մարդկանց հիշողությունը…
Տեսեք. անցած դարի սկզբներից ոստիկանության խորհրդանիշը սուրն է եղել` պատիժը, հիմա փոխում ենք` աղավնին է լինելու` Հոգին: Ավերելու եւ արարելու տարբերությունը բացատրության կարիք, թվում է, պիտի չունենար, բայց, պարզվում է, ունի: Ու հիմա դա ենք բացատրում եւ մեր ոստիկաններին, եւ մեր քաղաքացիներին: Ու երբ այս նոր մտածողությունը էություն դառնա, կունենանք նոր ոստիկանություն ու հասարակության նոր վերաբերմունք ոստիկանության հանդեպ: Մնացածը հին կարծրատիպի ածանցյալն է` եւ կաշառակերությունը, եւ անպատասխանատվությունը, եւ անգրագիտությունն ու անդաստիարակությունը: Մենք որոշել ենք ոչ թե հետեւանքը բուժել, այլ հիմքը փոխել, արմատը պոկել, մեր միջի որդից ազատվել:
Նոր ոստիկանապետ նշանակելիս միշտ խնդիր է դրվում, որ հասարակությունը վստահի ոստիկանությանը: Բայց այսօր էլ մարդիկ ոստիկանությանը չեն վստահում…
Հասարակությունը միշտ պիտի դժգոհ լինի: Նույնը` ոստիկանապետը: Երբ սկսում ես ինքնագովեստով զբաղվել, ինքնահավան դառնալ, այդ ժամանակ ոչ միայն աշխատանքային սխալ ես գործում, այլեւ` բարոյական: Իսկ բարոյական սխալները դժվար են մարսվում թե կոլեկտիվի կողմից, թե հասարակության: Հասարակությունն իր թերահավատությամբ ոչ թե վիրավորում, այլ ավելի է ամրացնում մեզ: Կգա մի օր, երբ չտեսնողն էլ, կույրն էլ` կտեսնեն, խուլն էլ կլսի: Կարծում եմ` մենք ճիշտ ճանապարհ ենք ընտրել: Ճշմարիտ եմ ասում` այդպես էլ կլինի, քանզի մենք մեր գործին հավատարիմ ենք:
Արդեն մի տարի է` ղեկավարում եք ոստիկանությունը: Անձամբ Դուք ի՞նչ ձեռքբերում ունեցա՞ք, ինչու չէ` նաեւ կորուստ:
Կորցրել եմ ազատ ժամանակս տնօրինելու հնարավորությունը: Ասենք` ազատ ժամանակն էլ եմ կորցրել: Ձեռք եմ բերել անքուն գիշերներ… Գիտեք, չէ՞, այսպիսի արտահայտություն կա` ոստիկանության աշխատանքը նորմավորված չէ: Հայերեն ասած` ոստիկանի գործը ոչ ժամ ունի, ոչ պատարագ: Ու քիչ, շա՜տ քիչ է մնում ընտանիքի, ընկերների, երեխաների համար… Չէ, չեմ ափսոսում, որովհետեւ մի պարզ ճշմարտություն գիտեմ` այսօր գործի ժամը մեր երեխաներին տալով` բոլորիս երեխաների վաղվա կյանքի ժամանակն ենք խլելու: Իսկ դա ավելին կլինի, քան հանցագործությունը, դա դավաճանություն է: Ասում ենք, չէ՞, ամեն ինչ երեխաների համար ենք անում: Ինձ համար սա երբեք բաժակաճառ չի եղել, հավատամք է, դրա համար էլ կորցրածս էլ գտած եմ համարում: Ինչ վերաբերում է ձեռքբերումներին` հասարակության գնահատականով դատեք: Եթե դրական է, եթե քաղաքացին գոհ է ոստիկանության աշխատանքից կամ գոնե դրական տեղաշարժ է տեսնում` իմ ու ոստիկանության ձեռքբերումն է: Հակառակ դեպքում` իմ ու ոստիկանության թերացումն է, բայց առավել` իմ թերացումը, որովհետեւ ում շատ է տրվում, նրանից էլ շատ են պահանջում: Եթե ձեռքբերում կա, տեսնողը կտեսնի` անկախ նրանից` ոստիկանության պետին համակրո՞ւմ են, թե հակառակը…
Ձեր կարծիքով` Ձեզ համակրո՞ւմ են, թե՞ հակառակը, հատկապես, որ վախենալու էիք թվում… չհաշված, որ գալուց հետո էլ կադրային ջարդ սկսեցիք, որը շարունակվում է մինչ օրս:
Գիտե՞ք, ես ոչ սուրբ եմ, ոչ էլ՝ անսխալական: Ու մերոնցից էլ սրբություն չեմ պահանջում, պարզապես հորդորում եմ, որ հավատան սրբվելու, մաքրվելու հնարավորությանը: Հավատան ու սրբվեն: Ապրող, աշխատող մարդը չսխալվել չի կարող, ուղղակի պիտի կարողանաս ընդունել ու շտկել սխալը:
Բարեփոխումների գրավականը միշտ ներքին, հոգեւոր վերափոխումն եմ համարել, մեր մեջ արդարին, օրինավորին արթնացնելը: Դա իմ համոզմունքն է, որ փորձել եմ նաեւ ծառայակիցներիս համոզմունքը դարձնել:
Ես միշտ կրկնում եմ, որ «ճիշտ»-ն ու «ճշմարիտ»-ը տարբեր բաներ են… Այ այդ ոմանք էլ իրենց «ճիշտ»-ը գերադասեցին ու գնացին այդ ճանապարհով:
Էլի կրկնվեմ` մեր գործը անեծքի եւ օրհնանքի սահմանագծին է, ու մեր արդարությամբ ենք դատվելու` կարժանանա՞նք օրհնանքի, թե՞ անեծքատեղ կդառնանք: Պիտի նայես ներսդ` եթե թեկուզ մի փշուր կասկածում ես օրինավորությանդ ու առաքելությանդ, ոստիկանությունը քո տեղը չի… Եթե սա կադրային ջարդ է կոչվում, ի՞նչ ասեմ, թող Տերն էլի մեզ դատի մեր արդարությամբ, իսկ այդպես մտածողներին թող ողորմա…
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.